RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6705, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՈՒ ԵՍ, ՖԵԹՀՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինչ մենք սպասում ենք, թե ե՞րբ պետք է ԱՄՆ-ում ապրող Ֆեթհուլլահ Գյուլենը Էրդողանինՙ Բոսֆորը, ապա Ալիեւինՙ Կասպից ծովը նետելու: Ասեմ, որ Ֆեթհուլլահ Գյուլենն էլ է թուրք: Ի դեպ, այն որ Գյուլենը Ալիեւին կարող է նետել Կասպից ծովը, բավականին լուրջ խոսակցություն է, համենայն դեպս այնքան լուրջ, որքան լուրջ է թուրքական «Sabah» թերթը եւ նրա զրուցակից, գյուլենականների արտասահմանյան գործունեությունից լավատեղյակ, Կովկասում Գյուլենի նախկին կարեւոր ներկայացուցիչ Հայաթի Քյուչուքը: Վերջինս թուրքական հիշյալ թերթին մասնավորաբար ասել է. «Իլհամ Ալիեւին տապալելը րոպեի հարց է: Մի օր Փենսիլվանիայում (ԱՄՆ), ժողովի ժամանակ, Ադրբեջանից զանգ եկավՙ պարոն Ալիեւը լուրջ խնդիրներ էր ստեղծել: Ֆեթհուլլահ Գյուլենն ասաց բառացիորեն հետեւյալըՙ թող Ալիեւը չստիպի, որ նրան Կասպից ծովը նետեմ: Սա իրականություն է եւ ճիշտ», հավաստիացրել է Հայաթի Քյուչուքը, ով խնդրել է թուրքական թերթին, որպեսզի իրեն ներկայացնեն նախկին գյուլենական, դե որովհետեւ ժամանակակից Թուրքիայում դժվար է համ ապրել, համ էլ գործող գյուլենական լինել... Ինչեւէ:

Այսքանից հետո երկու տարբերակ ունենք. կամ սպասում ենք, որ Ֆեթհուլլահ Գյուլենը վերջապես պղտորի Բոսֆորի եւ Կասպից ծովի ջրերը, որպեսզի հետո պայքարենք նրա դեմ, կամ էլ պայքարում ենք բոլորովին այլ կերպ: Օրինակ Կոկո Շանելն ասել էՙ եթե ուզում ես, որ քո կյանքում այնպես լինի, ինչպես երբեք չի եղել, ապա պետք է այնպիսի քայլեր անես, որոնք երբեք չես արել: Իհարկե մադամ Շանելը իր կյանքում հավանաբար երբեք թուրք կամ ադրբեջանցի հարեւաններ չի ունեցել, բայց դրանից նրա այս արտահայտության ճշմարտությունը չի նսեմանում:

Առաջարկում եմՙ «երբեք չարած քայլեր» պետական ծրագրի շրջանակներում (նախ առաջարկում եմ սա դարձնել պետական ծրագիր), անմիջապես դադարեցնել արեւելք-արեւմուտք անեծքները եւ անցնել ներքին գործերին: Ներքին գործեր ասելով նկատի չունեմ ոստիկանությունը, որը վաղուց արդեն ներքին գործերով չի զբաղվում, չնայած ներքին զորքեր ունի... Նկատի ունեմՙ երկիրը: Թե հիմա որտեղի՞ց է այն սկսվում եւ որտե՞ղ է ավարտվումՙ պարզ կլինի նրանից, թե որքանո՞վ ենք մենք կատարում ներքին գործերը, որքան ջանասիրաբար եւ որքան հետեւողական: Սկսելու երկու ճանապարհ ունենք. կա՛մ որեւէ մանկապարտեզից, անունն էլ դնելովՙ արմատներից ենք սկսում, որ ճյուղերի ծայրին հասնենք, կա՛մ սկսում ենք, ենթադրենք, կառավարությունից, որպեսզի մարդիկ հավատան, որ սկսել ենք: Եթե մանկապարտեզից սկսենք, չեն հավատալու, քանի որ մանկապարտեզից բոլորն են սկսել ու անավարտ թողել, իսկ մենք, հիշեցնեմՙ «երբեք չարած քայլեր» պետական ծրագրի շրջանակներում ենք: Այդ պատճառով էլՙ սկսում ենք, օրինակ կառավարությունից: Ի՞նչ ենք անում: Նայում ենք կառավարությունում աշխատող բոլոր-բոլորի... ոչ թե անձնական գործերը, այլ անուն-ազգանունները: Նախարարի հետ անունների համընկման պարագայում, ազգանունը կրողին աշխատանքից հանում ենք: Սկզբի համար կարելի է տվյալ նախարարի հետ համընկնող ազգանունները կրողներին տվյալ նախարարությունից հանել, օրինակՙ եթե ԱԳՆ-ն ունի Նալբանդյան ազգանունով աշխատակից, անմիջապես աշխատանքից ազատվում է, կապ չունիՙ քանի՞ օտար լեզու գիտի կամ գիտի՞ արդյոք, թե ո՞րն է Սոմալիի մայրաքաղաքը, եւ կամ ԱԳ նախարարի խորհրդակա՞ն է, թե՞ բաժնի պետի տեղակալի վարորդ: Այսպես հերթովՙ բոլոր նախարարություններում: Հետո նայում ենք աշխատակիցների անձնական գործերը: Եթե, ասենք, տվյալ աշխատակիցը ծնվել է, օրինակ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, որտեղ ծնվել է տվյալ նախարարը, ապա աշխատակիցն անմիջապես աշխատանքից ազատվում է: Անցնում ենք հաջորդ քայլին, ուսումնասիրում ենք նախարարների մայրերի ազգանունները, եւ վերջիններիս ծննդավայրերը: Դրանց եւ տվյալ նախարարություններում աշխատակիցների ազգանունների, ծննդավայրի որեւէ համընկման պարագայում աշխատանքից ազատում ենք տվյալ աշխատակցին, անկախ վերջինիս սեռից կամ սանրվածքից:

Ինչ է կատարվուվ զուգահեռ. ժողովուրդը սկսում է ուրախանալ, բայց չափավոր, քանի որ պաշտոնանկություններ են, բայց հիմնական պաշտոնյաները մնում են: Դե քանի որ ժողովուրդը սկսում է ուրախանալ, նշանակում է մենք պետություն կառուցելու ճիշտ ճանապարհը գտել ենք: Անցնում ենք առաջ: Այն նախարարները, որոնց գլխավորած գերատեսչություններից ամենաշատն են հեռացվել իրենց ազգանունը կրող կամ նույն ծննդավայրը ունեցող աշխատակիցներ, անմիջապես պաշտոնանկ են արվում: Եթե անգամ տվյալ նախարարությունում ընդամենը համընկման մի դեպք է գրանցվել, կապ չունիՙ նախարարն աշխատանքից ազատվում է:

Զուգահեռ սկսվում է համաժողովրդական ոգեւորության ալիք: Անցնում ենք վարչապետին: Հաշվի առնելով, որ մի շարք, իսկ իրականում բոլոր նախարարություններում աշխատում են նախարարների ազգակիցներ, մոտիկներ, հայրենակիցներ, ապա նշանակում է, որ վարչապետը աչք է փակել բարեկամ-ծանոթ-խնամի անթույլատրելի գործելակերպի կիրառման վրա, ինչը լրջագույն հիմք է, որպեսզի նա թողնի զբաղեցրած պաշտոնը:

Հետո սկսվում է հակառակ գործընթացըՙ նշանակումներ: Նախարարի պաշտոններում նշանակվելու համար պարտադիր պայմանը մեկն էՙ նա պետք է երաշխավորի, որ իր ղեկավարած գերատեսչությունում չի աշխատելու իր ազգանունը, ծննդավայրը ունեցող որեւէ մեկը: Բայց, քանի որ մենք «երբեք չարած քայլեր» պետական ծրագրի շրջանակներում ենք, նախարարը ոչ թե պետք է համապատասխան երդումն ուտիՙ համապատասխան կաբինետում, այլ պետք է փաստաթուղթ ստորագրի, որ նման պարագայում ինքը պարտավորվում է վայր դնել պորտֆելը: Չդրեց, դատում են: Ի դեպ դատելու մասին, պաշտոնանկ են արվում Հանրապետության դատավորների կեսը: Մյուս կեսը նրանց դատում է: Նրանք, ովքեր բացահայտ մեղավոր են ճանաչվում, այլեւս դատավոր չեն նշանակվում, նրանքՙ որոնց կոռումպացված լինելը չի ապացուցվում, նորից նշանակվում են դատավոր եւ դատում իրենց դատածՙ հանրապետության մյուս կես դատավորներին, ովքեր մինչ այդ պաշտոնանկ են արվում: Դատավոր են մնում նրանք, որոնց կոռումպացված լինելը չի ապացուցվում, եթե ոչ մեկինը չի ապացուցվում, ապա պաշտոնանկ են արվում բոլոր դատավորները եւ դատավոր են նշանակվում հոգեւորականներիցՙ մինչեւ նոր դատավորների ընտրությունը:

Հոգեւորականներին բան չենք ասում, նրանց Աստված բան կասի... Երեւի:

Այսքանից հետո անցնում ենք բուհերին եւ նրանց, ովքեր ավարտել են այդ բուհերն ու հիմա չգիտեն, թե ինչ անենՙ ...Ռուսաստանում, կամ, ինչպես Ռուսաստանը պաշտողներն են ասումՙ Ռուսաստանում եւ արտասահմանում: Նրանց հրավիրում ենք Հայաստան, ոչ թե մեր հինավուրց եկեղեցիները ցույց տալու, կամ համահայկական խաղերի, այլՙ աշխատանքի: Ոչ բոլորին, իհարկե. բոլորը պետություն չեն կառուցում, պետություն կառուցում են լավագույնները, որտեղ ապրում են բոլորը: Ավելինՙ բոլորն ապրում են պետությունում միայն այն պարագայում, երբ այն ստեղծում են լավագույնները: Իհարկե, այս քայլերը միայն բավարար չեն պետություն ստեղծելու համար, բայց այս քայլերը կառաջացնեն համաժողովրդական ոգեւորություն, կվերադարձնեն հավատը, հույսը, գոնե որոշ ժամանակով: Իսկ ընդհանուր առմամբ պետություն ստեղծելը սիրո պես է. այն ամենօրյա աշխատանք է, բայց սաՙ իմիջիայլոց:

Բա՞րդ է, հասկանալի է, որ այո, հասկանալի է, որ այս ամենը չի կարող լինել, քանի որ որեւէ նախարար իր աշխատակցին աշխատանքից չի ազատի զուտ նրա համար, որ նա կրում է իր ազգանունը: Ուրեմն հույսներսՙ Ֆեթհուլլահ Գյուլենն է, դե այն, որ նա Բոսֆորը կնետի Էրդողանին, իսկ Կասպից ծովի մակարդակը կբարձրացնի Ալիեւի ջանդակի հաշվին:

Այնպես որ, ջնջեք այսՙ «երբեք չարած քայլեր» պետական ծրագիրը, մեզ պատել է գյուլենականությունը, գրողը տանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ