RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 8586, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա 3:00-ին սկսվեց Արցախյան պատերազմի նոր փուլը կամ Քառօրյա պատերազմը, որը դադարեց ապրիլի 5-ի ցերեկվա ժ.12:00-ին հաստատված հրադադարով:

Դեռ թարմ են արյունահեղ մարտերի արձագանքները: Ավելին, թշնամին կարծես ավելի լկտիացած մեր թույլ տված հրադադարից, անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը: Հրադադարը (Ceasfire, Truce, Прекращение огня), հաստատվել է, որպեսզի նրան հաջորդի զինադադարը (Armistice, Перемирие), իսկ հետագայում` հաշտության պայմանագիրը (Peace Treaty, Мирный договор)... Բայց այդ հեռանկարներին անցնելուց առաջ պարտավոր ենք անդրադառնալ մի քանի դրվագների` այս կարճատեւ, սակայն դրամատիկ իրադարձություններով լի Քառօրյա պատերազմի մասին: Իհարկե, հնարավորինս կարճ ժամկետներում այն պահանջում է խորը եւ մանրամասն ուսումնասիրություն, վերլուծություն:

Իսկ այժմ` մեր ունեցած տեղի եւ ժամանակի սահմաններում դիտարկենք Քառօրյա պատերազմի վերաբերյալ մի շարք հարցեր :

1. Ո՞վ էր ագրեսոր պետությունը: Այս հարցին, թե՛ հայկական կողմը, թե՛ որեւէՙ թեկուզ մի փոքր վերլուծական կարողություն ունեցող օտարերկրացի կարող է միանշանակ պատասխանելՙ Ադրբեջանը: Դրա վկայություն էին, ե՛ւ պատերազմի առաջին օրը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլ-բյուլ օղլու տխմար, բայց փաստորեն ճշմարտությունը ի ցույց հանած համացանցային հարցազրույցը, ե՛ւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հակահայկական հռետորաբանությամբ լեցուն ճառերը` թե՛ պատերազմից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ դրանից հետո... Բայց ռազմական տեսակետից շատ հետաքրքրական է հատկապես Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարի հաղորդած տվյալը, թե ադրբեջանական կողմը նախապես ճշտել էր հարվածների ենթակա նպատակակետերի կոորդինատները... Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ նրա մամլո խոսնակը պարզորոշ նշեցին Ադրբեջանի նախահարձակ լինելը:

2. Ազերիական կողմը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան ու Իսրայելը Արցախի եւ ՀՀ դեմ փորձեցին կիրառել 6-րդ սերնդի պատերազմ, այսինքն`բարձրտեխնոլոգիական պատերազմ, ինչը մեր դաշնակից ՌԴ-ն կիրառել է Սիրիայում...

3. Մենք պատասխանում էինք գրեթե 2-րդ Աշխարհամարտի ժամանակվա, իսկ լավագույն դեպքում` XX դարի երկրորդ կեսի եւ վերջին տասնամյակների տեղային պատերազմների մարտավարությամբ... Սակայն` վճռական մենակի հոգեբանությամբ:

4. Ադրբեջանական կողմը դասական կերպով փորձեց օգտվել հանկարծակիության գործոնից: Բայց նույնիսկ հանկարծակիության գործոնը նրան հաջողության չհանգեցրեց...

5. Հայ զինվորը, հայ սպան, հայոց ամբողջ զինուժը եւ հայ ժողովուրդը ցույց տվեցին, որ իրենք մարտունակ են ու հայրենասեր` գենետիկորեն...

6. Բաքվի կառավարողների պլանավորած «բլից-կրիգը» խայտառակ ավարտ ունեցավ հենց առաջին իսկ օրը...

Եվ նույնիսկ ռազմական նորագույն տեխնոլոգիաների ու 6-րդ սերնդի պատերազմ մղելու պայմաններում` հակառակորդի կորուստները կազմեցին 2,5 հազ. զոհ (այն դեպքում, երբ հայկական կողմի կորուստները վերջին տվյալներով կազմում են 92 զոհված):

Դրան ավելացնենք նաեւ թշնամու կրած մարտական տեխնիկայի կորուստները.

- 2 ուղղաթիռ,

- 12 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ),

- 29 տանկ,

- 1 ՀՄՄ,

- 6 զրահամեքենա,

- 1 ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

- 1 «Գրադ» ՀԿՌՀ,

- 1 ինժեներական մեքենա:

7. Որ ադրբեջանական կողմը հսկայական զոհեր է տվել, երեւաց Ադրբեջանի 1-ին տիկնոջ` Մ. Ալիեւայիՙ հրադադարից հետո Բաքվում կազմակերպած ադրբեջանցի որդեկորույս մայրերի սգո հավաքից. հենց միայն այդ դահլիճում ներկա էր 600 որդեկորույս ու որբեւայրի ադրբեջանուհի: Հավանական է, որ շատերին հեռավոր գյուղերից եւ շրջաններից չէին կարողացել հրավիրել կամ չէին կարողացել գալ: Ուստի Արցախի ՊԲ հայտարարած` ադրբեջանցիների 2,5 հազար զոհվածների թիվը հավանական է:

8. Այսինքն եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ որ ադրբեջանական բանակի զինվորական նյութը` «սոլդատսկի մատերիալը», ի տարբերություն հայկական բանակի զինվորականների, շատ ցածր որակ ունի: Երկու պատերազմող կողմերի զոհերի թվի այդ մեծ տարբերությունը այդ է վկայում` 1:25 ...

9. Մյուս կողմից` Ադրբեջանը առիթից բավական վարպետորեն օգտվելով, հիմնականում (70%) 1-ին գծում զոհվելու էր ուղարկել իր լծի տակ հեծող հարավկովկասյան տեղաբնիկ ժողովուրդների զավակներին, դրանով իսկ մեկ գնդակով երկու-երեք «նապաստակ» խփելով: Այդ թվում, օրինակ, ոչնչացնելով իրեն ատելի ազգային փոքրամասնությունների կռվող ուժի զգալի մասը: Նաեւ` վրեժ եւ ատելություն սերմանելով նրանց մեջ` ընդդեմ հայերի...

10. Միով բանիվ` ռազմաճակատում երկու կողմից էլ զոհվում էին Ալիեւի թշնամիները` մեր կողմից` հայերը, հակառակ կողմից` Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների զինվորները...

11. Վերը հիշատակված 6-րդ սերնդի պատերազմի փորձարկման շրջանակներում Իսրայելը Ադրբեջանի ձեռքով Արցախի եւ ՀՀ դեմ առաջին անգամ մարտական պայմաններում նոր զինատեսակներ կիրառեց: Դրանց թվում էին նաեւ 2016թ. մարտի 31-ին ադրբեջանական բանակին մատակարարված «Սփայք» (Spike) հակատանկային լազերային ուղղորդման հրթիռները: Այս եւ մյուս նոր տեխնոլոգիաները ադրբեջանական բանակը չէր կարող մեկ օրում ուսումնասիրել եւ հաջորդ օրը պատերազմում կիրառել: Ուստի ենթադրելի է, որ Քառօրյա պատերազմին մասնակցում էին ոչ միայն իսրայելական բարձրտեխնոլոգիական զինատեսակները, այլեւ` դրանք կիրառող ռազմական մասնագետները... Հետեւաբար` դեռ պետք է հետաքննել թուրք-իսրայելա-ադրբեջանական ռազմական դաշինքի դերը` Քառօրյա պատերազմում, եւ ընդհանրապես` Մերձավոր Արեւելքում ու Կովկաս-Կասպյան տարածաշրջանում հայ ազգի ու հայկական պետականության դեմ ռազմաքաղաքական ագրեսիայի նախապատրաստման ու իրականացման հարցերում...

12. Իսրայելական նոր տեխնոլոգիաներից Քառօրյա պատերազմում առավել աչքի ընկան հետախուզական եւ հարվածային ԱՕԹՍ-ները (դրոնները): Գուցե նաեւ մյուս զինատեսակները իսկապես վնաս հասցրեցին հայկական զորքերին, այդ թվում` զրահատանկային տեխնիկային... Բայց անդրադառնանք ԱՕԹՍ-ներին: Եթե մինչ այդ թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական կողմերը կիրառում էին գրեթե միայն հետախուզական անօդաչու սարքեր` ԱՕԹՍ-ներ, ապա պատերազմի հենց առաջին իսկ ժամերից թշնամին Արցախի Պաշտպանության բանակի դեմ լայնորեն կիրառեց հարվածային ԱՕԹՍ-ներ, ընդ որում` դրանց «կամիկաձե» տեսակը, որն ինքնուրույն փնտրում, հայտնաբերում եւ հետեւում է նպատակակետին եւ ինքնուրույն գրոհի է ենթարկում վերջինիս` երկնքից քարի պես ցած նետվելով թիրախ-օբյեկտի վրա: Ընդ որում կիրառեց բավական մեծ քանակություններով: Այսպիսով Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան ու Իսրայելը դարձան առաջին պետությունները, որոնք մարտադաշտում, կոնկրետ` Արցախում լայնորեն կիրառեցին հարվածային կամիկաձե ԱՕԹՍ-ները:

13, Կամիկաձե-ԱՕԹՍ-ները նոր մահաբեր զենք են, որոնց առաջին անգամ լայնորեն կիրառումը մեծ առավելություն էր տալիս ագրեսոր կողմին` Ադրբեջանին: Սակայն հայկական կողմին հաջողվեց վայր գցել կամ վայր իջեցնել 12 տարատեսակ ԱՕԹՍ...

Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱՕԹՍ-ներին հաջողվեց որոշակի վնասներ պատճառել հայկական կողմին: Կամիկաձե-ԱՕԹՍ-ի զոհ դարձավ նաեւ Մարտակերտի շրջանի տարածք հասած Սիսիանի երկրապահ-կամավորների ավտոբուսը, որտեղ զոհվեցին մեր քաջարի 6 հայրենակիցները: Զուտ պատահականությամբ ԱՕԹՍ-ի զոհ չդարձավ նաեւ հայ լրագրողների ավտոբուսը, որից տասնյակ մետր հեռավորության վրա ընկավ երկնքից սրընթաց գրոհի իջած մահաբեր սարքը:

Պարզվեց, որ հարվածային այդ սարքերը իսրայելական Harop-ներ են, որոնք արտադրել է «Israel Aerospace Industries» ռազմաօդային կոնցեռնի «Տաասիա Ավիրիտ» ռազմարդյունաբերական ընկերությունը: Նաեւ համացանցում հայտնվեց հայկական ռազմական դիրքերը գրոհող իսրայելական ԱՕԹՍ-ի տեսանկարահանությունը:

14. Իսրայելական «Հարոփ» ԱՕԹՍ-ը իսկական կամիկաձե է, որը, ի տարբերություն հայտնի ամերիկյան «Փրիդեյթըր» (Predator) ԱՕԹՍ-ի, որը հակառակորդի թիրախների վրա արձակում է իր վրա տեղակայված «Հելֆայըր» (Hellfire) հրթիռները, հենց ինքն է նպատակաուղղվում դեպի թիրախը եւ ոչնչացնում է վերջինիս` երկնքից քարի նման ընկնելով նրա վրա:

15. Իսրայելական այդ 135 կգ-անոց ԱՕԹՍ-ները օդ են բաց թողնվում թվով 12 հատուկ շարժական կոնտեյներներից, որոնք գտնվում են բեռնատար մեքենայի վրա: Ցամաքային թիրախները գրոհելու համար այդ ԱՕԹՍ-ն ունի 15-ից 23 կգ-անոց մարտագլխիկ: ԱՕԹՍ-ը օդում շարժվում է պրոպելլերի օգնությամբ, կարող է 6 ժամ լինել երկնքում` փնտրելով նպատակակետեր: «Հարոփը» կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ինչը ընդլայնում է նրա տեսադաշտը եւ նվազեցնում իր նկատելիությունն ու ոչնչացման հավանականությունը: Նպատակակետը գտնելուն եւ ընտրելուն պես` դրոնը ցած է ընկնում` նրա վրա տանելով իր մահաբեր պայթուցիկ լիցքը: Իսկ եթե թռիչքի ընթացքում չի հաջողվում ոչնչացման ենթակա նպատակակետ գտնել, ապա դրոնը հետ է վերադառնում իր արձակման վայր:

16. Քառօրյա պատերազմում առաջին անգամ կիրառված կամիկաձե-ԱՕԹՍ-ները փորձարկում անցան իրական պատերազմական գործողություններում` հետագա ավելի մեծ պատերազմում լայնորեն կիրառվելու համար :

17. Ըստ Harop-ների արտադրողի` Israel Aerospace Industries-ի պաշտոնական կայքի տվյալների` այդ ԱՕԹՍ-ը կարող է հեռակառավարվել կամ ինքնանպատակաուղղվել դեպի թիրախը` սեփական ռադարի օգնությամբ կամ էլ գետնից արձակվող ռադիոճառագայթները որսալու շնորհիվ:

18. Harop-ը համարվում է հակառակորդի Հակաօդային պաշտպանության դեմ պայքարի հիանալի միջոց, քանզի այդ դրոնի փոքր չափսերը թույլ են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հայտնաբերվելուց: «Հարոփը» համարվում է «Հարփի» (Harpy) դրոնի կատարելագործված տարբերակը, որը հեռակառավարման հնարավորություն չի ունեցել:

19. Ի դեպ, իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից նաեւ այլ հարեւան պետությունների դեմ: Օրինակ` 2014թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքից Իրանի օդային տարածք էր ներթափանցել իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ներից մեկը: Համենայն դեպս, հայտնաբերվել էր այդ մեկը:

20. Ի դեպ, աշխարհի մոտ 20 երկրներ զբաղվում են առաջավոր ռազմական տեխնոլոգիաների մշակմամբ: Դրանց առաջին շարքերում են Իսրայելը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը: 2001-2009-ին Իսրայելը ստեղծեց «Հարոփը»...

21. Այս պահին դժվար է վստահաբար ասել, թե ո՞ր երկրներն ունեն կամիկաձե ԱՕԹՍ-ներ: ՌԴ-ն 2015-ին դեռ փորձարկում էր...

22. Ի դեպ, դեռ 2015 թ. հունիսին «Israel Aerospace Industries» հայտնել էր, որ զանազան պատվիրատուներին վաճառվել են հարյուրավոր կամիկաձե-ԱՕԹՍ-ներ: Ընդ որում, ակնհայտ է, որ հատկապես Քառօրյա պատերազմից հետո այդ ԱՕԹՍ-ների գնորդները կշատանան...

23. ՌԴ պաշտպանության նախարարի սպառազինության գծով տեղակալ Յուրի Բորիսովը վերջերս հայտարարել էր, թե «Այսօր ոչ մի ռազմական կոնֆլիկտ չի կարող վարվել առանց անօդաչու օդուժի կիրառման: Ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ հետախուզությունը այսօր կատարվում է այդ սարքերի օգնությամբ: Մոտակա 10-15 տարիներին սպառազինությունների համակարգի զարգացման բնագավառում դա կլինի հիմնական միտումներից մեկը»:

24. ԱՄՆ The Washington Post թերթի տվյալներով` վերջին տարիներին իսրայելական հարվածային դրոնները նկատվել են նաեւ այլ ռազմաճակատներում` Ուկրաինայում եւ Սիրիայում...

25. Ի դեպ, Ադրբեջանը սկսել է հետաքրքրվել իսրայելական ԱՕԹՍ-ներով դեռ 2011 թվականին, իսկ ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը սկսվել է դեռեւս 2004 թվականին, երբ կատարվել են իսրայելական տարբեր զինատեսակների մատակարարումները Բաքվին` Թուրքիայի միջոցով (միայն վերջին տարիներին` 5 մլրդ ԱՄՆ դոլարի):

26. Դեռ 2011 թվականին Ադրբեջանը պլանավորել էր Իսրայելից գնել 60 միավոր Aerostar եւ Orbiter մակնիշի ԱՕԹՍ-ներ:

27. Այդ ամենին ավելացնենք նաեւ տեղեկատվա-հոգեբանական պատերազմի այն գործողությունները, որոնք թշնամին կիրառեց նախահարձակմանը զուգահեռ: «Ազգի» նախորդ համարում հայ հանրությանը տեղեկացվել է, որ Քառօրյա պատերազմի առաջին ժամերին Ստեփանակերտում հայ ազգաբնակչության հեռախոսներին բարոյալքման եւ խուճապի նպատակ հետապնող թշնամական բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել...

28. Իսկ ինչո՞վ էին կռվում Արցախի Պաշտպանության բանակի զինվորականները: Խորհրդային հին զինատեսակներով` արտադրված հիմնականում անցյալ դարի 80-ականներին: Այդ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հիմնական մասը ՀՀ-ին եւ Արցախին մնացել է ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերից: Անշուշտ, գուցե նաեւ դա էր պատճառը, որ հայկական կողմը տվեց, հատկապես պատերազմի առաջին ժամերին` մեր համար բավական զգալի մարդկային եւ ռազմական տեխնիկայի կորուստներ:

29. Այնուամենայնիվ, հայկական կողմին հաջողվեց խոցել թշնամու 12 ԱՕԹՍ, դրանցից մի քանիսը` պատերազմի հենց առաջին օրը:

30. Առաջին հանկարծակի հարվածից հետո հայկական կողմի քաջարի դիմադրությունից ապշահար, իսկ հետո` խուճապի մատնված ադրբեջանական զորքերը երերացին, սասանվեցին: Տեղեկություններ հայտնվեցին, որ թշնամին իր իսկ թիկունքում պայթեցնում էր կամուրջները, որպեսզի խոչընդոտի հայկական զորքերի հավանական հարձակումը դեպի Ադրբեջանի (պատմականորեն հայապատկան) տարածքի խորքը: Թշնամու խուճապի եւ պարտվողական տրամադրության մասին է վկայում նաեւ այն, որ Ալիեւի «արգելափակող ջոկատները» սկսել էին գնդակահարել իրենց փախչող ասկյարներին...

31. Սպասվում էր, որ հայկական կողմը պատերազմական գործողությունները կտեղափոխի թշնամու տարածք, այսինքն` կհարվածի Ադրբեջանի խորքում գտնվող ենթակառուցվածքներին` հատկապես նավթային խողովակաշարերին ու այլ կարեւոր կառույցներին, նաեւ` ռազմական հրամանատարական բոլոր կարեւոր կետերին... Բայց հայկական կողմը բավարարվեց նման հարված հասցնելու բանավոր սպառնալիքով... Թե՛ այդ ռազմական սպառնալիքը, թե՛ Արցախի անկախության ճանաչման քաղաքական սպառնալիքը չիրականացվեցին... Գուցե` առա՞յժմ...

32. Ուշագրավ մի դիտարկում. ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա), Արցախում պատերազմող կողմերին տվել էին 3 օր... Քանզի ապրիլի 2-ին հայտարարեցին, թե Արցախյան պատերազմի հարցով Վիեննայում իրենց հավաքը նախատեսել են անցկացնել ապրիլի 5-ին... Այսինքն` ո՞ւմ էին տվել այդ 3 օրը... Ըստ իս` Ադրբեջանին... Բայց դա նշանակում էր, որ այդ 3 օրում հայկական կողմի, կոնկրետ` Արցախի Պաշտպանության բանակի ցանկացած գործողություն կարող էր արդարացված լինել` խոշոր հաշվով` ռազմական պաշտպանության անհրաժեշտության տեսակետից: Հարձակումը դեպի հակառակորդի տարածքի խորքը հնարավոր եւ արդարացված կլիներ ու փաստի առջեւ կդներ բոլորին` ագրեսոր պետությանը` Ադրբեջանին, նրա թիկունքում կանգնած եւ նրան քաջալերող ու դեռ չհաղթած` արդեն շուտափույթ շնորհավորող Թուրքիային, ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահ երկրներին, եւ ամբողջ մնացած աշխարհին...

Ամփոփենք.

Մեծ տերությունները միշտ մեծ, երբեմն` ոչ մեծ, բայց գրեթե միշտ` անմաքուր խաղեր են խաղացել: Այդ խաղերի արդյունքներից մեկը Հայոց 1915-1923թթ. Մեծ եղեռնն է... Եվս մեկ արդյունքը` 1-ին Արցախյան պատերազմը` 1988-1994թթ., որը, փաստորեն, վերսկսվեց 2016 թվականին` Քառօրյա պատերազմի տեսքով...

Եվ ամեն անգամ մեծ հաշվով հաղթում է Թուրքիան, պարտվում կամ առնվազն վերջնական հաղթանակից զրկվում են հայերն ու Հայաստանը, իսկ վերջին հաշվով` նաեւ Ռուսաստանը...

Իսկ ինչպե՞ս կլինի այս անգամ...

Նոր պատերազմը, ավելի հստակ` 2-րդ Արցախյան պատերազմը, որն սկսվեց 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ժ.3:00-ին, ըստ Ալիեւի պետք է լիներ «բլից կրիգ»` կայծակնային պատերազմ... Իրականում այն վերածվեց «Քառօրյա պատերազմի», որտեղ ադրբեջանա-թուրքական կողմը տվեց միայն զոհված 2.500 ասկյար` ներառյալ օսմանյան դիվերսանտները եւ ԻԼԻՊ-ի գրոհայինները... Ավելացնենք դրանց նաեւ հայ զինվորների կողմից «անխնա» ոչնչացված մի քանի տասնյակ զրահատեխնիկան ու ուղղաթիռները, թանկարժեք իսրայելական անօդաչու թռչող սարքերը (միլիոնավոր դոլարների ոչնչացված ամենաաարդիական մարտական տեխնիկա)...

Հանկարծակի հարձակման արդյունքում հեշտ հաղթանակի ակնկալիք ունեցող ազերա-թուրքական կողմը ընկրկեց այդ հզոր դիմադրության առջեւ եւ սկսել էր արդեն իր տարածքում պայթեցնել կամուրջները` նպատակ ունենալով խանգարելու հայկական ուժերի սպասվող հարձակմանը դեպի Ադրբեջանի խորքը... Միաժամանակ ալիեւյան «արգելափակիչ ջոկատները» անխնա գնդակահարում էին խուճապահար փախչող ադրբեջանցի ասկյարներին...

Այնինչ պաշտոնական Մոսկվան, ի զարմանս հայերի, խստագույնս պահանջեց հայկական կողմից` կանգնեցնելու հարձակումը, դրանով իսկ թույլ չտալով ջախջախելու ազերա-թուրքական հորդաներին... Համենայն դեպս` Ալիեւը Բաքվում ՌԴ բարձր պաշտոնյաներին` վարչապետ Մեվեդեւին եւ ԱԳ նախարար Լավրովին հաղորդեց, թե Ռուսաստանը մեծ դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու հարցում...

Դրանով իսկ կրկնվեց 1994թ. մայիսի այն սխալը, երբ նույն ՌԴ պահանջով հայկական կողմը կանգնեցրեց հաղթական հայկական զորքերի առաջխաղացումը դեպի խուճապի մատնված եւ անպաշտպան Ադրբեջանի տարածքի խորքը... Այսպիսով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը եւս մի անգամ փրկության հնարավորություն տվեց իր իսկ պոտենցիալ թշնամուն` ազերա-թուրքական հորդային: Բնականաբար, դա նշանակում է, որ վերջինս դարձյալ հնարավորություն է ստանալու ռազմական նախապատրաստություններ կատարելու թե՛ ընդդեմ հայերի, թե՛ ռուսների...

Իր այս անհասկանալի թվացող քայլով Ռուսաստանը, թվում է, փոքրացրեց իր իսկ հաղթանակի հնարավորությունը Կովկասյան ռազմաճակատում... Չմոռանանք, որ ռուսական կողմը մի քանի ռազմաճակատով պատերազմներ է մղում (Սիրիական, Ուկրաինական... շուտով նաեւ` Հարավ-Կովկասյան, չի բացառվում նաեւ` Հյուսիս-Կովկասյան, ակնկալվում է նաեւ` Մերձդնեստրյան եւ այլ ռազմաճակատներ...)` հիմնականում` հիբրիդային պատերազմներ... Ռուսները, կարող է թվալ, թե կոպիտ սխալ թույլ տվեցին Կովկասում իրենց հավատարիմ դաշնակիցների` Հայաստանի եւ Արցախի նկատմամբ...

Հայկական արմատական տեսակետից` Ադրբեջանին պետք էր վճռական հարված հասցնել հենց ճգնաժամային պահին, երբ նա բարոյալքված էր եւ, դրանով իսկ անկարող` հետ մղելու հայկական հուժկու վրիժառու հարվածը...

Ուշագրավ է, թե ինչ են հաղորդում արժանահավատ աղբյուրները Բաքվից ...

«Ադրբեջանցիները գնալով ավելի են հասկանում, որ Ալիեւը իր հազարավոր զինվորներին ուղարկում էր հաստատ մահվան, ընդ որում բոլորովին չպատրաստվելով Ղարաբաղի գրավմանը: Զայրացած ադրբեջանցիները իրենց դժգոհությունը արտահայտում են սոցիալական ցանցերում (ի դեպ, դա ի հայտ է գալիս նաեւ սոց. ցանցերում տեղեկատվության վերլուծության արդյունքում): Ադրբեջանցիները վրդովված են այն փաստից, որ այդքան մեծ քանակությամբ զինվորների մահը անիմաստ էր դեռ ի սկզբանե: Եթե, իհարկե, իմաստը չհամարենք այն, որ Ալիեւյան ընտանիքի «Պանամական թղթերի» մասին այժմ քիչ են խոսում: Այս ամենի ըմբռնումը հազարավոր ադրբեջանցիների համար, որոնց ներարկել էին պատերազմի վարման մասին սին երազները, «սառը ցնցուղ» դարձավ, եւ այժմ նրանք անիծում են Ալիեւին, ում սատարումը ժողովրդի մեջ կտրուկ թուլացել է... Բացի այդ, Ալիեւի վարքը կոտրել է հասարակ ադրբեջանցի զինվորների ոգին, որն այնքան փորձում էին բարձրացնել զանազան քարոզչական հնարքներով: Այժմ նրանք հիանալի հասկանում են, որ երբ հրաման են ստանում հարձակման գնալ, իրենց համար արդեն իսկ պատրաստված է Ալիեւի անձնական նպատակների համար ընդամենը մատաղացու գառան, այլ ոչ թե «Ղարաբաղն ազատագրողների» ճակատագիրը...

Իսկ այդ ընթացքում Ադրբեջանում թաքուն հուղարկավորում էին հազարավոր «շահիդներին»` նահատակված ասկյարներին ու սպաներին: Ընդ որում, Ալիեւի հատուկ ծառայությունները խստորեն հսկում են, որ լրագրողները չլուսաբանեն հուղարկավորման արարողությունները:»

Ընդգծում եմ հետեւյալ իրողությունը:

Պետք է նկատի ունենանք, որ ռազմական գիտության կողմից հենց Քառօրյա պատերազմի ժամանակ ասպարեզ է բերվել եւ ռեալ ռազմական պայմաններում օգտագործվել է նոր` մարտի ավանդական դարձած պատկերը փոխելու ընդունակ զինատեսակ:

Եվ այսպես: Ի՞նչ ունենք այժմ:

Հերթական կորսված հնարավորությունը` այն էլ` մեր դաշնակցի մեղքո՞վ...

Բայց միայն մեր դաշնակցի՞, թե՞ նաեւ հենց մե՛ր...

Եզրակացություն եւ առաջարկություններ

Հայաստանի Հանրապետությունը (եւ նրա փաստական մասը կազմող Արցախը), ամենայն հավանականությամբ` վաղ թե ուշ, պետք է անցնեն շվեյցարական-իսրայելական խառը պաշտպանական համակարգին, որի որոշակի տարրերը գոյություն են ունեցել Հայաստանում միջնադարի վերջից մինչեւ նոր ժամանակները` լեռնային մի շարք գավառներում, օրինակ` Սասունում, Զեյթունում, Արցախում եւ այլն: Ավելի մանրամասն` այլ տեղում եւ այլ պայմաններում... Սակայն պետք է նկատի ունենալ, որ նման համակարգի ներդրման համար հարկավոր է ունենալ հզոր ժողովրդավարական կառավարման համակարգ, հայրենասիրական բարձր ոգի` ժողովրդի բոլոր խավերում` վերեւից ներքեւ եւ «սոցիալական հնարավոր արդարություն» ( Գարեգին Նժդեհ )

Վերակառուցել զինված ուժերը` անցնելով 6-րդ սերնդի` բարձրտեխնոլոգիական պատերազմ վարելու ընդունակ բանակի ստեղծմանը.

Ապագան այն ազգերինն է, որոնք զարգացնում են գիտությունը, այդ թվում` ռազմագիտությունը: Իսկ վերջինիս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտակա տասնամյակներում հաղթելու են այն պետությունները, որոնք ունեն ոչ թե մեծաքանակ մարդկային ռեսուրսներ եւ զանգվածաբար ռազմատեխնիկա կիրառող զինված ուժեր, այլ թվապես փոքր, սակայն տեխնոլոգիապես բարձր զարգացած, խիստ ճկուն ու արտակարգ արագաշարժ, կրակային մեծ հզորություն եւ բացառիկ ճշգրտություն ունեցող բանակներ, որոնց դեմ անզոր են լինելու հին մեծազանգված զինված ուժերը, որոնք ընդամենը լավ խոցելի թիրախներ են դառնալու փոքր, սակայն առաջադեմ բանակների համար:

Պետք է ստեղծել Հայաստանի նոր զորատեսակ. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զորքեր կամ «Տեղեկատվական եւ կիբեռանվտանգության» զորքեր: Ի դեպ, նման զորքեր կան Իսրայելում եւ, ըստ որոշ տեղեկությունների, ստեղծել են առնվազն նաեւ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը... Որոշ տվյալների համաձայն` այդ ուղու վրա է նաեւ Թուրքիան... Ի դեպ, վերջինս արդեն ստեղծել է ռազմատիեզերական հրամանատարություն, իր ռազմաօդային ուժերի կազմում... Եվ անցյալ տարի տիեզերք արձակեց թվով չորրորդ թուրքական ռազմահետախուզական արբանյակը, որը թյուրքախոս բոլոր երկրների վրայով թռչելուց եւ նրանց հեռուստա եւ հեռախոսակապ ապահովելուց զատ, լրջորեն զբաղված է իր հավանական հակառակորդների, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի տարածքի, տնտեսության, ենթակառուցվածքների եւ զորքերի հետախուզմամբ... Եվ միայն դրանով չի բավարարվելու... Թուրքիան պատրաստվում է վերածվելու ռազմատիեզերական եւ միջուկային պետության` մինչեւ 2020 թ. ունենալով մոտ 30 ռազմատիեզերական արբանյակ:

Քառօրյա կամ 100-ժամյա պատերազմի կարեւորագույն «դասերից»

Այստեղից, ըստ իս, բխում է հայկական կողմից հակամիջոցների ձեռնարկման եւ սեփական ԱՕԹՍ-ների ու այլ առաջավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում` ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստեղծման եւ զարգացման անհրաժեշտությունը: Նախկինում առիթ ունեցել ենք ասելու, որ հարկավոր է զարկ տալ նորագույն ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը, հայկական հզոր ռազմարդյունաբերության, այդ թվում` այն կառավարող, ուղղորդող եւ գիտական ամենաարդիական նվաճումներով հագեցնող ռազմարդյունաբերության նախարարության ստեղծմանը: «Ազգի» նախորդ համարներում անդրադարձել ենք ռազմական ռոբոտատեխնիկայի ստեղծման ու զարգացման անհրաժեշտությանը: Դրան զուգահեռ` պետք է հզորացնել նաեւ ռազմաօդային ու հակաօդային ուժերը, ձեռնամուխ լինել սեփական օդատիեզերական ուժերի ստեղծման մեծ եւ հեռանկարային գործին: Այդ ամենը ոչ միայն կնպաստի մեր երկրի պաշտպանության հզորացմանը, այլեւ` զարկ կտա հայկական գիտության ու արդյունաբերության զարգացմանը եւ ապագայի նոր հեռանկարներ կստեղծի հայկական տնտեսության, գիտության ու ընդհանրապես` պետականության զարգացման համար... ՀՀ-ն պետք է լինի միջուկային (կա՛) եւ տիեզերական (պիտի դառնա՛) պետություն...

Ընդհանրապես նոր սերնդի պատերազմներին պատրաստ լինելու ուղղությամբ պետք է բարեփոխել առհասարակ ՀՀ պաշտպանական համակարգը` հաշվի առնելով ոչ միայն ռազմական անվտանգության, այլեւ տնտեսական, քաղաքական, գիտական, ժողովրդագրական եւ մյուս բոլոր գործոնները... Միայն այդպես կարող ենք դիմակայել եւ հաղթել քանակապես գերազանցող թշնամական ուժերին...

Նկար 1. Արցախի ՊԲ Տ-72 տանկը

Նկար 2. Իսրայելական Harop ԱՕԹՍ

Նկար 3. Արցախի ՊԲ հրետանին կրակելիս

Նկար 4. Իսրայելական խփված ԱՕԹՍ-ի մնացորդները

Նկար 5. Ադրբեջանական օլիգարխները մարտի են հանել ասկյարներին

Նկար 6. Սգակիր ադրբեջանուհիների հավաքը Բաքվում` Քառօրյա պատերազմից հետո

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ