Հրթիռա-հրետանային սպառազինություն
Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվում են մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը նա արդեն օգտագործել է 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին նրա կողմից սանձազերծված ռազմագործողությունների ժամանակ:
Ներկայացնենք դրանցից մի քանիսի մարտավարատեխնիկական բնութագրերը եւ ադրբեջանական զինված ուժերում դրանց առկայության վերաբերյալ որոշ տվյալներ:
Կներկայացնենք ՏՕՍ-1-ը, «Սմերչը», «Տոչկա» մարտավարական հրթիռները: Սկսենք ՏՕՍ-1-ից:
ՏՕՍ-1
ՏՕՍ-1 կամ «Բուրատինո» համակարգը արտադրված է Ռուսաստանում: ՏՕՍ նշանակում է «տյաժոլայա օգնեմյոտնայա սիստեմա», այսինքնՙ «ծանր հրանետային համակարգ» (Heavy Flamethrower System): Ըստ ռուսաստանյան եւ ադրբեջանական մամուլի տեղեկություններիՙ ադրբեջանական զինուժին 2013թ. ՌԴ-ն մատակարարել է 6 միավոր ՏՕՍ-1 «Բուրատինո», իսկ 2013-2014-ից հետոՙ եւս 12 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր:
ՏՕՍ-1-ը համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ է (ԾՀՀ) (ռուսերենՙ тяжелая огнеметная система (ТОС) Տ-72 տանկի բազայի վրա: Պատկանում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերիՙ ՀԿՌՀ-ների (ռուսերենՙ РСЗО, անգլերենՙ Multiple Rocket Launching Systemՙ MLRS) կատեգորիային: Մոդիֆիկացիանՙ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ «Բուրատինո» («Буратино»): Հեռահարությունըՙ տարբեր մոդիֆիկացիաների եւ տարբեր հրթիռների դեպքումՙ 3,6 կմ-ից մինչեւ 6 կմ: Խոցման մակերեսըՙ մինչեւ 40 հազ. քառ.մ.:
ՏՕՍ-1-ի զանգվածը մարտական դրությունում կազմում է 46 000 կգ: Երկարությունը երթային դրությունումՙ 6860 մմ: Լայնքը երթային դրությունումՙ 3460 մմ: Բարձրությունը երթային դրությունումՙ 2600 մմ: Կլիրենսըՙ 470մմ: Տրամաչափըՙ 220 մմ: Հրթիռի զանգվածը (մարտական մասը)ՙ 175 կգ (30 կգ): Փողի երկարությունըՙ 5000 մմ: Ուղղորդիչների թվաքանակըՙ 24 հատ (կա նաեւ 30 հատանոց):
Հրաձգության հեռավորությունը, նվազագույնըՙ 400 մ ,
Հրաձգության հեռավորությունը, առավելագույնըՙ 3600 մ (նոր հրթիռներովՙ մինչեւ 6000):
Խոցման մակերեսըՙ մինչեւ 40 000 քառ.մ.:
Մարտական մեքենայի հաշվարկըՙ 3 մարդ:
Լրիվ համազարկի ժամանակըՙ 15 վայրկյան:
Շարժչի տիպըՙ V-12 դիզելային:
Առավելագույն արագությունը մայրուղովՙ 65 կմ/ժ:
Ընթացքի պաշարը մայրուղովՙ 550 կմ:
Անվային բանաձեւըՙ թրթուրավոր շասսի:
Ուղղորդիչ խողովակների պակետի եւ դրանց արկերի մեծ զանգվածը պահանջել է, որ շասսին լինի զգալի բեռնամբարձության, իսկ կրակի համեմատաբար փոքր հեռավորությունները (400 600 մինչեւ 4500 մետր) պահանջում է նաեւ ամբողջ մարտական մեքենայի պաշտպանության որոշակի մակարդակ, որը դարձյալ ծանրացնում էր նրան: Արդյունքում մարտական մեքենայի զանգվածը հասնում է 46 տոննայի:
30 ուղղորդիչներից բաղկացած պակետը մոնտաժված է շրջադարձային պլատֆորմի ճոճվող մասի վրա:
Չկառավարվող հրթիռը կազմված է գլխամասիցՙ լցոնիչով (այրող կամ թերմոբարիկ բաղադրությամբ), պայթուցիչից եւ պինդ վառելիքային ռեակտիվ շարժչից:
ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»
Ծանր հրանետային համակարգ Ա-ն մշակվել է 2001թ.: Համակարգի հիմնական խնդիրն է հետեւակի եւ զրահատանկային զորամիավորումների աջակցությունը: Բազային տարբերակից հիմնական տարբերությունները հետեւյալներն են.
1. Ուղղորդիչների թվաքանակը ՄՄ-ի վրա նվազեցված է 30-ից մինչեւ 24,
2. Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենան կատարված է Տ-72 տանկի բազայի վրա (բազային մոդիֆիկացիայով այն տեղակայվում էր ԿրԱԶ բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա):
ՏՕՍ-1Ա-ի կազմը :
1. Մարտական մեքենա ՄՄ-1ՙ ԲՄ-1 (Օբյեկտ 634Բ),
2. Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենա ՏԶՄ-Տ (Օբյեկտ 563),
3. «Երկիր – երկիր» չկառավարվող ռեակտիվ արկՙ ՉԿՌԱ (ռուսերենՙ НУРС) ՄՕ.1.01.04 կամ ՄՕ.1.01.04Մ:
Այս սպառազինության համակարգի վտանգավորության աստիճանը բավական մեծ է: Լեռնային պայմաններում թերմոբարիկՙ ջերմաճնշային արկերի օգտագործումը հանգեցնում է հակառակորդի զգալի կորուստների: Մարտական կիրառումըՙ Աֆղանական պատերազմ (1979-1989), Չեչենական 2-րդ պատերազմ (1999-2009), Սիրիական պատերազմ (2011-2016):
Նկար 1. ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մարտական մեքենան Բաքվի զորահանդեսում,
26 հունիսի 2013 թվական