RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3442, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱՆՀԱՐՄԱՐ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չորսօրյա պատերազմում զոհերի եւ այդ օրերին պատահարներից մահացած հայ զինծառայողների վերջին` 92 թիվը լսելուց ու հերոսաբար ընկած տղաների պատմություններն իմանալուց հետո չես ուզում ոչ խելոք-խելոք մտքեր լսել, եւ ոչ էլ ասել: Ուզում ես ազատություն տալ զգացմունքներիդ, մտնել էդ զինվորների մայրերի կաշվի մեջ ու այնտեղից նայել մեր մեծ-մեծ խոսողների բառապաշարին, կեցվածքին, «շուստրիությանը», «համախմբվել» բառը շուտասելուկի պես կրկնելուն ու վերմակի պես իրենց վրա քաշելուն, ակնհայտորեն դրա քաղաքական ենթատեքստը սքողելուն: Ամեն ինչ անկարեւոր է թվում, երբ կարդում ես մեր տղաների կռվելու ու զոհվելու պատմությունները. առկա շատախոսությունը թվում է ավելորդ ու անհեթեթ, մեր քաղաքական գործիչների պահվածքը, մանավանդ թանկարժեք կոստյումներով ակումբային ասուլիսները, հայրենասիրության պաթետիկ կոչերով` բովանդակազուրկ, որովհետեւ այդ կոչն արդեն արել են մեր տղաներն իրենց կյանքը տալու օրինակով...

Ուզում ես չհասկանալ Հայաստանի Առաջին նախագահին, որ համախմբման անհրաժեշտության խոսքին զուգահեռ` մեղադրանքներ է հղում նաեւ իրենից հետո նախագահ եղած մարդուն: Ուզում եմ չհասկանալ Երկրորդ նախագահին. որ Ղարաբաղին ժամանակակից զենքով զինելու հրամայականի մասին խոսելով` նաեւ մեղադրանքներ է վերադարձնում Առաջինին (սա ինչ ընտրովի համախմբում է): Ներկա նախագահին, որ ավելի հրապարակային չի բացահայտում, թե ինչ ունի խոսելու Առաջինի հետ, ով «Պատերազմ, թե խաղաղություն» հրապարակմամբ ժամանակին ամեն ինչ ասել էր իր դիրքորոշման մասին, եւ այդ դիրքորոշումը (տարածքային զիջումները) հնարավոր չէին եւ չեն` մեր զինվորների` այն ժամանակվա եւ վերջին ապրիլյան պատերազմի թարմ արյան ու հաղթանակի պարտադրանքով: Չենք էլ ուզում խորանալ ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի միջնորդավորված պատասխանների, ոչ Քոչարյանի արտգործնախար Օսկանյանի արդարացումների եւ դիմացինին մեղադրելու մեջ. դրա ժամանակը չէ:

Հիմա այլ ժամանակ է, պետք է առաջ նայել ու ելքերի մասին մտածել, փոխանցելով միայն, որ այդ բոլորից ընթերցվում է սողացող ներքաղաքական գործընթացը, որը Հայաստանի շուրջ արտաքին գործընթացին զուգահեռ` չի մարել, այլ ընդամենը մտել է սառույցի տակ: Ուզում ես հասանելի դարձնել մեր հանրության տրամադրությունը` մեր զոհված տղաների արյունը ոչ ոք թող չհամարձակվի օգտագործել ներքաղաքական նպատակներով: Համախմբումը, այո, լավ բան է, ընդունեցինք, բայց այն նախ հասարակության մեջ է եղել, իսկ քաղաքական դեմքերի համախմբման քայլերը թելադրված են ա՛յս հրամայականով, նախաձեռնողը երկիրը պաշտպանելու պատրաստ ու դրա օրինակները տվող հայ հանրությունն է, ոչ ոք թող էդ դափնին ոչ վրան քաշի, ոչ էլ օգտագործի մյուսի դեմ: Անգամ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է դա նկատել` նշելով, թե մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հերթական անգամ ապացուցեց, որ մի քանի քայլ առաջ է քաղաքական համակարգից, ու գործունեության վերանայման անհրաժեշտություն կա: Իսկ իշխանությունն էլ պարտավոր է օգտվել համախմբման ոգուց ու փոխել այն բոլորը, ինչ վաղուց պիտի փոխած լիներ:

Ուզում ես սիրտ հովացնել սահմանից վերադարձած այն մարդկանց տպավորությամբ, որ հայկական դիրքերն ու պաշտպանական համակարգը շատ լավ վիճակում են, չնայած ամեն ինչի, չնայած պակաս-պռատի, եւ եթե թշնամին փորձի առաջ գալ` շատ մեծ արկածախնդրություն կլինի դա նրա համար, ինչպես որ ապրիլի առաջին չորս օրը եղավ: Ուզում ես փոխանցել սթափեցնող կոչերը, ի հակադրություն դատարկ պաթետիզմի, դասերն այդ սթափեցնող կոչերի.

Դաս` Արցախյան կռիվներին մասնակցած եւ այժմ Հադրութի բնակիչ Մարո Քարամյանից.«Մեր որդիներին ոչ ոք չի խնայել ու չի խնայում, ուստի մենք էլ իրավունք չունենք խնայել նրանց, ովքեր չեն կարողացել խնայել նրանց կյանքերը»:

Դաս` վերլուծաբանից. չորսօրյա պատերազմն ու ներքաղաքական շախմատն իրարից շատ են տարբերվում:

Դաս` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից. կարճ ժամկետներում պետք է վերանայել ե՛ւ պաշտպանական համակարգը, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, ԼՂՀ-ն էլ, Հայաստանն էլ պետք է դա անեն:

Դաս` կյանքը տված, կյանք տալու պատրաստ հայ զինվորից. մեր արյունն անգին է եւ չի կարելի այն սակարկել միջազգային ատյաններում: 15 սպայի, 15 պայմանագրայինի, 34 ժամկետային զինվորի, 11 աշխարհազորայինի, 2 պահեստազորայինի` 77 առայժմ հայտնի մարտական զոհվածների դասը լավ սովորեք, մեր արտաքին քաղաքական զինվորներ:

Թե չէ` կարծես նոր իմացաք, որ թշնամին նենգ է ու բարբարոս: Որ կարող էր որդեգրել իր արյունակից ահաբեկիչների ձեռագիրը կամ հենց նրանց վարձել` մեր դեմ կռվելու համար: Կամ որ ասում են` տասնութ տարեկան տղաները կռվում էին հակառակորդի հատուկ պատրաստություն անցած պայմանագրային դիվերսանտների` թվով մի քանի անգամ ավելի ոհմակի դեմ, կարծո՞ւմ եք անմիջապես աչքի դեմ չի՞ գալիս իրար դեմ պայքարող մեր քաղաքական դաշտի պատկերը, որ վերջին տարիներին միմյանց դեմ մանր ստորությունների մի ողջ արսենալ է գործի դրել: Որ հիմա էլ խոսում են համերաշխությունից. էս բոլորը հո չմոռացվե՞ց: Աչքի դեմ է գալիս տարի առաջվա օգոստոսյան սահմանային լարվածությունը, որը վերջին չորսօրյա պատերազմի մի նախափորձ կարելի էր համարել: Այն ժամանակ հետեւություններ պետք է արվեին, որ հիմա զոհերի առումով այլ պատկեր ունենայինք: Ինչո՞ւ կորցրինք էդ ամիսներն ու զենքի համալրման համար համահայկական դրաահավաք չսկսեցինք, ինչու թույլ տվեցինք մեր տասնութ տարեկանների մահը, ինչու մեր երեխաներին թողեցինք լավ պատրաստվածների դիմաց ու արագորեն մեր լավ պատրաստվածներին թշնամու դեմ հանդիպման հազարներով չպատրաստեցինք: Խոսքս ամենեւին էլ զինվորականներին չի ուղղված, որոնք գերազանց պահեցին իրենց, այլ մեր քաղաքական ղեկավարությանը, որը կարծես միջազգային ու ներքին ինտրիգների մեջ մի պահ ինքն իրենից հեռացրել էր պատերազմի շատ ռեալ սպառնալիքը:

Դասեր քաղելը տեսական բան չէ, այլ արագ եւ նպատակային գործողությունների շարք, քանի որ, ինչպես ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է նկատում, հայրենասեր լինելը չի փոխարինում ոչ մասնագիտական գիտելիքների պակասին, ոչ կոմպետենտ գործողություններին:

Հարկավոր է պահանջել, իսկ եթե պահանջելը բարկացնում է` անգամ խնդրել մեր քաղաքական դասին, որ թանկարժեք կոստյումներով չնստեն մամուլի ակումբներում ու հայրենասիրության դասեր չտան, այն դեպքում, երբ ընկած զինվորների մասին հրապարակումներում պարզապես սպանում է հուսալքող աղքատություն ցուցանող տեսաշարը: Իրենք այս մասին չեն մտածել տասնյակ տարիներ, մեր թիկունքը խախուտ ենք թողել, զինվոր տվող ընտանիքներին ծայրահեղ պայմաններում ենք թողել: Այս փաստը եթե մինչեւ հիմա ծածկադմփոց ենք արել, ապա այժմ առարկայորեն, զոհվածների մասին պատմություններում անընդհատ հառնում է լուսանկարներում, տեսաշարերում, դառնում է մեր ամոթն ու երեսծեծանք` բազմաթիվ հարուստներ եւ աղքատ ժողովուրդ ունեցող պետության համապատասախան պաշտոնյաների համար: Նույն մարդկանց պետք է խնդրել ու պահանջել, որ չգնան Արցախ ու դիրքերի ֆոնին լուսանկարվեն, ամո՛թ է:

Մարդիկ փող են փնտրում բանակի համար

Սոցիալական ցանցերում, մամուլում որոնողական աշխատանքներ են, ամեն մեկն իր հետաքննությունն է անում` ֆինանսներ որոնելով բանակի համար, մարդիկ որոնում եւ գտնում են բանակը ժամանակակից զենքով զինելու աղբյուրներ` ամեն օր մի քանի միլիոն դոլարանոց դղյակների, զանազան բանկային խոշոր հաշիվների հասցեներ ու լուսանկարներ տեղադրելով համացանցում` որպես բանակի համար ֆինանսական աղբյուրի համարժեք, սա մտնում է մարդկանց ենթագիտակցություն: Դրանից վախեցեք, մեր ապահովված շրջանակներ, մտածեք, որ ձեր միլիոնները չպաշտպանված հայրենիքով զրո են, եթե ունեցածդ միլիոններով չկերակրես ու զինես քո զինվորին, ապա դրա տասնակիով հետո պիտի զինես այլ երկրի ու այլազգի զինվորի, այդ ե՞ք ուզում: Ուրեմն` ժլատություն մի արեք, հավաքված փողի առաջին հաշվետվությունը պարզապես համարժեք չէ այն ունեցվածքի հետ, որին տիրապետում են մեր մեծահարուստները: Եթե որեւէ խնջույքի վրա մի քանի միլիոն դոլար կարող եք ծախսել, ապա մի խնջույք պակաս, մի հարսանիք ավելի համեստ կարող եք անել` հանուն այն երկրի զինվորի, որ պաշտպանում է ձեր միլիոնների գտնվելու վայրը: Չուզեցի հայրենիք ասեմ, որովհետեւ հայրենիքը հայ զինվորինն է, ու ոչ թե փողինը, փողը հայրենիք չունի, բայց փողով կարելի է հայրենիք փրկել:

Մի ընկեր ունեմ, որը չի ալարել ու նստել- հաշվել է այն հարյուր ապահով հայաստանաբնակ հայերին, որոնցից յուրաքանչյուրը հանգիստ կարող է մեկ մլն դոլար դնել այն փողերից, որոնք վաստակվել են ժողովրդի հանդուժողականությամբ ոչ մրցակցային պայմաններում (ընտրական շրջանում հանունս սեփական կուսակցության դնում եք, չէ՞), այլապես այդ միլիոնները սովորական մրցակցային բիզնեսում չէին գոյանա: Նա հաշվել էր, որ հարյուր միլիոն դոլարը Հայաստանում հանգիստ կարող է գոյանալ, արտերկրի հայերն էլ կգոյացնեին եւս հարյուր միլիոն, իսկ միգուցե ավելին, ու այն վարկը, որ ռուսներից ենք ուզում` զենք գնելու, մենք հանգիստ կունենանք, ու դա պետք է անել շատ արագ: Այլապես ցուցակները կգոյանան ինքնաբուխ, ու այն ձվերը, որ նետվում էին մեկ օր առաջ Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ, կնետվեն մեծահարուստների դղյակների ուղղությամբ, թույլ մի՛ տվեք, որ այդպիսի բան լինի:

Տարածաշրջանային նոր իրավիճակ` մեր դիվկորպուսի քրտնաջան աշխատանքի համար

Եվրոպացիներին եթե մինչեւ այժմ հեռու էր թվում Արցախը, կամ ընդամենը խավիարային բազարի առարկա, հիմա ավելի մոտեցավ` երբ տեսան, թե ինչպես է երեւում ադրբեջանական կողմից կռվող ծայրահեղական թուրք վարձկանի ձեռագիրը հայկական կողմից ներկայացված լուսանկարներում, փաստական նյութում, ապացույցներում: Ու այդ տեսնելուց հետո միգուցե ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հերթապահ բառապաշարի անցավ կրկին, թե` Մադրիդյան սկզբունքներին կողմ ենք, լուծումը կողմերը պետք է տան:

Անգամ եվրոպացի պատգամավորներից ոմանք կողմ են, որ ճանաչվի ԼՂ անկախությունը` որպես ելք, քանի որ ԵԽ-ում Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելի ձեւակերպմամբ` փոխզիջումն անհնար է, ղարաբաղցիների անվտանգությունն այդպիսի լուծումը չի ապահովի, ԼՂ-ն ճանաչելն է ելք: Այսինքն` դաշտ կա ԼՂ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու տեսակետից:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մեր քաղաքական ուժերը կարծես ելքերի մասին առարկայապես չեն խոսում կամ չեն պատկերացնում, սպասում են ինչ-որ մեկի որոշմանը: Մինչդեռ մեր բանակի հաղթանակը մի անգամ արդեն ոչինչ չթելադրող զինադադարին կուտ է գնացել, այս անգամ էլ նույն կերպ հո չի՞ լինի: Մեզ պետք է նախաձեռնողականության նոր, այնպիսի աստիճան, որ Քնեսեթի փոխխոսնակը երբ հայ խորհրդարանականների հետ հանդիպմանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները եւ խաղաղության կոչ է անում, նրան վերադարձնենք, որ Իսրայելի կողմից անօդաչու սարքերն Ադրբեջանին վաճառելը չի նպաստում նրա կոչած խաղաղությանը, ինչպես որ հիմա բաց ասվում է Ռուսաստանին Ադրբեջանին վաճառված զենքի մասին: Եւ նման այլ, առավել էքսպրեսիվ մոտեցումների որդեգրումը. իսկ ավելի ստույգ` Սերգեյ Մինասյանի ասած ռազմավարության վերանայումը արտաքին եւ պաշտպանական ոլորտներում չպիտի ուշանա: Թէ չէ կմնանք միայն ֆիքսողի դերում, թե` ԻՊ եւ «Գորշ գայլեր» խմբավորումների ահաբեկիչներ են կռվել ադբեջանական կողմից, անգամ եթե Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով` նրանք երկուսուկես հազար ադրբեջանական զոհերի շատ զգալի մասն են կազմում եւ չենք կարողանա միջազգային հնչերանգ հաղորդել այն կռվանին, որով Թուրքիան սպառնալիք է Եվրոպայի ու բոլորի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ