RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4242, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ԹԵ ՓԱԼԱՆԸ, ԱՅԼ Է՛ՇԸ ՊԵՏՔ Է ԾԵԾԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ոչ ոք չի կարող պնդել, ոչ էլ ժխտել, որ Թուրքիո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արձագանքը Բունդեսթագի բանաձեւինՙ ինքնաբուխ էր. Թուրքիայում նման ելույթները միշտ էլ մաս են կազմել քաղաքական orchestration-ի, որը յուրաքանչյուր նվագողից պահանջում է հլու-հնազանդ ենթարկվել գլխավոր դիրիժորի ճիպոտին, որը ամեն րոպե կարող է վերածվել ծանր լախտի: Այնպես որ հարցը ոչ թե դիրիժորին ենթարկվելուն կամ չենթարկվելուն է վերաբերում, այլ մեր դիրքորոշմանը:

Իսկ այդ դիրքորոշումը բացառապես ուղղված է նվագողի, այս պարագայումՙ չալողի դեմ: Սփյուռքի եւ Հայաստանի մամուլը, բոլոր լրատվամիջոցները, այս օրերին կրակուբոց են ժայթքում Աթեշյան սրբազանի (աթեշՙ թուրքերեն նշանակում է կրակ) դեմ, որ սահմանազանց ձեւակերպումներով եւ ուրացողի քծնանքով, նախագահ Էրդողանի իշխանությանը մատուցում է հենց այն, ինչը անհրաժեշտ է վերջինիս ներքին թե արտաքին հարթակներում օգտագործելու համար, բայց ոչ թե որեւէ մեկին համոզելու իր «ճշմարտացիության» մեջ, այլՙ եւս մեկ անգամ բոլորին ցույց տալու իր ուժն ու կամքը:

(Փորձառու մի հայ մարդ Պոլսում մի անգամ ինձ բացատրեց թուրքական այդ ֆենոմենը: Թուրքերի մեջ ամենավտանգավոր բանն այն է, բացատրեց նա, որ նրանք որեւէ պահի, երբ նույնիսկ անհրաժեշտ չէ, կարող են դաժանորեն ճնշել ու սպանելՙ պարզապես հասկացնելու համար, որ իրենք են ուժեղը):

Անշուշտ Աթեշյան սրբազանին կարելի է մեղադրել, եւ իրավա՛մբ, իր անձնական փառասիրություններին եւ ընչաքաղցությանը այդ ձեւով եւ այդպիսի ստորությամբ հագուրդ տալու համար, որը օրերս, անշուշտ շա՜տ մեղմորեն, քննադատվեց նույնիսկ իր իսկ գլխավորած Կրոնական ժողովում, որը որոշեց, ինչպես ավելի ուշՙ Համայնքային վաքըֆների (կտակված կալվածքներ) ժողովի դռնփակ նիստում, որ հետայսու նման կարեւորության հարցերում, ինչպիսին է Բունդեսթագի որոշմանը համայնքի անունից արձագանքելը, Պատրիարքական ընդհ. փոխանորդը հայտարարությամբ հանդես գալուց առաջ պարտի խորհրդակցել համայնքի գործերի պատասխանատու ավելի լայն շրջանակների հետ: Այլ խոսքով, պոլսահայ համայնքը, որքան էլ դժգոհ իր նշանակյալ, ավելի ճիշտՙ ինքնանշանակյալ առաջնորդի հայտարարությունից, ընդամենը, գոնե պաշտոնապես, առարկում է նրա ձեւակերպումներին, ինչը բնավ էլ չի փոխում դավաճանական այդ արարքի էությունը:

Բայց այս բոլորը չեն փոխում բուն հարցի էությունը. սա Թուրքիան է, սուլթանական թե հանրապետական, համիդյան թե աթաթուրքական կամ էրդողանականՙ ամեն ինչում ինքն է թելադրում ամեն բան իր հպատակներին, ով կամ ովքեր էլ լինեն վերջիններիս առաջնորդներըՙ Աթեշյանը թե Մութաֆյանը, Գազանճյանը, թե նրանց նախորդած բազմաթիվ պատրիարքները: Միայն Օրմանյանի հանճարն էր, որ արյունարբու Սուլթան Համիդին զիջելով զիջումներ էր պոկում, եւ որի հետ այդքան տխմար ձեւով վարվեցին մեր հեղափոխականները...

Եվ հիմաՙ շատերն են պահանջում Աթեշյան սրբազանից հրաժարական տալ, բոլոր սրերն ուղղելով նրա դեմ: Անշուշտ դժվար չէ նրան պատժելը, այն էլՙ եկեղեցականի համար ամենածանր պատիժովՙ պարզապես կարգալույծ հռչակելով նրան: Բայց դրանով կփոխվի՞ որեւէ բան, եւ ավելի կարեւորըՙ կապահովվի՞ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, որը տեւապես գտնվում է իշխանությունների պրկված, արյունոտ բթամատի տակ...

Մեր գլխավոր թիրախը պետք է լինի Թուրքիա՛ն, թուրքական պետությունը, որի ստեղծած, պարտադրա՛ծ պայմանների ծնունդն են աթեշյանները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ