RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1619, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԴԱԼԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեք տարի առաջՙ 2013-ի մայիսի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ այն ժամանակ ընդդիմադիրՙ ՀՅԴ խմբակցության անդամ, վաղամեռիկ Վահան Հովհանննիսյանը: Հովհաննիսյանը, դիմելով գործող իշխանությանը, որը երեք տարի առաջ էլ, հիմա էլ նույն Հանրապետական կուսակցությունն է, ասացՙ «Փոխադարձ անվստահության այս պայմաններում ոչ ոք չի հավատում ձերՙ եկեք համագործակցենք հրավերքի անկեղծությանը ...Ու, եթե ենթադրենք ժողովուրդը ձեզ այսքան ընտրել է, այսքան մեծամասնություն եք կազմել, ապա էլ ինչո՞ւ եք համագործակցում մեզ հետ»:

Բայց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի այդ ելույթը այս բառերի համար չէ, որ հիշեցինք: Բանն այն է, որ նույն ելույթում ՀՅԴ-ական պատգամավորը, դիմելով անձամբ Արմեն Աշոտյանին եւ Հրայր Թովմասյանին (վերջինս այդ ժամանակ արդարադատության նախարարն էր), ասել էրՙ «Տղերք, ի՞նչ է կարծում եք, որ եթե դուք մենակ ինչ-որ տեղ ձեր թեկնածությունն առաջադրեք, ու չունենաք ոչ նախագահի, ոչ Արգամիչի, ոչ դատախազի, ոչ բանակի աջակցությունը, ժողովուրդը ձեզ ընտրելո՞ւ է, չի ընտրելու, տղերք, ձեզ էնքան կծեծեն դալանների տակ...»:

Կարծում եմ պատահական չէր, որ ՀՀԿ-ՀՅԴՙ փետրվարի 24-ին ստորագրված քաղաքական համագործակցության մասին հուշագիրը ստորագրեց հենց Արմեն Աշոտյանը: Բանն այն է, որ Աշոտյանըՙ նախ Տիգրան Սարգսյանի, ապաՙ մասամբ Հովիկ Աբրահամյանի կաբինետներում այն նախարարներից է, որոնց ամենաշատն են քննադատել դաշնակցական գործիչները: Հիմա, ճիշտ է, նա այլեւս նախարար չէ, բայց հենց նա իր կուսակցության անունից համագործակցության հուշագիր ստորագրեց ՀՅԴ-ի հետ:

Բայց սա ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ոչ թե տեքստի, այլ ստորագրման արարողության նրբություններից միայն մեկն է: Հաջորդը վերաբերում է պարոն Տարոն Մարգարյանին: Նա նույնպես արարողությանը ներկա էր, որն ի դեպ տեղի ունեցավ նախագահականում, բայց այդ մասին փոքր ինչ ուշ կխոսենք: Ուշագրավն այստեղ այն է, որ պարոն Տարոն Մարգարյանը ՀՀԿ փոխնախագահ չէ, ինչպես, օրինակ, Արմեն Աշոտյանը, կամ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, կամ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոնք եւս ներկա էին արարողությանը, նա ընդամենը ՀՀԿ Գործադիր մարմնի ներկայացուցիչ է, իսկ ՀՀԿ Գործադիր մարմինը շատ ներկայացուցիչներ ունի: Մինչդեռ դեկտեմբերի 24-ին նախագահի նստավայրում այդ ներկայացուցիչներից ներկա էին միայն Տարոն Մարգարյանը եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, վերջինս էլ հավանաբար այն պատճառով, որպեսզի Տարոն Մարգարյանի ներկայության հետ հարցեր չառաջանան: Բայց դրանք այնումենայնիվ առաջանում են: Իհարկե կարելի է ասել, որ պարոն Տարոն Մարգարյանն այդ օրը նախագահականում էր, որովհետեւ նախագահական նստավայրը գտնվում է Երեւանում, ինքն էլ, ինչպես գիտենք, Երեւանի քաղաքապետն է, բայց սա, հասկանալի է, լուրջ չէ: Ուրեմն ինչո՞ւ: Բանն այն է, որ վերջին ժամանակներում լուրեր են շրջանառվում, որ կարող է տեղի ունենալ քաղաքապետի փոփոխություն, ընդ որում ներքին կարգով, այսինքն հանրապետական Տարոն Մարգարյանին կփոխարինի մեկ այլ հանրապետական: Եւ ահա, Տարոն Մարգարյանի ներկայությունըՙ «պետության եւ ազգի համար այդ կարեւոր օրով» նախագահականում, նախագահի կողքին, նշանակում է, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետն է եւ մնալու է Երեւանի քաղաքապետը, համենայն դեպս այնքան, որքան կանգնած է նախագահի կողքին կամ հակառակը. նախագահն է կանգնած իր կողքին:

Եւ վերջապեսՙ արարողակարգային երրորդ նրբությունը. ինչո՞ւ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության հուշագիրը ստորագրվեց հենց նախագահականում: Այո, Հանրապետության նախագահը իշխողՙ Հանրապետական կուսակցության նախագահն է, եւ հուշագիր ստորագրող կողմերից մեկը իշխող կուսակցությունն է, բայց նա նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, ուրեմն ինչո՞ւ այս հուշագիրը չստորագրվեց շախմատի ֆեդերացիայում, մանավանդ, որ ի պատիվ դաշնակցական գործիչների, նրանք էլ փայլուն շախմատ են խաղում: Խնդիրն այն է, որ հուշագրի ստորագրումը հենց նախագահականում արդարացված կլիներ, եթե հուշագիր ստորագրողներից մեկը նախագահը լիներ, մինչդեռ նախագահն այդ օրը հետեւում կանգնած էր, նախագահըՙ եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Գուցե փաստաթուղթը վերջին պահին նախագահականո՞ւմ է եղել, կամ դրա շուրջ հենց նախագահականում են աշխատել, ու փաստաթուղթը դուրս հանելու փոխարեն, որոշել են մարդկա՞նց ներս հրավիրել, գուցե...Ամեն դեպքում վարկած է:

Բայց այս ամենն, իհարկե, կարեւոր չէ, կարեւորը փաստաթղթի տեքստն է, որը ստորագրեցին Արմեն Աշոտյանն եւ Աղվան Վարդանյանը եւ ավելի կարեւորըՙ այդ տեքստում արտահայտված գործողությունների երկուստեք իրականացումն է, հնարավորինս շուտ... Մենք, նկատի ունեմՙ բոլորս, միայն ուրախ կլինենք դրա համար, քանի որ հուշագրում արտահայտված մտքերը հրաշալի են: Բա որ գործողություն դառնան, որքան հրաշալի կլինի:

Իսկ եթե չդառնա՞ն, եթե չդառնան, ապա... Ապա դալանների մոտ սպասում ենք բարեկեցիկ եւ ուժեղ Հայաստանին, իսկ դուք ի՞նչ հասկացաք, մենք հո Վարդգես Գասպարիի խցակիցները չենք, որ ծեծենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ