RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 4401, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 585

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԵԿՈՂ ԳՆԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենտրոնական բանկը շարունակեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանում շարունակվող գնանկմանն արձագանքել է Կենտրոնական բանկը: Մասնավորապես, մարտի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ԿԲ խորհուրդը որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 8,25 տոկոս:

Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներից մեկում («Շարունակվող գնանկումը Հայաստանումՙ ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում» «ԱԶԳ» 18.02.2016 թ.) անդրադարձել էինք Հայաստանում ստեղծված գնանկումային միջավայրին: Ըստ այդմ, որպես գնանկման երեւույթի հիմնական խնդիր մատնանշել էինք տնտեսական աշխուժության անկման եւ դրա հետ շաղկապված սոցիալական կացության վատթարացման շրջափուլի ստեղծման վտանգը, որից դուրս գալը շատ ավելի բարդ եւ մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, քան գնաճի զսպումը: Միաժամանակ, նման իրավիճակում կարեւոր էինք համարել ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շարունակման անհրաժեշտությունը, ինչը կխթաներ տնտեսական աշխուժությունը եւ կնպաստեր տնտեսական աճին:

Մարտի 29-ի որոշմամբ Կենտրոնական բանկն այս տարի երկրորդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, իսկ նախորդՙ 2015 թվականի ընթացքում, օգոստոսից սկսած, երեք անգամ է դա արել: Անցյալ տարվա փետրվարից մինչեւ օգոստոս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 10,5 տոկոսի վրա: Օգոստոսին ԿԲ-ն այն փոքր-ինչ իջեցրել էՙ սահմանելով 10,25 տոկոս, այնուհետեւ շարունակել այդ քաղաքականությունը, ներկայումս հասցնելով 8,25 տոկոսի:

Երկրի գլխավոր դրամատունն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1,4 տոկոս գնանկումՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոսի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ ամսվա վերջին կազմել է 1,7 տոկոս գնանկում: Դա հիմնականում պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ: Արտաքին աշխարհում շարունակվել են պահպանվել համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները եւ համապատասխանաբարՙ գնանկումային միջավայրը: Ելնելով դրանից, ԿԲ խորհուրդը այն գնահատականն է տվել, որ առաջիկա ամիսներին Հայաստանում կպահպանվի արտերկրից եկող գնանկումը:

Մյուս կողմից, այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 4,7 տոկոս, ինչը ԿԲ գնահատմամբ «փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները»: Դրան հիմնականում նպաստել է արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում ԿԲ-ն եւ կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, պահանջարկը Հայաստանի ներքին շուկայում դեռեւս մնում է ցածր:

ԿԲ խորհուրդը հայտարարել էր, որ շարունակելու է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին: Հիշեցնենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոս + - 1,5 տոկոս միջակայքն է: Դրանից ավելի գնաճի պարագայում ԿԲ-ն սկսում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի գնաճը զսպվիՙ սոցիալական անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա նկատի ունենալով, որ գնաճի փոխարեն արձանագրվում է գնանկում, ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպի բարձրացմանը: Տնտեական բարձր աճի դրական ազդեցությունը բնակչության վրա թեեւ ավելի ուշ է զգացվում, քան բարձր գնաճի բացասական ազդեցությունը, բայց ակնհայտ է, որ միայն բարձր տնտեսական աճի շնորհիվ է հնարավոր բնակչության կենսամակարդակի բարձրացումն ու սոցիալապես անապահով խավերի կացության բարելավումը:

Տարվա երկու ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության աճը թեեւ կազմել է 4,7 տոկոս, բայց տարեկան կտրվածքով քիչ հավանական է, որ այն պահպանվի: Տնտեսական աճի ներկա ցուցանիշին եւ հնարավոր զարգացումներին կանդրադառնանք առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ