RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2016-04-22 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3298, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ԵԱՀԿ-նՙ առանց նոր առաջարկների

Ուշագրավ է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, որն արվեց ԼՂՀ-ում խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության ժամանակ: Նա ասաց, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամեն գնով» եւ որ «յուրաքանչյուր սպանված ասկյարի դիմաց կոչնչացվի 100 հայ օկուպանտ» :

Ադրբեջան-Հայաստան բանակցությունները առաջվա պես վերահսկում է Մինսկի խումբը, որին երկուշաբթի օրը վստահություն հայտնեց ՄԱԿ-ը: Կողմերի շփումները վերսկսելու նպատակով համանախագահներն օրերս այցելեցին տարածաշրջան: Դատելով արված հայտարարություններից, միջնորդները նոր առաջարկություններ չունեն: Իրավիճակի վրա ազդելու նոր լծակներ նույնպես չունեն: Հայաստանի հասարակայնությանը հիասթափեցրեց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությունը, թե խումբը «լիազորված չէ հետաքննելու, թե ով է պատասխանատու տեղի ունեցածի համար» : Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիկը էլ ավելի անորոշ ձեւով ասաց. «Մենք խիստ մտահոգված եւ անհանգստացած ենք իրավախախտումների բոլոր դեպքերից եւ համացանցում ներկայացված դեպքերից» : Միակ նորությունը Պոպովի հաղորդումն էր ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Բայց տվյալ հարցի լուծման համար հարկավոր է Ադրբեջանի համաձայնությունը:

«Ազգը» ապրիլի 8-ի համարում գրեց, որ Մոսկվան իբր ունի հակամարտության լուծման ծրագիր, որը դեռ չի հրապարակել: Նույն օրը համանման տեղեկություն հրապարակեց մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթըՙ նշելով, որ Մոսկվան չի պարզաբանում կարգավորման նրբերանգները: Լեռնային Ղարաբաղին նվիրված նոր բանակցությունների առնչությամբ թերթը գրում է, որ հակամարտ կողմերից Ադրբեջանը, անկասկած, ակնկալում է ինչ-որ տեղաշարժ իր տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: ԼՂՀ-ն առաջընթաց է ակնկալում ինքնիշխանության ճանաչման հարցում: Այսինքնՙ ակնկալիքներն իրարամերժ են, ինչպես եղել էին քառօրյա պատերազմից առաջ: Ադրբեջանցի փորձագետների շրջանում գերիշխում է այն կարծիքը, թե Մոսկվան պետք է Հայաստանին համոզի տարածքային զիջումներ անել:

ՌԴ Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը իրադրությունը մեկնաբանելիս «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է. «Ռազմաքաղաքական ծավալուն իրադարձությունների վերլուծության ժամանակ պատմական զուգահեռները սովորաբար վնասակար են եւ մակերեսային: Սակայն հենց դրանք են օգնում ստեղծելու արդի քաղաքական իրողությունը բացատրող տրամաբանական կառույցներ» : Ղարաբաղյան քառօրյա պատերազմը որոշ նմանություն ունի 1973 թ. արաբ-իսրայելական «Վերջին դատաստանի պատերազմի» հետ, որին հաջորդեց Քեմպ-Դեւիդի իսրայելա-եգիպտական համաձայնագիրը: Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությանը: Մինասյանը չի բացառում մի նոր «Քեմպ-Դեւիդի» հնարավորությունը Նովո-Օգարոյովոյի պայմաններում: Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը ի զորու է թույլ չտալ իրավիճակի վատթարացում: Եվ դա բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ Հայաստանից բացի Ադրբեջանին եւս սեփական աշխարհաքաղաքական ծիրի մեջ ներքաշելու նախկին գիծը կարող է հանգեցնել այն բանին, որ Ադրբեջանը չի դառնա ռազմավարական դաշնակից, իսկ նման դաշնակից Հայաստանին Մոսկվան մի օր կկորցնի:

Ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմի պատճառների առնչությամբ կան տարբեր վարկածներ: Դրանցից մեկի համաձայն, հարձակվելու որոշումն ընդունել է հենց Իլհամ Ալիեւը, որպեսզի սեփական ժողովրդի ուշադրությունը շեղի նավթի էժանացման պայմաններում «համակարգային ճգնաժամի առաջացրած տնտեսական դժվարություններից»: Սակայն «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Յուրի Ռոքսը կարծում է, որ Սիրիայի պատճառով Մոսկվայի դեմ հարձակումներ սկսած Վաշինգտոնի մատը խառն է տվյալ որոշմանը: ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված Stratfor ամերիկյան փորձագիտական գործակալությունը դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված զեկույց, որտեղ պնդում էր, թե «մոտակա ամիսներին» տարածաշրջանում իրադրությունը կարող է կտրուկ փոխվել:

Ընդսմին ամերիկացի փորձագետները պնդում էին, թե Մոսկվան փորձում է Բաքվին համոզել, որ անհրաժեշտ է ռուսաստանցի խաղաղարարներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ (եւ Մերձդնեստրի նման վերահսկողության տակ առնել տարածաշրջանը): Ամերիկացի խորհրդականները պնդում էին, որ այդ ծավալմանը դիմակայելու եւ միաժամանակ Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու միակ հնարավորությունը ԼՂՀ բանակի ստորաբաժանումների դուրսմղումն է ռազմավարական կարեւոր բարձունքներից:

Ադրբեջանը հենց դա էր փորձում անել ապրիլի սկզբին (եւ էլի կփորձի): ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտը պատրաստ է բանակցությունների, եւ որ «հակառակորդը առավելության չի հասել, եւ ռազմաքաղաքական զուգակշռությունը չի խախտվել» :

Բաքվի սանձազերծած պատերազմը անարդյունք է, եւ հիմա Ադրբեջանի համար էլ ավելի դժվար կլինի խոսել Երեւանի եւ Ստեփանակերտի հետ, կարծում է Յուրի Ռոքսը: Թուլացան նաեւ Մոսկվայի դիրքերը, որը երկար ժամանակ խուսավարում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ի դեպ, զենք եւ մարտական տեխնիկա մատակարարելով երկու հակամարտ կողմերին: Իսկ ահա Վաշինգտոնը շահող դուրս եկավ խաղից, Մոսկվայի համար, Ուկրաինայից ու Դոնբասից բացի, եւս մեկ գլխացավանք ստեղծելով նրա ռազմավարական շահերի գոտում:

Մոսկվան մանեւրելու մեծ հնարավորություն չունի: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանըՙ հին գործընկեր, որի հետ հարաբերությունները Իլհամ Ալիեւի օրոք հասել են բավական բարձր մակարդակի: Սակայն փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում նոր զինված հակամարտությունը ծագեց հենց այն պահին, երբ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները հասել էին իրենց բարձրակետին: Նման զուգադիպությունը դժվար թե պատահական լինի: Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւի կարծիքով Բաքուն թերեւս համապատասխան ազդանշան է ստացել Վաշինգտոնից: Նման նախադեպեր արդեն եղել են: Օրինակ, Հարավային Օսիայի պատերազմից առաջ Սաակաշվիլին հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Թե ապրիլի սկզբին Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում ինչի մասին է խոսել ամերիկացիների հետՙ դիվանագիտական գաղտնիք է: Եվ քանի որ Ալիեւը Սաակաշվիլու համեմատությամբ ավելի պատասխանատու քաղաքական գործիչ է, ապրիլյան պատերազմի սանձազերծման հետ կապված հարցերը եւս ավելի շատ են: Որոշ փորձագետներ, օրինակ, չեն բացառում, որ ԼՂՀ-ի հետ զինված հակամարտությունը Սիրիայի պատերազմը Կովկաս տեղափոխելու փորձ լինի: Եթե դա հաջողվեր, ապա Մոսկվան հաստատ չէր կարողանա մտածել Բաշար Ասադին օգնելու մասին:

Եվս մեկ կարեւոր հարց է Թուրքիայի ղեկավարության մասնակցությունը ԼՂՀ-ի դեպքերին. Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդարովը վստահ է, որ զինված հակամարտության պատվիրատուն Թուրքիան է: Նա հիշեցնում է, որ նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջան մի շարք այցելություններ կատարեցին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իսկ նախագահ Էրդողանը մեկ-երկու անգամ փորձեց այցելել: «Հետո Ալիեւը թռավ Անկարա: Եվ նրան ուղղակիորեն ասացինՙ թող սկսի մարտական գործողություններ, իրենք կօգնեն» , ասում է Բաղդասարովը:

Նույն տեսակետն է արտահայտում ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը , հիշեցնելով Ալիեւի այցի ժամանակ Ղարաբաղի ազատագրման եւ եղբայրության վերաբերյալ թուրքական կողմի արած պանթյուրքական հայտարարությունները: Այդ ամենը վկայում է, որ Թուրքիան շահագրգիռ կողմ է:

Ադրբեջանցիների (իմաՙ կովկասյան թաթարների) հետ արյունակցական կապը նկատի ունենալովՙ Էրդողանը թերեւս մշակում է մեծ Թուրքիայի նախագիծ: Սկզբնական փուլում Անկարան եւ Բաքուն ծավալել են բանակների համագործակցություն:

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի անդամ Ջահիդ Օրուջի հայտարարության համաձայն, Անկարան եւ Բաքուն արդեն ձեռնարկել են միասնական զինված ուժերի ստեղծումը: Օրուջը գտնում է, որ հարկավոր է «Մեկ ազգ, երկու պետություն» դաշինքը խորացնել եւ դարձնել «Մեկ ազգ, մեկ բանակ»...

Միակ բարդությունն այն է, որ Թուրքիայի ռազմական տեխնիկան հիմնականում գերմանական է եւ ամերիկյան, իսկ Ադրբեջանինըՙ առավելապես ռուսական եւ խորհրդային: Սակայն Ադրբեջանն ավելի ու ավելի է մոտենում Արեւմուտքին, եւ Անկարան այդ հարցում օգնում է նրան: Բաքվին մատակարարվում են մասնավորապես Otokar Kobra զրահամեքենաներ եւ զենքի տարբեր համակարգերի նշանառության ջերմադիտողական սարքեր: Թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ արտադրում են 107 եւ 122 միլիմետրանոց ռեակտիվ հրետանի: Բացի դրանից, Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել 155 միլիմետրանոց Firtina ինքնընթաց հաուբիցներ:

Թուրք զինվորական խորհրդականներն Ադրբեջանի զինված ուժերում վաղուց յուրայիններ են: Նրանք մասնկացում էին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմին:

Արցախի վրա հարձակման պատճառ կարող էր լինել նաեւ այն, որ Էրդողանին շտապ կարգով լծակ էր պետք Ռուսաստանի վրա ազդելու համար, որը ձախողեց Թուրքիայի դիտավորությունները Սիրիայում: Անկարան դրանով նաեւ ձգտում էր Մոսկվային դրդել ինքնաբերաբար երկարաձգելու 1921 թ. ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը, ըստ որի Հայաստանը կորցրեց իր տարածքի կեսը, ներառյալ ազգային խորհրդանիշ Արարատ լեռը:

Ի դեպ, Սիրիայի հյուսիսում ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո Պետդումայի որոշ պատգամավորներ առաջարկեցին չեղարկել այժմեականությունը կորցրած այդ փաստաթուղթը: Եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան կարող է կորցնել երկրի ներկա տարածքի 30 տոկոսի իրավաբանական իրավունքը, նշում է «Նեզավիսիմայա գազետան»ՙ հավելելով, որ չեղարկման դեպքում, հավանաբար, ոչինչ տեղի չի ունենա: Վրաստանը Կարսի պայմանագիրը չեղարկեց 2005 թ., բայց սահմանային սյուները մնացել են նախկին տեղերում: Մինչդեռ ռուս-թուրքական հարաբերությունների վատացման հետեւանքով երկկողմ տնտեսական կապերի թուլացումը ներքին հակաքրդական պատերազմի պայմաններում լուրջ գլխացավանք է Էրդողանի համար:

Մարտի 31-ին Էրդողանը Վաշինգտոնում հայտարարեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Նույն օրը թուրքական ԶԼՄ-ներում հայտնվեցին հաղորդումներ խփված «Սու-24»-ի անձնակազմի հրամանատար Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը ստանձնած գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալման մասին: Իսկ բառացիորեն մեկ օր անց նա ողջունում էր Արցախի դեմ ռազմական գործողությունների ծավալումը: Արդ, ո՞րն է Էրդողանի իրական նպատակը...

Քառօրյա պատերազմի սանձազերծման մեջ յուրաքանչյուր երկրի դերակատարությունը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, քանզի հավերժական գաղտնիքներ չեն լինում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ