RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ԱՆՑՈՒՄ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4645, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑ` ՑԱՎԱԼԻ ՀՐԱԺԵՇՏԻՑ ԱՌԱՋ

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ, 17.08. 2016

Բոլորիս սիրելի Լեւոն Եզեկյան,

Սգահանդեսիդ մասնակից բոլոր վշտակիր հարազատների, բարեկամների, ընկերների ներկայությամբ, ցավալի հրաժեշտից առաջ, ուզում եմ ոչ թե հանդիսավոր դամբանական ասել, այլ քեզ հետ վերջին անգամ զրուցել, որովհետեւ այսպիսի հնարավորություն այլեւս չի լինելու:

Նոր էինք տոնել բազմաշխատ լեզվաբանիդ, Երեւանի պետական համալսարանի ավելի քան կեսդարյա սիրելի դասախոսի, 1992 -2013 թթ. հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչի, այնուհետեւՙ պատվավոր ամբիոնի վարիչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, հրաշալի ընկերոջ ծննդյան փառավոր 75-ամյակը եւ դեռ տոնական հանդիսության տպավորությունն էինք վայելում, երբ լսեցինք միակ որդուդ մահվան գույժը: Չկարողացանք պատշաճորեն մխիթարել. խոսք չէինք գտնում. հնարավոր չէր: Երբեմնի կենսուրախ ու նախաձեռնող բոհեմականդ դարձել էիր մարդախույս, անհաղորդ, մենակյաց, պահվել էիր մեզ համար հոգեբանորեն անմատչելի մռայլ Ագռավաքարում, որովհետեւ չէիր ուզում անտանելի վիշտդ պարտադրել մեզ, իսկ մենք էլ չգիտեինքՙ ի՛նչ ասենք քեզ, ինչպե՛ս սփոփենք:

Քառասունամյա Արտակիդ քառասունքը նոր էր լրացել. ուզում էինք քեզ հանել անփարատելի սրտմաշուկից ու վերադարձնել կյանքի բնական հուն... Սակայն կորուստդ մեծ էր: Անանուն կարոտները Արտակի ձայնով կանչում էին: Ցավը ներսից այնքան էր կրծել, որ դրսից էլ էիր շատ փոխվել: Պատանության ու երիտասարդության շրջանիՙ ռոմանտիկ երգեր հյուսող անպարտելի ուսանողդ, վառվռուն ու հաղթող մարզիկդ, որ Հայաստանի վոլեյբոլի հավաքականի կազմում բռունցքի հարվածով գնդակ էիր պայթեցնում, հաղթականորեն չափչփում էիր խորհրդային անծայրածիր երկրի մարզադաշտերը, այս անգամ չար բախտի կամոք պարտվել էիր ինքդ քեզ ու համակերպվել այդ անմխիթար վիճակին:

Ամեն մարդ, ի վերջո, ի՛ր կյանքն է ապրում եւ ապրելու ճանապարհին է վաստակում պատիվ ու հեղինակություն: Դու էլ քոնն ապրեցիր մի բանաձեւովՙ

Իմացի՛րՙ ողջը գերի են մահին,

Լոկ լավությունն է մնում իր գահին:

Ծնողասեր զավակ էիր: Թեեւ Հայրենական պատերազմում հերոսաբար զոհված զինվորական հորդՙ կապիտան Կորյուն Եզեկյանին, չէիր տեսել, բայց որդիական ազնիվ պարտքի բնական մղումով հազարավոր կիլոմետրեր փնտրեցիր ու գտար հետքերը եւ նրա մասունքները բերեցիր ու ամփոփեցիր հայրենի Ջավախքում:

Մասնագիտական ի՛նչ կոմնորոշում էլ ունենայիրՙ դառնալու էիր այդ բնագավառում առաջիններից մեկը: Քո տարերքն ու կոչումը, սակայն, հայոց լեզուն ու հայ լեզվաբանությունն էին, որոնց մեջ առաջամարտիկ էիր: Իսկ ասպարեզը, որին բոլորանվեր տրվեցիր, հայրենի գիտությունն էր ու համալսարանական լսարանըՙ տարբեր սերունդների հազարավոր ուսանողներով, որոնց շատ էիր սիրում, եւ սերը փոխադարձ էր: Քո բարի խստապահանջությունից դժգոհում էին այն ծույլերը միայն, ովքեր ուզում էին ոչինչ չսովորած, առանց մասնագիտական գիտելիքների համալսարանն ավարտել:

Ունեիր եւ առանձնապես սիրելի ուսուցիչներ, որոնց ձգտում էիր նմանվել: Նրանցից ամեն մեկը խոշոր անհատականություն էր իր բնագավառում եւ ուղենիշՙ սերունդների ճանապարհին: Բայց ինքդ էլ էիր անհատականություն ու չնմանվեցիր ոչ մեկին, մնացիր Լեւոն Եզեկյան, ում դասախոսություններով ու դասագրքերով սերունդներ են դաստիարակվել, ում ղեկավարությամբ գիտական աստիճան են ստացել տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ:

Երբ դեռ բանասիրական ֆակուլտետի կազմում էին նաեւ արեւելագիտության, ռուսաց լեզվի եւ գրականության, օտար լեզուների եւ ժուռնալիստիկայի բաժինները, եւ դեկանը Մ. Մկրյանն էր, տարիներ շարունակ դու էիր նրա տեղակալը եւ կրում էիր ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնական ծանրությունը:

Դասախոսական գործունեությունդ սկսել էիր 1965 թվականիցՙ վարելով մասնագիտական հիմնական ու հատուկ դասընթացներ տարբեր ֆակուլտետներում:

1971-ին դարձար գիտությունների թեկնածու, 1990-ինՙ բանասիրության դոկտոր, 1991-ինՙ պրոֆեսոր: Եվ երբ ընտրվեցիր ԵՊՀ խոշորագույն ամբիոններից մեկիՙ 40-ից ավելի դասախոսական կազմ ունեցող հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնում, ամբիոնում աշխատում էին 12 պրոֆեսոր: 2013 -ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էիրՙ արդեն ծանրակշիռ գիտամանկավարժական վաստակով եւ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումով:

Մարդկային բարձրագույն որակներով էիր օժտված, միավորում-համատեղում էիր գիտնականին ու մանկավարժին, հասարակական ու վարչական գործչին, որը բազմամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում իր փորձն ու գիտելիքները, մանկավարժական հմտությունները անմնացորդ հաղորդել է սերունդներին:

Միանգամայն նպատակասլաց էին հայ հին ու նոր դասական գրողներիՙ Աբովյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Տերյանի, Չարենցի, Հրանտ Մաթեւոսյանի, Համո Սահյանի եւ ուրիշների ստեղծագործությունների լեզվի եւ ոճի քննությանը նվիրված ուսումնասիրություններդ, որոնց հաջողվածությունը լեզվական խոր իմացության, գրական բարձր ճաշակի եւ աշխատասիրության հետ միասին պայմանավորված էր տասնամյակների ընթացքում կուտակված լեզվական ու գրականագիտական գիտելիքների համադրական կիրառությամբ, առանց որի անհնար է պատկերացնել ոճագիտությունն առհասարակ:

Քո բեղմնավոր գրչի արդյունքն են «Գրական աշխարհաբարը եւ արեւելահայ պատմավեպի լեզուն», «Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն եւ ոճը», «Հրանտ Մաթեւոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր» ծանրակշիռ մենագրությունները, որոնք լիարժեք պատկերացում են տալիս գրական արեւելահայերենի ձեւավորման ու զարգացման ընթացքի, հեղինակային լեզվի ու ոճի յուրահատկությունների մասին: Քո հեղինակած բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, դասագրքերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների մեջ առանձնանում են հատկապես ոճագիտությանը նվիրված աշխատանքները: Այս ամենով ձեւավորվեց եզեկյանայան լեզվաբանական դպրոցը, որն այսօր ունի շատ հետեւորդներ: Կարեւոր էր քո դերակատարությունը նաեւ ուսումնամեթոդական գրքերի ստեղծման գործում: Բավական է հիշել «Հայոց լեզու» եւ «Ոճագիտություն» բուհական դասագրքերը, ավագ դպրոցի հայոց լեզվի դասագրքերը (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ` համահեղինակությամբ):

Սիրելի՛ Լեւոն Եզեկյան, շատ բան ես թողել մեզ ու գալիք սերունդներին եւ, ցավոք, շատ բան էլ տանում ես, ուստի քո անդարձ հեռանալով շատ բան է պակասելու կյանքից ու գիտությունից: Այսուհետեւ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող «լեզվաբանություն» գծով աստիճանաշնորհող մասնագիտական խորհրդում գիտական աստիճան հայցողն այլեւս չի ստանալու ձայնը, այլեւս ոչ մեկի համար դու չես լինի գիտական ղեկավար կամ պաշտոնական ընդդիմախոս:

Արդեն քո պաշտոններում քեզ փոխարինում են քո սաները, քո փոխարեն «ժամանակակից հայոց լեզու», «Ոճագիտություն», «Խոսքի մշակույթ» եւ մասնագիտական այլ առարկաներ համալսարանի լսարաններում կդասավանդեն քո իսկ աճեցրած երիտասարդ դասախոսները: Բայց ո՞վ պիտի փոխարինի Լեւոն Եզեկյան մարդուն, հայրենիք ու ընտանիք սիրող հորն ու վստահելի, հավատարիմ ընկերոջը...

Հաղորդակցությունը մեկընդմիշտ դադարել է: Ինչ էլ ասենք, միեւնույն է, դու այլեւս մեզ չես լսում, եւ գնում եսՙ անպատասխան թողնելով բոլոր հարցերը: Կանգ ու դարձ չկա: Ուրեմնՙ անդարձ ու հավիտենական ճանապարհին թող Քեզ ուղեկից լինեն բոլորիս արցունքն ու օրհնանքը:

Քո գրքերն են քո անմահության հուշարձանը: Վստա՛հ եղիր, որ բոլորս մեր հիշողության մեջ սերնդեսերունդ կպահենք Քո բարի ժպիտն ու պայծառ հիշատակը:

Վերջին զրուցակիցՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ