RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6849, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

26 ՏԱՐԻ ԱՆՑՙ ԵՐԿՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի անկախության հռչակագրի մասին խոսելիս, շատերը չգիտեն, ոմանք էլ մոռացել են, թե ո՞րն է նրա ուղերձը հայ ժողովրդին, ի՞նչ հռչակեց այն: 26 տարի առաջ, 1990-ի օգոստոի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի ընդունած Հռչակագրով հայտարարվեց «Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Սա է Հայաստանի անկախության հռչակագրի հիմնական գաղափարը: Անկախության հռչակագրից շուրջ մեկ տարի հետոՙ սեպտեմբերի 21-ին, անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվեն, որի միահամուռ «այո»-ի արդյունքների հիման վրա Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Հանրաքվեից երեք ամիս առաջ, Հայաստանի իշխանական եւ ոչ իշխանական 6 քաղաքական կուսակցություններՙ ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ՀՀԿ-ն, ՀՌԱԿ-ը, ՀԱՊԿ-ն, ՀՔԺՄ-ն, անկախությանն «այո» ասելու միասնական կոչով դիմեցին հայ ժողովրդին:

Խնդիրը ոչ թե լավ կամ վատ ապրելն է, այլ ապրել-չապրելը

26 տարի է անցել Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկզբից եւ 25 տարիՙ անկախության հռչակումից: Եթե պայմանականորեն տասնամյակների բաժանենք մեր անկախ պետականության անցած ճանապարհը, ապա առաջին տասնամյակը ամենածանրագույնն էր եւ ամենամեծ զոհողությունների շրջանը:

Ինչ մարտահրավերներ ասես, որ չդիմագրավեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդըՙ արցախյան պատերազմ, աղետի գոտի եւ հարյուր հազարավոր անօթեւաններ, հարյուր-հազարավոր փախստականներ Ադրբեջանից, էներգետիկ դաժանագույն ճգնաժամՙ ցրտի եւ մթի տարիներ, որոնք Հայաստանից ամենամեծՙ 800 հազարից 1 մլն մարդու արտագաղթի, իսկ երկրում մնացողների համարՙ անասելի տառապանքի եւ զրկանքների պատճառ դարձան, համատարած գործազրկությունՙ շուրջ 600 հազար փակված աշխատատեղեր, բնակչության համատարած աղքատացում, արդյունաբերության եւ գիտատեխնիկական հզոր ներուժի փլուզում, ձեռնարկությունների համատարած թալան, այն ժամանակվա իշխանությունների անհեռատես կառավարում եւ խուլ անտարբերություն բնակչության վիճակի նկատմամբ: Սակայն այս ամենը չէր խանգարում մարդկանց հավատալ, որ գալու է վաղվա Հայաստանը եւ այս ամենը անցյալ է դառնալու: Ի վերջո, այդ տարիները մնացին հետեւում, եկան 2000-ականները:

Հայաստանի տնտեսությունը սկսեց զարգանալ, 7 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ ունեցանք, շինարարական «բում», տեղական արտադրության մասնակի վերականգնում եւ ծավալների ավելացում, աղետի գոտում հազարավոր բնակարանների կառուցում, քայքայված միջպետական ճանապարհների, նոր ջրագծերի, Իրան-Հայաստան գազամուղի կառուցում եւ այլն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այն ժողովուրդը, որ կրել էր 90-ականների զոհողությունները, 2000-ականների արմատական փոփոխությունները չընկալեց որպես երկրի ծանր վիճակից դուրս գալու փաստ: Հոռետեսությունն ավելի խորացավ 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ մեր տնտեսության երկու խոշոր ճյուղերՙ հանքարդյունաբերությունն ու հատկապես շինարարությունը անկում ապրեցին, ինչը էապես ազդեց ընդհանուր տնտեսական վիճակի եւ բնակչության սոցիալական կացության վրա:

2010-ականները կարելի է համարել ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու ժամանակաշրջանՙ 2011-2012-ին արդեն ճգնաժամը տնտեսության մեջ հաղթահարվեց, թեեւ աղքատության ցուցանիշը միայն 2014-ին մոտեցավ նախաճգնաժամային ցուցանիշին: Այդուհանդերձ, 2010-ականները աչքի են ընկնում բնակչության մեջ տիրող արժեքային դեգրադացիայով, մասնավորապեսՙ պետականության նկատմամբ անտարբերությամբ ու այն որպես առաջնային արժեք անտեսելով: Չնայած գոյություն ունեցող բազմաթիվ լուրջ եւ լուծում պահանջող խնդիրներինՙ սոցիալական կացության, պետական պաշտոնյաների կողմից չարաշահումների եւ այլն, ներկա տարիները համեմատության եզր անգամ չունեն 90-ականների հետ: Քննադատելով մեր թերություններն ու անարդարությունները, հարկ է նաեւ տեսնել, հասկանալ եւ գնահատել 20-25 տարիների ընթացքում պետության եւ մեր կյանքի բոլոր ասպարեզներում արձանագրված փոփոխությունները: Մինչդեռ, դա չենք անում, իսկ շատերին էլ թվում է, որ այսպես թե այնպես պետք է ունենայինք պետություն, ապրեինք առանց օտար տիրապետությանՙ ասես ծանոթ չեն մեր ստրկացմանն ու օտարի դաժան լծի բազմադարյան պատմությանը: Շատերը դադարել են ընկալել, որ մեր գլխավոր խնդիրը ոչ թե լավ կամ վատ ապրելն է, այլ ապրել-չապրելըՙ գոյություն ունենալը, որի միակ տարբերակը պետություն ունենալն է: Հակառակ դեպքում պարզապես կդադարենք որպես ազգ գոյություն ունենալուց: Սա մեր անկախությանը սպառնացող երկու հիմնական վտանգներից առաջինն էՙ անփութություն պետական շահերի գերակայության նկատմամբ: Ամենավատն այն է, որ պետական իշխանությունը քայլեր չի ձեռնարկում պետական մտածելակերպի արմատավորման ուղղությամբՙ կրթական համակարգի, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների միջոցով:

Հայաստանը «գաղութ» հայտարարողները եւ դրա ազդեցությունը

Երկրորդ վտանգը ուղղակիորեն բխում է առաջինից եւ փոխկապակցված է նրա հետ: Շահարկելով պետության մեջ առկա խնդիրները, որոնց մասին վերեւում նշեցինք, քաղաքական, քաղաքացիական եւ լրատվական դաշտում, ամերիկյան ու եվրոպական զանազան հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ակտիվորեն քարոզվում է Հայաստանի անկախության ոչ լիարժեք, ավելի կոնկրետՙ «գաղութ» լինելու անհեթեթ միտքը: Դա արվում է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու գլոբալ քաղաքականության շրջանակներում, բայց տվյալ դեպքում դա ավելի շատ վնասում է մեր պետականությանը, քան Ռուսաստանին: Պետական մտածելակերպի լուրջ դեֆիցիտի եւ պետության հանդեպ անփույթ մոտեցման լայն տարածվածության պարագայում, սա ավելի է խորացնում թյուր պատկերացումը անկախության եւ պետականության կարեւորության մասին: Շատերը չեն հասկանում, որ միայն անկախ պետությունն է ունենում ռազմավարական դաշնակից, եւ եթե Հայաստանը անկախ չլիներ, չէր կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Չեն հասկանում, որ փոքր եւ ոչ միայն փոքր պետությունները աշխարհում գտնվում են այս կամ այն գերտերության ազդեցության գոտում եւ նրա ստեղծած անվտանգության համակարգում: Հայաստանի համար այդ գերտերությունը Ռուսաստանն է: Ոչ ոք մեզ չի առաջարկել այլ անվտանգության համակարգ, որի այլընտրանքը չկա էլ: Մինչդեռ նման անվտանգության համակարգը եւ գերտերության հետ ռազմավարական դաշնակից լինելը Հայաստանին ավելի անհրաժեշտ է, քան աշխարհի մյուս երկրներին: Դժվար է գտնել մեկ այլ երկիր, որը շրջապատված է երկու թշնամի երկրներով, որոնք ամեն պահի պատրաստ են քեզ սրբել աշխարհի երեսից: Այս տարածքով, բնակչության թվով, բնական ռեսուրսներով, տնտեսական զարգացվածության մակարդակով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, անհնար է միայնակ դիմագրավել այս մշտական սպառնալիքին: Դրա համար, այո, նախեւառաջ պետք է լինենք անկախ պետություն, ապաՙ ունենանք ռազմավարական դաշնակից:

Հայաստանը «գաղութ» հայտարարողների տրամաբանությամբ ԱՄՆ «գաղութ» պետք է համարվեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Իտալիան, Լեհաստանը եւ 100-ից ավելի երկրներ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաները: Օրինակՙ Գերմանիայում դրանց թիվը մոտ 200 է, իսկ այդ երկրի ոսկու պաշարները պահվում են ոչ թե Գերմանիայում, այլ ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվում եւ անգամ չեն վերադարձվում Գերմանիային, չնայած վերջինիս բազմաթիվ դիմումներին: Հիմա ի՞նչ, Գերմանիան գաղո՞ւթ է, կամ գուցե ԱՄՆ-ի կողմից օկուպացված երկի՞ր: Ոչ իհարկե, Գերմանիան ԱՄՆ դաշնակիցն է եւ այդ երկիրը կատարել է իր ընտրությունը, ելնելով իր անվտանգության մասին սեփական պատկերացումներից:

Մի խոսքով, «Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի» սկզբից 26 տարի անց կանգնած ենք վերոնշյալ երկու վտանգների առջեւ, որոնք պարտավոր ենք հաղթահարել, եթե ցանկանում ենք, որ մեր պետությունն ու ժողովուրդը հարատեւ լինեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ