RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ԱՆԱՐԴԱՐ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1683, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ «ԽՈՋԱԼՈՒԱՊԱՏՈՒՄ»

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Փետրվարը Սումգայիթում հայերի դեմ իրագործված արյունալի ռասիզմի զոհերի հիշատակման ամիսն է, որի ականատեսներից շատերն ապրում են Նյու Յորքում: Փետրվարը շատերիս համար ազերիների բարձրացրած Խոջալուի վայնասունին հակազդելու անհանգիստ եւ նյարդային ժամանակն է նաեւ:

Ամեն տարի այս օրերին ազերիների քարոզչական մեքենան միլիոնավոր դոլարներ էր ծախսում Խոջալուի բայաթին լսելի եւ դիտելի դարձնելու քաղաքի մետրոյի պատերին, փողոցում պարզած խոշոր պաստառներին, նույնիսկՙ մարդաշատ Թայմս Սքվերի էկրաններին, պտտեցնելով այնտեղ Խոջալուի մասին հոլովակ: Դժվար չէ պատկերացնել, թե աշխարհի խոշորագույն մեգապոլիսի կենտրոնում քարոզչության մեկ րոպեի գինը քանի հատ զրոներով վերջացող գումար էր արժենում ալիեւյան հայատյաց ագիտ-կոնցեռնի համար: Ասում եմՙ էր, որովհետեւ այս տարի նվազել են նավթադոլարները, ուստի եւՙ նվազել է Թայմս Սքվերում հակահայկական շոու ցուցադրելու ազերիների ոգեւորությունը:

Սակայն այն, ինչին ավանդաբար անակնկալորեն իրազեկ ենք լինում փետրվարին, ազերիների շուրջամյա աշխատանքի արդյունքն է, ինչը հայկական դիվանագիտությունը եւ ամերիկահայ հասարակական ազդեցիկ կազմակերպությունները, ցավոք, ի զորու չեն կանխակալել, կամ էլ ուղղակիՙ թերանում են:

Այսպեսՙ փետրվարի 2-ին ԱՄՆ խավիարասեր կոնգրեսական Դոնալդ Փեյնը, Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել Բաքվում (հունվար, 1990թ.) եւ Խոջալու բնակավայրում (փետրվար, 1992թ.) զոհված ադրբեջանցիների հիշատակը հարգելու առաջարկով եւ կոչ արել, որ այս հավաքական հուշն անվանվիՙ «սեւ հունվար»: Նշենք, որ սա երկու տարի կրկնվող սոսկ առաջարկ է մի կոնգրեսականի, ով ներկայացնում է Նյու Ջերսի նահանգի Նյուարկ, հիմնականումՙ սեւամորթ, ընտրատարածքը: Վայր, ուր ավելի քան երկու տասնամյակ առաջ տեղի կաթոլիկ եկեղեցում ընդունվել եւ հաշվառվել են Բաքվի ջարդերից փրկված հազարավոր հայ փախստականներ: Ի դեպ, այս կոնգրեսականն իր մանդատը ժառանգել է հորից, ով եղել է հայամետ: Որդին, ըստ երեւույթին, ունի այլ նախասիրություն, մանավանդՙ ամերիկյան պաշտոնյաների խմբի հետ Բաքու այցելելուց հետո:

Խոջալուին առնչվող փետրվարյան տհաճ իրազեկում էր նաեւ ԱՄՆ երեք նահանգների նահանգապետերիՙ Հավայան (նահանգապետՙ Դեյվիդ Այջ), Մոնտանա (նահանգապետՙ Ստիվ Բուլլոկ) եւ Նեբրասկա (նահանգապետՙ Փիթ Ռիքեթ) արած հայտարարությունը փետրվարի 26-ը Խոջալուի զոհերի հիշատակման օր հռչակելու մասին: Ի դեպ, հերքելով ազերիների կայքերում տրված լուրերը, նշեմ, որ այս նահանգապետերի հատարարագրերի մեջ հայերին առնչվող խոսք չկա, ինչպես նաեւ որեւէ ակնարկՙ Խոջալուն ցեղասպանություն կոչելու մասին: Այսպիսով Խոջալուի խնդրին աջակից ԱՄՆ նահանգների թիվը հասավՙ 20-ի:

Զարմանալի է, որ Բաքվի ու Սումգայիթի վայրագություններից փրկված հազարավոր ամերիկաբնակ հայ փախստականներն այդպես էլ չեն կարողանում հետեւողական եւ կանխող լինել ադրբեջանական այս բանսարկությունների հանդեպ: Տեղ չի հասնում գաղափարն առ այնՙ որ Բաքվում եւ Խոջալուում զոհեր եղան, որովհետեւ ադրբեջանցին սպանում էր հային:

Այս պարզ ճշմարտությունը եթե չգիտեն, կամՙ չեն ուզում իմանալ ԱՄՆ 20 նահանգների ղեկավարներն ու կոնգրեսական Դոնալդ Փեյնը, ուրեմնՙ կա այստեղ նաեւ հայ դիվանագետների, ամերիկահայ ազդեցիկ կազմակերպությունների եւ Վաշինգտոնում Արցախի ներկայացուցչության աշխատանքի բացթողումը:

Եթե ամերիկյան որոշ օրենսդիրներ զբաղված են, ինչպես շուկայում, իրենց ստորագրության եւ կնիքի զորությունը «վաճառելով», ապա ստիպված պետք է հարցնել. «Ի՞նչ արժե»: Ցավոք, այս, մեղմ ասած, անհարիր երեւույթը տեղ ունի ոչ միայն ամերիկյան, այն ակներեւ է նաեւՙ եվրոպական օրենսդրական տիրույթում, մանավանդՙ երբ քննարկվում են հայերիս առնչվող հարցեր:

Փետրվարի 26-ին ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց: Պատասխան ցույցով հայերը ադրբեջանցիներին հակազդելու են երկու շենք բաժանող Ադրբեջանի ներկայացուցչության մոտ:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ