RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՏ ՄՐՑՈՒՅԹ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

«Թի-Էս-Դի»ՙ «Technology and Science Dynamics», TSD. այս ընկերության մասին հիմնականում գիտեն ՏՀՏ եւ գիտա-կիրարական/գիտա-քննչական ոլորտի մասնագետները: Սակայն եթե լայն հանրությանն ասենքՙ «ԱրմԹաբ», ապա տեղյակ մարդկանց թիվը զգալիորեն կաճի: ԱՄՆ-ում եւ Հայաստանում գրասենյակներ ունեցող այս կազմակերպության գործունեության կարեւորագույն ուղղություններն են. արդյունաբերական բիոտեխնոլոգիա, բժշկական ճարտարագիտություն, բիոքիմիա, բիոինֆորմատիկա, բնապահպանական բիոտեխնոլոգիաներ, էլեկտրական եւ էլեկտրոնային ճարտարագիտություն, կրթական գիտություններ, համակարգչային գիտություն եւ արհեստական բանականություն, մաթեմատիկա, մաթեմատիկական գիտություն եւ ճարտարագիտություն, մեխանիկա, նանոտեխնոլոգիաներ, տեղեկատվական գիտություն, քվանտային համակարգչային գիտություն, ֆիզիկա եւ այսպես կոչված «Ֆորենսիկ» (forensic)` գիտահետաքննչական գիտություն:

Այստեղ արտադրվում են ինչպես ծրագրեր, այնպես էլ էլեկտրոնային սարքավորումներ եւ գործիքներ բանակի, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Ընկերությունում, տեղեկատվական/բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներից բացի, աշխատում են ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, նույնիսկՙ հոգեբաններ:

«Ազգ»-ի հարցին պատասխանելով, այս մասին դեկտեմբերի 18-ին կայացած «Թի-Էս-Դի»-ի եւ «Նոր տեխնոլոգիաների կրթական հիմնադրամ» բարեգործական կազմակերպության կողմից նախաձեռնված եւ ֆինանսավորվող «Վիրտուալ իրականության մարտահրավեր» անունը կրող նորարարական (ինովացիոն) տեխնոլոգիաների բնագավառում յուրահատուկ մի մրցույթին նվիրված մամուլի ասուլիսում պատմեց «Թի-Էս-Դի»-ի հիմնադիր-նախագահ Վահան Շաքարյանը : Իսկ ընկերության կազմակերպած հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 6-ը Եվրոպայի 22 երկրով անցած «Հայաստանի ՏՀՏ եվրոպական արշավ»-ը եւ Երիտասարդ հետազոտողներիՙ բանավիճային «Մերգելյան ակումբը» Վ. Շաքարյանը վերագրում է իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը, քանի որ, կազմակերպության ղեկավարի խոսքերով, իրենք հավատում են, որ «բավարար չէ ստեղծել աշխատատեղեր եւ աշխատավարձ վճարել... Աջակցելով մեր երիտասարդ շնորհալի մասնագետներին, մենք աջակցում ենք մեր երկրին, դրա զարգացմանը»:

«Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի նպատակն է խրախուսել սկսնակ գիտահետազոտողներին եւ ծրագրավորողներին ստեղծելու ծրագրեր, հավելվածներ եւ խաղեր վիրտուալ իրականության բնագավառումՙ նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների կիրառմամբ, որոնք, ի դեպ, մրցույթի մասնակիցներին կտրամադրվեն կազմակերպիչների կողմից:

Դոկտոր Շաքարյանն ասաց լրագրողներին. «Բազմիցս նշել ենք, որ մեր երկրում կան հզոր եւ խելացի երիտասարդ մասնագետներ, ովքեր գիտակցում են, որ ՏՏ-ները մեր պետության ապագան են... Այնպես որ այս մրցույթի գլխավոր նպատակն է բացահայտել այդ երիտասարդներին եւ ներգրավել իրենց մի շարք նախագծերի մեջ, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը: Ակնկալում ենք, որ կներկայացվեն յուրահատուկ, նույնիսկՙ մի փոքր «տարօրինակ» նախագծեր»:

Կազմակերպիչների խոսքերով, մրցույթի ընթացքում կգնահատվի ո՛չ միայն անհատի կամ թիմի կողմից ներկայացված գիտական կոնցեպտի յուրահատկությունը, այլեւ գաղափարի ներկայացման եւ իրագործման ձեւը: Մրցույթը կանցկացվի հինգ բնագավառներում. կրթություն, արտակարգ իրավիճակներ, առողջապահություն, ռազմական խնդիրներ եւ վիրտուալ լաբորատորիաներ, երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջին երեք մրցանակակիրները կստանան դրամական պարգեւներ, իսկ լավագույն աշխատանքը կարժանանա գլխավոր մրցանակիՙ 8 մլն դրամ: Մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան մասնագետներՙ անհատներ կամ թիմեր: «Նոր տեխնոլոգիաների կրթական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանի խոսքերով, այս մրցույթը մյուսներից տարբերվում է նաեւ նրանով, որ ֆինանսական աջակցությունից բացի դրա մասնակիցները կապահովվեն անհրաժեշտ սարքավորումներով եւ դասընթացներով:

Նա ընդգծեց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու գաղափարներին, ծրագրերին եւ հավելվածներին, որոնք թույլ կտան օգտագործել վիրտուալ իրականությունը ռազմական բնագավառում:

Ընկերության տնօրենի տեղակալ Լեւոն Գալստյանի բնութագրմամբ, մրցույթի կարեւորագույն յուրահատկություններից է գիտական աշխատանքի համադրումը տեխնոլոգիաների հետ, ինչը դյուրին չէ, սակայն շատ արդյունավետ է:

«Մերգելյան ակումբ» նախագծի ղեկավար Շուշանիկ Վարդանյանի տեղեկացմամբ, հայտերի գրանցման երկամսյա փուլին կհետեւեն դրանց մեկ շաբաթյա ամփոփումը եւ անհատական հանդիպումները մասնակիցների հետ: Ըստ նրա, նույն գործընթացը տեղի կունենա մրցույթի մյուս երկու փուլերում, եւ դրա վերջնական արդյունքները կամփոփվեն գալիք տարվա սեպտեմբերի 9-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ