RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1945, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 29

«ՁԻԱՐՇԱՎԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ, ՄԻՆՉԵՎ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այն տպավորությունն ունեմ, որ հայերեն ընտրարշավ բառը ստեղծվել է ամերիկյան նախագահական ընտրությունները բնորոշող անգլերեն race-արշավ բառից կամ դրանով կազմված այլ բառերից, որոնցից է նաեւ ձիարշավ բառը: Այս օրերին ով հետեւում է ամերիկյան եւ ընդհանրապես անգլո-սաքսոնական լրատվամիջոցներին, կհաստատի, որ ամիսներ ի վեր շարունակվող եւ արդեն ձանձրացուցիչ դարձած նախագահական մրցավազքը նման է ձիարշավի, որն անշուշտ ավելի սաստիկ թափ է հավաքելու մինչեւ նոյեմբերյան ֆինիշը, փողի եւ ուժի մրցավազք է դարձել ավելի քան երբեք, եւ ծախսվող միլիարդավոր դոլարների հեղեղի տակ նպատակ ունի ներգրավել-կլանելու ընտրողներին եւ ընտրելու իրավունք չունեցող բազմամիլիոն մարդկանցՙ ողջ աշխարհում: Դա մի ամբողջ ինդուստրիա էՙ իր բազմատեսակ եւ բազմատիպ մասնագետներով ու գործիքներով, քարոզչական հզոր մեքենաների, փորձագիտական տարբեր մտքերի, PR մասնագետների, խարդավանքների եւ տարբեր հնարքների վարպետների, եւ անշուշտ փողային կենտրոնների, ինչպես նաեւ հզորագույն ընտանիքների, գերդաստանների ու կլանների մասնակցությամբ:

Այդ ինդուստրիան ունի նաեւ մեկ այլ նպատակՙ ցույց տալ բոլորին Մ. Նահանգների անգերազանցելիությունը...

Անշուշտ, հետաքրքրական եւ նույնիսկ ուսանելի շատ բան կա այդ մրցավազքումՙ նաեւ մեզ համար, ոչ միայն կիրառվող տեխնոլոգիաների, այլեւ կարգախոսներից անդինՙ ընտրողներին գրավելու-շահագրգռելու ծրագրեր ներկայացնելու տեսակետից: Օրինակՙ ի՜նչ ասես չարժեն դեմոկրատական թեկնածուներից Բեռնի Սենդըրզի արմատական, ես կասեիՙ սոցիալիստական ծրագրերը կրթության, առողջապահության, ապահովագրության եւ բանկային համակարգի բարեփոխման վերաբերյալ, որոնք 74-ամյա այդ գործչին սիրելի են դարձրել անգամ 18-28 տարեկան ընտրողների համար: Եվ կամՙ ինչպիսի հիացմունք է պատճառում Հիլարի Քլինթոնն իրՙ բանավիճելու տաղանդի հետ մեկտեղ ընտրողներին, հատկապես սեւականներին շահագրգռող ծրագրերով: Ու տակավինՙ որքա՜ն տպավորիչ է ներկա ընտրարշավի ամենադիտարժան հանրապետական թեկնածուիՙ Դոնալդ Թրամփի բացախոսությունը իր երկրի միջին դասակարգի ընտրողների իսկական, ներքին զգացումներն ու մտքերը, նույնիսկ այլամերժությունը արտահայտելու տեսակետից: Եվ կամՙ ամենաերիտասարդ, ծագումով կուբացի (ինչպես նրա մրցակից Թեդ Կրուզը) թեկնածու Մարկո Ռուբիոյի հուսավառ, հորիզոններ բացող ծրագրերի գեղեցիկ ներկայացումը:

Սրանք հատկանիշներ են, որոնք դաստիարակիչ կարող են լինել նաեւ մեր, եւ հատկապե՛ս մեր քաղաքական գործիչների համար, որոնց ներկայացրած նախընտրական ծրագրերը սովորաբար կարգախոսային խոստումներից այն կողմ չեն անցնում:

Այսուհանդերձ, այսքան երկարատեւ մրցավազքը, որն ըստ ոմանց Մ. Նահանգներում սկսվում է նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո, այլ խոսքովՙ շարունակվում է հաջորդական բոլոր չորս տարիներին, իսկապես մի երկրի համար, որն իբրեւ գերհզորագույն պետություն բազմաթիվ պատասխանատվություններ է ստանձնել ողջ աշխարհում, շատ եւ շատ է: Պատասխանատվություններՙ որոնց հարմար կամ անհարմար դաշտը, որոշ պարագաներումՙ նաեւ քաո՛սը, ինքն է ստեղծել...

Վերջապես հիշենք, օրինակ, ամերիկյան ֆիլմերն ու ֆիլմարտադրությունը ամբողջ, որտեղ աշխարհը փրկողը մեկն է միայնՙ Մ. Նահանգները, Երկիր մոլորակին սպառնացող վտանգների դեմ հաղթականորեն պայքարողըՙ Օվալ օֆիսըՙ իր պրեզիդենտով... Մի՞թե...

Աշխարհակալական նկրտումներին հարիր չէ՛ նախագահական ընտրարշավ-ձիարշավով այսքան երկար ինքնազբաղվածությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ