Վերջերս անցկացված հարցման համաձայն, ամերիկացի զինվորականների մեծամասնությունը կուզենար նախագահի պաշտոնում տեսնել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամպին կամ դեմոկրատ Բեռնի Սանդերսին: Այդ մասին տեղեկացնում է Military Times թերթը:
Հարցմանը մասնակցել են մոտ հազար զինվոր, պահեստային եւ գվարդիական: Հարցվածների 27 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր Թրամպի օգտին, 22 տոկոսը նախապատվությունը տվել է Սանդերսին:
Չնայած Թրամպի առաջատար դիրքերին, տասնյակ հարցվածներ նրա ընտրվելը վտանգավոր են համարում երկրի ապագայի համար: Հարցախույզում նաեւ ցույց է տվել, որ զինծառայողների կեսը դժգոհ է նախագահական մրցավազքի ընթացքում ազգային անվտանգության հարցի լուսաբանումից: Հատկանշական է, որ իր նախընտրական արշավում այդ հարցը գլխավորներից մեկը դարձրած Մարկո Ռուբիոն վարկանիշով վերջին տեղերից մեկում է եւ ստացել է ձայների միայն 9 տոկոսը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ ինքը ամերիկացի զինծառայողներից չի պահանջի ահաբեկիչների ընտանիքներին հետապնդելիս գործել ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի: