RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1221, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՆՈՐ ՀԱՐՎԱԾ ՌԴ ԹԻԿՈՒՆՔԻՆ. ԱԼԻԵՎԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸ ԵՎ ԴԵՄՔԸ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Դեկտեմբերի 7-ին Բաքվի կառավարական լրատվամիջոցները տարածեցին ՌԴ ադրբեջանական համայնքի դիմումըՙ ուղղված Պետդումայի նախագահ Ս.Ե. Նարիշկինին: Տեքստը ստորագրել են համայնքի երեք տասնյակ տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, ներառյալ ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի մեկ անդամ:

Տվյալ դիմումի առիթը Պետդումային ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն է: Ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, ռուսաստանցի վերլուծաբանների ուշադրությանը չարժանացած օրինագիծը լուրջ մտահոգություն է առաջացրել ադրբեջանական համայնքում, որի դիմումի կարեւոր կետերից մեկը վերջնագրի տպավորություն է թողնում: Այդ «վերջնագիրը» բնավ պատահական չէ տարածաշրջանի ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Ահա այդ կետը. «Մենք եւ մեր համախոհները կշարունակենք «Հայոց ցեղասպանության» հրապարակային ժխտումը նույնիսկ նման ուղղման ընդունման դեպքում եւ այն կվիճարկենք մարդու իրավունքների միջազգային դատական ատյաններում»:

Մոսկվան վաղուց վարժվել է Ադրբեջանի հակառուսական ելույթներին ու հրապարակումներին եւ, որպես կանոն, չի արձագանքում դրանց, նշում է Ռեգնումը: Այդ անտարբերության հետեւանքով վերջին տարիներին ռուսաստանյան ընտրախավի մի մասը (քաղաքական գործիչներ, պատգամավորներ, զանազան պաշտոնյաներ) Ադրբեջանը որպես կթու կով են օգտագործում անձնական հարստացման համար, լիովին անտեսելով Ռուսաստանի ազգային շահերը: Երկար ժամանակ նման բարեհաճ վերաբերմունք եղել է Ուկրաինայի, «բարեկամ» Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Եվ ամեն անգամ ճգնաժամի ծագման դեպքում նույն շահամոլ մարդիկ հեռուստաեթերում հեքիաթներ են պատմում իրենց «հայրենասիրության» մասին:

Մինչդեռ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի հանրությանը մշտապես դաստիարակում է Ռուսաստանի հանդեպ ատելության ոգով: Վկայությունը Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումներն են:

«Ամբողջ չարիքը ծագում է Պուտինից, եւ ոչ թե Էրդողանից: Բոլոր դավերը նույնպես նյութում է Ռուսաստանի նախագահը: Էրդողանը մեղավոր չէ, որ ռուսական զինված ուժերը հայտնվել են Սիրիայում. նրանք հրաման են ստացել Պուտինից: Ոչ թե Էրդողանը, այլ Պուտինը հրահրեց ռուսական ռմբակոծիչի ոչնչացումը թուրքական տարածքում: Էրդողանը չէր, որ նախաձեռնեց Սիրիայում ռուսական C-300-ների եւ C-400-ների տեղաբաշխումը. դրանք այնտեղ էին օդանավի միջադեպից առաջ», գրում է կառավարամետ haqqin.az կայքը:

Նախագահ Ալիեւի վարչակազմին ենթակա «Բորչալու» ընկերության ղեկավար Զալիմխան Յակուբը իր հերթին պնդում է. «Ռուս-թուրքական հակամարտության ծավալումը, դրան ՆԱՏՕ-ի եւ այլոց մասնակցությունն անխուսափելի է: Այդ հակամարտության մեջ Ադրբեջանի տեղը Թուրքիայի կողքին է: Մենք պետք է վարվենք այնպես, ինչպես խորհուրդ կտա Թուրքիան մեզ եւ ամբողջ թյուրքական աշխարհին: Բոլոր դեպքերում Ադրբեջանը եւ Վրաստանը պետք է լինեն Թուրքիայի կողքին»:

«Ազգային շահերը, եղբայրական Թուրքիայի հետ ճակատագրի ընդհանրությունը եւ նվիրվածությունը Ադրբեջանին ստիպում են կրկին մերձենալ Արեւմուտքին, ընդհանուր դիրք բռնել: Էներգետիկ կախվածությունը ստիպում է խորացնել քաղաքական եւ մյուս կապերը: 2016 թվականը շատ պարամետրերով թերեւս դառնա վճռորոշ», գրում է իշխանությունից ֆինանսական օգնություն ստացող «ընդդիմադիր» թերթ «Ենի Մուսավաթը»:

Նման օրինակները շատ-շատ են: Միաժամանակ Բաքուն շարունակում է ամրապնդել ՌԴ տարածքում գործող «հինգերորդ շարասյունը»: Ադրբեջանական համայնքը կազմակերպություններ ունի Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում: Դրանք ղեկավարվում են Բաքվից, ցուցադրաբար ծառայում են Ադրբեջանի շահերին եւ վճռական պահերին բացահայտորեն հանդես են գալիս Ռուսաստանի եւ դրա նախագահի դեմ, նույնիսկ փորձում են վիճարկել օրենքներ ընդունելու պետության իրավունքը, ուղղակի սպառնում են չենթարկվել օրենքին: Տվյալ դեպքում, «հայկական» օրինագիծը դեռ չընդունված (հայտնի չէՙ կընդունվի թե ոչ)ՙ պնդում են, որ չեն կատարի օրենքի պահանջը:

Այսպիսով, Ռուսաստանը ստացավ եւս մեկ «հարված թիկունքին», արձանագրում է Ռեգնում գործակալությունը:

Որեւէ կասկած չկա, որ հիշյալ դիմում-վերջնագրի նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է, քանզի Սիրիայում ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից անմիջապես հետո Իլհամ Ալիեւը ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Ադրբեջանը միշտ կլինի Թուրքիայի կողքին»: Առավել մատչելի լեզվով դա նշանակում է, որ այդ երկիրը կլինի ընդդեմ Ռուսաստանի: Ուստի բացառված չէ, որ այս անգամ Ալիեւը որոշել է ցուցադրել իր ուժը Ռուսաստանի ներսում եւ նշել, թե ինքը ում վրա է հույս դնելու տարածաշրջանում իրադրության սրման դեպքում:

Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանին ցուցադրում են, որ իրենք արդեն հակառուսական պայքարի յուրատեսակ ճակատ են կազմել ի դեպս հնարավոր աշխարհաքաղաքական ընդհարման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ