RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



Տեղադրվել է` 2016-02-27 19:00:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1779, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՍԻՐԻԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ԱԶԱՏՅԱՆ ԵՐՎԱՆԴ

Սիրիական ճգնաժամը վերածվել է համամարդկային մի դժբախտության, որը նոր սառը պատերազմի կրակներն է բորբոքում: Հայերը, որտեղ որ ապրելիս լինեն, որպես աշխարհի քաղաքացիներ մեծապես տուժում են այս իրադրությունից: Բայց առաջին հերթին նրանք տուժում են որպես հավաքական աբողջականություն: Իրադրությունը արմախատիլ է արել Մերձավոր Արեւելքի ամենահզոր, ամենակայուն հայկական համայնքներից մեկը, որն ամուր պատվարն էր մեր լեզվի եւ մշակույթի: Ապա պատերազմական իրավիճակը ստիպել է հայ ընտանիքներին մեկ անգամ եւս ցրվել աշխարհով մեկ, ապաստան փնտրելով Հայաստանում, Լիբանանում, Կանադայում եւ այլուր: Իսկ նրանց վերաբնակեցման խնդիրը դարձել է նաեւ համայնքային մտահոգության առարկա:

Բայց սիրիական պատերազմի առայժմ ամենավտանգավոր հետեւանքը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գնալով սաստկացող լարվածությունն է, որն ախուսափելիորեն առնչվում է Հայաստանի հետՙ որպես Թուրքիայի հետ սահմանակից պետության: Չնայած ՆԱՏՕ-ի արեւելյան նմանակը հանդիսացող ՀԱՊԿ-ի հրամանատարությունը վստահեցնում է բոլորին, որ իր դիվիզիաներից ոչ մեկը չի մասնակցելու երկու կողմերի միջեւ հնարավոր առճակատմանը, այդուհանդերձ Հայաստանում ռուսական զորքերի կուտակումը չի կարող մտահոգություն չառաջացնել:

Սիրիական պատերազմի ու նրա ներքին ու արտաքին բազմաթիվ դերակատարարների ամենատարբեր երեսներն ու անմիջական շահերը հասկանալը ահավոր բարդ աշատանք է որեւէ մեկնաբանի կամ լրագրողի համար: Հակամարտության մասնակիցների մի որոշակի խավ վերահսկում է մեկ այլ մակարդակի վրա գտնվող իրենց փոխանորդներին: Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ Մ. Նահանգները ներկայացնում են պատերազմում կոալիցայի մեկ ճակատը, բայց նրանց միջեւ առկա են ներքին տարաձայնություններՙ նպատակների եւ քաղաքական շահերի ոլորտներում:

Ամենաուշագրավ տարաձայնությունը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներիՙ Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ է: Առաջինը պաշտպանում է Քրդական YPG մարտական խմբավորումների սիրիացի քուրդ ռազմիկներին, իսկ երկրորդըՙ ռմբակոծում է Հյուսիսային Սիրիայում նրանց դիրքերը, որպեսզի առաջքն առնի սահմանի սիրիական հատվածում ինքնավար Քուրդիստանի կազմավորումը, որը կարող է նախադեպ հանդիսանալ Թուրքիայի տարածքում ազատագրական պայքար մղող PKK-ի համար, եւ խրախուսել նրա գործողությունները:

Ընդհանուր առմամբ դա մի փակ շրջանակ է, որն իր մեջ բազմաթիվ հարցեր է պարունակում:

Թուրքիան նաեւ բացահայտորեն պաշտպանում է «Իսլամական պետությանը» եւ էլ-Նուսրայի ճակատայիններին, միաժամանակ արջի ծառայություն մատուցելով նրանց դեմ պայքարող կոալիցիայի իր գործընկերներին: Թուրքիայի պահվածքն ու մտադրությունը Մ. Նահանգների նպատակներին չեն համապատասխանում, բայց Վաշինգտոնը չտեսնելու է տալիս այդ բոլորը: Նախագահ Օբաման իր ամենաանլուրջ հայտարությունն արեց ասելով, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու ինքն իրեն, երբ վերջինս անցյալ նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռ խփեց վրդովեցնելով նույնիսկ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին:

Այժմ, այս մասնատված կոալիցիան դիմակայում է Բաշար էլ Ասադի սիրիական կառավարությանը, որին պաշտպանում են Ռուսաստանը, Իրանը եւ լիբանանյան «Հզբոլլահի» զորամիավորումները:

Ավելի քան 250 հազար մարդ է սպանվել Սիրիայում եւ 7 միլիոն մարդ էլ տեղահան է արվել հեղեղելով եվրոպական ափերը եւ լարվածություն ստեղծելով հենց Եվրոմիության ներսում:

Հակամարտությանը Ռուսաստանի անմիջական մասնակցությունը եւ օդային հարձակումները շրջադարձային նշանակություն ունեցան ինչպես ընդհանրապես պատերազմի, այնպես էլ մասնավորապես Ասադի թնշնամիներով շրջապատված կառավարության ճակատագրում: Ռուսաստանի օդային հարվածները խորտակեցին Թուրքիայի ծրագրերը ստեղծելու, հյուսիսային Կիպրոսի օրինակով, անջատողական փոքրիկ մի պետություն Սիրիայում ապրող թուրքմեն քաղաքացիների համար, որոնք Թուրքիայում են մարզվել եւ զինվել նրա կողմից: Հոդվածը գրելու պահին այդ թուրքմեն ցեղերի երազանքներն արդեն իսկ ի չիք են դարձել եւ Հալեպի ամբողջական վերագրավումը կառավարության ուժերի կարողության սահմաններում է գտնվում:

Փետրվարի 13-ին Մյունխենում կայացած անվտանգության խորհրդի տարեկան կոնֆերանսում Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել մարդասիրական օգնություն հասցնելու շրջափակված սիրիական քաղաքացիներին եւ «դադարեցնելու թշնամանքը, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով հակադարձեց, որ այդ հարցերում հաջողության հասնելու հնավորությունները ընդամենը 49 տոկոս են կազմում:

Այլ զայրացկոտ հակադարձությունների շարքում կարելի է նշել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքն այն մասին, որ «աշխարհը թեւակոխել է սառը պատերազմի մի նոր դարաշրջան»:

Պատերազմող կողմերը դեռեւս որեւէ համաձայնություն չեն կնքել եւ Ռուսաստանն ու Մ. Նահանգների կոալիցիան շարունակելու են ռմբակոծել ահաբեկիչների դիրքերը: Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան ԻՊ-ին են աջակցում եւ պաշտպանում, համաձայնությունը, կարելի է ասել, շատ թույլ հիմքերի վրա է: Բայց նույնիսկ այդ թույլ «կարգավիճակից ոգեւորված, ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դը Միստուրան ամեն ջանք գործադրում է կայուն հիմքերի վրա դնելու ժնեւյան բանակցությունները: Դա լինելու է մեկ ուրիշ հարթակ, որտեղ հակառակորդ ուժերը բախվելու են միմյանց, հատկապես երբ մասնակիցների հարցն է քննարկվելու: Թուրքիան կտրականապես դեմ է, որ սիրիացի քուրդերը մասնակցեն այդ բանակցություններին, իսկ Ռուսաստանը պնդում է, որ պետք է մասնակցեն:

Բանակցությունների կայացմանը խոչընդոտում է նաեւ իրադրությունը մարտադաշտում: Մ. Նահանգներն ու նրա կոալիցիայի անդամ պետությունները դեմ են ռուսական զորքի աջակցությամբ Ասադի կառավարության առաջխաղացումներին: Սակայն ամենամեծ սպառնալիքը այդ առաջխաղացումների հետեւանքում ստեղծված Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի զայրույթն է: Նրանք պատրաստվում են ցամաքային զորքեր մտցնել Սիրիա: Այդ նպատակով Սաուդյան Արաբիան արդեն իսկ որոշ ռազմական գույք տեղափոխել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա:

Մյուս կողմից, մինչ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն «Անադոլու» պետական լրատու գործակալությանը հայտարարել էր, որ Անկարան չի մտադրվում զորք մտցնել Սիրիա, Սաուդյան Արաբիայի նրա գործընկերՙ Մոհամմադ բին Սալման էլ-Սաուդը հստակեցնելով իր կառավարության դիրքորոշումը նշել է, որ իրենց ծրագիրն է պայքարել ԻՊ-ի դեմ եւ տապալել նախագահ Ասադին: Երկու հակոտնյա, իրարից անկապ նպատակներ, որոնք միայն միջնադարյան միապետների մտքերում կարող են ծագել: Եթե նման ծրագիր գործի դնեն Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, ստիպված են լինելու Սիրիայում Ռուսաստանի դեմ դուրս գալ: Մեկնաբանելով այս ծրագիրը, լրագրող Սվի Բարելը գրում է իսրայելական «Հաարեց» թերթի փետրվարի 13-ի համարում. «Սաուդյան միջամտությունը մի պատերազմում, որը ոչ ռազմական, ոչ դիվանագիտական, ոչ էլ հստակ մարտավարական ելք է խոստանում թագավորությանը, կարող է վտանգավոր արկածախնդրություն լինել»:

Սաուդյան Արաբիայի դաշնակից Թուրքիան, մյուս կողմից, ցանկություն ունի հակամարտելու Ռուսաստանի դեմ, չնայած առայժմ նա իր տարածքից է ռմբակոծում դեռ սիրիական դիրքերը եւ իր մարտիկներին ուղարկում միանալու ահաբեկիչներին, որոնք սողոսկում են Սիրիայի տարածք: Պարզվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խփելը Թուրքիայի մարտավարական ծրագրի սոսկ երեւացող մասն է: «Սառցաբեկորի» մնացած, ընդհատակյա մասը շատ ավելի խորն է: Թուրքիան Օսմանյան կայսրության իր ախորժակներին տուրք տալով փորձում է գործնական քայլերով հիմնավորել իր խոսքերը: «Strategic Culture Foundation» առցանց պարբերականի էջերում ահա թե ինչ է գրում լրագրող Ուեյն Մադսենը. «Ադոլֆ Հիտլերի փառասիրական ծրագրերի ջատագով Ռեջեփ Թայիբ Էրդողանի Քաթարում, Սոմալիում, Վրաստանում եւ Ադրբեջանում ռազմաբազաներ կառուցելու մտադրությունը համապատասխանում է Թուրքիայի առավել ագրեսիվ եւ նեո-օսմանյան արտաքին ռազմական քաղաքականություններին: Թուրքիան նաեւ կառուցում է իր առաջին ավիակիր հածանավը, որն ընդլայնելու է իր ներկայությունը Կարմիր ծովում եւ Հնդկական օվկիանոսում»:

Բայց ավելի վտանգավոր է Թուրքիայի ծրագիրըՙ նվազեցնելու Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում, որի արդյունքում կտուժի նաեւ Հայաստանը: Ակնհայտ է, որ Թուրքիան Ղրիմի թաթարներին հրահրում է Մոսկվայի դեմ: Վարչապետ Ահմետ Դավութօղլուն հայտարարել է. «Մենք թիկունք կկանգնենք Ղրիմում մեր թաթար եղբայրներին»:

Թուրքիայի կովկասյան նախաձեռնությունները շատ արագ իրենց ազդեցություններն են ունենալու Հայաստանի վրա: Շարունակելով իր հոդվածը վերոնշյալ առցանց պարբերականում Ուեյն Մադսենը գրում է. «Վրաստանում եւ այնուհետեւ նաեւ Ադրբեջանում, հավանաբար Նախիջեւանի շրջանում, Հայաստանի եւ Թուրքիայի արանքում, ռազմաբազաներ կառուցելու Թուրքիայի ծրագրերը մղել են մեծ մասամբ հայերով բնակեցված Ջավախքի եւ Ցոլկայի շրջանների ղեկավարությանը մտորելու Վրաստանից անջատվելու եւ Հայաստանին միանալու մասին: Այդ շրջանների հայերը չեն մոռացել թուրքերի կողմից 20-րդ դարի առաջին ամիսներին իրականացված Հայոց ցեղասպանության մասին:

Ռուսաստանի հարավային սահմաններում անկայունություն առաջացնելու թուրքական ծրագրերը անհանգստացրել են ռուս օրենսդիրներին, որոնք վերջերս Դումայում առաջարկ են ներկայացրել չեղարկելու 1921 թվին Մոսկվայի պայմանագիրը, որի տակ ստորագրել են Ռուսաստանն ու Թուրքիան: Այնտեղ ոչ միայն նշված է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մինչ այժմ վիճելի սահմանը, այլեւ Նախիջեւանի կարգավիճակը: Եթե չեղարկումը իրականություն դառնա, ապա Թուրքիան այլեւս իրավասություն չի ունենա պաշտպանելու Նախիջեւանի կարգավիճակը:

Թուրքիայի ծրագրի մեկ այլ արձագանքն էլ եկավ Վրաստանից, երբ պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին վերջերս այցելեց Հայաստան: Ամեն անգամ, որ Ջավախքում հայերն աշխուժանում են եւ հուզումներ առաջացնում, Վրաստանի իշխանությունները Երեւանին են դիմում հանդարտեցնելու համար իրավիճակը այնտեղ: Եվ հաշվի առնելով Վրաստանի հետ իր փխրուն հարաբերությունները, Հայաստանի կառավարությունը այլ ելք չունի բացի սանձելու ջավախքահայության ցանկությունները:

Ինչպես տեսնում ենք, համաշխարհային քաղաքականության ոստայնը, իր անկապ թվացյալ հարցերի շարանով, շատ սերտորեն կապակցված մարտավարական ամբողջություն է կազմում:

Սիրիական հակամարտությունն ու նրա գլոբալ արձագանքները ամենատարբեր ձեւերով եւ մակարդակներով ազդում են նաեւ Հայաստանին: Գուցե դրանից մի քանիսի դեմ մենք չկարողանանք պայքարել, բայց գիտակցելով ակնկալվող վտանգները մենք, առնվազն, կարող ենք զգոն ու պատրաստ լինել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ