RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ՍԻՐԻԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋԸ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1360, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ՇՊԻԳԵԼԸ» ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Ներկայիս ռուս-թուրքական հակամարտությունը «անդրատլանտյան դաշինքին սպառնում է անկանխատեսելի հետեւանքներով», գրում է գերմանական ազդեցիկ «Շպիգել» շաբաթահանդեսը: Խմբագրական հոդվածի հեղինակները Սիրիան անվանում են «2016 թվականի Կուբա», Գերմանիայի կանցլերի աշխատակազմի աղբյուրները խոսում են «Թուրքիայի դեմ Պուտինի հիբրիդային պատերազմի» մասին, իսկ դիվանագետները հասկացնում են, որ Թուրքիայի նախահարձակման դեպքում իրենք չեն աջակցի այդ երկրին: Ռազմական վերլուծաբան Վլադիսլավ Շուրիգինը քրդերի խնդիրն անվանում է «Թուրքիայի աքիլլեսյան գարշապար»:

«Այս տարի աշխարհը միջուկային պատերազմին մոտեցել է ավելի շատ, քան երբեւիցե, սառը պատերազմի պատմության մեջ,- ասվում է հոդվածում:- Սադրանքներ, հատվող կարմիր գծեր, օդային տարածքի խախտումներ, խփված օդանավ: Եթե սխալմամբ արձակվի ինչ-որ հրթիռ կամ մի սուզանավի հրամանատարի նյարդերը տեղի տան, ապա կարող է սկսվել համաշխարհային պատերազմ»:

«Վերջին շաբաթներին Բեռլինում գործող անձանցից շատերը այնպիսի տպավորություն ունեն, թե այժմ Ուկրաինայի ճգնաժամի սկզբնափուլի կրկնությունն է», գրում են խմբագրականի հեղինակները: Դաշնային կանցլերի աշխատակազմում «զգուշավորությամբ հետեւում են, թե ՆԱՏՕ-ն որքանով է մոտեցել Ռուսաստանի հետ հակամարտությանը. Սիրիան կարող է փորձություն դառնալ Արեւմուտքի ռազմական դաշինքի համար»:

«Շպիգելի» տվյալներով, ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում Մոսկվա-Անկարա հակամարտությունը համարում են «պայթյունավտանգ». երկու երկրների զինված ուժերը գործում են թուրք-սիրիական սահմանի շրջանում, ըստ որումՙ երբեմն միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

«Այո, դաշինքի անդամներն ամեն ինչում միասնական են, սակայն տվյալ դեպքում ոչ ոք շահագրգռված չէ հակամարտության ծավալմամբ: Բայց դա ինչպե՞ս կանխել: Հանձինս Պուտինի եւ Էրդողանի միմյանց դիմակայում են երկու անսկզբունք իշխանատենչներ, եւ երկուսն էլ գործով ապացուցել են, որ արտակարգ իրավիճակում պատրաստ են զենք կիրառել նույնիսկ սեփական քաղաքացիների դեմ: (Պուտինի պարագայում այդ ե՞րբ է պատահել: Խմբ.) Նրանց միավորում է միայն մեկ բանՙ Արեւմուտքի հետ մերձենալու ձախողման հիասթափությունը: Այդ երկու մարդիկ որքանո՞վ են խոհեմ: Եվ գլխավորըՙ որքա՞ն հեռու կարող են գնալ: Համենայն դեպս, Թուրքիան անցյալ շաբաթ շարունակեց հակամարտության խորացումը», նշում են հոդվածագիրները, ակնարկելով քրդերի դիրքերի հրետակոծումը եւ Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու թուրքերի մտադրությունը:

Ռուս-թուրքական ճգնաժամի դրսեւորումներից մեկը «երբեմնի մտերիմ բարեկամներ Պուտինի եւ Էրդողանի թշնամանքն է»: «Եվ հենց անցյալի ջերմ հարաբերությունների պատճառով է, որ այժմ բաժանումը հատկապես կատաղի է: Մոսկվայում ասում են, որ ռուսական օդանավի ոչնչացման պատճառով Պուտինն անձամբ խորապես հիասթափված է Էրդողանից, եւ Էրդողանը կատարյալ գաղտնապահության պայմաններում քանիցս փորձել է ներողություն խնդրել Կրեմլի տիրոջից: Սակայն Պուտինի համար դա քիչ է. նա ուզում է, որ թուրք նախագահը հրապարակավ ներողություն աղերսի», ասվում է հոդվածում:

«Քրդերի եւ թուրքերի անմիջական բախումների դեպքում չի բացառվում ռուս զինվորների շուտափույթ մասնակցությունը մարտերին: Իսկ ի՞նչ կպատահի, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը սկսի կրակել Մոսկվայի մարդկանց վրա: Կանցլերի աշխատակազմում հույս ունեն, որ քանի դեռ հակամարտությունը սիրիական տարածքում է, դաշինքի ուղղակի միջամտության կարիք թերեւս չի լինի: Մերկելը վախենում է, որ Պուտինը մտադրվել է հրահրել Թուրքիային, որպեսզի ստուգման ենթարկի դաշինքին: Ուստի կանցլերը ուզում է բոլոր պարագաներում թույլ չտալ, որ Թուրքիան իրականացնի Սիրիա ներխուժելու իր սպառնալիքը», հայտնում են լրագրողները:

Կանցլերի աշխատակազմում կարծում են, որ Մոսկվայի նպատակը ՆԱՏՕ-ի պառակտումն է եւ ապակայունացումը, ինչը մեծ հաղթանակ կլիներ ՌԴ նախագահի համար:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը «Շպիգելի» թղթակցին ասել է, թե չպետք է թույլ տալ, որ ռուս-թուրքական տարաձայնությունների պատճառով ՆԱՏՕ-ն զինված հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ հավաքական պաշտպանությանը վերաբերող կետը ուժի մեջ է մտնում «միայն անդամ երկրի վրա բացահայտ հարձակման դեպքում»: Բեռլինում համաձայն են Ասելբորնի տեսակետին: Ամերիկացիները եւ մյուս դաշնակիցների մեծ մասը նմանապես պնդում են, որ հակամարտության ծավալման դեպքում իրենք «երես կթեքեն թուրքերից»: Ըստ «Շպիգելի», «արդեն ռուսական օդանավի ոչնչացումից հետո Անկարան նկատողություն ստացավ դաշինքում իր գործընկերներից»:

Սակայն «առկա է վտանգ, որ Ռուսաստանը ինչ-որ պահի կարող է թուրքերի դիրքերը գրոհել թուրքական տարածքում», շարունակում են հոդվածագիրները: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկն այս կապակցությամբ ասել է. «Եթե ռուսները Թուրքիային հատուցման հարված հասցնեն, ապա մենք խնդիրներ կունենանք»: Այդ դեպքում Անկարան լիովին կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման վրա: «Եթե տվյալ հարցի առթիվ ՆԱՏՕ-ի խորհրդում միասնություն չլինի, ապա Պուտինը փաստորեն նորից պառակտած կլինի Արեւմուտքը: Երբ խոսքը Ռուսաստանի մասին է, 28 երկրների դաշինքում միասնական կարծիք չկա: Պուտինի ագրեսիվ պետության հանդեպ պահվածքի հարցը սուր տարաձայնություններ է առաջացնում», ընդգծել է պաշտոնյան:

ՆԱՏՕ-ի անդամները բաժանվել են մի քանի ճամբարի, պարզաբանում է «Շպիգելը»: «Ռուսաստանից պատմականորեն տուժած» երկրների խումբը (Լեհաստան, Չեխիա, Բալթյան երեք հանրապետություններ) հանդես է գալիս Պուտինի հետ կոշտ վարվելու օգտին: Երկրորդ խմբի երկրները (Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա եւ Հունաստան), «նախ եւ առաջ տնտեսական շահերից ելնելովՙ Ռուսաստանին վերաբերվում են ավելի շուտ բարյացակամորեն»: Կա նաեւ արեւմտյան մի շարք երկրներից կազմված խումբ Գերմանիայի գլխավորությամբ, որի անդամները Ռուսաստանի «չափավորական քննադատներ» են: Վերջիններս «քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնություններին, բայց միեւնույն ժամանակ չեն ուզում խզել շփումները Մոսկվայի հետ»: «Առանձին դեպք» է համարվում Ֆրանսիան, որը «բացեիբաց հաճոյախոսում է Մոսկվային»:

«Ճուռակների» եւ «աղավնիների» վեճերն առնչվում են առաջին հերթին ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում սպառազինությունների ավելացմանը:

Ուժային քաղաքականության տեսակետից Սիրիա մտնելը առայժմ կարելի է համարել Պուտինի խոշոր հաջողությունը, որը ոչ միայն ամրապնդեց Ասադի դիրքերը, այլեւ բարդացրեց Արեւմուտքի վիճակը: Մերկելի աշխատակազմում ենթադրում են, թե Պուտինը գիտակցաբար փախստականների նոր ալիք է առաջացնում ներեվրոպական բախումներն էլ ավելի ուժեղացնելու համար: «Բացի դրանից, նրան ձեռնտու կլիներ, որ Մերկելի արդեն իսկ սասանվող վարկանիշը Գերմանիայում էլ ավելի իջներ»:

Մերկելը հայտնվել է բարդ իրավիճակում: Նա Թուրքիայի աջակցության կարիքն ունի միգրացիոն ճգնաժամը մեղմելու համար, բայց ինքը չի կարող Էրդողանին օգնություն առաջարկել ռուս-թուրքական հակամարտության մեջ: «Մոսկվայում հասկացել են, թե Մերկելը ինչպիսի վտանգավոր խաղի մեջ է ներքաշվել: Գաղթականների հարցում իր դիրքորոշման պատճառով կանցլերը կախման մեջ է ընկել մարդու իրավունքները ոտնահարող Էրդողանից: Պուտինին մարդու իրավունքները առանձնապես շատ չեն մտահոգում, բայց Կրեմլին լիովին ձեռնտու է այն հանգամանքը, որ ֆրաու կանցլերի տհաճությունները կարելի է հաջողությամբ օգտագործել քարոզչության նպատակներով», գրում է «Շպիգելը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ