RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



ՀԱՅ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2015-12-24 23:39:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1283, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԲԵՂՄՆԱՎՈՐ ՈՒՂԻ

ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ

Այս օրերին մեծ շուքով նշվում է «Վրաստան» հայերեն թերթի հիմնադրման 95-ամյակը: Արդեն տպագրվել է նաեւ նրա հոբելյանական համարըՙ նվիրված իր անցած երկար ուղու պատմությանը: «Վրաստանը» աշխարհասփյուռ մեր այն լրագրերից է, որն իր հիմնադրումից ի վեր, առանց ընդհատումների, անխափան պարբերականությամբ լույս է տեսնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում եւ տարածվում այդ հանրապետութան հայաբնակ քաղաքներում ու շրջաններում: Իր գոյության բոլոր շրջափուլերում անկախ այն բանից, որ հանդիսացել է Վրաստանի կուսակցական-պետական պաշտոնաթերթերից մեկն ու միշտ ենթակա վերադաս ղեկավար մարմիններին, հնարավորություններ է ստեղծել եւ իր էջերում լայն տեղ է հատկացրել ոչ միայն Վրաստանի, այլեւ անդրկովկասյան մյուս հանրապետությունների ու Սփյուռքի հայության տնտեսական, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքին, արծարծել է հայ ժողովրդին հուզող բազմաթիվ խնդիրներ, անդրադարձել է անցյալի մեր պատմության լուսավոր ու մռայլ էջերին եւ մշտապես քարոզել հայ եւ վրաց ժողովուրդների համերաշխություն ու բարեկամություն: Այն իր գոյության ընթացքում լույս է ընծայվել հինգ տարբեր անուններով:

«Վրաստանը» ասպարեզ է իջել մենշեւիկյան կարգերի օրոք եւ, որպես կոմունիստական օրաթերթ, ունեցել է ընդհատակյա տարածում: Նրա անդրանիկ համարը «Կարմիր աստղ» վերտառությամբ լույս է տեսել 1920 թ. դեկտեմբերի 15-ին եւ 5 համար տպագրվելուց հետո, դեկտեմբրեի 26-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել ու արգելվել է: Ընդհատակում տպարված այդ համարների անվանական խմբագիրն է եղել երիտասարդ տպագրիչ Սմբատ Դովլաթյանը:

«Կարմիր աստղ»-ի հրատարակությունը վերսկսվել է Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո միայնՙ 1921 թ. փետրվարի 26-ից: Այն սկզբում լույս է տեսել փոքր ծավալով, որպես Վրաստանի հեղկոմի պաշտոնաթերթ, իսկ մարտի 20-ից հրատարակվել է մեծադիր տեսքով, արդեն որպես Վրաստանի կոմկուսի կենտկոմի եւ Թիֆլիսի կոմիտեի օրգան: Նրա նոր խմբագիրը Սուրեն Երզնկյանն էր, իսկ խմբագրական խորհրդի անդամներն էինՙ Հ. Սուրխաթյանը, Հ. Հակոբյանը եւ Ա. Շահսուվարյանը: 1921 թ. վերջերից կազմվել է խմբագրական նոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Գարեգին Մելոյանը, Արշավիր Մելիքյանը եւ Սարգիս Կասյանը: Վերջինս նշանակվել է թերթի պատասխանատու խմբագիր:

«Կարմիր աստղ»-ը 1922 թ. ապրիլի 22-ից դառնում է ՎԿ(բ)Կ Կենտկոմի եւ Թիֆլիսի կոմիտեի, Վրաստանի բանվորագյուղացիական եւ զինվորական պատգամավորների խորհուրդների կենտգործկոմի օրգանը, իսկ ապրիլի 27-իցՙ ՎԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Ս. Կասյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվում է խմբագրի պարտականություններից, եւ նրան փոխարինում է Սարգիս Խանոյանը: Անցնում է շուրջ մեկ տարի, եւ Ա.Ֆ. Մյասնիկյանի առաջարկությամբ 1923 թ. սկզբին ստեղծվում են ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի օրգան «Մարտակոչ» հայերեն եւ «Զարյա Վոստոկա» ռուսերեն թերթերը, որոնք այդուհետեւ դառնում են անդրկովկասյան հանրապետությունների բազմալեզու մամուլի առաջատար օրգաններՙ Ալ. Մյասնիկյանի խմբագրությամբ: «Մարտակոչը» 1923 թ. մարտի 16-ից փոխարինում է «Կարմիր աստղ» թերթին: Նույն կարգավիճակն է ունենում նաեւ «Զարյա Վոստոկան»: Անդրկովկասի մամուլը ենթակա էր այս երկու առաջատար թերթերին:

Ալ. Մյասնիկյանի եղերական մահից հետո «Մարտակոչի» խմբագիրներ են նշանակվել Աշոտ Խումարյանը (1923-1926 թթ.) եւ Սարգիս Խանոյանը (1926-1927 թթ.), որոնք խմբագրությունում շարունակել են Մյասնիկյանի ստեղծած աշխատանքային լավագույն ավանդույթները: Թերթը ունեցել է նաեւ «Մարտակոչ» հասարակական-քաղաքական եւ գրական-գեղարվեստական հավելվածը, որը խմբագրել է նշանավոր գրականագետ Հ. Սուրխաթյանը:

1938 թ. օգոստոսի 12-ից «ղեկավար օրգանների որոշման համաձայն» «Պրոլետարը» վերանվանվել է «Խորհրդային Վրաստան», իսկ 1940 թ. հոկտեմբերիցՙ «Սովետական Վրաստան» եւ այդ վերտառությամբ տպագրվել է մինչեւ 1989 թ. օգոստոսի 18-ը, որից հետո կրել է դարձյալ «Խորհրդային Վրաստան» անունը, իսկ 1990 թ. դեկտեմբերի 15-ից անվանվել է «Վրաստան» եւ այդ վերտառությամբ լույս է տեսնում մինչեւ այժմ:

Հայրենական մեծ պատերազմին նախորդած տարիներին «Սովետական Վրաստան» թերթը խմբագրել է անվանի պատմաբան ու հրապարակախոս Սենեքերիմ Վարդանյանը:

Հետպատերազմյան ծանր տարիներին շուրջ երկու տասնամյակ թերթի խմբագրի պարտականությունները պատվով է կատարել անվանի հրապարակախոս Զավեն Պողոսյանը, որին 1959 թ. սեպտեմբերի 1-ից փոխարինել է Հակոբ Բլրցյանը եւ այդ պաշտոնը վարել մինչեւ 1987 թ. սեպտեմբերի 1-ը: Նրա խմբագիր եղած շուրջ երեք տասնամյակների ընթացքում «Սովետական Վրաստանը» ամրապնդել է իր դիրքերը, դարձել է հանրապետության չորս առաջատար թերթերից մեկը ոչ միայն որպես Վրաստանի կոմկուսի Կենտկոմի, Վրացական ԽՍՀ Գերագույն սովետի եւ Մինիստրների խորհրդի օրգան, այլ նաեւ որպես հայերեն միակ պետական թերթը Վրաստանում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ եւ վրաց ժողովուրդների գրականությունների զարգացման գործում: Նրա էջերում են տպագրվել Շիրվանզադեի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Դ. Դեմիրճյանի, Ա. Բակունցի, Ստ. Զորյանի, Հր. Քոչարի եւ շատ այլ հեղինակների մի շարք գործեր: Նրա էջերում կարելի է գտնել նաեւ Շոթա Ռուսթավելու, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելու, Իոսեբ Գրիշաշվիլու, Գալաքտիոն Տաբիձեի, Կոստանտինե Գամսախուրդիայի, Սիմոն Չիքովանու, Իրակլի Աբաշիձեի, Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու եւ ուրիշների լավագույն գործերի հայերեն թարգմանությունները: Այս թերթի խմբագրությունում են աշխատել մեր անվանի գրողներից շատերը, որոնց թվում եւ Նար-Դոսը, որը մինչեւ իր կյանքի վերջը եղել է «Մարտակոչի» ու «Պրոլետարի» անփոփոխ ոճաբանն ու սրբագրիչը: Այս թերթի էջերում են աճել խորհրդահայ գրողների ու լրագրողների մի քանի սերունդ եւ նա այժմ էլ շարունակում է իր այդ հայրենանվեր գործունեությունը վրաց հողում:

1987 թ. սեպտեմբրեի 1-ից առ այսօր «Վրաստան» թերթի խմբագիրն է հասարակական-քաղաքական ու մշակութային հայտնի գործիչ Վան Բայբուրթյանը: Երբ նա ստանձնել է խմբագրի պարտականությունները, թերթի տպաքանակը եղել է 27 հազար օրինակ, մեկ տարի էլ չանցած այդ թիվը դարձել է 40 հազար, իսկ երկու տարի հետոՙ 1990-ին արդեն հասել է 55 հազարի: Նա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարողացել է ապահովել թերթի անխափան հրատարակությունըՙ նրա շուրջ համախմբելով թղթակցական լայն ակտիվ, ապահովել է Վրաստանի խորհրդարանի պաշտոնաթերթի բարձր դիրքն ու հեղինակությունը մյուս թերթերի շարքում:

«Վրաստանը» ներկայումս վրացահայության շրջանում լուրջ աշխատանք է կատարում հանրապետության նախագահի հրահանգների, խորհրդարանի ընդունած օրենքների ու կառավարության որոշումների պարզաբանման ուղղությամբ, միաժամանակ լուսաբանելով շուրջ կես միլիոնանոց հայ համայնքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ու մշակութային բազմաբեղուն կյանքը: Շնորհավորելով իր գոյության դարաշեմին հասած թերթի խմբագրության անձնակազմինՙ հոբելյանի առիթով եւ բոլոր ընթերցողներին, նրանց ցանկանում ենք նորանոր հաջողություններ ու ստեղծագործական եռանդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ