RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1197, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ, ՈՒԻԼՅԱՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Խոզի գրիպից 11-րդ մահացածն ունենք: Երկու օր առաջ առողջապահության նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ խոզի գրիպ հիվանդությունն աստիճանաբար նահանջում է: Ավելի վաղ նախարարն անձամբ հայտարարել էր, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա, իսկ Հանրապետության գլխավոր վարակաբանն ասել էր, որ չնայած հիվանդության նման բռնկում Հայաստանում երբեք չի եղել, բայց անհանգստանալու կարիք չկա:

Չենք անհանգստանում:

Հունվարի 9-ին մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն ցավակցել են զոհվածի հարազատներին եւ շեշտել, որ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ մեր զինվորների վերահսկողության ներքո, այսինքն...անհանգստանալու կարիք չկա: Այսօր մեր տղաները զսպել են հակառակորդի նախահարձակ գործողությունները:

Չենք անհանգստանում:

Հունվարի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կվերսկսվի Վ.Պ-ի դատավարությունը, որն ինչպես գիտենք, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անունից: Ի դեպ, այս դատավարությունը թերեւս աննախադեպ է համաշխարհային դատավարությունների պատմության մեջ, քանի որ փաստացիորեն մեկ այլ պետության դատարան դատավարություն է իրականացնում մեկ այլ պետությանՙ իրավաբանական տարածքում (ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը ՀՀ-ն անվճար վարձակալության է հանձնել ՌԴ-ին): Մեր դատախազությունը վստահեցնում է, որ անհանգստանալու կարիք չկա, որ Վ.Պ.-ին, եթե անգամ սատանան օգնի, միեւնույն է, իր արժանի պատիժն է ստանալու, եւ մենք...

Չենք անհանգստանում:

Ավետիսյանների հարազատները որոշ լրատվամիջոցների հայտնել են, որ իրենք պատրաստվում են նախ բոյկոտել Պերմյակովի գործով հունվարի 18-ի դատավարությունը, ապա եւ հեռանալ Հայաստանից....Ռուսաստան, որտեղ, ի դեպ, ծնվել, մեծացել եւ դաստիարակվել է Վ.Պ-ն: Ոչ նրանք, ոչ էլ մենք չենք անհանգստանում:

Համացանցում են հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի, նրա կնոջՙ Քեյթի եւ նրանց որդու լուսանկարները: Ըստ դրանց որոշ լրատվամիջոցներ արձանագրում են, որ Քեյթը կրկին հղի է եւ գուցե հենց այդ պատճառով, գուցե անկախ այդ հանգամանքից, արքայազն Ուիլյամը ճաղատանում է, եւ մենք...

Անհանգստանում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ