RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1313, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԿԱՐԵՎՈՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է

ՄԱՐԻԱՄ

Լույս է տեսել «+Կինո» ամսագրի նոր համարը: Մեր թղթակցի այն հարցին, թե որն է ամսագրի այս համարի առանձնահատկությունը` գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն ասաց.

- Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «+Կինո» ամսագիրը արդեն 7-րդ տարին է ընդամենը մեկ խնդիր է իրականացնում. մշակութային կամուրջ դառնալ հին ու նոր սերունդների միջեւ: Ասելիքիս հավաստումը կարելի է համարել Սոս Սարգսյանի «Հրաշալի իմ երիտասարդ կամ ինչու եմ խուսափում նայել քո աչքերին» նամակը, որով բացվում է «+Կինոյի» այս համարը: Այս նամակը չապլինյան հզորության մի ճշմարիտ ձոն է, կոչնակ` ուղղված արտիստից բեմական իր կրտսեր «զավակներին»: Բեմ բարձրացող ամեն մի դերասանի համար տպագրված այս նամակը աղոթքի պես մի բան է...

Հաջորդը «Նրա հաջողությունների գաղտնիքը նաեւ ընտանիքն է» հարցազրույցը անդրադառնում է Հայաստանի ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի ստեղծագործական ուղուն:

«Գրիմը կերպարի ստեղծման սկզբնաղբյուրն է» հոդվածը ներկայացնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի դիմահարդարների ավանդույթները եւ նրանց այժմյան գործունեությունը: Հանդեսը տեղեկացնում է, որ Վարշավայում կայացած պատմական եւ ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում հայր եւ որդի Վրեժ եւ Տարոն Պետրոսյանների «Ուրիշ հայրենիք, Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է «Իկոնա» մրցանակին:

«Եթե հավակնորդների հաջորդ մրցաշարը Երեւանում կայանա, ես խոստանում եմ հաղթել» վերնագիրն է կրում ամսագրի գլխավոր խմբագրի երկխոսությունը մեր ժամանակների մեծագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի հետ: Ամսագիրն անդրադարձել է Չինաստանի Շանհայ քաղաքում ստեղծագործող Ռուբեն Գինեյի (Գասպարյան) «Անդին, հայոց ճանապարհորդություն տարեգրություն» ֆիլմին:

«Նկարն ինձ համար հույզ եւ տրամադրություն է». այսպես է բնութագրում ստեղծագործական իր ներաշխարհը նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ով բազմաթիվ նվիրատվություններ է արել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

«Ռեպորտաժ նկարահանման հրապարակից» խորագրի ներքո «+Կինո»-ին տված հարցազրույցում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հայտնում է, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի 16 սերիանոց իր նոր` «Հատուկ բաժին» դետեկտիվ ֆիլմը:

«Երբ կա ցանկություն, միջոցները գտնվում են» հոդվածում ներկայացվում է «Եվրոպական հեռանկարներ» երաժշտական փառատոնի հայաստանյան գործունեությունը եւ այն շնորհակալ գործը, որ կատարում է նրա ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

«Ազգային ոգին կենսաբանորեն փոխանցվում է նախնիներից» հոդվածում արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանը հանգամանալից վերլուծում է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի գործունեությունը:

«Նրանք քսանն էին, 20 հնչակյան հավերժի ճամփորդները» ընդարձակ հոդվածում անդրադարձ է կատարվում ազգային ազատագրական պայքարին ծառայած եւ իրենց հավատամքին կյանքը նվիրաբերած 20 հայորդիներին:

«Լուսանկարչական վերնիսաժ» մշտական բաժնում այս անգամ ներկայացվել են ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Մարտին Շահբազյանի լուսանկարները:

Հանդեսում արդի պրոդյուսերական դպրոցի խնդիրների ու պրոբլեմների մասին է պատմում «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը:

«Ճամբարը մեր տունն է, մենք նրա տերը» վերնագրով հարցազրույցը ներկայացնում է Լոռվա գեղատեսիլ վայրում գտնվող «Գուգարք» ճամբարը, որտեղ այս տարի հանգստացել են նաեւ 80 սիրիահայ երեխաներ: Այդ մասին է խոսում ճամբարի երկարամյա ղեկավար Սեյֆուլինա Դանիելյանը:

«Էրազմ Մելիք-Քարամյան» հոդվածը բնութագրական մի ակնարկ է` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, լեգենդար Կամոյին նվիրված ֆիլմերի ռեժիսորներից մեկին:

Տաղանդաշատ նկարիչ Գեորգի Յակուլովին է նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բագդամյանի վերլուծական հոդվածը, իսկ կինոգետ Սիրանույշ Գալստյանը պատմում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացված կինոփառատոնի մասին, որտեղ Մեծ եղեռնի 100 ամյակի կապակցությամբ հատուկ մի բաժին է նվիրվել հայկական կինոյին:

Վերջում կցանկանայի ավելացնել, որ այսօր լրանում է «+Կինո» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի ծննդյան 70 ամյակը, որի առիթով «+Կինո»-ի ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում եմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ