RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ԲՆԱՊԱՀՊԱՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3518, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՓՐԿԵԼ ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին պայքարում է մեր ժամանակների ամենախոշոր բնապահպանական աղետներից մեկի վերացմանՙ Արալյան ծովի վերականգնման համար: Եվ դա այն պարագայում, երբ երկիրը գործնականում չունի ջրի սեփական աղբյուրներ եւ ամբողջովին կախված է միջսահմանային գետերից:


Արալյան ծովի չորացման հիմնախնդիրը երկրի բնապահպանների առջեւ կանգնած է նույնքան սրությամբ, որքան Ամազոնիայի անտառահատման հիմնախնդիրը: Վերջին երեսուն տարում Արալը փոքրացել է մինչեւ իր նախկին չափերի միայն տասը տոկոսը: Չորացած հատակից աղը տարածվում է ոչ միայն ամբողջ տարածաշրջանով, այլեւ ամբողջ մոլորակովՙ ներառյալ Անտարկտիդան եւ Հյուսիսային Բեւեռը եւ մեծապես ազդում է հավերժական սառույցների հալոցքի վրա:

Կենտրոնական Ասիայի պետությունները, որտեղ գտնվում է Արալը, վերջին տարիներին փորձում են պայքարել այդ հիմնախնդրի դեմ: 1993թ. նույնիսկ ստեղծվեց Արալի փրկության միջազգային հիմնադրամը (ԱՓՄՀ), որին միացան միջազգային հաստատությունները, այդ թվումՙ ֆինանսական աջակցությամբ:

Ընդհանուր հաշվարկով, ծովի փրկության նպատակին այս տարիների ընթացքում ուղղվել է տասը միլիարդ դոլարի կարգի գումար: Սակայն, ԱՓՄՀ անդամ պետությունները տարբեր կերպ են տնօրինել իրենց գումարները: Այսօր փաստացի միայն մեկ երկիրՙ Ղազախստանն է առավելագույն ջանքեր գործադրում այդ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ: Այսօր Արալը, փաստորեն, բաժանված է երկու մասիՙ Մեծ (Հարավային) եւ Փոքր (Հյուսիսային): Առաջինը գտնվում է Ուզբեկստանի տարածքում եւ սնվում է տարածաշրջանի խոշորագույն գետերից մեկիՙ Ամուդարիայի ջրերով, երկրորդըՙ Ղազախստանի տարածքում եւ սնվում է մյուս խոշորագույն գետիՙ Սիրդարիայի ջրերով: Այս վերջինը հոսում է, այդ թվում, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Տաջիկստանի տարածքով: Նրա ջրերը ակտիվորեն օգտագործվում են գյուղատնտեսության համար: Փաստորեն, հենց ոռոգվող հողագործությունն է դարձել Արալի ջրազրկման հիմնական պատճառը:

1990-ական թթ. սկզբինՙ այսինքն ԱՓՄՀ գործունեության հենց սկզբից, Ղազախստանը իր ջանքերն ուղղեց ծովի իր մասի փրկությանը: Կառուցվեց հողե պատվար, որպեսզի արգելվի ջրի ետ հոսքը դեպի հարավ, որտեղ նա անիմաստ կկորչեր չորանալու հետեւանքով: Չնայած այն բանին, որ 1999թ. ապրիլին տեղի ունեցած աղետալի ճեղքման արդյունքում այդ պատվարն ավերվեց, ձեռնարկված փորձը ցույց տվեց, որ սկզբունքորեն կարելի է բարձրացնել ջրի մակարդակը եւ փոքրացնել նրա աղակալածության տոկոսը: Երկու տարի անց նախագծին միացավ Համաշխարհային բանկը, 85 մլն դոլար հատկացնելով Կոկարալյան պատվարի շինարարությանը: Այդ նախագծի իրականացումն ավարտվեց 2005թ. վերջին: 13 կմ երկարությամբ եւ 6 մետր բարձրությամբ ամբարտակը ներառում է բետոնե պատվարը հիդրոտեխնիկական հանգույցով, որը կարգավորում է ջրի հոսքը ծովի Հյուսիսային մասից դեպի Հարավայինը: Այսպիսով, փաստորեն, Ղազախստանը վերածվեց Հյուսիսային Արալը մի պարփակված լճի, որտեղ ջուրը հավաքվում էր սեփական աղբյուրներից: Արդյունքում միայն մեկ տարվա ընթացքում Փոքր Արալում ջրի մակարդակը 40 մետրից բարձրացավ մինչեւ 42 մետր համաշխարհային օվկիանոսի մակարդակից: Ջրի մակերեւույթն ավելացավ 18 տոկոսով, իսկ ջրի աղակալվածությունը, սկսելով 20 գր/լ-ից, մշտապես իջավ եւ այսօր կազմում է ավելի քիչ, քան 10 գր/լ: Մինչեւ ջրազրկումը ծովի աղակալվածությունը չէր գերազանցում 3 գր/լ-ը: Ջրի վերադարձով սկսեց վերականգնվել նաեւ հարակից տարածքների բնակչության կյանքը: Վերականգնվեց ձկնորսությունը: Էականորեն բարելավվեց հարակից շրջանների բնապահպանական վիճակը: Բայց սա միայն Ղազախստանում:

Ամուդարիայի ջրերի հոսքը դեպի Մեծ Արալ շարունակում է նվազել: Այսօր դաշտերի ոռոգման համար ծախսվում է գետի ջրերի 92 տոկոսը: Այսինքն մինչեւ Մեծ (Հարավային) Արալ ջուրը գործնականում չի հասնում: Եվ այն լցվում է բացարձակապես ջրի ոչ մեծ արտանետումների հաշվին Հյուսիսային, ղազախստանյան ծովի մասից: Ավելին, ի տարբերություն Ղազախստանի, որն ակտիվորեն աշխատում է գյուղատնտեսության մեջ կաթիլային ոռոգման ակտիվ ներդրման եւ այլ ջուր խնայող տեխնոլոգիաների ուղղությամբ, ո՛չ Ուզբեկստանը, ո՛չ Թուրքմենստանը, ո՛չ Տաջիկստանն այս ուղղությամբ քայլեր չեն անում: Կարելի էր մեծապես կատարելագործել գոյություն ունեցող ոռոգման ջրանցնքերը: Դրանցից ոմանք իրենցից ներկայացնում են պարզ խրամատներ, որոնց պատերից ներծծվում եւ ավազի մեջ է անցնում ահռելի քանակությամբ ջուր: Ոռոգման ամբողջ համակարգի արդիականացումը կօգներ ամեն տարի խնայել 12 խորանարդ կիլոմետր ջուր: Սակայն դա թանկարժեք նախագիծ է: Այն արժե մոտ 16 մլրդ դոլար: Այսպիսի գումարներ երկրները, որոնց տնտեսություններին նույնպես լրջորեն հարվածեց համաշխարհային ճգնաժամը, ուղղակի չունեն: Բացի դրանից, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը շարունակում են մեծացնել գյուղատնտեսական մշակովի հողատարածքների ծավալները, որտեղ աճեցվում է խոնավասեր բամբակ եւ որը արտահանվում է: Սա նույնպես բացասաբար է անդրադառնում գետում ջրի մակարդակի վրա:

Այս ամենի համապատկերում մի քանի տարի առաջ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հանդես գալով Արալի Փրկության միջազգային հիմնադրամի հիմնադիր պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, հայտարարեց այն մասին, որ Արալյան ծովը փրկել «գործնականում հազիվ թե հնարավոր է»: Նա առաջարկեց ուղղել Հիմնադրամի եւ միջազգային դոնորների գումարները ոչ թե ծովի փրկությանը, այլ «Արալի չորացման հետեւանքների հաղթահարմանը»: Այսինքն, առաջարկեց բուժել ոչ թե հիվանդությունը, այլ նրա ախտանշանները: Առաջարկություններից մեկն էր ստեղծել փոքրիկ լճեր ջրի մնացած մասից եւ զանգվածաբար ծառեր տնկել Արալի չորացած հատակում: Նաեւ խմելու ջրով ապահովել տեղական բնակչությունը եւ կոմունալ եւ բուժական հաստատությունները կարգավորել ջրի ախտահանման սարքերի տեղադրումով, ջրհան սարքավորումները քլորատորային սարքերով վերազինելով եւ այլն:

Ավելին, անցյալ տարի Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել է մոտակա չորս տարում 4,3 մլրդ դոլար հատկացնելու մասին, Արալյան ծովի աղետի հետեւանքները մեղմելու նպատակով, ինչպես նաեւ Մերձարալյան ուզբեկական մասի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Այդ նույն ժամանակ, ծովի ղազախստանյան մասը այսօր ակտիվորեն լցվում է: Դրան նպաստում է Ղազախստանի կողմից իրականացվող նախագծերի շարքը: Այդ թվում նաեւ Սիրդարիա գետի հունի մաքրումը: Փորձագետների կանխատեսմամբ, եթե նույնիսկ պահպանվի Արալ մտնող ջրի ընթացիկ ծավալը, Արալյան ծովի հյուսիսային հատվածը կարող է ամբողջովին վերականգնվել մոտակա 10-15 տարիների ընթացքում: Ծովը լցնելուն զուգահեռ Ղազախստանն աշխատանքներ է տանում Սիրդարիայի ստորին հոսքի շրջանում լճային համակարգերի վերականգնման ուղղությամբ: Դա նույնպես նպաստելու է աղբյուրների եւ գրունտային ջրերի հոսքին դեպի ծով:

Թերեւս, ծովի Հյուսիսային հատվածի ամբողջական վերակենդանացման համար պահանջվում է ոչ միայն ջրի մուտք, այլեւ Կոկրալյան պատվարի ընդլայնում: Սա պետք է, որպեսզի մեծացվի Հյուսիսային Արալյան ծովի ակումուլացնող զանգվածը եւ թույլ չտրվի ջրի ծավալների կորուստի աճ Հարավային մաս հոսելու արդյունքում: Ջանքեր գործադրել վերականգնելու համար այդ Հարավային մասը, ինչպես արդեն ասվեց, Տաշկենտը, Աշգաբադը եւ Դուշամբեն մտադիր չեն:

Արալյան ծովի Հյուսիսային մասի վերականգնման ծրագրի իրագործման համար (Փոքր Արալ) Ղազախստանին անհրաժեշտ է համաշխարհային ֆինանսական դոնորների օգնությունըՙ առաջին հերթին Համաշխարհային բանկինը, ամբարտակի վերնամասի համար: Փոքր Արալի էկոհամակարգի վերակենդանացումը Ղազախստանի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների ջանքերի շնորհիվ ոչ միայն կմինիմիզացնի էկոլոգիական աղետի հետեւանքները, այլեւ ապագայում թույլ կտա օգտագործել կուտակված ռեսուրսները եւ փորձըՙ ամբողջ տարածաշրջանի ջրային համակարգի վերականգնման համար: Եթե իհարկե Կենտրոնական Ասիայի պետությունները նույնպես ջանքեր ներդնեն Արալը փրկելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ