RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1688, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԿՀՈՍԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՎՐԱՍՏԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության հարցերի մասնագետ, պ.գ.թ.

Վրացական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, թե բանակցություններ են ընթանում Իրանից Հայաստանի տարածքով դեպի հյուսիս գազի մատակարարման մասին, կարելի է ասել, ոգեւորել է հայ հասակաության մի զգալի հատվածի: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում իրանագետների եւ էներգագետների մի հսկայական զանգված «փորձագիտական» կարծիք է տալիս տվյալ տեղեկույթի մասինՙ հաշվելով ՀՀ-ի կողմից սպասվելիք եկամուտները եւ անգամ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանով անցնող խողովակաշարը համապատասխան լայնության չէ եւ «համապատասխան» լայնության դեպքում ավելի շատ գազ կմղեինք դեպի Վրաստան ու նույնիսկ Եվրոպաՙ հսկայական օգուտներ քաղելով ու փոխելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակը:

Եթե հարցի հուզական կողմը թողենք մի կողմ եւ փորձենք վերլուծել գոնե այն տվյալները, որոնք կան լրատվամիջոցներում, ապա ունենք հետեւյալ պատկերը: Նախ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը իսկապես փոխվում է պայմանավորված երկու հիմնական փաստովՙ նավթի գների էժանացմամբ, ինչը այդ ռեսուրսով հարուստ պետություններին մի տեսակ լուսանցքն է մղում, եւ երկրորդՙ տարածաշրջանում անվտանգային դինամիկայի փոփոխմամբ, երբ կայունության եւ անվտանգության երաշխավոր պետությունների քաղաքական նշանակութունը սկսում է աճել: Ասել կուզի Ադրբեջանի էներգետիկ աշխարհաքաղաքական դերի նվազման ֆոնի վրա աճում է Հայաստանի անվտանգային աշխարհաքաղաքական նշանակությունը: Այսինքն սկսում են կարեւորովել ոչ թե նավթով լի տակառները, այլ տարածաշրջանում կայունությունն ու ավտանգությունը պաշտպանող պետությունները: Հասկանալի է, որ այս ամենը տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արեւելքում ընթացող աշխարհառազմավարական փոփոխությոնների ֆոնի վրա, երբ Իրանի դերակատարութունը, պատժամիջոցներից հետո, սկսում է աճել, իսկ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում ստիպում է ավելի լուրջ վերաբերվել նրա դիրքորոշմանը:

Սա մի նոր իրավիճակ է, որը ստիպում է տարածաշրջանում մեծ ու փոքր խաղացողներին վերագնահատելու Հայաստանի եւ Արացախի դերը որպես կայունության հիմնական ջատագովների, այսինքն ղարաբաղյան status-quo-ն այլ երանգ է ստանում եւ շատերն են սկսում գիտակցել, որ այդ status-quo-ի պահպանմամբ է պայմանավորված խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նաեւ հուսալի գործընկեր էներգետիկ տարբեր տարանցիկ ծրագրերի համար, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարության նվազումը հանգեցնում է նրան, որ Արեւմուտք-Արեւելք առանցքի փոխարեն ավելի գրավիչ է դառնում Հյուսիս-Հարավ առանցքը:

Հետեւաբար Հայաստանով անցնող տարբեր ծրագրերի մասին հայտարարությունները կլինեն բազմաթիվ, սակայն արդյոք դրանք կիրականանա՞ն: Խնդիրը նրանում է, որ իր ողջ գրավչությամբ հանդերձ Հարավային Կովկասը ոչ այնքան խաչմերուկ է, ինչպես մենք ենք այն շատ դեպքերում դիտարկում, որքան փակուղի, հաշվի առնելով առկա հակամարտությունները եւ հարաբերությունները հարեւանների միջեւ:

Հիշեցնեմ, որ հարավային Կովկասով գազի արտահանման մասին Իրանի ներկայացուցիչները առաջին անգամ հայտարարեցին դեռ 2014թ.-ի ամռանը, երբ արդեն պարզ էր, որ պատժամիջոցների շուրջ բանակցությունները գնում են դեպի հանգուցալուծում: Իրանի էներգետիկայի փոխնախարարը գազի արտահանման հիմնական ուղղությունների թվում նշեց նաեւ Կովկասյանը, ինչը նույնպես մեծ ոգեւորություն առաջացրեց հայրենի փորձագիտական շրջանակներում: Այն ժամանակ խոսքը գազի մեծածավալ արտահանման մասին էր, ինչին գոնե մասնագիտական շրջանակները շատ հոռետեսորեն էին վերաբերում, հաշվի առնելով Իրանում գազի արդյունահանման հնարավորություններին, ծավալներին, համապատասխան ինֆրաստրուկտուրայի բացակայությունը եւ իհարկե ձեւավորավող նոր աշխարհաքաղաքական իրականությունը, որը նմանատիպ ծրագրերի հիմնական խոչընդոտն է:

Ներկայումս ախորժակները ավելի համեստ են եւ խոսքը ընդամենը Վրաստանի կարիքները բավարարելու մասին է: Հիշեցնեմ, որ վերջինիս գազի տարեկան պահանջարկը մոտ 2.5 մլրդ/խ մետր է եւ հաշվի առնելով Վրաստանի գազաֆիկացման վերջին տարիների տեմպերը, այդ ծավալները կարող են աճել: Վրաստանը գազը ներմուծում է միայն Ադրբեջանից, գազի նաեւ որոշակի պաշարներ է ստանում Ռուսաստան-Հայաստան եւ Բաքու-Էրզրում գազամուղներից: Ի դեպ, կարծում եմ արժե շեշտել, որ դեպի Հայաստան տարանցման համար որպես վճար Վրաստանին է մնում մեր գազի մոտ 10 տոկոսը, ինչը բավականին բարձր գին է գազի տարացման համաշխարհային շուկայում: Նշենք, որ գազը մենք ստանում ենք սպառման, այլ ոչ վերավաճառքի համար, ինչը նշանակում է, որ տարանցման նման գինը ուղղակի թալան է, ինչով եւ զբաղվում են մեր հարգարժան հարեւանները: Օրինակի համար, կոմերցիոն նպատակներով Թուրքիա մղվող Բաքու-Էրզրում գազամուղը վճարում է ընդամենը այդ գազի 6 տոկոսի չափով:

Ինչեւէ, իրերի նման դասավորությունը հագեցրել է նրան, որ Վրաստանը ոչ միայն էներգետիկ, այլեւ քաղաքական կախվածության մեջ է հայտնվել Ադրբեջան-Թուրքիա տանդեմից, ինչը սահմանափակում է տարածաշրջանում նրա աշխարհագրական դիրքին հարիր քաղաքական դերակատարություն ստանձնելը: Նման իրավիճակը փոխելու համար Վրաստանը սկսել է գազային մի նոր խաղ, որի նպատակն է ստիպել Ադրբեջանին նվազեցնել գազի գինը: Վերջին տարիներին գազի գների որոշակի անկման պայմաններում Վրաստանը նույնպես ցանկանում է էժան գազ ունենալ, ինչը եւ նրան ստիպում է տարատեսակ հայտարարություններ տարածել գազի մատակարարման շուրջ Իրանի եւ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին:

Ի դեպ, Ռուսաստանի հետ բանակցությունների մասին լուրերը վախեցրել են վրացական «փորձագիտական» շրջանակներին, որոնք այն գնահատում են որպես Մոսկվայից կախման մեջ հայտնվելու առաջին քայլը: Գազպրոմը, ըստ վրացական լրատվամիջոցների, մրցունակ գին է առաջարկել, ավելի էժանՙ քան ադրբեջանական գազն է: Ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանը իր գազը Վրաստանին վաճառում է մոտ 260 դոլարովՙ 1000 խ/մ համար, Գազպրոմը դեռ տարիներ առաջ Սաակաշվիլիին առաջարկել էր 245 դոլար, ներկայումս գազմպրոմը պատրաստ է վրացիներին գազ տրամադրել 200-210 դոլար գնով:

Սակայն վրացիների սկսած գազային այս խաղը մի քանի նպատակ է հետապնդում. նախ ստիպել Ադրբեջանին նվազեցնել գազի գինը լուրեր տարածելով Ռուսաստանի եւ Իրանի հետ գազի շուրջ բանակցությունների մասին: Հասկանալ Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի արձագանքը Հյուսիսի-Հարավ հնարավոր ձեւավորվող էներգետիկ տանդեմում դիրք գրավելու համար: Վրաստանի համար շատ կարեւոր է նաեւ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների ֆոնի վրա դուրս չմղվել քաղաքական գործընթացից եւ հնարավորինս օգուտով դուրս գալ, օրինակՙ բազմազանեցնելով եւ նվազեցնելով գազի գինը:

Բացի այդ, սերտացնելով հարաբերությունները Հայաստանի հետ, Վրաստանը նվազեցնում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ճնշումը իր վրա: Հիշեցնենք Վրաստանի խորքայինՙ տնտեսական եւ քաղաքական կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից, որը ձեւավորվել էր դեռ Սաակաշվիլիի օրոք եւ որը առաջին հերթին արտահայտվում է էներգետիկ կախվածությամբ: Էլեկտրաէներգիայի տարանցման շուրջ Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանգիրը առաջին քայլն է այդ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, երկրորդ նմանատիպ քայլը կարող է լինել նոր ուղղությանՙ Իրանից գազի տարանցման շուրջ համաձայնությունը:

Սակայն ինչպես նշեցի, խորքային էներգետիկ կախվածությունը թույլ չի տալիս Վրաստանին մանեւրելու: Հետեւաբար գոնե տեսանելի ապագայում սպասել գազի տարանցում Հայաստանով Վրաստանՙ քիչ հավանական է: Սակայն երկարատեւՙ ռազմավարական կտրվածքով պարզ է, որ Իրանից դեպի Վրաստան Հայաստանի տարածքով գազի փոխադրմանը մեր հյուսիսային հարեւանը այլընտրանք չունի, եթե ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Ադրբեջանից, միաժամանակ չհայտնվելով Ռուսաստանի ազդեցության գոտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ