RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3514, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ...

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության մասնագետ

Սրանից դեռ 10 տարի առաջ, երբ Արցախի թեմայի շուրջ քննարկման ժամանակ ասացի, որ Ադրբեջանը մեր թշնամին է եւ այդ հարեւանի հետ պետք է բանակցել միայն կալաշնիկով ավտոմատը ուսներիցս կախած, ապա դա առաջացրեց իմ մի քանի լրագրող ընկերների դժգոհությունը, որոնք չգիտես ինչու համոզված էին, որ դրանց հետ կլինի՛ լեզու գտնել: Հետագայում արդեն իմ գիտական հետազոտությունների ընթացքում այդ պետությունը եւ դրա հիմնական ռազմավարական ռեսուրսը հանդիսացող նավթը դարձան իմ գիտական ուսումնասիրությունների հիմնական թեման:


Նման մոտեցումը մեր թշնամուն եւ դրա ռազմավարական հնարավորությունների ուսումնասիրությանը ինձ սովորացրել էր իմ համալսարանական ընկերը, Արցախյան պատերազմի հերոս Վարդան Բախշյանը, ով թուրքերեն լեզու ուսումնասիրելու իր ցանկությունը բացատրում էր հենց դրանովՙ թշնամու լեզուն պետք է լավ իմանալ նրան ոչնչացնելու համար: Եվ նա դա ասում էր դեռ մինչեւ արցախյան պատերազմի սկիզբը:

Վարդանին հիշեցի, քանի որ վերջինս ոչ միայն ազտամարտիկ էր, այլեւ փայլուն գիտնական, ով դեռ այն ժամանակ հասկանում էր գիտական ուսումնասիրության անհրաժեշտությունը թշնամուն լավ հասկանալու համար: Եվ այս օրերին առավել քան երբեւ մեզ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի գիտական ուսումնասիրություն, թշնամուն հասկանալու, նրա ուժեղ ու թույլ կողմերը` ռազմավարական կարողությունները ճիշտ գնահատելու ու դրանք ոչնչացնելու ռազմավարության մշակման համար:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նավթային պետություն է, որտեղ ստեղծվել է կառավարման մի համակարգ, որը արեւմտյան գիտական շրջանակներում սովորաբար կոչում են Ռենտային պետություն: Այսինքն պետություն, որի գոյատեւումը հիմնականում պայմանավորված է իր հումքային ռեսուրսներով եւ այդ ռեսուրսները անդրազգային նավթային ընկերություններին վարձակալության հանձնելով:

Այդ տիպի պետությունները կարող են գոյատեւել միայն այս` Ռենտային կոչվող բանաձեւով, իսկ այս ձեւաչափի փոփոխությունը կարող է ճակատագրական դառնալ այդ տիպի պետությունների համարՙ հանգեցնելով խորքային ու երկարատեւ ճգնաժամի, ընդհուպ դրանց կործանումը: Հետեւաբար կարեւոր է հասկանալ այդ պետության կառուցվածքը, դրա խորքային կախվածությունը էներգետիկ համակարգից եւ դրանց տիրապետող անդրազգային նավթային ընկերությունների շահերը նմանատիպ պետություններում ու դրանց վարքագիծը:

Նմանատիպ պետությունները, կարելի է ասել, ունեն զարգացման երկու ցիկլ նավթի բարձր եւ ցածր գների պայմաններում: Պարադոքսալ է, սակայն խնդիրները, որոնք հետագայում նմանատիպ պետությունների թուլացման ու որոշ դեպքերում կործանման պատճառ են դառնում, սկիզբ են դրվում հենց նավթի բարձր գների պայմաններում: Նավթի բարձր գները գերեկամուտներ են ապահովում դասական ռենտային պետություններին, ինչը սակայն երկակի ազդեցություն է թողնում նմանատիպ պետությունների ներքին եւ արտաքին անվտանգային դինամիկայի վրա:

Նախ ներքին խնդիրների մասին. նավթի խոշոր արդյունաբերություն ունեցող պետությունները գերեկամուտների շրջանում բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումը շատ դեպքերում հանգեցնում է այդ տիպի պետությունների թուլացմանը: Խնդիրը նրանում է , որ նավթարդյունաբերությունը լինելով գերֆինանսատար, միաժամանակ աշխատատար չէ: Այսինքն տասնյակ միլարդների ֆինանսական ներդրումներ ապահովող տնտեսական ոլորտը միաժամանակ չի ապահովում աշխատատեղերով: Այսպեսՙ Ադրբեջանի ՀՆԱ-ում նավթի ու գազի ոլորտը կազմում է տնտեսության 51%, սակայն այն աշխատանքով է ապահովում այդ պետության բնակչության միայն 2%-ին:

Հաջորդ խնդրին, որին բախվում են նմանատիպ պետությունները բարձր նավթի գների պայամներում, դա այսպես կոչված Հոլանդական հիվանդությունն է, որով վարակվում են նմանատիպ տնտեսությունները: Նավթի գերեկամուտները եւ արտարժույթի ներհոսքը հանգեցնում է տեղական արժույթի գերարժեվորմանը, ինչը այդ պետություններում նավթից բացի մնացած այլ արտադրությունները դարձնում է ոչ մրցունակ եւ ոչ եկամտաբեր: Այսինքն, նավթի գնի բարձրացումը եւ ֆինանսական մեծ հոսքերը հանգեցնում են ոչ նավթային սեկտորի ոչնչացմանը եւ որպես կանոն աշխատատեղերի զանգվածային կրճատմանը:

Այս խնդրի կարգավորման եւ աշխատատեղեր ստեղծելու համար նման պետությունները գնում են այդ հարցի լուծման ամենահեշտ ճանապարհովՙ սկսում են ներդրումներ կատարել շինարարության եւ ծառայությունների ոլորտներում, որոնք էլ ապահովում են մեծ թվով աշխատատեղեր, այսինքն մի բնագավառ, որտեղ բարձր որակավորման մասնագետներ չեն պահանջվում:

Սակայն «դրախտային» թվացող այս իրավիճակը ավարտվում է, երբ նավթի գները անկում են ապրում, ինչը հանգեցնում է նաեւ այդ շինարարական բումի ավարտինՙ նորից հարյուր հազարավոր մարդկանց թողնելով առանց աշխատանքի: Սա էլ իր հերթին սոցիալական լարվածություն է ստեղծում, սպառնալով գործող քաղաքական ռեժիմներին: Սա մի ուղի է, որով կարելի է ասելՙ անցել են դասական ռենտային բոլոր պետությունները եւ ինչը կա՛մ հանգեցնում է քաղաքացիական բախումների, կա՛մ ստեղծված լարվածությունը նվազեցնելու համար նման ռեժիմները փորձում են կազմակերպել կարճատեւ «հաղթական» պատերազմներ, որ բնակչությանը շեղեն առկա սոցիալական խնդիրներից:

Ներքին խնդիրներից զատ ի հայտ են գալիս արտաքին պրոբլեմներ, երբ նավթի ցածր գները հանգեցնում են արտաքին անվտանգային միջավայրի կտրուկ փոփոխության, ինչը արդեն պայմանավորված է այդ պետությունների նշանակության վերագնահատման խնդիրների հետ: Բանն այն է, որ դասական ռենտային պետությունների արժեքը որոշվում է նավթի եւ գազի ապացուցված պաշարներով, երբ այդ պաշարները բարձր ենՙ ապա այդ պետությունները արժեքավոր են, երբ այդ ռեսուրսները սկսում են նվազելՙ ապա վերագնահատման է ենթարկվում նաեւ այդ պետությունների միջազգային նշանակությունը:

Խնդիրը նրանումն է, որ «ապացուցված պաշարներ» հասկացությունը դա բանաձեւ է, որի հիմքում դրված է պետությունների ընդերքոմ առկա պաշարների հաշվարկման հատուկ մեխանիզմ, որը փոփոխվում է համաշխարհային շուկայում նավթի գների փոփոխման հետ միասին: Այսինքն նավթի բարձր գների պարագայում այդ պաշարները, ըստ այդ բանաձեւի հաշվարկի, գնահատվում են մեծ, իսկ ցածր գների պայմաններում այդ պաշարները վերագնահատվում են եւ որպես կանոն նվազում:

Նավթի պաշարների հաշվարկն էլ որոշում է նավթով հարուստ պետությունների իրական արժեքը: Այսինքն, երբ նավթի գները սկսում են ընկնել, նվազում են նաեւ նավթի «ապացուցված պաշարները», սա էլ իր հերթին իջեցնում է այդ պետությունների արժեքը համաշխարհային նավթի շուկայում, նվազեցնելով նաեւ դրանց կարեւորությունը նույն այդ շուկայի համար: Նավթային պետությունների նշանակության անկումը միջազգային ասպարեզում հանգեցնում է նաեւ դրանց անվտանգային դինամիկայի նվազմանը եւ այդ պետությունները կորցնում են իրենց նախկին կարեւորությունը թե՛ սպառող մեծ տերությունների, թե՛ անդրազգային ընկերությունների համար:

Նմանատիպ իրավիճակ մենք այսօր տեսնում ենք Մերձավոր Արեւելքում, երբ նավթի գնի անկումը հանգեցնում է այդ պետությունների կարեւորության նվազմանը եւ որպես հետեւանք դրանց անվտանգային դինամիկայի նվազմանըՙ հանգեցնելով պատերազմների եւ ռազմական բախումների:

Նույնը կատարվում է նաեւ այսօր մեր տարածաշրջանում, երբ վերջինիս կարեւորությունը, որպես էներգակիրների տարանցման կարեւորագույն ուղու, նվազել էՙ հանգեցնելով այս տարածաշրջանում եւս անվտանգային դինամիկայի նվազմանը: Սա առաջին հերթին ազդում է հենց Ադրբեջանի վրա, երբ վերջինս նավթային պաշարների հաշվին իր կարեւորության ռեսուրսը սպառել է, ինչը հանգեցրել է նրան, որ նավթային շատ գերհսկա ընկերություններ, օրինակՙ Ստատօյլը կամ Տոտալը, արդեն իսկ հեռացել են այդ պետությունիցՙ վաճառելով իրենց ակտիվները:

Այս հեռացումները ռենտային պետությունների տնտեսական ու քաղաքական ձախողման կարեւոր ցուցիչ են, ինչը իր հերթին նմանատիպ պետություններին դարձնում է դժվար կանխատեսելի եւ ագրեսիվ:

Այսինքն Ադրբեջանի համար առկա է անվտանգության թե՛ արտաքին, թե՛ ներքին բաղկացուցիչների էական նազում, ինչն էլ հանգեցրեց այն ագրեսիային, որին մենք ականատեսն եղանք ապրիլի առաջին օրերին:

Ռենտային պետություններին հատուկ է եւս մի երեւույթ. դա ավտորիտար քաղաքական համակարգերի ձեւավորումն է: Որպես կանոն, այդ ռեժիմների թիկունքում կանգնած են լինում անդրազգային այն ընկերությունները, որոնք էլ այդ պետության հումքային ռեսուրսների հիմնական շահագործողն են: Ադրբեջանի պարագայում դա Բրիթիշ Պետրոլիում ընկերությունն է, որը վերահսկում է այդ պետության նավթի եւ գազի արդյունահանման եւ արտահանման հիմնական ընկերությունները եւ խողովակաշարերը: Նման վերահսկումն էլ ապահովում է Ալիեւյան ռեժիմի թե՛ բարեկեցությունը, թե՛ երկարակեցությունը:

Ռենտային պետություններում կառուցվածքային նմանատիպ համակարգը, երբ գործող ռեժիմը կախվածություն ունի իր ռեսուրսները վերահսկող անդրազգային ընկերություններից, բայց ոչ իր բնակիչներից, թելադրում է գործողությունների մի վարքագիծ, որը կախված նավթի գնափոփոխությունիցՙ նույնպես փոխվում է:

Այսինքն այն, ինչը դասական պետությունների համար անընդունելի, օրինակՙ սեփական զինվորների մահը խաղաղ պայմաններում կամ սահմանային բախումների ժամանակ, ռենտային պետություններում գործող ռեժիմների համար դառնում է ընդունելի, քանի որ այն նպաստում է գործող ռեժիմների պահպանմանը: Քաղաքագիտության մեջ դա կոչվում է գործող ռեժիմների եւ պետության շահերի հակասություն, այսինքնՙ երբ ռեժիմը իր իշխանության պահպանման համար վտանգում է պետության շահը:

Այսինքն այն, ինչին մենք ականատեսը եղանք ապրիլյան այս օրերին, դասական ռենտային պետության վարքագիծ է, որը հատուկ է այդ տիպի պետություններին նավթի ցածր գների պայմաններում: Այս իրավիճակում հակառակ կողմի համար ամենաընդունելի տարբերակն է այնպիսի հարված հասցնել այդ պետությանը, որն առաջին հերթին կվնասի գործող ռեժիմի ու նրա հովանավորի շահերը:

Ադրբեջանի պարագայում դա Ալիեւյան ռեժիմն է ու նրա հովանավոր Բրիտիշ Փետրոլիում ընկերությունը, որը ինչպես նշեցիՙ վերահսկում է այդ պետության նավթագազային ողջ սեկտորը եւ նրան են պատկանում նավթի ու գազի առաքման հիմնական ուղիները: Ալիեւյան համակարգը գոյատեւում է այս ընկերության հետ խորքային համագործակցության արդյունքում: Բրիտիշ Փետրոլիումի հեռացումը այդ պետությունից կնշանակի նաեւ Ալիեւյան ռեժիմի թուլացում, իսկ դա հնարավոր է, եթե ԲՓ վտանգ զգա իր ներդրումների համար այդ պետության տարածքում:

Արդեն առիթ ունեցել եմ գրելու, բայց մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնելՙ հարվածը Ադրբեջանի էներգետիկ համակարգին ու հատկապես նրա խողովակաշարային հանգույցներին ավելի վտանգավոր է Ալիեւյան ռեժիմի համար, քան իր հազարավոր զինվորների մահը սահմանին:

Վերջին դեպքում մենք նույնիսկ տեսնում ենք հակառակ էֆեկտը, երբ իր իսկ զինվորների ոչնչացումը հայկական ուժերի կողմիցՙ նույնիսկ նպաստում է ալիեւյան կլանի ուժեղացմանը: Այլ կլինի արդյունքը, եթե նման դեպքերում իսկույն թիրախավորվեն եւ խոցվեն նաեւ Արցախից ոչ շատ հեռու անցնող նավթագազային խողովակաշարերը. սա լուրջ լարվածություն կստեղծի ԲՓ-ի եւ Ալիեւի ռեժիմի միջեւ, քանի որ վերջինս է այդ ներդրումների երաշխավորը, այլ ոչ թէ Արցախը կամ ՀՀ-ն:

Բացի դրանից, ռազմական գործողությունների ծավալման դեպքում միջազգային օրենքները չեն արգելում հարվածը նմանատիպ թիրախներին, ռազմական լեզվով ասածՙ դրանք կոչվում են «օրինական նշանակետեր»:

Հ.Գ.- Հասկանալի է, որ վերը շարադրածը ընդամենը փորձ է թերթային նեղ հնարավորությունների սահմաններում տալ հնարավոր զարգացումների համառոտ սցենարային վերլուծությունը: Սակայն իրականում նմանատիպ աշխատանքները պետք է կատարվեն համակարգված, ռազմավարական ու ռազմական հետազոտություններով զբաղվող ինստիտուտների կողմից եւ այդ հետազոտությունների պահանջարկը պետք է ներկայացնեն տարբեր պետական գերատեսչությունները, ինչը սակայն, ցավոք, չի կատարվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ