RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1685, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՃԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են դրանք փոխկապակցված եւ ինչպե՞ս են ազդում տնտեսության եւ բնակչության վրա

Ազգային արժույթի արժեւորումը կամ արժեզրկումը խոսում է տվյալ երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթների մասին: Այն, սակայն, տնտեսության կացության ցուցիչներից մեկն է միայն, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկրի մոնետար իշխանությունները (կենտրոնական բանկերը) իրենց միջամտությամբ խթանեն ազգային արժույթի արժեզրկումը կամ արժեւորումըՙ կախված նրանից, թե տվյալ պահին տնտեսական ո՞ր խնդիրն է առավել կարեւորՙ գնաճի զսպումը, թե՞ տնտեսական աճին խթանելը, դոլարայնացման սահմանափակումը, թե՞ արտահանման խրախուսումը:

Հայկական դրամի պահվածքը վերջին 5 տարիներին

Միեւնույն ժամանակ, ոչ մի կենտրոնական բանկ չի կարող երկար ժամանակ զսպել ազգային արժույթի արժեզրկումը կամ հակառակըՙ արժեզրկել ազգային արժույթը: Տնտեսական իրողություններին դեմ գնալը պարզապես անհնար է եւ նմանվում է դոնքիշոտյան պայքարի հողմաղացների դեմ: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները իրենց ազդեցությունն են թողնում փոխարժեքների վրա: Ո՛չ աշխարհի ամենահզոր տնտեսություն եւ միջազգայնորեն փոխարկելի արժույթներ ունեցող ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ Չինաստանը կամ Ճապոնիան, ո՛չ նավթային հարուստ պաշարներ ունեցող Ռուսաստանը կամ Սաուդյան Արաբիան, ո՛չ էլ առավել եւս նման ավելի փոքր երկրների տնտեսությունները չեն կարող զերծ մնալ փոխարժեքային տատանումներից կամ ցնցումներից:

Մյուս կողմիցՙ փոխարժեքի տատանումը այն երեույթներից է, որը բացի տնտեսության վրա ազդելուց եւ տնտեսության կացությունը բնութագրելուց, անմիջապես եւ առավել զգայուն ազդեցություն է ունենում բնակչության թե՛ վարքագծի ու սպասումների, թե՛ եկամուտների ու ծախսերի, թե՛ սոցիալական կացության վրա:

Այս առումով հետաքրքրական է, թե ինչպես է փոփոխվել մեր ազգային արժույթը վերջին 5 տարիներին: Դիտարկենք դեկտեմբեր ամսվա 1 դոլարի դիմաց հայկական դրամի միջին փոխարժեքի ցուցանիշները սկսած 2011-ից.

2011 թ. 383 դրամ

2012 թ. 405 դրամ

2013 թ. 405 դրամ

2014 թ. 463 դրամ

2015 թ. 482 դրամ

Ինչպես երեւում է աղյուսակից, չհաշված 2014-ի դեկտեմբերին արձանագրված կտրուկ տատանումը, հայկական դրամը բավականին սահուն եւ անցնցում վարքագիծ է դրսեւորել: Տարեկան փոխարժեքի տատանումը միջինը 5 տոկոսի շրջակայքում է եղել: 2014-ի դեկտեմբերին այն արժեզրկվեց շուրջ 15 տոկոսով, որն անգամ այս դեպքում, այդ ժամանակ ամենացածր արժեզրկումն էր նախկին ԽՍՀՄ, Արեւելյան Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների ազգային արժույթների կտրուկ արժեզրկման մեջ:

Ինչ վերաբերում է անցյալ տարվանՙ 2015-ին, ապա դրամի արժեզրկումը 1 տարվա կտրվածքով 5 տոկոսից էլ ցածր է եղել: Սա հակառակ անցյալ տարվա ընթացքում այսպես կոչվող քաղաքացիական հասարակության նախաձեռնած ցնցումների, քաղաքական բողոքի արտահայտություններիՙ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: Տնտեսական երեւույթները բացառապես քաղաքական գործընթացներով բացատրողների վառ երեւակայությամբ, հանրաքվեից հետո դրամի կտրուկ արժեզրկում պետք է տեղի ունենար: Ինչը, բնականաբար, չեղավ:

Դրամ արժեզրկում եւ ... գնանկում

Դրամի փոխարժեքին առնչվող մյուս գործոնը գնաճն է, որի հանդեպ բնակչությունն առավել զգայուն է եւ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում: Շատերը արդեն հասկանում են, որ ազգային արժույթի արժեզրկումը բերում է գնաճի եւ դա այս գործընթացի ամենաբացասական հետեւանքն են համարում: Հատկապես բարձրանում են ներմուծվող ապրանքների գները: Սակայն, քչերն են տեղյակ, որ գնաճն ու ազգային արժույթի արժեզրկումը նույն չափով չեն լինում: Անցյալ տարվա դեկտեմբերին արձանագրված 12 ամսյա գնաճի ցուցանիշը ոչ միայն դրա ապացույցն է, այլեւ այն բանի, որ դրամի արժեզրկման պարագայում գնանկում էլ է հնարավոր:

Օրինակ, եթե անցյալ տարվա դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ հայկական դրամը արժեզրկվել է մոտ 5 տոկոսով, ապա նույնՙ 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ գնաճի ցուցանիշը բացասական է եղել, այսինքն արձանագրվել է գնանկումՙ 0,1 տոկոսով: Ընդ որում, պարենային ապրանքների գները 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 4,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինըՙ աճել 3,4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներըՙ 3,2 տոկոսով:

Ինչպիսի՞ն կլինի դրամի վարքագիծը կամ գնաճը 2016 թվականին: Կանխատեսում անելն այս պահին գործնականում անհնար է, քանի որ դրանց վրա ազդում են բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ: Միջազգային բարդագույն կացությունը եւ դրա տնտեսական հետեւանքները ամբողջ աշխարհում բնականաբար իրենց ազդեցությունը կարող են թողնել նաեւ Հայաստանի տնտեսության, այդ թվում ազգային արժույթի փոխարժեքի եւ գների մակարդակի վրա: Սակայն, անցյալ տարվա նմանատիպ լարվածության պայմաններում մեզ հաջողվեց խուսափել դրամի փոխարժեքի կամ գնաճի ցնցումներից: Հետեւաբար, այս տարի նույնպես թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը պետք է լուրջ ջանքեր ներդնեն արտերկրից եկող տնտեսական սպառնալիքների ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ