RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1187, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԵՇԻՑ ԿԱԽ

ՆԱԻՐ ՅԱՆ

Անցնող տարին ստեղծագործական միությունների համար մի քիչ աշխույժ էր. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններ իրականացվեցին: Բայց բոլորի օրակարգային խնդիրն էլ սոցիալականն է. մերօրյա արվեստագետն ու մտավորականն աղքատ են: Հանրությունը նրանց չի ճանաչում, հետեւաբար ոչ մի հեծահարուստ անհայտ նկարչի գործ չի առնում-կախում իր պատին, եթե մի կոմպոզիտորի բախտը բերում է, ու նրան ստեղծագործություն են պատվիրում, ապա առավելագույնը վճարում են 200 հազար դրամ: Կոմպոզիտորների միությունն այս տարի մշակույթի նախարարությունից ստացել է 8-10 միլիոն դրամ, որով փառատոներ, համերգներ է կազմակերպել: Կոմպոզիտորների Դիլիջանի տունը քարուքանդ է: Ներդրողները հետաքրքրված չեն այդ կառույցով, թեեւ զարմանալի էՙ ինչո՞ւ: Եթե հետաքրքրվեին ու կառուցեին, նորոգեին, աշխատեցնեին, միգուցե միությունն էլ օգուտ ունենար դրանից: Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման օրոք մի շարք կոմպոզիտորներ, այդ թվումՙ Տիգրան Մանսուրյանը, սկզբունքորեն չեն մտել միություն, արդեն երկու տարի էՙ մտնում են. Արամ Սաթյանից նեղացած-վիրավորված չեն: Արամ Սաթյանը թվարկում է այն համերգները, որոնց ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների գործերը: Այո՛, նմանօրինակ մի համերգ էլ դեկտեմբերի 17-ին եղավ: «Հովեր» երգչախումբը եւ պետական կամերային երգչախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմի վրա մի կերպ տեղավորվելովՙ հնչեցրին Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»ՙ ազդարարելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը: Նորմալ է, որ Եվրոպա, Ամերիկա նվաճած Մանսուրյանն ու իր «Ռեքվիեմը» ներկայացվեն կամերային երաժշտության տանը: Մեր Մանսուրյան է, էլի, մեր ցեղասպանությունն է ու մեր «Ռեքվիեմը», ի՞նչ կարիք կա «Արամ Խաչատրյան» համերգասրահը զբաղեցնել: Այնտեղ ավելի կարեւոր, դարակազմիկ միջոցառումներ են անցկացվումՙ էստրադային համերգ, կորպորատիվ հանդիսություններ: Մի քիչ էլ է աճել պետք «Արամ Խաչատրյանում» ներկայանալու համար:

Մեր նկարիչների մասին. նրանք դրսում չեն ցուցադրվում. թանկ հաճույք է: Օրինակՙ Գերմանիայում 15-20 քմ. ցուցասրահ վարձելու համար 10 հազար եվրո է պետք: Մերոնք էլ առավելագույնը Նկարիչների միությունում են ցուցադրվում. իրենք իրենց շնորհավորում ու ժպտում են: Սովետը նկարիչներին արվեստանոցներ էր տալիս. մոտ 1000 արվեստանոցներ 1992-ին օրենքի ուժով սեփականացվեցին ու տրվեցին նկարիչներին: Նրանք էլ վաճառեցին, սեփական կարիքներին ծառայեցրին դրանք: Հիմա երիտասարդ նկարիչները փաստի առաջ են կանգնած. ստեղծագործելու տեղ չունեն, բացի բաց բնությունը: Ուկրաինան, օրինակ, այդպես չվարվեց: Արվեստանոցները հանձնվեցին նկարիչների միությանը, որը մինչեւ այժմ դրանք ծառայեցնում է ստեղծագործական կարիքների համար:

Գրողների միության ղեկավարը անցնող տարուց գոհ է: Ցեղասպանությանը նվիրված հայերեն եւ օտարալեզու գրքեր հրատարակվեցին, դրսում հանդիպումներ, շնորհանդեսներ եղան: Էդվարդ Միլիտոնյանը հորդորում է ուշադրություն դարձնել, թե ինչ հետաքրքրական գրողներ ունենք, որոնք ստեղծագործում են նաեւ ցեղասպանության թեմայով: Ժամանակակից գրողները, այդ թվումՙ երիտասարդ, այս թեման իրենցն են դարձրել, մինչդեռ նրանց նախորդները մի տեսակ անհամարձակ էին: Ցեղասպանությունը մի չգրված օրենքով համարում էին Շիրազի, Սեւակի, սփյուռքահայ գրողների թեմա:

Ստեղծագործական միությունները չեն ֆինանսավորվում պետության կողմից, մասնավոր հատվածին արվեստն ու գիտությունը չեն հետաքրքրում, իշխանություններն էլ չեն շտապում խնդիրը կարգավորել օրենսդրորեն: Օրինակՙ շատ երկրներում ազգային կինոն, մշակույթը հովանավորելու համար գործարար ոլորտին հարկային արտոնություններ են տրվում: Մյուս երկրներն այլ ուղի են ընտրել: Օրինակՙ մերձբալթյան պետություններում ծխախոտի եւ խմիչքի բիզնեսի եկամտի 2 տոկոսը հատկացվում է մշակույթին, եվրոպական երկրներում շինարարական բիզնեսի եկամտի 2 տոկոսն է մշակույթի հասանելիքը: Մենք շարունակում ենք հայացքներս հառել պետությանը. գիտենքՙ անօգուտ է, բայց մեր պետությունն է, մեր գրպանից է սնվում, միգուցե բարհաճ գտնվի ու մի քանի գրոշ տա ազգային մշակույթին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ