Մինսկի խումբը արդեն Բաքվում է: Ճիշտ էՙ ոչ լրիվ կազմով, ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Իգորի եւ Ժակի հետ միասին այս անգամ տարածաշրջան չի եկել, բայց խոստացել է, որ Twitter-ում ակտիվ կլինի:
Ինչեւէ։ Բաքվից համանախագահները, ըստ նախապես հայտարարված օրակարգի, կլինեն Ստեփանակերտում, ապաՙ Երեւանում: Ենթադրվում է, որ Իգորն ու Ժակը Ադրբեջանից Արցախ կանցնեն հատելով շփման գիծը:
Հիշեցնենք, որ նախքան տարածաշրջան ժամանելը Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ հակամարտության կողմերին…. դե դուք հասկացաք, այսինքն կարեւորն արդեն ասացինքՙ հակամատության կողմերին, ոչ թե կողմին: Այցելությունից հետո Մինսկի խումբն էլի հայտարարություն կանի, անշուշտ, որտեղ էլի հակամարտության կողմերին… Ու այսպես դեռ երկար այս հակամարտության կողմերը կմնան, քանի որ հակամարտությունը կմնա:
Ուշադիր կարդալով Մինսկի խմբի այս հերթական այցի օրակարգը եւ ժամանակացույցը, ես չկարդացի այն մասին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Իգորն ու Ժակը այցելել նաեւ, օրինակ, Թալիշ գյուղ, որը, հիշեցնեմ, բոլորովին վերջերս ենթարկվել է ադրբեջանական վայրագությունների: Եւ քանի որ համանախագահների Թալիշ այցելության մասին ոչինչ գրված չէ, ուրեմն նրանք Թալիշ չեն այցելելու, եթե իհարկե, տեղում Ժակն ու Իգորը իմպրովիզներ չանեն, օրինակՙ Ժակը գնա Մատաղիս, Իգորըՙ Թալիշ… Իսկ, եթե լուրջ, ապա մի՞թե պարոնայք Պոպով եւ Ֆոր, ձեզ հետաքրքիր չէ տեղում տեսնել, թե ի՞նչ է կատարվել: Ամեն դեպքում, փաստ չէ, որ համանախագահները ռմբակոծված հայկական գյուղերում չեն լինելու։ Ու երբ չլինեն, եւ երբ առանց այդ գյուղերում լինելուՙ այդ գյուղերի բնակիչների մասին հայտարարություն ընդունեն, այդ ժամանակ մենք հանգիստ կարող ենք լուրջ չընդունել նրանց հայտարարությունը եւ ապացուցել, որ այդ հայտարարությունները լուրջ չեն:
Բայց մի պահ պատկերացնենք այդ իրավիճակը, որն, ինձ գոնե, անչափ հետաքրքրում է: Ենթադրենք համանախագահներից ռուսըՙ Իգորը, այցելում է ղարաբաղյան գյուղերից մեկը, որտեղ ուսուցիչ է աշխատում Կոսունց Թեւանը: Դե, քայլում հասնում է գյուղամեջ, հանդիպում մի խումբ գյուղացիների, որոնց մեջ է լինում նաեւ Կոսունց Թեւանը: Ապա նրանց ռուսերեն հարցնում է, թե գյուղում որտե՞ղ ինտերնետ կա, սա հարցնում է, որովհետեւ ուզում է տեսնել, թե ի՞նչ է գրել Ուորլիքը իր Twitter-յան էջում, այսինքնՙ իրականում ի՞նչ է կատարվում հակամարտության շուրջ: Ինքը, քանի որ չգիտի, տեղում է, բայց չգիտի: Գյուղացիներն իրար են նայում, քանի որ ռուսերեն, խոսքը մեր մեջ, լավ չեն հասկանում, էն էլՙ ինտերնետ բառը: Նրանցից մեկը դիմում է Թեւանին, թե բաՙ «Վարժապետ, էդ հի՞նչ ա ասում»: Թեւանը պատասխանում էՙ «Մարդ ա լի, ուրան հետի խոսում ա»: Ու քանի որ ոչ Պոպովն է հասկանում, թե ինչ են խոսում, ոչ էլ գյուղացիք են հասկանում, թե Պոպովն ինչ է ասում, համանախագահը հեռանում է գյուղից:
Արդեն Վիեննայում երեք համանախագահները հայտարարութուն են տարածումՙ մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին… Գյուղացիք թերթը բերում տալիս են Թեւանին, թե բաՙ վարժապետ, էդ հի՞նչ են ասում: Թեւանը պատասխանում էՙ «Մարդ էն լի՜, ուրանք ուրանց հետի խոսում են»: