RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5590, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 642

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՆԵԽԵԼ Է ԴԱՆԵՄԱՐՔՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը նախագահ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ապա պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Ալիկ Միրզաբեկյանը, ինչպես նաեւ` կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Նախագահի համապատասխան հրամանագրերում նշված է միայն, որ այս որոշումները կայացնելիս Սերժ Սարգսյանը հիմք է ընդունել այս կամ այն օրենքի, որոշման այս կամ այն կետերը: Մինչդեռ ոչինչ գրված չէ, թե ինչո՞ւ են այդ մարդիկ, ավելի ճիշտՙ հենց այդ պաշտոնները զբաղեցնող մարդիկ աշխատանքից ազատվել:

Ուրեմն կարելի է ենթադրել, ինչպես ամեն պարագայում, երբ չեն ասում, թե ինչու են հեռացնում, ինչու են նշանակում: Ենթադրում եմ, որ փաստորեն, հակառակ տարածված եւ ամրացած կարծիքի, ֆեյսբուքում լավ էլ եւ շատ էլ կարգին մասնագետներ կան, ովքեր ապրիլյան սրացումներին զուգահեռ, բարձրաձայնում էին մի շարք հարցեր, օրինակՙ բա ո՞ւր են մեր հետախույզները, ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանի` նման լայնամասշտաբ հարձակումը ժամանակին չի բացահայտվել (երբ դեռ ծրագիր էր) եւ չի կանխվել (նախքան դրա կորստաբեր հետեւանքները): Ուրեմն, երբ մարդիկ այս հարցերը բարձրացնում էին, ճիշտ էին անում, եւ հակառակը, երբ այլ մարդիկ նշում էին, թե թողեք մասնագետները խոսեն, դուք մասնագետ չեք, սխալվում էին, որովհետեւ պարզվեցՙ առաջինները լավ էլ մասնագետ էին:

Կային էլի բազմաթիվ հարցեր, այդ թվում կապի վարչության հետ, այդ թվում` տեխնիկական ապահովման հետ կապված, եւ բոլոր այդ հարցերին տրվում էր մեկ պատասխանՙ դուք մասնագետ չեք, լռեք:

Իսկ դուք մասնագե՞տ եք, եթե մասնագետ եք, ինչո՞ւ են ձեզ գործից հանում, պարոնայք սպաներ, եւ առհասարակ, այս ի՞նչ մոդա էՙ թող մասնագետները խոսեն պնդումը: Այսպես չի լինում, տղերք, ճիշտը կամ ասում են, կամ հանդուրժում են բազմաթիվ ճշտերը: Մարդը, մանավանդ մարդիկ, միշտ հարցեր ունեն, եւ երբ դրանց պատասխանները չեն ստանում, իրենք են գտնում ճիշտը, իրենց կարծիքով ճիշտը: Մարդուն չես կարող մեղադրել, որ իր վարկածն է առաջ քաշում, առավել եւսՙ չես կարող մարդուն թույլ չտալ սեփական վարկածն առաջ քաշել, քանի որ դա կնշանակի, որ թույլ չես տալիս մարդուն հասնել ճշմարտությանը: Մարդը, առավել եւս մարդիկ, միշտ դեպի ճշմարտությունն են գնում, այլ հարց է, թե հասնո՞ւմ են: Լավ, ես հոդված եմ գրում, իմ աշխատանքը, ավելինՙ մասնագիտությունը հոդված գրելն է (այսինքն ես հոդված գրելու մասնագետ եմՙ համաձայն դիպլոմիս), հիմաՙ ի՞նչ, դա նշանակում է, որ ես պետք է թույլ չտա՞մ, որ, ենթադրենք, պոլիտեխնիկ ավարտածները հոդված գրեն, ինչ է, թե մասնագետ չեն: Կամ ենթադրենք` ես իմ մեքենայով գնում եմ Թբիլիսի, եւ այն ճանապարհին փչանում է, ի՞նչ է, ես պիտի մասնագետի՞ սպասեմ, որ մեքենաս սարքեմ... Հարց տալը հարցին պատասխանելու պես հայրենասիրություն է, տղերք, երբեմնՙ ավելի շատ, քանի որ լինում են պատասխաններ, որը հասկանալ չի ստացվում, որից կեղծիքի հոտ է գալիս, որտեղ պաթոսը խեղդում է, պաթոսն էլ անգամ 80-ականներին զենք չէր: Մի պաթոսեք ուրեմն, հասկացանքՙ Ոգի ունենք, եւ վատ է, որ միայն Ոգի ունենք: Միայն Ոգով, փաստորեն, տարածք ենք տվել (նախագահ Սերժ Սարգսյանը տարածք տալու մասին հայտարարել է bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, հենց տարածք): Մինչդեռ առաջ ասում էիքՙ հակառակորդի կողմում մենք ոչ մի բան չունենք, ոչ դիրք, ոչ հենակետ: Հետո պարզվեց հենակետ ունենք, հետո պարզվեց մի քանի հենակետ ունենք, հիմա պարզվում էՙ տարածք ունենք, շատ չէՙ մի 200 մետրի չափ, բայց դա կարեւո՞ր է: Իմ կարծիքովՙ ոչ, կարեւորն այն է, որ դուք ասում եքՙ հաղթել ենք, բայց ոչ մեկս մեզ հաղթած չենք զգում: Ես 90-ականները հիշում եմ, մինչեւ հիմա էլ զգում եմ, հաղթելը դա էր, հիմա այդպես չէ: Հիմա գլխավոր հետախույզին եք հանում, նյութատեխնիկական ապահովման վարչության պետին եք հանում, գլխավոր կապավորին եք հանում: Ի դեպ, ինչո՞ւ եք հանում, մասնագիտորեն կպատասխանե՞ք, եթե, իհարկե չեք ցանկանում, որ պատասխանը փիլիսոփայական լինի. հանում եք, որովհետեւ ինչ-որ բան նեխել է Դանեմարքում:

Ապրիլի 13-ին էլ Շեքսպիրը դարձավ 452 տարեկան, այդ նույն օրըՙ 400 տարի առաջ նա մահացել է, բայց սաՙ իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ