RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 5908, Տպվել է` 446, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեր թերթի արձակուրդային բացակայության օրերին պատահած ամենանշանակալի իրադարձությունը, անկասկած, օգոստոսի 8-ին եւ 9-ին Բաքվում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկկողմ ու եռակողմ գագաթաժողովն էր: Արձակուրդի գնալուց այդ հանդիպումների մասին դեռեւս հստակ որեւէ բան հայտնի չէր մեզ, սակայն թերթի վերջին համարում, հուլիսի 29-ին, մեր տեղեկությունը քաղելով Eurasia Daily Monitor պարբերականի հուլիսի 19-ի համարից, թարգմանաբար եւ կարեւորությամբ ներկայացրել էինք, «Շրջանցելով Հայաստանըՙ նվաճել Ադրբեջանը, Իրանը եւ Հնդկաստանը» վերնագրի ներքո, ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից, Ադրբեջան-Հայաստան տարածքների փոխանակման տխրահռչակ առաջարկի հեղինակ Պոլ Գոբլի տեղեկատվությունը վերոհիշյալ երեք երկրների միջեւ երկաթուղային խոշոր ծրագրի գոյության մասին, որը շրջանցելով Հայաստանըՙ Ադրբեջանը կապելու է Իրանին եւ դրանով բեռնափոխադրումներ է իրականացնելու Հնդկաստանից մինչեւ Ռուսաստան ու Եվրոպա:

Արդարեւ, գագաթաժողովից հետո երեւան եկան բազմաթիվ նոր տվյալներ հիշյալ ծրագրի վերաբերյալ, որոնք մատնացույց են անում առավել գլոբալ ծավալներՙ որոնք չէին նշվել Պոլ Գոբլի կամ վերոհիշյալ պարբերականի կողմից:

Փաստորեն, ըստ այդ տվյալների, խոսքը ոչ ավել եւ ոչ պակասՙ Սուեզի ջրանցքը շրջանցելու նոր ուղու մասին է, որն իր մեջ ներառում է ոչ միայն երկաթուղագծեր, այլեւ ծովային ու ցամաքային փոխադրամիջոցներ ու ճանապարհներ եւ ընդգրկում ասիական ու եվրոպական հսկայական տարածքներՙ շուրջ 7200 կմ երկարությամբ: Ըստ այդ ծրագրի, օրինակ, եթե Պետերբուրգից մինչեւ Հնդկաստանի Մումբայ (Բոմբեյ) նավահագիստ կամ հակառակ ուղղությամբ ծովային բեռնափոխադրումները տեւում են շուրջ 40 օր, ապա տրանսպորտային նոր համալիրի պարագայում տեւողությունը կրճատվում է 14 օրով, իսկ ծախսերըՙ յուրաքանչյուր 15 տոննայի համար 2500 դոլարով, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ներկայիս գերխճողված Սուեզի ջրանցքը անհամեմատ ծախսատար է:

Անշուշտ համաշխարհային կարեւորության այս ծրագրի մեջ մեզ առաջին հերթին հետաքրքրում է դրա այն հատվածը, որն անցնում է, այոՙ շրջանցելով Հայաստանը, մեր անմիջական հարեւանությամբ, հենց մեր քթի տակով: Այսինքնՙ իրանյան Ռաշտ նավահանգստամերձ քաղաքից մինչեւ ադրբեջանական Աստարա նավահանգիստ կառուցվելիք 172 կմ երկարությամբ երկաթուղագծի կառուցումը, որը Պարսից ծոցում գտնվող Բանդար-Աբասը կկապի Անդրկովկասյան մեծ երկաթուղագծինՙ անցնելով Բաքվից, եւ որի ծախսերը շուրջ 1 մլրդ դոլար, հոգալու են այդ երկու երկրներըՙ Իրանն ու Ադրբեջանը:

Ի տես այս ծրագրի, որի մանրամասները դեռեւս քննարկվելու եւ հաստատվելու են առաջիկայում Թեհրանում տեղի ունենալիք եռակողմ նոր գագաթաժողովի ընթացքում, այս անգամ թերեւս նաեւ Չինաստանի մասնակցությամբ, անիմաստ է մեր կողմից տրտնջալն ու բողոքելը, մեր հավատարմությունները հիշեցնելը: Շահն ու նպատակահարմարությունը ջնջում են ամեն ինչ: Փոխարենը հարկավոր է գերաշխույժ տնտեսադիվանագիտական աշխատանք, հատկապես մեր ամենակայուն հարեւան Իրանի հետ: Ինչպես ասում ենՙ կրեատիվ մոտեցումներ են անհրաժեշտ Հայաստանը չշրջանցելու, կամ ծրագրի գծերից մեկը հայկական ցամաքով լրացնելու նպատակահարմարությունները ի ցույց դնելու ուղղությամբ: Հարկավոր է արագացնել ճանապարհատրանսպորտային ծրագրերի իրականացումը եւ միանալ, նույնիսկ խցկվե՛լ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մեջ, չմոռանալով նաեւ իրանյան գազի Հայաստան ներհոսքի ծավալները մեծացնելու խնդիրը, որքան էլ որ «Գազպրոմը» կամ ուրիշներ առարկեն դրան:

Վերջին օրերի հայկական նախաձեռնությունները հայ-իրանականՙ առանց վիզայի ռեժիմի հաստատման, ինչպես նաեւ Մեղրիի անցակետի մոտ տարբեր ենթակառուցվածքների ու առեւտրաարդյունաբերական ազատ գոտի ստեղծելու ուղղությամբՙ հույս են ներշնչում, որ վերջապես մեր կառավարությունը զգացել է պահի լրջությունը եւ քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ: Նման քայլերը պետք է լինեն բազմակողմանի եւ խիստ գործնական: Այլապես, ինչպես ասում են, «գնացքը» ընդմիշտ կանցնի մեր կողքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ