RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ՀԱՆԳՐՎԱՆ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4529, Տպվել է` 311, Ուղարկվել է էլ.փոստով` 278

ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍԻ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կոլեկտիվ

Ս.թ. մարտի 18-ինՙ կյանքի 87-րդ տարում կյանքից հեռացավ ականավոր գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչիկ Սարգսի Ավագյանը:

Հրաչիկ Սարգսի Ավագյանը ծնվել է 1930թ. մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղումՙ աղքատ գյուղացու ընտանիքում:

1937թ. աշնանը ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան, որտեղ էլ 1938թ. ընդունվել է միջնակարգ դպրոց:

Միջնակարգ դպրոցն ավարտել է 1949թ.-ին եւ նույն տարում էլ ընդունվել Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը: Ինստիտուտը գերազանցությամբ ավարտել է 1954թ.-ինՙ ստանալով լեռնային ինժեների որակավորումՙ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում եւ հետախուզում» մասնագիտությամբ:

1954թ.-ին ընդունվել է Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր երկրաբանական վարչության Հանքավանի երկրաբանահետախուզական արշավախումբՙ երկրաբանի պաշտոնով: 1956թ.-ի մայիս ամսից նշանակվել է Ղազմայի (այժմ Գլաձորի) բազմամետաղային հետախուզական արշավախմբի գլխավոր ինժեներ, որտեղ մինչեւ 1961թ. աշխատելուց հետո նշանակվել է Իջեւանի շրջանի Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական խմբի պետ: Հ.Ավագյանի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ ընդամենը մեկ ու կես տարում հետախուզվել եւ գնահատվել է աշխարհում խոշորագույն, իսկ հումքի որակի առումով լավագույններից մեկը համարվող Սարիգյուղի հանքավայրը: Այդ մեկ ու կես տարվա ընթացքում հանքավայրի պաշարները երկու անգամ հաստատվել են նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից բարձր գնահատականներով: Պաշարների հաշվարկի երկու հաշվետվությունների հեղինակն է եղել, որոնց համար էլ արժանացել է պետական պարգեւի:

1964թ.-ին նշանակվել է ինքնուրույն հաշվեկշռով գործող Սիսիանի երկրաբանահետախուզական արշավախմբի պետի պաշտոնում, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1970թ. մայիսի 10-ը: Այդ ընթացքումՙ 1968թ.-ի հոկտեմբերին, պաշտպանել է գիտությունների թեկնածուի գիտ. աստիճանի հայցման թեզը, 1969թ.-ի փետրվար ամսին ստացել է երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1970թ.-ի մայիսի 10-ից գործուղվել է Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն սովետական երկրաբան մասնագետների ղեկավարի պաշտոնով: Ալժիրից վերադարձել է 1971թ.-ի հոկտեմբերի 20-ին: Հասանելիք արձակուրդը վայելելուց հետո, 1972թ.-ի հունվարից, նշանակվել է Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ ԽՍՀՄ-ի համար բոլորովին նորույթ համարվող բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ: Հունվար-փետրվար ամիսներին զբաղվել է գրականության հետազոտման եւ ապա նախագիծ ու նախահաշիվ կազմելու աշխատանքներով եւ մարտ ամսից անցել է դաշտային աշխատանքների կատարմանը: Դաշտային աշխատանքների առաջին իսկ այցելության օրը, Հայաստանի հյուսիսարեւելյան ծայրամասումՙ Նոյեմբերյանի շրջանի տարածքում, Հարավային Կովկասի 3 հանրապետությունների շփման գոտում, հայտնաբերվել է բնական ցեոլիտների, բենթոնիտների, ցեոլիտ-բենթոնիտային խառը տարատեսակի եւ Իժեւսկի տիպի հանքային ջրերի աշխարհում խոշորագույնը համարվող հանքավայրը: Այս թեման էլ հանդիսացել է Հ.Ավագյանի դոկտորական գիտական աստիճանի հայցման թեմա, որն էլ հաջողությամբ պաշտպանել է 1989թ.-ին:

1977-1980թթ. աշխատել է Հայաստանի Երկրաբանական Վարչության Կապանի արշավախմբում գլխավոր ինժեների պաշտոնով, իսկ 1980թ.-ին տեղափոխմամբ նշանակվել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի Ազատեկի ոսկու հետախուզական արշավախմբի պետ: Գունավոր մետալուրգիայի Վարչության կազմում աշխատել է մինչեւ 1983թ.-ը, որտեղից էլ գործուղվել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունՙ Մ Ֆուատի լեռնահանքային ձեռնարկությունՙ գլխավոր երկրաբանի պաշտոնով: Երեք տարի Կոնգոյի Հանրապետությունում աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք եւ շարունակել է աշխատել Հայաստանի գունավոր մետալուրգիայի Վարչության կազմում մինչեւ ձեռնարկության լուծարումըՙ 1991թ.-ը:

1991թ.-ից մինչեւ 1994թ.-ի հունվարի 20-ը աշխատել է «Բեկում» եւ «Ադամանդ» ձեռնարկություններում որպես տնօրենների խորհրդական: 1994թ.-ի հունվարի 20-ից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես թեմատիկ խմբի ղեկավար, բաժնի վարիչ:

Մինչեւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ տեղափոխվելը գրել եւ հրատարակել է մեկ մենագրություն եւ 38 գիտական հոդված: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ժամանակահատվածում հրատարակել է 11 մենագրություն, 60 գիտական եւ 80-ից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ: Վերջիններիս գերակշիռ մասը տպագրվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» թերթում:

Հակական ԽՍՀ Կառավարությանն առընթեր երկրաբանական Վարչությունում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, Վ.Ի.Լենինի ծննդյան 100 ամյակին նվիրված մեդալով եւ Սարիգյուղի հանքավայրի բենթոնիտային կավերի հետախուզման եւ հումքի պաշարները նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովում (Մոսկվա) երկու անգամ բարձր գնահատականներով հաստատելու համար արժանացել է պետական դրամական պարգեւի: Հայաստանի Հանրապետության Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով:

Տաղանդավոր գիտնականի, հայ ժողովրդի արժանավոր զավակիՙ Հրաչիկ Ավագյանի պայծառ կերպարը վառ կմնա նրան ճանաչողների, հարազատների, բարեկամների հիշողության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ