RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2220, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՌԻՆԳԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵՍՙ ՆՊԱՏԱԿՆԵՐԻԴ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արթուր Աբրահամը, նույն ինքն Ավետիք Աբրահամյանը, նախքան բռնցքամարտիկ դառնալը սովորել է հեծանվադպրոցում, դարձել հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ապա մեկնելով Գերմանիա սկսել է զբաղվել սիրողական բռնցքամարտով, որից հետո արդեն քայլ առ քայլ հասել այսօրվա բարձունքին: Չնայած, Աբրահամն արդեն մտածում է կարիերան ավարտելու մասինՙ 2 տարուց կհեռանա ռինգից, քանի որ պայմանագիրը ստորագրել է մինչեւ 37 տարեկան, սակայնՙ ոչ սպորտի աշխարհից: Ապագայում նա պլանավոր է բռնցքամարտի մարզադպրոց հիմնել Հայաստանում, որի հողատարածքն արդեն գնել է, սակայն ժամանակի սղության պատճառով դեռեւս ավելին անել չի հասցրել: Ինչպես նշում է բռնցքամարտիկը, շուտով կվերադառնա սովորական կյանքին ու կզբաղվի իր բիզնեսով:


- Եթե կարող ենք թղթի վրա գրել, վրիպակներ թույլ տալ, ապա պատռել թուղթն ու նորից գրել, դա մեզնից ոչինչ չի խլի, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, իսկ տալու դեպքումՙ մեզնից շատ բան է խլում: Կյանքիդ որ էջը կցանկանայիր մաքրագրել, փոփոխություններ կատարել:

- Կյանքիս բոլոր տարիներըՙ ե՛ւ վատ, ե՛ւ լավ, ինձ համար հետաքրքրական են եղել: Եթե չլինի վատ շրջան, լավի քաղցրությունը չէի կարող իմանալ, նույնը, եթե լիներ հակառակը: Սպորտային կյանքում բաներ կան, որ չունեցա, բայց...: Երեւի սպորային կյանքիս պարտությունները կցանկանայի մաքրագրել, չնայած բոլոր այն պարտությունները, որոնք եղել են, ինձ ավելի ուժ են տվելՙ ավելի լավ մարզվելու եւ արդյունքներ ցույց տալու:

- Եթե քեզ տային ակնոց, որով իրականությունը կվերանար ու կտեսնեիք այն, ինչ ցանկանում եք: Ինչ կցանկանայիր տեսնել:

- Կցանկանայի բոլորին տեսնել ժպիտը դեմքներին, բոլորը երջանիկ ու առողջ լինեին ու զբաղվեն այն մասնագիտությամբ, որը սիրում են: Ամենակրեւոր բաներն են, որոնք մարդուն երջանիկ են դարձնում: Ես ուզում եմ ապրել այդ իրականության մեջ:

- Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած հոտն ու համը, երբ ասում ենք իմ քաղաքը, իմ մանկությունը: Ո՞րն է քո մանկության ու քաղաքի համն ու հոտը:

- Իմ մանկության համն ու հոտը ներքին Չարբախի հողն ու ջուրն է: Երբ լինում եմ Չարբախում, ծառերից հոտ եմ քաշում, դա ինձ համար ամեն ինչ արժե:

- Ռինգում դու մինչեւ 5-րդ ռաունդն ավելի պասիվ ես, իսկ ահա 5-ից հետո նոր քո ուժն ու ակտիվությունը ցույց ես տալիս: Իսկ ի՞նչ սկզբունքով ես ապրում կյանքում:

- Կյանքում շատ հանգիստ եմ եւ փորձում եմ քայլերս ճիշտ կատարել, որպեսզի ոչ մեկին վնաս չտամ: Սիրում եմ լավ արդյունքներ ցույց տալ, ազգիս ու ընտանիքիս պիտանի տղա լինել, ծնողներիս միշտ ուրախացնել: Սիրում եմ ապրել մարզիկներին հատուկ հասարակ կյանքով, մարզիկները շատ հասարակ մարդիկ են, մեծ պահաջներ ու ակնկալիքներ չունեն, ուղղակի քրտնաջան աշխատում ու ապրում են:

- Բացի Ուլի Վեգներից, էլ ում հետ հանդիպումն է լիովին փոխել քո կյանքը:

- Պապիկիս... պապիկս ինձ շատ է մարզել, պարապել հետս, որ այժմ այսպես ուժեղ եմ: Ցավոք, երբ 15 տարեկան էի, պապիկս մահացավ: Նա միշտ ասում էր, շատ պարապիր քեզ վրա, որպեսզի եթե սխալներ էլ անես, դա քեզ դաս լինի: Նա է ինձ սովորեցրել շախմատ, նարդի, շաշկի խաղալ, ստիպում էր գիրք կարդալ, եթե պապիկս չլիներ, գիրք կարդացած չէի լինի:

- Երբ չեմպիոն ես լինում, բոլորը փորձում են վերցնել քեզնից այդ կոչումը: Իսկ կյանքո՞ւմ էլ ես չեմպիոն ու ի՞նչ խնդիրների առջեւ ես ավելի հաճախ կանգնում:

- Ես ռինգում եմ չեմպիոն, իսկ կյանքումՙ սովորական մարդ: Մարդ ոչ թե կյանքում, այլ սրտում պետք է չեմպիոն լինի, այսինքն երջանիկ լինի ու առողջ:

- Իսկ քեզ երջանիկ մա՞րդ ես համարում:

- Այո, ես լիովին երջանիկ եմ այսօր:

- Ինչպես ասում է մարզիչդ. «Պարտություններ կարող են պատահել, բայց պետք է թույլ չտաս»: Իսկ ի՞նչ թույլ չես տալիս առօրյա կյանքում:

- Խաբեբա, վատ մարդկանց հետ չեմ սիրում շփել եւ նման մարդկանցից հեռու եմ մնում, թույլ չեմ տալիս, որ ինձ մոտ լինեն:

- Կյանքը նման է բռցքամարտի ռինգի, որովհետեւ....

- Կյանքը նման է բռցքամարտի ռինգի, որովհետեւ պետք է միշտ պայքարեսՙ նպատակներիդ հասնելու համար եւ ես այդ սկբունքով էլ ապրում եմ ու հասնում նպատակներիս:

- Դու նշում ես, որ ռինգում միշտ պիտի հակառակորդի սխալներից օգտվես: Իսկ կյանքո՞ւմ...

- Ես սիրում եմ անկեղծ ու մաքուր հոգով մարդկանց, եւ երբ ստանում եմ այդ անկեղծությունը, հարաբերությունները փոխադարձ են դառնում: Երբ դիմացինս անկեղծ է, չեմ ասի օգտվում եմ, բայց ես էլ եմ անկեղծ դառնում, կարելի է ասել` օգտվելով առիթից:

***

Հաշվի առնելով այն, որ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կես տարի առաջ է ամուսնացել Մերիի հետ, որը դեռեւս սովորում է ԵՊՀ-ում, փորձեցինք պարզել, արդյոք բռնցքամարտիկը գտել է «Ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը, քանի որ շատ ու շատ տղամարդկանց չի հաջողվում գտնել հարցի պատասխանը: Պարզվեց բռնցքամարտիկի համար այդքան էլ դժվար չի եղել գտնել պատասխանը:

- Կինն ամենակարեւորը ցանկանում է երջանիկ լինել իր սիրելիի կողքին եւ գրկում: Ամենակարեւորը, որ կնոջ սիրտն ու հոգին հանգիստ ու ներդաշնակ լինի, դա է կատարյալ երջանկությունն ու կնոջ ցանկությունը: Ինչ-որ բան ավելի, ինչ-որ բան պակաս, դրանք էական չեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ