RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 8082, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 632

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ապրիլի «չորսօրյա պատերազմը», որ բնավ էլ չորսօրյա լինելու միտումներ չի դրսեւորում ամեն օր տեղի ունեցող արկակոծության եւ զոհերի պարագայում, կարծես դառնում է շրջադարձային ոչ միայն Հայաստանի ներսում ղարաբաղյան հարցի ընկալումների եւ դրանում յուրաքանչյուրի ներգրավվածության առումով, այլեւ երկրի արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական դիրքորոշման, մոտեցումների եւ առաջնահերթությունների առումով:

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգ» գործակալությանը որոշակիորեն տարբերվում է մինչ այդ նախագահական մակարդակով տրված հարցազրույցներից եւ անգամ հայտարարություններից: Ամենից առաջ, այլեւս որեւէ տարակարծություն լինել չի կարող, որ որոշակի տարածքներ հայկական կողմը զիջել է, ու թեեւ նախագահի խոսքում այդ տարածքները «մի քանի մետր են», հստակ է, որ ադրբեջանական կողմն իր հանրությանը դրական ելքով ռազմական քայլերի հաջողություն ներկայացնելու հիմք ունիՙ անկախ այն հանգամանքից, թե որքանով են այդ տարածքները ռազմավարական կարեւորության:

Հետաքրքրական է նաեւ նախագահի գնահատականը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովիՙ ապրիլի 21-ի Երեւան այցին, որ հակասական մեկնաբանությունների ու շահարկման տեղիք տվեց, հատկապես ոչ հայանպաստ մոտեցում ունեցող պարբերականների ու ադրբեջանական կողմի համար: Ավելի պարզ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Լավրովը որեւէ փաստաթուղթ կամ որեւէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել... թեեւ ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, միեւնույնն է, բանակցություններ են լինելու» հստակորեն նշանակում է, որ Հայաստանը չի հրաժարվում բանակցային սեղանի շուրջը նստել, բայց նաեւ չի ցանկանում անպատժելիության պայմաններում կրկին վերասկսել բանակցությունները:

Ըստ նախագահի, 2007թ-ից մեկնարկած մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկված Կազանի փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրության, սակայն Ադրբեջանիՙ 10 առաջարկով հանդիպմանը գալու մասին արդեն գիտենք: Իսկ փաստաթուղթը, ըստ Սերժ Սարգսյանի, ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցովՙ առանց կոնկրետ ժամկետ նշելու: Փաստաթղթի ստորագրումից մինչեւ կամարտահայտություն, ըստ Սարգսյանի, Արցախի ժողովուրդը պետք է ստանար ժամանակավոր կարգավիճակՙ կրկին առանց կոնկրետ ժամկետի մատնանշման:

Այս հարցազրույցում թերեւս առաջին անգամ, առանց այլեւայլության ու բացահայտ, Սերժ Սարգսյանը հաստատում է իր որոշ հայտարարություններում տարածքներ վերադարձնելու մասին պատրաստակամության մասին, նշելով, որ ըստ Կազանի փաստաթղթի` պաշտպանության բանակի ուժերը պետք է դուրս գային 5 տարածքներից, որտեղ կտեղակայվեին խաղաղապահներՙ ոչ թե ողջ անվտանգության գոտում, այլ ուղղակի կողմերի միջեւ:

Ամեն դեպքում, բանակցություններ սկսելու համար Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից վստահության որոշակի միջոցառումների անցկացում է ակնկալում, որից հետո հրադադարի ռեժիմի խախտման մասին հայտարարությունները պետք է լինեն հասցեական, նաեւ տրամադրվեն երաշխիքներՙ խուսափելու այսօրինակ իրավիճակի կրկնությունից: Այլապես, ըստ նախագահի, բանակցություններն անիմաստ են:

Ըստ էության, Հայաստանի նախագահի մակարդակով առաջին անգամ հստակ ու ուղղակի նշվում է, որ հայկական կողմի համար էլ բանակցություններին վերադարձը ունի նախապայմաններ, ընդ որումՙ բավականին որոշակի: Եվ սա այն դեպքում, երբ որոշակի տարածքների կորուստն արդեն իսկ փաստ է, իսկ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պայմանավորված հրադադարի ռեժիմը խախտվում է ամեն օր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ