RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



ԳՅՈԻՄՐԻ

Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1353, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ԱՄԱՆՈՐԻՆ ԶԱՐԴԱՐՎԱԾ ՏՈՆԱԾԱՌԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Ողբերգությունից մեկ տարի հետո հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները

Հունվարի 12-ը գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ահավոր սպանդի տարելիցն էր: Մեկ տարի առաջ այդ օրվա լուսաբացին բնակարան ապօրինի մուտք գործած հանցագործի հրազենային կրակոցներով սպանվեցին իրենց անկողիններում խաղաղ քնած ընտանիքի չափահաս ու մանկահասակ վեց անդամները, իսկ սվին-դանակով խոշտանգված յոթերորդ անդամըՙ վեց ամսական Սերյոժան, մահացավ մեկ շաբաթ հետո Երեւանի հիվանդանոցում: Այս ոճրագործության մեջ կասկածվող անձըՙ Գյումրիում տեղակայաված ռուսական 102-րդ ռազմաբազայի վալերի պերմյակով կոչված ժամկետային զինծառայողը, ըստ պաշտոնական հաղորդման, ընդունել է մեղքը, վերջինս հաստատող տվյալներ են ձեռք բերվել նաեւ ԴՆԹ հետազոտությամբ: Դեպքից հետո կասկածյալը բռնվել ու մինչեւ այժմ գտնվում է հարազատ ռազմաբազայի հոգատար գրկում եւ այնտեղ էլ սպանությունների մասով դատվելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: Մինչ այդ նա իրեն վստահված զինվորական պահակակետն ու զորամասը ինքնակամ լքելու, զենքի հափշտակման եւ անօրինական պահելու համար տասը տարվա ազատազրկման է դատապարտվել ռուսական կայազորային զինվորական դատարանի կողմից: Սպանությունների մասով հայկական դատարանի առաջին արտագնա նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին եւ հետաձգվել է, հաջորդ նիստը կայանալու է երեք օր հետոՙ հունվարի 18-ին:

Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց բացվեց նրանց տան փակ դուռը... Կարծես ամեն ինչ այն վիճակում էր, ինչ եղել էր ոճրագործությունից առաջ, միայն անկողիններն էին արյունոտ եւ տան անդամների փոխարեն այնտեղ դրված էին նրանց շրջանակավոր լուսանկարները: Ճակատագրի դառը հեգնանքով դեռ անխաթար մնում էին տան մեկ տարի առաջվա ամանորյա զարդարանքը, զարդարված տոնածառը... Տխուր տարելիցի առթիվ Ավետիյանների հարազատները, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Հայաստանի կառավարության, խորհրդարանի, հասարակայնության ներկայացուցիչներ այցելեցին քաղաքային գերեզմանատուն, իսկ երեկոյան Գյումրու Սբ. Աստվածածին Յոթվերք եկեղեցում հոգեհանգստի կարգ եւ մոմավառություն կատարվեց:

Մեկ տարի առաջ Գյումրին ու ողջ հայ հասարակությունը ցնցած այս ողբերգության ցավին այսօր գումարված են, ավաղ, հասարակության տարակուսանքն ու բուռն դժգոհությունն առ այն, որ ողբերգությունից մեկ տարի հետո այս անմարդկային ոճրագործության ու մանավանդ դրա քննության հետ կապված հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Գյումրեցիները վիրավորված ու վրդովված են այս գործով տեղի ունեցող այն, շատերի կարծիքով, քննչա-դատավարական ֆարսից, երբ Հայաստանում հայ ընտանիքի նկատմամբ նման ոճիր գործելու մեջ մեղադրվող անձը մինչեւ այժմ չի հանձնվել հայ իրավապահներին, երբ, ո՜վ զարմանք, հանցագործին դատարան տանելու փոխարեն դատարանն են տանում հանցագործի մոտ, նրա տուն, ու դնում այլ պետության զինվորների հսկողության տակ, երբ այն, թե ինքնիշխան պետությունում այդ պետության քաղաքացիների նկատմամբ ծանր հանցանք գործած մեկին ո՛ր մարմինները, որտեղ պետք է քննեն ու դատենՙ որոշում են այլ երկրի իշխանավորները... Էլ ինչպե՞ս հավատան նման դատավարության օբյեկտիվությանը:

Ավետիսյանների հարազատները, շատերը հիասթափված են մեր երկրի իրավապահ համակարգից ու իշխանություններից: Սպանվածների իրավահաջորդները չեն բացառել, որ հունվարի 18-ին չեն ներկայանա եւ կբոյկոտեն դատական նիստը, եթե այն շարունակվի ռուսական ռազմաբազայի տարածքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ