RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3512, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԹԵ ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ` ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է, ՄԵՐ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐՑԱԽԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մինչ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանում շարունակվում է ճանաչված գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, մինչ մեկը մյուսին հաջորդող դատական նիստերը Արցախ աշխարհի զավակ Հայրապետյանի մեղքն ապացուցող եւ ոչ մի լուրջ առաջընթաց չեն արձանագրում եւ արդարադատության սայլն այդպես էլ տեղից չի շարժվում, այլ ընդհակառակնՙ պահանջվում է նրա նկատմամբ ծանր պատիժՙ 7 տարվա ազատազրկում, ահա հենց այդ նույն օրերին մեր թշնամի հարեւանը Արցախ աշխարհի խաղաղ բնակչության նկատմամբ լայնածավալ պատերազմական գործողություններ հրահրեց, եւ քառօրյա պայքարում հարյուրավոր կորուստներ կրելով` նորից հետ շպրտվեց` գրեթե ամեն օր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այս փաստերը համադրելով` ես որտեղից որտեղ հիշեցի «Ազգ»-ի այս տարվա հունվարի 21-ի համարում տպագրված «Լեւոն Հայրապետյանըՙ կեղծ ու շինծու մեղադրանքների սարդոստայնում» հրապարակումը, որտեղ այսպիսի տողեր կային. «Մեր հայրենակիցը հայտնվել է նեղության մեջՙ կեղծ ու շինծու մեղադրանքների սարդոստայնում: Պատվերն ակնհայտ է: Ցանկանում են խեղճացնել նրան, կասեցնել բարեգործությունները, կիսատ թողնել առավել շեն ու հզոր Արցախ ունենալու նրա մտահղացումները»:

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` նշեմ, որ նախորդ դատական նիստին որպես վկա հրավիրվել էր նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով իր ելույթում բառ անգամ չարտաբերելով դատաքննության բուն հարցի` քրեական գործի վերաբերյալ, քանի որ ոչնչից տեղյակ չէր եւ գտնում էր անհամատեղելի` քրեական գործն ու Լեւոն Հայրապետյանը, ուստի հավուր պատշաճի ու առանձնակի սիրով ներկայացրեց «Պատվո շքանշան»-ի դափնեկիր Լեւոն Հայրապետյան մարդու Աստվածահաճո կերպարը` նշելով, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման եւ որպես երկիր կայացման գործում, ամենատարբեր բնագավառներում համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ` արժանանալով հազարավոր մարդկանց եւ նորաստեղծ ընտանիքների զարմանքի ու հիացման գնահատականներին: Եզրաս սրբազանը շեշտեց, որ Հայրապետյանը հսկայական ներդրումներ է կատարել նաեւ Ռուսաստանում, հատկապես հայկական եկեղեցիների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներում, հիշեցրեց նաեւ, որ Հայրապետյանը Մոսկվայի կենտրոնում վեր խոյացած նոր եկեղեցական համալիրի առաջին խոշոր բարեգործ նվիրաբերողներից է եղել, նույնիսկ ցանկացել է այդ հսկայական բեռը իր ուսերին վերցնել եւ միայնակ կառուցել եկեղեցին, իսկ տարիներ առաջ ամբողջությամբ վերանորոգել եւ բարեկարգել է Մոսկվայի հին հայկական եկեղեցին...

Ավելորդ չեմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ նախորդ դատական նիստերից մեկին էլ Լեւոն Հայրապետյան մարդու եւ կերպարի մասին վկայության տալու էր հրավիրվել Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՌԴ պետական մրցանակների դափնեկիր, բոլորի կողմից սիրված եւ պատկառազդու Մարկ Զախարովը: Նա դատարանի դահլիճում հայտարարեց, որ եթե Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում վայելող իրենց թատրոնն այսօր հերոսաբար գոյատեւում եւ շարունակում է հաղթարշավը, ապա շնորհիվ իր ազնվագույն ընկերոջ ու վաղեմի բարեկամիՙ բարերար Լեւոն Հայրապետյանի, ով հոգով եւ սրտով նվիրված լինելով մեծ արվեստին եւ թատրոնին, հանդիսանալով լայն մտահորիզոնի տեր գիտակ անձնավորություն եւ հազվագյուտ հանդիպող մարդ տեսակի անկրկնելի կերպարՙ անշահախնդիր հովանավորել եւ հիմնովին վերակառուցել ու վերանորոգել է մեկդարյա ավանդույթներ ունեցող «Լենկոմ»-ի շենքը, եւ բացի այդՙ տարբեր հարցերով մշտապես աջակցել է թատրոնին ու դերասաններին, եղել իրենց կողքին:

Իր բնութագրումների եւ գնահատականների մեջ չափազանց զուսպ եւ ժլատ Մարկ Զախարովը նաեւ հավելեց, որ Լեւոն Հայրապետյան բարերարը սիրված անուն է ոչ միայն թատերական աշխարհում, այլեւ գրականության եւ մշակույթի բոլոր ճյուղերում, եւ ինքը տեղյակ է, որ Հայրապետյանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաեւ Ռուսաստանի գրողների միությանը...

Եզրաս սրբազանը եւ Մարկ Զախարովի անչափ բնութագրական եւ հուզական ելույթները համադրելով, մանավանդ` Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո, որից տուժեցին նաեւ հայ խիզախ ու անձնազոհ զինվորներ եւ խաղաղ բնակիչներ, մեծ ցանկություն առաջացավ դատական նիստի ընդմիջման ժամանակ զրուցելու մեղադրյալի աթոռը հանիրավի զբաղեցրած Լեւոն Հայրապետյանի հետ, ում միտքը, ինչպես պարզվեց, ոչ թե իր անորոշ վիճակն է ու իր, այսպես ասած, ճաղավանդակ ապագան, այլ հայրենի Արցախն ու նրա վաղվա օրը: Ավելին, պարզվեց, որ իր այդ կարգավիճակում էլ մեծ հայրենասերը ձեռքերը ծալած չի նստել եւ հեռվից հեռու արդեն հասցրել է օգտակար լինել իր հայրենակիցներին.

- Իմ ճակատագիրն ինձ չի հետաքրքրում,- մեր կարճատեւ զրույցն այսպես սկսեց Լեւոն Հայրապետյանը:- Ես 67 տարեկան եմ, իմ միտքը միայն Ղարաբաղում է, իմ ճակատագիրն առանց Ղարաբաղի ես չեմ պատկերացնում եւ առանց իմ հայրենիքի չեմ ուզում ապրել: Ադրբեջանի ձեռնարկած վայրագ իրադարձություններից անմիջապես հետո ինձ հաջողվեց մի քանի անհետաձգելի կարգադրություններ անել: Ներկայումս Արցախի մի քանի հյուրանոցներում ժամանակավորապես դադարեցվել է հյուրերի ընդունումը, ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում, իմ կողմից նրանց հագուստի եւ սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: Ես համոզված եմ մեկ բանում` Արցախն անպարտելի է, եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը...

Լեւոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը կամաց-կամաց մոտենում է իր եզրագծին, եւ անհայտ է, թե ի վերջո ինչպիսի վճիռ կկայացնի արդարադատությունը իր ողջ կյանքում միայն բարի գործեր կատարած, անգամ իրեն հանիրավի պատուհասած մեծ նեղության պահին, անազատության մեջ, անօգնական վիճակում հայտնված իր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնած այս մեծ մարդու նկատմամբ: Չէ՞ որ նրան առաջադրված մեղադրանքով դատարանը դեռեւս ոչ մի լուրջ ապացույց եւ փաստ չի արձանագրել եւ դատաքննությունից դատաքննություն ավելի ու ավելի է որոշակիանում այն միտքը, որ Լեւոն Հայրապետյանն անմեղ է: Եվ ասես այս ամենի ապացույց եւ գագաթնակետ` վերջերս ռուսական ԶԼՄ-ները ազդարարեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ներում շնորհել առանձնակի ծանր հանցագործությունների համար 2010-ին ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւին, ում մորից, իբրեւ թե 700 հազար դոլար է հափշտակել Հայրապետյանը` որդու պատիժը թեթեւացնելու խոստմամբ: Այս ամենում ամենաարտառոցն այն է, որ Իզմեստեւին ներում շնորհելու խնդրագրի տակ ստորագրել էին բազմաթիվ ճանաչված եւ անվանի մարդիկ, ովքեր մեծ ջանադրությամբ վկայակոչել էին Իգոր Իզմեստեւի` հայրենիքին մատուցած առանձնակի ծառայությունների համար ստացած ծանրակշիռ պարգեւները, այդ թվում նաեւ` ՌԴ նախագահի կողմից տրված անվանական պարգեւը:

Դե ինչ, մեզ մնում է դարձյալ զինվել համբերությամբ եւ սպասել դատաքննության ավարտին, որը տեղի կունենա մի քանի օրից, Լեւոն Հայրապետյան մարդու եւ բարերարի անունն իրավամբ սիրո, հարգանքի, երախտագիտության ու հպարտության զգացումներով է լցնում Հայաստանում եւ Արցախ աշխարհում բնակվող մեր հազարավոր հայրենակիցների հոգիները (ինչպես համոզվեցիք` նրան սիրում եւ մեծարում են նաեւ Ռուսաստանում): Նեղության պահերին նա շատ բան է տվել հայությանը (անգամ հենց իր այս նեղ վիճակում) եւ դեռ էլի ունի տալու, եթե նրա գլխավերեւում կուտակված սեւ ու չարագուշակ ամպերը չխանգարեն, եթե արդարադատությունն, ի վերջո, ճշմարիտ եւ խղճի մտոք որոշում կայացնի եւ անասելի նեղության մեջ հայտնված այս մարդը Աստծո նախախնամությամբ մոտ առաջիկայում շնչի ազատության օդը...

Մոսկվա, 12.04.16

Վերջին ժամ

Երեկ կայացավ դատական եզրափակիչ նիստը. մեր հայրենակիցը` հերոս արցախցին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Ռուսական դատարանը կատարեց ադրբեջանական պարգեւավոր պատվերը: Պետք է դիմել վերաքննիչ ատյաններին եւ առիթ տալ ռուսական արդարադատությանը ինքնասրբագրումի: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ