RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-02-27 19:00:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2050, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 6-րդ

Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում (ՍԱՀ) 2011թ. մարտից ի վեր շարունակուող զինուած հակամարտութիւնում, ՄԱԿ-ի տուեալներով, զոհուել է աւելի քան 220,000 մարդ: ՍԱՀ նախագահ, մարշալ Ասադի գլխաւորած սիրիական պետական բանակին դիմակայում են բազմաբիւր գրոհայինների աւազակախմբերը, որոնք պատկանում են զանազան զինուած կազմաւորումների: Այդ աւազակներից շատերին Արեւմուտքում անուանում են ապստամբներ, ոմանց էլ` չափաւոր ընդդիմադիրներ: Այդ գրոհայինների ընդհանուր թիւը, տարբեր հաշուարկների համաձայն, կազմում է 150-170 հազ., իսկ Իրաքի եւ քրդերի որոշ պաշտօնական շրջանների տեղեկութիւններով` միայն «Իսլամական պետութիւն» (ԻՊ), նոյն ինքը` նախկին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետութիւն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպութեան զինեալների թիւը 200,000-ից աւելի է: Առկա տեղեկութիւնները թոյլ են տալիս ենթադրելու, որ իրականում այդ 200.000-ից միայն 50-60 հազ.-ն է մարտնչում ՍԱՀ տարածքում, իսկ մնացած 140-150 հազ.-ը ռազմագործողութիւններ է մղում Իրաքում, որտեղ նրան դիմակայում են ա.Իրաքի պետական բանակը, բ.քրդական 200,000-անոց ռազմուժը` Փեշմերգան, գ.Բաղդադի շիա վարչակարգին սատարող իրանական մարտական ուժերը, դ.ԱՄՆ դաշնախմբի օդուժը...

Սիրիական օրինական իշխանութիւնների դէմ հիբրիդային պատերազմ մղող բազմագոյն աւազակախմբերի մէջ առաւել գործունն ու վտանգաւորը «Իսլամական պետութիւնն» ու «Ջեբհաթ ան-Նուսրան» են: Ի դէպ, երկուսն էլ, որպէս ահաբեկչական խմբաւորումներ` արգելուած են մի շարք երկրներում, այդ թւում ՌԴ-ում, որը հեռատեսօրէն իր սեփական սահմաններից բաւական հեռուՙ Սիրիայում է պատերազմում այդ աղէտաբեր ուժերի դէմ:

Սրանցից յատկապէս ԻՊ-ի դէմ մղուող գրեթէ 5-ամեայ պատերազմի փոփոխական յաջողութիւնը եւ զինուած պայքարի այսքան երկարատեւ ձգձգումը պայմանաւորուած են, հաւանաբար, նաեւ նրանով, որ ԻՊ-ի դէմ միասնական ճակատ չկայ:

Մասնաւորապէս, ԻՊ-ի դէմ ռազմագործողութիուններ են վարում հետեւեալ ուժերը.

- Սիրիայի եւ Իրաքի կառավարական զօրքերը. բնականաբար, գոյութիւն ունի հակա-ԻՊ-ական 2 ռազմաճակատ` Սիրիական եւ Իրաքեան, միմեանց փոխկապուած եւ փոխազդող.

- ԱՄՆ-ի գլխաւորած միջազգային դաշնախումբը` կոալիցիան, որը հասցնում է առայժմ սահմանափակ օդային հարուածներ. ի դէպՙ որքան էլ զարմանալի է, այս դաշնախմբի կողմից ԻԼԻՊ-ի աւելի քան 1-ամեայ ռմբակոծութիւնները յանգեցրին միայն նրան, որ ...ԻԼԻՊ-ը գնալով հզօրացաւ ու ընդլայնեց իր տարածքը.

- Հաւանաբար, ամերիկեան դաշնախմբի ցամաքային բաղադրամասը կարելի է համարել քրդերին եւ Լիբանանի ու Իրաքի շիա աշխարհազօրայիններին.

- ՌԴ-ը, որը 2015թ. սեպտեմբերի 30-ից նախագահ Ասադի խնդրանքով սկսել է օդային եւ հրթիռային կէտային հարուածներ հասցնել ԻՊ եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների զանազան օբյեկտներին` հրամանատարական կէտերին, շտաբներին, զինանոցներին, ուսումնական կենտրոններին, պահեստներին եւ այլն:

Սիրիային ռազմական օգնութիւն է ցուցաբերում, եւ փաստօրէն, ԻՊ-ի դէմ ճակատում է նաեւ Իրանը, որի ուժային կառոյցներն այս կամ այն կերպ մասնակցում են սիրիական պատերազմին` յօգուտ Ասադի: Յայտնի է, որ 2012թ. կէսերին, երբ Ասադի վարչակարգն անյուսալի վիճակում էր յայտնուել, Սիրիա մտան Լիբանանի շիայական «Հզբոլլահ» կազմակերպութեան մարտական ուժերը, որոնց սատարում է Իրանը: Հենց Թեհրանի օգնութիւնն էլ տապալումից փրկեց Ասադին: Տարբեր անունների եւ ուժերի հետեւում այսօր էլ Իրանն ամենայն աջակցութիւն է ցուցաբերում Ասադի վարչակարգին, դրանով իսկ ապահովելով Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան (մասամբ) ռազմաքաղաքական առանցքի յաջողութիւնը եւ Իրան-Միջերկրական ծով ռազմավարական շիայական գօտու գոյութիւնը...

Վերջապէս, 16.12.2015թ. դրութեամբ Սաուդեան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի գլխաւորութեամբ 34 երկիր ստեղծել էին եւս մէկ, իբր, հակաահաբեկչական դաշնախումբ` փաստօրէն` սուննիական իսլամական կոալիցիա, որը դեռ նոր է պատրաստւում իր զօրքերը մտցնել սիրիական ռազմաճակատ: Կասկածելի է, թէ նրանք ինչ-որ բացասական դեր կխաղան ԻՊ-ի համար: Ընդհակառակը, տպաւորութիւնն այնպիսին է, որ սաուդցիներն ու թուրքերը, կարծես, օգնութեան են գալիս ռուս-սիրիա-իրանական հարուածների տակ ջախջախման ենթակայ ԻՊ-ին...

Փաստօրէն, այս բոլորի մէջ միայն ՌԴ-ն է, որ օրինականօրէն է պատերազմում Սիրիայում, քանզի միւս բոլորը ուժերն ու «կոալիցիաները» սիրիական օրինական իշխանութիւնների համաձայնութիւնը չեն ստացել` նրա տարածքում զօրքեր ծաւալելու եւ ռազմագործողութիւններ վարելու համար:

Բայց անդրադառնանք ահաբեկչական կամ հակաասադական վարձու մարդասպանների ու մարդակերների այն խմբաւորումների ծագմանը եւ գործունէութեանը, որոնց Արեւմուտքում, իսկ առաւել եւս Թուրքիայում ու Պարսից ծոցի արաբական որոշ պետութիւններում պոլիտկոռեկտօրէն, իսկ երբեմն անթաքոյց քնքշանքով «ապստամբներ», «ընդդիմադիրներ» ու «չափաւոր ընդդիմադիրներ» անուանումներով են մեծարում, գրեթէ բացայայտելով դրանց թիկունքում կանգնած հովանաւորներին:

Հակաասադական ուժերի մէջ առաւել հզօրն, ըստ էութեան, ԻՊ-ն է, որնՙ

1. ինքնահռչակուել է որպէս պետութիւն, թէկուզ ցայսօր չճանաչուած որեւէ այլ պետութեան կամ միջազգային կազմակերպութեան կողմից,

2. ունի ռազմավարութիւն, որը ներսիրիական մասշտաբներում չի տեղաւորւում. այն աշխարհաշրջանային եւ նոյնիսկ գլոբալ յաւակնութիւններ ունիՙ հռչակելով համաշխարհային իսլամական խալիֆաթի իր ահաւոր գաղափարը...

Դեռ 2011թ. ամռանը Իրաքից ՍԱՀ սկսեցին գալ տխչահռչակ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան գրոհայինները: Յայտնի է, որ «Ալ-Ղաիդան» օրէնքով արգելուած կազմակերպութիւն է աշխարհի բազում երկրներում, այդ թւում` ՌԴ-ում: Իրաքում այդ կազմակերպութիւնը ծագել էր 2003թ., որպէս «Իրաքում ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբաւորում: Դրա հիմնադիրն էր յորդանանցի ազ-Զարքաուին: 2006թ. հոկտեմբերին, միաձուլուելով այլ իսլամական խմբաւորումների հետ, այն իրեն հռչակել ՙէր «Իրաքի Իսլամական Պետութիւն»:

Չնայեած 2010թ. յունիսին ամերիկա-իրաքեան համատեղ ռազմագործողութեան արդիւնքում ԱՄՆ զինուորական հրամանատարութիւնը յայտարարել էր «Իրաքի Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան եւ նրա առաջնորդներիՙ Աբու Այյուբ ալ-Մսրիի ու Աբու Օմար ալ-Բաղդադիի ոչնչացման մասին, սակայն 2010թ. 2-րդ կեսին կազմակերպութիւնը զարմանալիօրէն «վերածնուեց», իսկ նրա ղեկավար դարձաւ ոմն հոգեւորականՙ Իբրահիմ Աուվադ Իբրահիմ Ալի ար-Սամարրաի ալ-Բադրի, ով յաջորդելով ջիհադիստական այս խմբաւորման նախորդ առաջնորդինՙ Իրաքի բանակի նախկին գնդապետ Աբու Օմար ալ-Բաղդադիին, ընդունեց Աբու Բաքր ալ-Բաղդադի անունը, ինքն էլ ծագումով լինելով Բաղդադի նահանգի Սամարիա քաղաքից: Այս «խալիֆը» հաստատում է, որ Մուհամեդ մարգարէի սերունդն է եւ կրում է առաջին խալիֆներից Աբու Բաքրի անունը` դրան աւելացնելով ալ-Բաղդադի ալ-Հուսէյին ալ-Կուրայշ (): Ի դէպ, Աբու Բաքր-Բաղդադիի օրօք 2010-2013թթ. ԻԼԻՊ-ի գլխաւոր ռազմավարարը (ստրատեգը) եւ ԻԼԻՊ-ի ռազմաքաղաքական յաջողութիւնների գլխաւոր կերտողներից մէկը սադդամեան օդուժի հետախուզութեան գնդապետ ալ-Հիլաւին էր:

«Ալ-Ղաիդայի» գրոհայինները 2012թ. յունուարին կազմաւորեցին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպութիւնը, որը, ինչպէս վերը նշել ենք, նոյնպէս արգելուած է ՌԴ-ում: Յետագայում «Ջեբհաթ ան-Նուսրան» տրոհուեց. գրոհայինների մի մասը յարեց ԻՊ-ին, իսկ միւս մասը` պահպանեց իր ինքնուրոյնութիւնը: Ի դէպ` սիրիական չափաւոր ընդդիմադիր կոչեցեալները որոշ ժամանակ բացայայտօրէն համագործակցում էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ` ընդդէմ Ասադի: Ի դէպ, միջազգային քաղաքականութեան մասնագէտների մէջ շրջանառւում է այն տեսակէտը, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ ընդհանրապէս «Ալ-Ղաիդայի» թիկունքին կանգնած է Սաուդեան Արաբիան:

ԻԼԻՊ-ը, որին յաճախ ԴԱԻՇ են անուանում` արաբերէն «Դաուլա ալ-Իսլամիյա ալ-Իրաք ուա ալ-Շամ» անուանման յապաւումից, միջազգային բնոյթի իսլամիստական ահաբեկչական կազմակերպութիւն է, որը գործում է Սիրիայի հիւսիս-արեւելքում եւ Իրաքի հիւսիս-արեւմուտքում: Շատ բնական է, որ, ինչպէս արդէն նշեցինք, ՌԴ-ում, նաեւՙ ԱՄՆ-ում, Կանադայում, Աւստրալիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Տաջիկստանում եւ... Թուրքիայում (ձեւականօրէն) ԻԼԻՊ-ը ճանաչուած է ծայրայեղական եւ արգելուած կազմակերպութիւն:

ԻԼԻՊ-ը ստեղծուել է «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչների մնացորդներից` Իրաքում այդ կազմակերպութեան ջախջախումից յետոյ: Երբ 2011թ. Սիրիայում սկսուեց այսպէս կոչուած քաղաքացիական պատերազմը, իսկ իրականում` դրսից հրահրուած հիբրիդային պատերազմն ընդդէմ Ասադի, ԻԼԻՊ-ի գրոհայինները այդ պատերազմում տեսան կամ, գուցե, նրանց ցո՛յց տուեցին զէնքի, տարածքների, նաւթի, պատանդների եւ այլ «ռազմաւարի» զաւթման հնարաւորութիւններ, որոնց առեւտրով էլ յետագայում այդ ահաբեկիչները սկսեցին մեծ գումարների տիրանալ: 09.04.2013-ից խմբաւորումն իրեն վերանուանեց պարզապէս ԻՊ, դէն նետելով աշխարհագրական բաղադրիչները (Իրաք եւ Լեւանտ), քանզի իր յաւակնութիւնները եւ յանկարծակի շռնդալից յաջողութիւնները թոյլ էին տալիս արտատարածաշրջանային ընդլայնման ծրագրեր հռչակել: 2014թ. փետրուարին ԻՊ-ն անջատուեց «մայրական» ահաբեկչական բջջից` «Ջաբհաթ ան-Նուսրայից» (սիրիական Ալ-Ղաիդա), պատճառաբանելով ինչ-որ տարաձայնութիւններ: Ներկայումս զոյգ խմբաւորումները մրցակցում են յանուն Սիրիայում ազդեցութեան: Ըստ որոշ տեղեկութիւնների` «Ջաբհաթ ան-Նուսրային» հովանաւորում է Սաուդեան Արաբիայի թագաւորութիւնը, այնինչ «Իսլամական Պետութեանը»` Քաթարի էմիրութիւնը` գազի պաշարներով աշխարհում 3-րդ տեղը եւ նաւթի պաշարներով` 21-րդ տեղը զբաղեցնող գերհարուստ պետութիւնը:

Հաշուի առնելով ԻՊ-ի պատճառած հսկայական վնասը եւ այն չյաղթահարուած սպառնալիքը, որը նա դեռ ներկայացնում է խաղաղասէր ու ստեղծագործ ազգերի ու պետութիւնների համար, նպատակայարմար գտանք մի փոքր աւելի անդրադառնալ այդ կազմակերպութիւն - «քուազի պետութեանը»: Ուստի իմաստ ունի շարունակել ԻՊ-ի ռազմաքաղաքական նկարագրութիւնը: Հաւանաբար, դա հնարաւորութիւն կտա պարզելու, թէ ի՞նչ ուժեր են շահագրգռուած ԻՊ-ի ստեղծմամբ եւ գործունէութեան յետագայ շարունակմամբ:

ԻԼԻՊ-ի ներգրաւումը սիրիական պատերազմին որպէս ինքնուրոյն ուժՙ տարաձայնութիւններ առաջացրեց ԻԼԻՊ-ի եւ «Ալ-Ղաիդայի» միջեւ, ի դեմս վերջինիս ղեկավարիՙ ազ-Զաուահիրիի: «Ալ-Ղաիդայի» ներկայացուցիչները ԻԼԻՊ-ին կոչ արեցին վերադառնալ Իրաք: Արդիւնքում «Ալ-Ղաիդայի» Սիրիայում «օրինական ներկայացուցիչ» յայտարարուեց «Ջեբհաթ ան-Նուսրան»: Այստեղ արժէ յիշել, որ 26.10.2015թ. Մ. Բրիտանիայյի նախկին վարչապետ Բլեերը CNN-ի տուած հարցազրոյցում խոստովանել է, թէ ԱՄՆ-ի եւ իւր դաշնակիցների 2003թ. ներխուժումն Իրաք դարձաւ ԻԼԻՊ-ի ի յայտ գալու հիմնական պատճառներից մէկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ