RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 6466, Տպվել է` 619, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻԴԱՅՈՒ ԴԵՌ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԿԵՐՊԱՐԸ ՄԵՐ ՄԵՋ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

90-ական թվականներին, Արցախյան ազատամարտի բուռն օրերին, երբ միջազգային մամուլի ուշադրությունը սեւեռված էր հայ-ադրբեջանական ճակատների վրա, մեր ֆոտո-թղթակիցներից ոմանք, հեղինակավոր պարբերականների պատվերով, ճակատային լուսանկարներ էին հայթայթում նրանց: Սովորաբար հայկական մեր պատկերացումներին հարազատ լուսանկարներ էին դրանք. թանձր բեղ-մորուքով, բազմատեսակ տարազներով, բերանի անկյունում մխացող սիգարետով, «Քալաշնիքով» հրացանը վեր պարզած, դեմքի խոժոռ ու վախեցնող արտահայտությամբ տղաների նկարներ էին դրանք: Մեզ համար պաշտելի, օտար ընթերցողի համար` կասկածելի պատկերներ: Հորդորներս մեր ֆոտո-թղթակիցներինՙ ավելի մարդկայնական, հնարավորինս կանոնավոր բանակայինի արտաքինով ներկայացնելու մեր մարտիկներինՙ սովորաբար ընդունվում էր տարակուսանքով: Ո՞նց թե, աշխարհը թող իմանա, որ մենք այսպիսի հերոս տղաներ ունենք, որոնք կռվում են հայրենի հողի ազատագրման համար: Հերոսությունը նույնականացվում էր արտաքին վայրենի տեսքի հետ, եւ շատերը ձգտում էին մտնել այդ արտաքինի մեջՙ հերոս երեւալու համար: (Այս պահին հիշեցի Երվանդ Օտյանի «Որ մենք հերոս»ներին, նաեւՙ Չարենցի խմբապետ Շավարշինՙ իր թեք փափախով, սպիտակ ձիու վրա...):

Արտաքին այդ կերպարը, որի արմատներն ունեն շուրջ 150 տարվա հնությունՙ «յարի փոխան զենք» գրկողի, «հերոս մռնչեց, Սուլթան դոդողաց»ի օրերից եկող, կենսունակ է միշտ, նաեւ այսօր:

Այդ կերպարը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ 1992 թ.ին հայտարարվեց Հայոց բանակի ծնունդը եւ հետզհետե սովորական դարձավ կանոնավոր բանակայինի, մաքուր սափրված զինվորի, փողկապավոր սպայի արտաքինը, ներկայությունը: Մեր ժողովրդի մեջ բնավ չխամրեց ազատամարտիկի, ջան ֆիդայու առասպելական կերպարը: Հետագայում լույս տեսած բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր ավելի եւս շեշտեցին այդ կերպարի գրավչությունը շատ-շատերի համար, որոնց ֆոլկլորային մտածողությունը նպաստեց, որ ազատամարտի բովով անցած եւ իսկապես հայրենասեր ու անձնազոհ այդ տղաներից շատերը ինքնաներշնչվեցին, որ իրենք կարող են ոչ միայն կռիվ ու մարտ, այլեւ պետություն ու... մեզ ղեկավարել:

Շատերս կարող ենք հիշել 90-ականներին Արցախից եւ ճակատային մյուս գծերից Երեւան հասնող սպառնալիքներըՙ «էստեղ գործներս ավարտենք, կիջնենք Էրեւան, եւ բոլորիդ հախիցը կգանք»: Այդ օրերին տարբեր թերթեր, որոնց շարքինՙ նաեւ «Ազգ»ը, գրեցին «վիետնամյան սինդրոմի» մասին: Սակայն բարեբախատաբար կամ դժբախտաբար, այդ սինդրոմը, չարացածության այդ ալիքը փշրվեց հայոց աշխարհում ծավալված հախուռն, անկազմակերպ սեփականաշնորհման շարժման պատին: Ազատամարտիկներից ճարպիկները, զոռբաները ձեռք դրեցին ամեն տեսակ ունեցվածքների, պաշտոնների, արտոնությունների վրա, մինչ «խեղճերն» ու «անճարակները» մնացին տարբեր տեսակի օգնությունների ու «փարոսների» հույսին...

Մեր երկրում առաջացավ մի խավ, նախկին ազատամարտիկների մի կաստա, որ առայսօր իր ձեռքին է պահում պաշտպանության, պետական տարբեր կառույցների, տնտեսության տարբեր ոլորտների տիրապետող դիրքերը, քիչ բացառությամբՙ ապաշնորհ ձեւով, եւ առանց բացառությանՙ հավակնոտ, որ իմ տպավորությամբ գալիս է նրանց ազատամարտիկի անցյալից: Նրանք ամեն բան գիտեն, նույնիսկՙ երկիր ու պետություն ղեկավարել: Չէ՞ որ նրանք արյուն են տվել: Ժողովուրդը միշտ պարտք է նրանց:

Եվ այդ հավակնության դրսեւորումներից մեկին, անշուշտ խիստ ծայրահեղ, մենք ականատես եղանք ՊՊԾ գունդը գրաված զինյալների գործողությունների ընթացքում, երբ կրկին անգամ հառնեց ազատամարտիկի կերպարը, այս անգամ «ներքին թշնամու» դեմ...

***

25 տարին բավական ժամանակ է, որ մեր ժողովուրդը դուրս գա, ձերբազատվի ֆիդայու կերպարի տիրապետությունից: Նոր սերունդ է փորձում մտնել ասպարեզՙ զարգացած, բաց ուղեղով եւ ոչ պակաս հայրենասեր, խիզախ եւ հերոսության ընդունակ: Վկա՛ՙ Քառօրյա պատերազմը: Դիրքերը զիջենք նրանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ