RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4332, Տպվել է` 326, Ուղարկվել է էլ.փոստով` 330

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս օրերին, երբ ականջներում դեռ արձագանքում են Բրյուսելի պայթյունները, եւ այսուհետեւ էլ, երբ աշխարհի տարբեր մասերում կորոտան նորանոր ու թերեւս ավելի արյունալի պայթյուններ, համաշխարհային մամուլի էջերում կշարունակվեն մեկը մյուսից ավելի խորիմաստ վերլուծությունները ահաբեկչություն կոչված չարիքի մասին: Քաղաքագետներ, սոցիոլոգներ, կրոնագետներ եւ այլ մասնագետներ կմեկնաբանեն ու կբացատրեն ISIS-ի եւ ահաբեկչական մյուս կազմակերպությունների արարքներն ու մեթոդները, շարժառիթներն ու դրդապատճառները, դրանց հոգեմտավոր եւ անգամ բնազանցական դրսեւորումները: Այդ վերլուծությունների մեծ մասը իսկապես արժանի է մեր ուշադրությանը, լինելով արժանահավատ եւ արժեքավոր:

Այսուհանդերձ, գրեթե տեւական ժամանակ հետեւելով այդ հրապարակումներիՙ գոնե ինձ հասանելի մասին, դեռեւս չեմ հանդիպել, միջազգային մամուլում, մի այնպիսի մոտեցման, որը ձգտի պեղել, երեւան հանել խորքային պատճառները հակամարդկային եւ հակաքաղաքակրթական այդ երեւույթի, որը կոչում ենք ահաբեկչությունՙ իր տարբեր դրսեւորումներով ու խնդիրներով:

Տրիվյալ խոսք էՙ մարդասպան կամ գող չեն ծնվում, ինչպես ահաբեկիչ չեն ծնվում: Ահաբեկիչ, մարդասպան ու գող դառնում են: Անշուշտ ճիշտ չէր մեր ժամանակների մեծագույն ջարդարարներից, Սաբրա եւ Շաթիլա գաղթակայանների սպանդի հերոս, հետագայում Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը, երբ ասում էր, թե պաղեստինցի յուրաքանչյուր հղի կնոջ փորում մի ահաբեկիչ կա նստած: Նա ճիշտ կլիներ, եթե ասած լիներ, որ Գազայի կամ Արեւմտյան ափի եւ կամ Պաղեստինի հարեւան երկրների գաղթակայաններում մեծացող յուրաքանչյուր երեխա պոտենցիալ ահաբեկիչ է: Հապա ի՞նչ պիտի դառնար կեղտի, հիվանդությունների, թշվառության պայմաններում ապրող եւ իսրայելական տանկերին քարերով դիմավորող երեխան ու պատանին...

Ատելությունն է ծնում ատելություն:

Հիշենք անցյալ դարի 70-ական թվականները, երբ ոճրագործ դարձած պաղեստինցի վտարանդի ղեկավարներ Աբու-Նիդալը, Աբու Ամմարը, դոկտ. Ժորժ Հաբաշը եւ մյուսները ինքնաթիռներ էին առեւանգում, պայթեցնում կամ ուղեւորներին պատանդ վերցնում, ռմբահարում եւ գնդակահարում էին անմեղ մարդկանց: Վրեժն ու ատելությունն էր դրդում նրանց, ինչպես նույն թվականներինՙ հայ վրիժառուներինՙ թուրք դիվանագետների դեմ: Կամ դրանից 30 տարի առաջ, 40-ականների կեսերինՙ նույնինքն հրեա ահաբեկիչներին, որոնց հատկապես «Իրգուն» շարժումը ռումբեր էր պայթեցնում անգլիացի զինվորականների դեմ, օրինակՙ Երուսաղեմի King David հյուրանոցում:

Ի դեպ, տարածաշրջանում առաջին ահաբեկիչները Լեհաստանից Ավետյաց երկիր հայրենադարձվածներն էինՙ Մենախիմ Բեգինի գլխավորությամբ, որ հետագայում ստեղծեց «Լիկուդ» խմբավորումը եւ երկու թե երեք անգամ դարձավ Իսրայելի վարչապետ:

Այո, Իսրայել պետության հիմնադիրների խոստումըՙ տարածաշրջանում ստեղծել ժողովրդավարության, հանդուրժողության երկիրՙ քաղաքակրթության մոդել մի պետություն, նրանց հաջորդները դրժեցին վայրագորեն, իրենց վերադարձից առաջ այնտեղ ապրող արաբներին կոտորելով եւ հայրենազրկելով: Եվ հենց դա՛ հանդիսացավ հիմքը հետագա եւ ցայժմ շարունակվող բոլոր վայրագությունների եւ ատելության: Նախՙ արաբ-հրեական, ապաՙ իսլամ-հրեական, այժմՙ իսլամ-քրիստոնեական եւ իսլամ-իսլամական, ինչի կողմնակի արտադրանքն (by-product) են ISIS-ն ու ահաբեկչական-արմատական մյուս խմբավորումները:

Եվ ստեղծված վիճակի համար առաջինը պետք է մեղադրել միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին, նրա Անվտանգության խորհրդին եւ նրա գլխավոր անդամներին: 1948 թ.ից առ այսօր նրանք չկարողացան, չուզեցի՛ն արդար լուծում տալ արաբ-իսրայելական հակամարտությանը:

Զրկանքը ատելություն է ծնում, ատելությունըՙ վայրագություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ