RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

...ՈՐ ԱՎԵԼԱՆԱ ԲԱՐԻՆ ԱՇԽԱՐՀԻ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Չկա թերեւս մի այնպիսի տոն, որն այնքան համամարդկային լինի, սիրված, սպասված իր գալստյան խորհրդով, բարու, լավի նկատմամբ տածված ակնկալիքով, ինչպիսին Ամանորն է: Տարվա մեջ մեկ անգամ տիրապետողը դառնում է բարին, երբ նոր տարվա սրընթաց մուտքի հետ օդը հագենում է բարեմաղթանքների առատությամբ եւ ամենուր թեւածող դրական այդ էներգիան մի կարճ ժամանակ ասես կարողանում է պարուրել այս ծեր ու դաժանությունից հոգնած մոլորակը անդորրի եւ խաղաղության ջերմությամբ:

Տարեմուտ: Հակասական խոհեր: Մարդը մանկան պես ուրախանում է նոր տարվա գալով, չնայած գիտի, որ ծերանում է եւս մեկ տարով ու էլ ավելի ընդառաջ գնում դեպի իր ախուսափելի վերջը: Մարդը, նույնիսկ` ամենաանհավատը, արագորեն թերթվող ժամանակի դեմ անզոր, Ամանորի գիշերը ակամայից հավատում է հրաշքի, տուրք տալիս «ինչպես դիմավորես` այնպես էլ կանցնի...» նախապաշարմունքին ու փողոց նետում հին իրերը, եթե նա իտալացի է, ոսպով ապուր ուտում, որ շատ դրամ ունենա, եթե հունգարացի էՙ տասներկու խաղողի հատիկ ըմբոշխնում եկեղեցու զանգերի նույնաչափ զարկերի ներքո, եթե իսպանացի է, ապա երկու օրվա մեջ իր տունը հիմնահատակ մաքրում, հետո` թխում, եփում, խոհարարական մտքի հրաշքներ գործում, իսկ եթե հայ էՙ ապա, երբեմն պարտքով, նոր տարվա ճոխ սեղան է բացում...

Փոխարենը հայը հանգստանում է 8 օր եւ ավելի, կասեք: Այո, այդ առումով Ամերիկայում իրոք «ստրկատիրական» է օրենքը: Ամանորի հանգստյան օրը հունվարի մեկն է միայն: Պատկերացնո՞ւմ եք, դեկտեմբերի 31-ն ու հունվարի 2-ը պարտադիր աշխատանքային են: Մարդու իրավունքների կատարյալ ոտնահարում է սա, ափսոս ՄԻԵԴ-ը Եվրոպայում է գտնվում: Երբ գործընկերներիս հայտնում եմ, որ Հայաստանում տարեմուտի տոնը տեւում է մինչեւ հունվարի 13-ը, երանելի հոգոցով պատասխանում են` awesome (ապշեցնող է), հետո հարցնում. «ռուսական աղցան պատրաստեցի՞ր»: Խոսքն օլիվյեյի մասին է... Չէ, ամերիկացին աղցան պատրաստելու համար տանը չի մնա: Նրա տարեմուտի ռոմանտիկան դրսում է, Թայմ Սկսվերում` դիտելու բյուրեղյա գնդի էջքը, կամ էլ ռեստորաններում:

Ցավոք կարճատեւ է տարեմուտի պատճառած երանությունը: Նրա մուտքն ու ելքը սրընթաց է մարդու կյանքում: Տոնն արագ փոխարինվում է գորշ առօրյայով, առտնին հոգսերով, դեպրեսիայով, խրամատում գտնվող հայ զինվորի կյանքի մասին տագնապով ու ապահով, ուժեղ Հայաստան ստեղծելու համար պայքարով:

Ըստ չինական կենդանակերպի մեկնությանՙ Կարմիր կապիկի տարիՙ 2016-ը, լինելու է անկանխատեսելի ու լավ անակնկալներով լի: Ինչ ուզում եք ասեք, սակայն տարեմուտի բերկրանքն աշխարհում ամենաշատը ճաշակում են չինացիները, պարսիկներն ու հրեաները, նշելով երկակի նոր տարիՙ համընդհանուրն ու իրենց ազգայինը: Մենք` հայերս, նույնպես ունեցել ենք մեր ազգայինը, վաղնջական ժամանակներում օգոստոսի 11-ին տոնելով հայոց նոր տարին` Նավասարդը: Ինչո՞ւ չենք վերականգնում: Ասացի ու հետո մտածեցի. բա որ պարտքով նոր տարվա սեղան գցողների թիվն ավելանա՞... Չէ, մեղք է մեր ժողովուրդը: Սպասենք լավ օրերի գալուն:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ