RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՆԵՐԳԱՂԹԻ ԱԼԻՔԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է ԶԻՆՎԵԼ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Եվրոպան վերջերս ցնցվում է ներգաղթյալների եւ տեղական բնակչության բախումներից: Ավելի ու ավելի հաճախակի են դարձել սառը եւ հրաձգային զինատեսակների կիրառության դեպքերը: Տարատեսակ զենքերի պահանջարկը հասել է աննախադեպ չափերի: Այս իրարանցման գլխավոր պատճառն այն է, որ Եվրոմիության երկրների իշխանությունները չեն կարողանում երաշխավորել իրենց քաղաքացիների անվտանգությունը: Ուստի վերջիններս պատրաստվում են ինքնուրույնաբար հետ մղել եկվորների հնարավոր հարձակումները: Եվրոպացիների ինքնապաշտպանության եղանակները տարբեր երկրներում ունեն իրենց յուրահատկությունները:

Մարմանդ ջրում

Ավստրիան իրավամբ համարվում է Եվրոմիության ամենից հանգիստ, խաղաղ եւ բարեկեցիկ երկրներից մեկը: Սակայն անցյալ տարվա ամռանը եւ աշնանը հենց այդ ալպյան հանրապետությունը հայտնվեց Մերձավոր Արեւելքից եկած հարյուր հազարավոր գաղթականների ճանապարհին: Հոկտեմբերին Լինց քաղաքի Հանրային կարծիքի հետազոտման ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ավստրիացիներն ամենից շատ վախենում են մահմեդական գաղթականների զանգվածային ներհոսի հետեւանքով հասարակության հնարավոր իսլամացումից եւ հանցագործությունների աճից: Փարիզի նոյեմբերյան ահաբեկչությունները միայն խորացրին ավստրիացիների տագնապները, իսկ այն հաղորդումերը, որ Զալցբուրգում (Մոցարտի ծննդավայրում) ձերբակալվել են այդ ահաբեկչությունների հետ կապված կասկածյալներ, լցրին համբերության բաժակը:

Եվրոմիությունում զենքի առեւտրի հարցում Ավստրիան ունի առավել ազատական օրենքներ, եւ ավստրիացիները սկսեցին զանգվածաբար հրազեն ձեռք բերել: Երկրի զինախանութների վաճառասեղանների վրայից բառացիորեն սրբում-տանում էին որսորդական եւ կոտորակային հրացանները: Պահանջարկը էլ ավելի էր ծավալվում այն պատճառով, որ ոչ ակոսավոր զենքի գնման իրավունքը կարելի է ձեւակերպել հետին թվովՙ գնմանը հաջորդող չորս շաբաթվա ընթացքում:

Ակոսավոր զինատեսակների (ատրճանակներ, ռեւոլվերներ, բազմալիցք եւ ինքնալից հրացաններ, կիսաավտոմատ զենք) շուկայում նույնպես իրարանցում է տիրում: Զենքի արտոնագրի ստացման քննությունները սովորաբար անցկացվում են հինգ շաբաթը մեկ, բայց պահանջարկի աճի պատճառով ներկայումս անցկացվում են ամեն շաբաթ:

Զենքի գնումների հարցում կանայք առաջին շարքերում են: Նրանց գլխավոր պատճառաբանությունն այն է, որ զինված վիճակում ավելի հեշտ է պաշտպանվել հարձակումներից: «Լենտա.ռու» կայքի տվյալներով, Ավստրիայում մեկ տարվա ընթացքում վաճառվել է 70 հազար փողային զենք: Երկրի ութուկես միլիոնանոց բնակչության ձեռքին ներկայումս կա 900 հազար միավոր հրազեն:

Լեռնային հրաձիգներ

Շվեյցարացիները եւս սկսել են ոգեւորությամբ համալրել տնական զինանոցները: Շվեյցարիայի Համադաշնությունում գործում է ընդհանուր օրենք, որը 18 տարին լրացած քաղաքացիներին իրավունք է տալիս ձեռք բերելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ բանակային զենք: Շվեյցարիայի քաղաքացիություն ունեցող եւ զինծառայության համար պիտանի ճանաչված 19-31 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են ծառայել զինված ուժերում: Դրանից հետո նրանք ամեն տարի մասնակցում են հավաքների եւ վերապատրաստում են անցնում: Նրանք իրենց ինքնաձիգներն ու հրացանները պահում են տներում:

Չնայած տնային պատկառելի զինանոցների գոյությանը, անցյալ տարեվերջին Շվեյցարիայի 12 կանտոններում զենքի վաճառքն ավելացավ միջինը 20 տոկոսով, իսկ Վո կանտոնումՙ աննախադեպ 70 տոկոսով: Հասկանալի է, որ դա փարիզյան ահաբեկչությունների արաձագանքն է: Համադաշնությունը Եվրոմիության անդամ չէ, բայց մասնակցում է Շենգենի համաձայնագրին, եւ ներգաղթյալները որոշակի հմտություններ բանեցնելով կարողանում են հատել երկրի սահմանները: Աշխարհի ամենաչեզոք պետության բնակիչների երկյուղները խորացան ամանորյա տոների ժամանակ Ցյուրիխում (ինչպես Գերմանիայում) կանանց վրա կատարված հարձակումներից:

Գերմանական կարգուկանոն

2002 թ. ապրիլին Գերմանիան փոփոխություններ կատարեց զենքի հետ կապված օրենքում: Կանոնները կտրուկ խստացվեցին: Դա կապված էր պատերազմող բալկանյան երկրներից Գերմանիա թափանցած «գորշ» ու «սեւ» զենքերի թվի աճի եւ Արեւելյան Եվրոպայից բերված զենքի մաքսանենգության հետ: Տարբեր տվյալների համաձայն, այդ ժամանակ Գերմանիայում հայտնվել էր մինչեւ կես միլիոն չգրանցված փող: Մինչեւ օրս հայտնի չէ, թե այդ զենքերից քանիսն են առգրավվել եւ քանիսն են մնում գաղտնի զինանոցներում:

Զենքի հետ կապված գերմանական օրենքները Եվրոպայի ամենախիստ օրենքների շարքում են: Օրինակ, ապօրինաբար բանակային զենքի փամփուշտներ պահելը պատժվում է մեկ տարվա բանտարկությամբ: Գերմանացիներն օրինապահ ժողովուրդ են, ուստի զինվում են թույլատրելի զինատեսակներով: Առաջին հերթին դրանք ինքնապաշտպանության ոչ մահացու միջոցներն են:

Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա կատարված հարձակումներից հետո գերմանացի տնտեսագետ եւ լրագրող Դիրկ Մյուլլերը YouTube-ի իր էջում գրեց, որ էլեկտրաշոկերներ եւ գազաբալոնիկներ վաճառող գերմանական խանութները դատարկվել են, եւ դրանց տերերը չեն հասցնում համալրել տեսականին: «Ինքնապաշտպանության միջոցները անմիջապես գնում են ոչ թե նացիստները, այլ հասարակ քաղաքացիները, կենսաթոշակառուները», արձանագրեց Մյուլլերը:

Ի դեպ, գազաբալոնիկներ ձեռք բերած գերմանացիները գանգատվելու պատճառ չունեն: Վիճակը միանգամայն ուրիշ է հարեւան Դանիայում: Այնտեղ վերջերս բռնաբարության փորձ կատարվեց Սեններբորգ քաղաքի մի 17-ամյա բնակչուհու նկատմամբ: Աղջիկը գազաբալոնիկից գազ ցայտեցրեց հարձակվողի դեմքին, որն արտասվելով փախուստի դիմեց: Իսկ աղջիկը դատական կարգով պարտավոր է 500 կրոն (մոտ 75 դոլար) տուգանք վճարել, քանի որ Դանիայում գազաբալոնիկների օգտագործումն արգելված է:

Սկանդինավյան տաքարյուն տղաներ

Ռուսասատանի սահմանամերձ նորվեգական քաղաքներում տարեսկզբին արձանագրվեց հրազենի վաճառքի մոտ 50 տոկոսանոց աճ: Եվ դարձյալ ամեն ինչի պատճառը գաղթականների զանգվածային ներհոսն է, տվյալ դեպքումՙ Ռուսաստանի տարածքից: Տեղական իշխանությունները հաղորդեցին. «Բնակիչները դժգոհում են Սբ. Ծննդյան տոնի եւ քրիստոնեական այլ տոների ժամանակ որոշ գաղթականների դրսեւորած անվայել պահվածքից: Բացի դրանից, շատացել են գաղթականների հետ վեճերի ժամանակ զենքի կիրառման դեպքերը»:

Նորվեգիայի օրենսդրությունը թույլատրում է ունենալ հրազենի տարբեր տեսակներ, բացի ինքնաձիգից: Ատրճանակ կամ ռեւոլվեր ձեռք բերելու համար հարկավոր է առնվազն կես տարի պարապել հրաձգության ակումբում, իսկ գնումը կատարելուց հետո երբեմն մասնակցել մրցումների: Սակայն Նորվեգիայի որոշ շրջաններում բնակչությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է զենք ունենալ: Մասնավորապես Շպիցբերգեն արշիպելագի կղզիներում ապրող դպրոցականներին եւ ուսանողներին 2007 թ. արգելվել բնակավայրերից հեռանալ առանց զենքի ու զինամթերքիՙ սպիտակ արջերի հարձակման վտանգի պատճառով:

Սակայն այսօր Նորվեգիայում գլխավոր վտանգը նոր Բրեյվիկների հայտնվելն է: Գաղթականների զանգվածային ներհոսի պայմաններում հնարավոր են նորվեգացի ծայրահեղ աջերի նախահարձակ գործողություններ: Պետանվտանգության ոստիկանությունում կարծում են, որ ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգը ներկայումս ոչ թե արմատական իսլամիստների ներթափանցումն է, այլ հենց ծայրահեղ աջ ուժերի վերաշխուժացումը:

Անտոն Չեխովի հայտնի ձեւակերպման համաձայն, եթե պիեսի առաջին գործողության մեջ պատից հրացան է կախված, ապա վերջինում այն պետք է կրակի: Ներկայիս եվրոպական դրամայի առաջին արարում զենքն արդեն կախված է պատից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ