RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1430, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հարցազրույցների կամ դասախոսությունների ժամանակ ինձ ամենահաճախ տրվող հարցը հետեւյալն է. «Տպագիր մամուլը մեռնո՞ւմ է»: Պատասխանս լինում էՙ «Ո՛չ, բայց...»: Եվ ինչքան ինքնավստահ ու վճռական է հնչում իմ «ոչը», այդքան անվստահ ու տարակուսելի է լինում «բայցը»: «Բայցը» ենթադրում է բացատրություններ...

Չեմ պատրաստվում բացատրություններ տալ այստեղ, այս անձուկ սյունակում: Փոխարենը ընթերցողներիս առաջարկում եմ մի հոդված, ակնարկ, կարծիք կամ մի լուր հրապարակել համացանցում եւ նույնը հրատարակել թերթում: Առաջինը թերեւս շատ մարդ կարդա, սակայն թերթում տպածը ձեզ ավելի կարեւոր մարդ կդարձնի: Իսկ եթե ձեր գրածը անշնորհք ու թույլ նյութ լինի, համացանցում համենայնդեպս կգտնեք մի տարածք, ուր կհրապարակեք այն, իսկ թերթումՙ հազիվ թե: Համացանցը միշտ լեն ու բոլ է, ինչպես ասում են, օգտատերերըՙ բազմաքանակ ու բազմատեսակ, բայց...

Ամբողջ հարցը տեխնոլոգիաների մեջ է, ոչ միայն բարձր եւ նորագույն, այլեւ հին եւ հնագույն:

Նախորդ օրը Երեւանի պետական համալսարանում «Ազգ»ի 25-ամյակի առթիվ ելույթ ունեցող բանախոսներից մեկից իմացա, որ Լեւ Տոլստոյը գրականության գլխավոր թշնամի է հայտարարել Գյութենբերգին, ավելի շուտՙ նրա հնարած տպագրական մեքենանՙ մամուլը: Մեծ գերմանացու այդ գյուտն է պատճառ դարձել, ըստ հանճարեղ գրողի, որ միջակություններն ու ապաշնորհները հայտնի դառնան մարդկանց առավել մեծ խմբերի:

Ասացիՙ ամբողջ հարցը տեխնոլոգիաների մեջ է, այդ թվումՙ 19-րդ դարի կեսերին թղթի արդյունաբերման նորանոր տեխնոլոգիաների: Թուղթը էժանացավ, թերթերի քանակն ու տպաքանակը ավելացան: 20-րդ դարի 30-ականներին հեռուստացույցը մտավ բնակարաններ, նվազեցին թերթերի տպաքանակները: Առաջինը շարքից դուրս եկան երեկոյան թերթերը, պաշտպանողական դիրքեր մտավ ռադիոն: Ավելի ուշ, արդեն 80-ականներին, կիպերնետիկան միացավ հեռահաղորդակցությանը, քիչ ավելի ուշՙ 1990 թ.ին, պատահեց արտակարգ մի բանՙ Չինաստանում, առանց թերթ-ռադիո-հեռուստատեսության, տեղի ունեցավ Տիանանմենի հրապարակի ուսանողական հզոր ընդվզումըՙ համալսարանական հաշվիչ մեքենաները միացան իրար եւ կազմակերպեցին ընդվզման ալիքը: Դա համացանցի նախնական տարբերակն էր: Այնուհետեւ համակարգիչները թափանցեցին հիմնարկ, խանութ, բնակարան, արագ տեղեկատվության հետ հնարավորություն տալով մարդկանց, գիտուն թե համբակ, խելացի թե ապիկար, լուրջ թե շառլատան, դուրս գալու հրապարակ, դուրս գալու իրենց բնակարանների մենությունից, վիրտուալ շփվելու միմյանց հետ, տեղեկություն ստանալ-տալու, իսկ ոմանցՙ ինքնադրսեւորվելու, որի գլխավոր հարթակն այսօր, արդեն 10 տարի, ֆեյսբուքն է կամ դիմագիրքը: Նահանջեցին ոչ միայն տպագիր մամուլն ու ռադիոն, այլեւ հեռուստատեսությունն անգամ, ընկրկեցին շատերը, մյուսները փորձեցին ու փորձում են գտնել գոյատեւման նոր միջոցներ, որոնցից առաջին հերթինՙ մուլտիմեդիան:

Այսօր համացանցի տիրապետման ժամանակաշրջանն է: Ոմանց թվում էՙ այն կլինի ամբողջ 21-րդ դարի տիրապետողը: Ուրիշներ, որոնց թվումՙ աշխարհի մերօրյա ամենապայծառ 40 ուղեղներից մեկը համարվող ամերիկացի մասնագետ Ալեկ Ռոսը (Alec Ross), գտնում են, որ ընդամենը 20 տարի հետո կենետիկական ռոբոտատեխնիկան կտիրապետի եւ հիմնովին կփոխի մեր աշխարհը: Այսինքն, վերադառնալով տեղեկատվական մեր ոլորտին, գենետիկական ռոբոտները կաշխատեն ոչ միայն մեր փոխարեն, այլեւ կսովորեցնեն ու կտեղեկացնեն այն ամենը, ինչ իրենք են ուզում: Պրոցեսորներին կփոխարինեն կենետիկական չիպերը:

Հիմա վերադառնանք մեր սկզբնահարցինՙ «Տպագիր մամուլը մեռնո՞ւմ է»: Այնքան ժամանակ, երբ աշխարհում կլինեն ազատ եւ ինքնուրույն մտածողության մարդիկ, տպագիր մամուլը ավելի կսահմանափակվի, բայց չի՛ մեռնի: Որակավոր մարդն ու որակյալ քաղաքացին միշտ կպահանջեն որակով մամուլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ