RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1067, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստան-ԵՄ հարաբերությունների պատմությունը հետաքրքրական արտացոլանք է տարբեր իրադարձությունների, որ տեղի են ունենում թեմայից դուրս, բայց պայմանավորում են այդ հարաբերությունների բնույթն ու անգամ ձեւաչափը: 2013թ. սեպտեմբերի 3-իՙ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը բերեց մի իրավիճակի, երբ Եվրոմիության ուղղությամբ հիասթափությունը, չըմբռնված իրողությունն ու սխալ սպասումները հարաբերությունների վակուում ստեղծեցինՙ չնայած երկկողմ դիվանագիտական խելացի ձեւակերպումներին:

Մոտ 3,5 տարի Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետՙ ստորագրելու Ասոցիացման համաձայնագիրը, որի գերակշիռ մասը տնտեսական բաղադրիչն էր: Եվ երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը թվացյալ անհնարինություն ստեղծեց ասոցիացման համար, ԵՄ-ը պնդեց, թե միայն քաղաքական մասի ստորագրումը տեղի չէր կարող ունենալ: Ուկրաինայի հետ նույն Ասոցիացման համաձայնագրի ստորագրման հեռանկարի վատթարացումը, մասշտաբների եւ կարեւորության պատճառով, միանգամից հակադրվեց ԵՄ նշված պնդմանը ու հնարավոր եղավ ստորագրել ՆԱԽ քաղաքական մասը, ապա նաեւ տնտեսական հատվածը դարձնել իրականություն:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում պաշտոնապես ազդարարեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջը բանակցությունների մեկնարկը: Այդ առնչությամբ Նալբանդյանն իր խոսքում նշեց, թե հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն էր արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ... եւ մտադիր է ավելի զարգացնել եւ ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներումՙ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում:

Ի դեմս Նալբանդյանիՙ Հայաստանը հանձնառու եղավ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Իսկ սպասումների մասով Հայաստանը ակնկալում է «մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME)»: Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

Ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության մասին իր խոսքում նշեց նաեւ Ֆեդերիկա Մոգերինին: ԵՄ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստանի հետ ապագա համաձայնագիրը կառաջարկի քաղաքական, տնտեսական ու ոլորտային համագործակցության համապարփակ շրջանակ, կուժեղացնի գործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պարագայում, առեւտրի եւ ներդրումների նոր հնարավորություններ կբերի կողմերինՙ մեծացնելով ԵՄ եւ Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը: «Նոր համաձայնագիրը կշրջի 2013թ.-ին հետեւած անորոշությունների էջը», ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով, նոր էջից չեն սկսվելու բանակցությունները, բայց հաշվի է առնվելու նախորդ բանակցությունների փորձը: Նրա համոզմամբ, ապագա համաձայնագիրը կփոխարինի արդեն ժամանակավրեպ «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին»:

Թե տարատեսակ ճգնաժամերի մեջ հայտնված Եվրոպական միությունն ինչ մոտեցում կունենա Հայաստանի հետ ստորագրելիք համաձայնագրի տարբեր կետերին, դժվար է ասել, թեեւ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում բավականին դրական ու լավատեսական մթնոլորտ էր: Այն ժամանակ, երբ ԵՄ-ում խոսում են շենգենյան գոտու ազատ տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին, ինչպես նաեւ բարձրացնում տարբեր անդամ երկրների տնտեսական մեծամասշտաբ խնդիրներ, հանրաքվե կազմակերպում ԵՄ շրջանակներում պակաս կամ ավել համագործակցության հարցերով, Հայաստանի հետ համագործակցության հեռանկարն այնքան էլ խոստումնալից չի թվում:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն գրեթե ձախողված փորձը, որ Եվրոմիությունն ունեցավ եւ դեռ ունի ուկրաինական ուղղությամբ, հստակ է, որ համաձայնագրի պատրաստումն ու ամրագրումը երկար ժամանակ չի խլիՙ թույլ չտալով քաղաքական իրողությունների զգալի փոփոխություն: Այսինքնՙ Եվրոմիությունն ավելի շուտ զգուշավոր կլինի, քան կշռադատվածՙ հաշվի առնելով կտրուկ շրջադարձ անելու Հայաստանի նախորդ քայլերը: Ամեն դեպքում, անգամ ԵՄ ներկայացուցչի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը դժվար թե երկարի, ինչը ավելի շուտ անվստահություն է նշանակում, քան պատրաստակամություն արագ գործը գլուխ բերելու:

Հասկանալի է նաեւ, որ քաղաքական մասի առնչությամբ պետք է որ ոչինչ չփոխվի, քանի որ այն համաձայնեցված էր, խոստումների մակարդակում է, ինչը Հայաստանում հեշտորեն անում են: Տնտեսական հատվածում, երբ 2016թ. հունվարից ԵՏՄ ներգրավվածությունը Հայաստանում ավելի զգալի կդառնա, դեռ պետք է հասկանալ, թե ինչպես եւ ինչն են արագ տեմպերով համաձայնեցնելու Հայաստանն ու Եվրոմիությունն այնպես, որ համաձայնագիրն իրապես նոր փաստաթուղթ դառնա, այլ ոչ թե լինի Գործընկերության եւ համագործակցության արդիականացված տարբերակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ