RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4355, Տպվել է` 622, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱԿԱՔԱՅԼԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Հնարավո՞ր է արդյոք Պուտին-Ռուհանի-Էրդողան դաշինք

Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում աներեւակայելի փոփոխություններ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը չի բացառում, որ Ռուսաստանին տրամադրվի «Ինջիռլիք» ավիաբազայի օգտագործման իրավունք: Այդուհանդերձ վարչապետը Ստամբուլում օտարերկրացի լրագրողների հետ զրուցելիս նշել է, որ Մոսկվան նման խնդրանքով չի դիմել: Նրա խոսքերով, «անհրաժեշտության դեպքում» ռազմակայանը կարող է օգտագործվել, քանի որ «Թուրքիան «Ինժիռլիքը» բացել է ԻՊ-ի դեմ պայքարելու համար, դրանից օգտվում են ԱՄՆ-ը եւ Քաթարը, ուրիշ երկրներ եւս կարող են ցանկություն հայտնել օգտագործելու ավիաբազան, որտեղ այժմ գործում են նաեւ գերմանացիները»:

Հարցն այն չէ, թե ռուսական օդատիեզերական ուժերին պե՞տք է արդյոք թուրքական ռազմակայանը, այլ այն, թե ինչ է հայտարարել թուրք վարչապետը Պուտինի եւ Էրդողանի պետերբուրգյան հանդիպումից հետո: Անշուշտ, Անկարան փորձում է շահել Մոսկվայի քաղաքական վստահությունը:

Թուրք վարչապետի հայտարարության առթիվ արձագանքները տարբեր են: Այսպես, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանց-Վալտեր Շտայնմայերը չբացառեց ռուս-թուրքական նոր ռազմական դաշինքի ստեղծումը որպես ՆԱՏՕ-ի հետ գործընկերության այլընտրանք: Ավելի ուշ Արեւմուտքում ի հայտ եկան բացահայտ ակնարկներ, թե Անկարայի եւ Մոսկվայի չափազանց մեծ մերձեցումը կարող է հանգեցնել Թուրքիայի «ներքաղաքական լուրջ ճգնաժամի»: Թուրք փորձագետ Էրենդորի կարծիքով, «մերձեցումը թերեւս նախաձեռնել է Արեւմուտքը, որպեսզի շիկացնի Թուրքիայի իրադրությունը»:

Իր հերթին հատկանշական հայտարարությամբ հանդես եկավ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը այն օրերին, երբ ռուսական ռազմօդանավերը Համադանի ավիաբազայից թռան հարվածելու Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Նախարարի խոսքերով, «Թեհրանը Համադանի ավիաբազայում ռուսական օդատիեզերական ուժերին ընդունում է Սիրիայի կառավարության խնդրանքովՙ քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը»: Ըստ որում, Դեհգանը հատկապես ընդգծեց, որ «Իրանը առայժմ չի նախատեսում Մոսկվային տրամադրել ուրիշ ռազմակայաններ, բայց անհրաժեշտության դեպքում քննության կառնի նման հնարավորությունը»: Այսպիսով, Թուրքիան խոսքով, իսկ Իրանը գործով ցուցադրում են Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն սկսելու պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է ավելի վաղ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե իր երկիրը վճռական է «Իրանի եւ Ռուսաստանի հետ ձեռք-ձեռքի տված նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը եւ ակտիվացնել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերը»:

Իհարկե, Ռուսաստան-Թուրքիա-Իրան ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը հեռավոր ապագայի գործ է, բայց արդեն այսօր հազիվ թե որեւէ մեկը վիճարկի Մերձավոր Արեւելքում ուժերի նոր դասավորության ուրվագծերը, հնարավոր կազմավորման հետ կապված աշխարհաքաղաքական նոր իրողությանՙ ուժի նոր կենտրոնի հայտնվելը: Իբրեւ միավորիչ գործոն հանդես է գալիս Սիրիան: Նույնիսկ Անկարան, չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին արած հակասական հայտարարություններին, ցույց է տալիս, որ այդ տարաձայնությունները ռազմավարական բնույթ չեն կրում, եւ սա մերձեցնում է Անկարայի դիրքերը ոչ միայն Մոսկվայի, այլեւ Թեհրանի հետ: Դրա հետ մեկտեղ, ինչպես արդարացիորեն նշում է ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ռազմավարական առումով հորիզոնը դեռ պարուրված է մշուշով, քանի որ ոչ ոքի հայտնի չէ, թե որքան հեռու կարող է գնալ Էրդողանը, ում դիմակայությունը ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ առայժմ թվում է իրավիճակային: Նաեւ հայտնի չէ, թե նա որքանով է պատրաստ հաշվի առնել տարածաշրջանում Թեհրանի հարաճուն դերը: Իսկ գլխավորն այն է, թե Էրդողանը մտադի՞ր է արդյոք Իրանի հետ միեւնույն ուղղությամբ քայլել, որպեսզի դուրս գա շիաների եւ սուննիների միջեւ պատմականորեն ձեւավորված, Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ սրված «կարմիր գծերից»:

Եվրոմիությունն ասես զգալով, որ տանուլ է տվել նախկին Թուրքիային, փորձում է ջանքեր գործադրել, որպեսզի վերականգնի հուլիսյան խռովությունը վերապրած նոր Թուրքիայի վստահությունը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիեռն Յագլանդը ֆրանսիական Le Monde թերթի էջերում հերթական անգամ այն միտքն է արտահայտում, թե ԵՄ նպատակն է «Թուրքիային տեսնել եվրոպական ընտանիքում»: Իր հերթին ամերիկյան National Interest հրատարակությունը պնդում է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանի համեմատությամբ ունի շատ ավելի լայն ռազմական ներկայություն: Եվ եթե մեզ հուզում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի հնարավոր առաջանցումը, պատճառը տարածաշրջանում ոչ թե նրա ռազմական ուժերի գերակշռությունն է, այլ այն, որ Պուտինը կոալիցիաներ է կազմում տարածաշրջանում իր դաշնակիցները չհամարվող պետությունների հետ»: Թուրքական Milliyet թերթն արձանագրում է. «Պուտինը գործում է իրատեսության ավանդույթներով եւ առաջ է անցնում ԱՄՆ-ից, որը շարունակում է աշխարհը բաժանել դաշնակիցների եւ թշնամիների, համագործակցությունը սահմանափակելով առաջիններով, իսկ երկրորդներին տրամադրելով լոկ առճակատման տարածք»:

Իբրեւ օրինակ վերցնենք Իրանը, որը միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում համաձայնագրեր ստորագրելուց հետո էլ շարունակում է ԱՄՆ-ում ընկալվել որպես «քոթակի» ու պատիժների ենթակա տղեկ: Այս կապակցությամբ Bloomberg գործակալությունն առաջարկում է հակախաղ իրականացնել եւ Մոսկվայի հանդեպ ամերիկյան հետախուզության մոտեցումների վերաբերյալ «տեղեկատվության արտահոսքի» ու ապատեղեկատվության տարածման արշավ անցկացնել: Bloomberg-ը ամերիկացի դիվանագետներին խորհուրդ է տալիս «ջանքեր գործադրել, որպեսզի իրանցիները հավատան, որ Ռուսաստանն ամեն պահի կարող է անջատ գործարք կնքել Վաշինգտոնի հետ: Նման գործարքն այնքան էլ անիրական չէ. չէ՞ որ ռուսները Սիրիայի հարցով անջատ պայմանագիր կնքեցին Իսրայելի հետ»: Ըստ REGNUM գործակալության, սա Արեւմուտքի առաջին հակաքայլն է: Իսկ երկորդի համաձայն Արեւմուտքը մտադիր է տարածել այն դրույթը, ըստ որի Թեհրանն ու Անկարան Մոսկվայի հետ կապերի ամրապնդումն իբր օգտագործում են նախ եւ առաջ Արեւմուտքին իրենց պայմանները ներկայացնելու համար, եւ որ Թեհրանն ու Անկարան, հայտարարելով Ռուսաստանի եւ միմյանց հետ դաշնակցային հարաբերությունների մասին, իրականում ղեկավարվում են միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական նպատակներով, իսկ նման դաշինքը դժվար թե հարատեւ լինի:

Երրորդ: Չի բացառվում, որ Վաշինգտոնը աշխատանք ձեռնարկի Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի հետ նոր քաղաքական համաձայնագիր կնքելու նպատակով, բայց դա անի այնպես, որ «ի չիք դառնա ձեւավորվող Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ