RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6681, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵԶ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Էգոն Յութթները (ՔԴՄ-ՔՍՄ), ըստ Բաքվից «Ազերթաջ»-ի օգոստոսի 23-ին գերմաներեն տարածած հաղորդագրության, Եվրոպաադրբեջանական ընկերակցությանը հաղորդել է, թե Գերմանիան սատարում է հայ- ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիՙ հակամարտության վերջնական լուծմանն ուղղված բանաձեւերին: Ըստ հիշյալ տեղեկատվության, Յութթներն ասել է, թե որեւէ երկրի տարածքային ամբողջականության հարցը Գերմանիայի համար չի կարող բանավեճի առարկա հանդիսանալ: ԽՍՀՄ փլուզումից հետո սահմանագծման (դեմարկացիայի) վերաբերյալ վեճը դժբախտաբար հնարավոր չի եղել խաղաղ հանգուցալուծել, ինչը ողբերգական հետեւանքներ է ունեցել քաղաքացիական բնակչության համար, հաղորդել է գերմանացի խորհրդարանականը:

Բունդեսթագի պատգամավորը նկատել է տվել, թե Գերմանիայի համար կարեւոր եւ մեծ նշանակություն ունեցող թեմա է միգրացիոն ճգնաժամը, այդու գնահատելով Ադրբեջանիՙ ավելի քան 1 միլիոն փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդիրների լուծման փորձառությունը: Գերմանիան ջանքեր է գործադրում աշխարհում խաղաղության վերահաստատման համարՙ սերտ համագործակցելով միջազգային գործընկերներիՙ ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի հետ: ԼՂ հակամարտության խաղաղ լուծման կողմնակից ենք, ըստ ադրբեջանական պետական լրատվական գործակալության, հայտարարել է Էգոն Յութթներըՙ պարզաբանելով, թե այդ հակամարտությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության համար:

Այս տեսանկյունից Գերմանիան դատապարտում է յուրաքանչյուր սադրանք, որ կհանգեցնի հակամարտության էսկալացիային: Հետեւաբար դատապարտում եմ ապրիլին հայկական զինուժի սադրիչ հարձակումները, ըստ «Ազերթաջ»-ի հայտարարել է Բունդեսթագի պատգամավորը:

Այն, որ Յութթների արխիվում սակավ չեն Բաքվի հետ կապերը փաստող լուսանկարներըՙ Ադրբեջանի մայրաքաղաքից, ադրբեջանցի պատգամավորների, Բեռլինում Ադրբեջանի դեսպանի հետ պատկերները, չեն արտոնում եւ չեն հուշում, թե գերմանացի պատգամավորն իրավունք ունի առանց հիմնավորման համոզված հայտարարել, թե ապրիլին հայկական կողմն է հենց նախահարձակ եղել: Ինչ վերաբերում է Եվրոպաադրբեջանական ընկերակցությանը (The European Azerbaijan Society), ապա դա 10 տարի առաջ Լոնդոնում հիմնված լոբբիստական կառույց է, գրասենյակներ ունի Բաքվում, Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում, Ստամբուլում, եւ յուրաքանչյուր երկրում Ադրբեջանի մասին գրավիչ տեղեկատվությամբ ներկայանալուն զուգահեռՙ առանցքային առաջադրանք է համարում ԼՂ հակամարտության վերաբերյալ ակտիվ քարոզչություն իրականացնելը: Մեր տեղեկատվությամբ, ապրիլյան պատերազմից հետո, մայիսին, հիշյալ կազմակերպության Բեռլինի գրասենյակը գերմաներենի, անգլերենի գերազանց տիրապետող աշխատակից էր փնտրումՙ գրավիչ աշխատավարձ խոստանալով: Բաքվում կարեւորում են ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիայում ադրբեջանամետ լրատվության մակարդակը նոր որակի հասցնելու անհրաժեշտությունը: Իսկ մենք անկախության 25 տարում միշտ կրկնում ենք նույնըՙ «դրամ չկա», «հայրենասերը անվճար էլ կաշխատի», «իրենց մտացածին ստերին ոչ ոք չի հավատում» եւ այլն:

Ֆեյսբուքում այնքան առատ եւ արագ են բազմանում երեւանյան տարբեր տներում ջանասիրաբար գործի լծված բացառապես ներքաղաքական անորակ բովանդակությամբ կայքէջերը. նրանց դրամ չե՞ն վճարում: Ապրիլյան պատերազմի մեր անկեղծ բացատրությունը «80- ականների զենքը» դարձավ, լրատվության մարտավարությունն էլ նույն թվականների մակարդակի է: Բայց 80- ականներին ոչ շրջափակում կար, ոչ էլ սահմանին կանգնած դիպուկահար: Գոնե «Արմենպրեսի» պարագայում բացառություն արվերՙ լեզուների տիրապետող մեր մասնագիտական ներուժն աստղաբաշխական գումարներ հո չի՞ պահանջելու: Իսկ ինձ ծանոթ գերմանացիները հաճախ են բողոքումՙ Ձեր երկրի, Ղարաբաղի արդի վիճակի մասին գերմաներեն բավարար տեղեկատվություն չկա: Մե՞զ են շրջափակում, թե՞ մենք ենք, թեկուզ ակամա, մեզ շրջափակումՙ առատ, արագ, բազմալեզու տեղեկատվություն դեպի դուրս չառաքելով:

Եվրոպաադրբեջանական ընկերակցությունը կայքէջ ունի, որ գործարկվում է 6 լեզվովՙ ադրբեջաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն: Այն այցելելով իրազեկ ենք դառնում նաեւ, թե ընկերակցությունը «Խոջալու գրական մրցանակ» է սահմանելՙ 500, 250, 150 ֆունտ ստեռլինգ պարգեւավճար խոստանալով մրցանակակրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ