RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6393, Տպվել է` 641, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՆ ՁԵՎՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՆՈՐԻՆ ԷԼ ԴԵՌ ԽԱԲՍ ԵՆ ՏԱԼԻՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընտրական գործընթացների նկատամբ վստահության չգոյության, ընտրությունների ընթացքը վերահսկելու լրացուցիչ մեխանիզմների իշխանական հանձնառության չեղարկման պայմաններում, նախորդած ապրիլյան եւ հուլիսյան դեպքերից հետո, առաջիկայում Հայաստանի համայնքների զգալի մասում կայանալիք ՏԻՄ ընտրությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մի փորձարկում կամ նախափորձ կարելի համարել մի քանի առումներով:

Նախ` պատասխան է տրվելու այն հարցին, թե ի վերջո ինչպես են լուծվելու խնդիրները Հայաստանում` նորմալ ընտրություններով, թե՞ ապստամբությամբ կամ հեղափոխությամբ: Այո, հուլիսյան դեպքերից հետո այդպիսի հարց գոյություն ունի, մանավանդ որ հայ հասարակությունը երբեք գոհ չի եղել նախորդ բոլոր ընտրական գործընթացներից` համապետական եւ տեղական ընտրությունները սովորաբար վերածվել են ֆինանսական եւ վարչական լծակները կիրառելու լայնամասշտաբ միջոցառումների, ընտրողը հաճախ խաղից դուրս ու անտեսված է մնացել: Հիմա, երբ ընտրակարգ է փոխվել, նորացված Սահմանադրություն կա, խորհրդարանն ու կառավարման ինստիտուտները ֆորմալ առումով փոփոխությունների են ենթակա, թեեւ բովանդակային առումով կասկածում ենք այդ փոփոխություններին, միգուցե հնարավորություն ու պատուհան կա՞ ինչ- որ բան փոխելու մեր երկրում: Թե՞ ամեն ինչ մնալու է այնպես, ինպես կա, ու միայն մուլյաժի խնդիր է լուծվել` 100 տոկոս համամասնական ընտրակարգ անունով: Սա` մեկ: Երկրորդ`100 տոկոս համամասնական կարգով անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները կարող են դառնալ փորձադաշտ, ուր կուսակցությունները փորձ ձեռք բերեն եւ իրենց սխալները չեն կրկնի համապետական ընտրություններում: Միգուցե կա այդպիսի բան, եւ սա է պատճառներից մեկը այն աննախադեպ հետաքրքրության, երբ մեծ թվով կուսակցություններ են մասնակցության հայտ ներկայացրել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Մյուս կողմից` բոլորին է պետք արեւի տակ իրենց տեղը գրավել, մանավանդ` նոր միավորներ ու դաշինքներ կան, իսկ այդ տեղը մեծ չէ, գոնե հավակնությունների վերաբերյալ կիմացվի` ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, իսկ հետո` կերեւա:

Այս անգամ հետագա գործընթացներն ուղղորդելու առումով ավելի նախադեպային կարող են դառնալ հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրությունները, որտեղ համամասնական կարգով ընտրված ավագանին նաեւ հետո քաղաքապետ է ընտրելու:

Այսինքն` դրանք միջնորդավորված կերպով նաեւ քաղաքապետների ընտրություններ են, կուսակցական ցուցակների առաջին տեղերը զբաղեցնող անձինք նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են փաստորեն պայքարում: Ինչպիսի ընտրություններ կլինեն այս երկու քաղաքներումՙ այդպիսի պատկեր էլ սպասեք եկող տարվա խորհրդարանական ընտրություններում: Եթե էլի պիտի գործեն վարչական ռեսուրսը, փողը, զանազան ճնշումների արիալը, իսկ ազատ ընտրությունը թաղվի այդ բոլորի տակ, ուրեմն հույսներդ կտրեք խորհրդարանական նորմալ ընտրություններից, եթե, այնուամենայնիվ, ընտրողն ու իշխանությունը երկուստեք կամք դրսեւորեն, ուրեմն ինչ-որ բան կփոխվի` գլոբալ փոփոխության դուռ բացելով: Այսինքն` հոկտեմբերի 2-ի ընտրությունները որոշիչ կլինեն հեռանկարի առումով:

Ասենք, որ Գյումրիում գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն է գլխավորում ՀՀԿ-ՀՔԴՄ 99 առաջադրվածների միասնական ցուցակը, իսկ Վանաձորում ՀՀԿ-ն հրաժարվել է գործող քաղաքապետից, այդպիսով հույս ունենալով մեղմել վանաձորցիների երկարամյա դժգոհությունը գործող իշխանությունից` ՀՀԿ 68 հոգանոց ցուցակն այստեղ գլխավորում է Մամիկոն Ասլանյանը: Այսինքն` իր կողմից իշխանությունն, այնուամենայնիվ, ինչ-որ բան փորձել է փոփոխել, իսկ թե ինչ դուրս կգա դրանից, եւ արդյոք տրամադրություններով ընդդիմադիր այս երկու քաղաքները այս անգամ մկան ցույց կտան, պարզ կլինի շատ շուտով:

Ասենք, որ արդեն կասկածելի են երկու քաղաքների ընտրողների թվերը, որոնք հասնում են բնակչության ընդհանուր, քաղաքներից բացակայողներին ներառող թվերին: 2011 մարդահամարին Գյումրիի բնակչության թիվը 123 հազար էր, հետագա տարիներին, իհարկե, էլի նվազած կլինի, քանի որ այս քաղաքից արտագաղթը մեծ է: Ոչ պաշտոնական հաշվարկներով հազիվ 60-65 հազար մարդ է ապրում Գյումրիում: Մինչդեռ ընտրողների ցուցակներով` Գյումրիում այսօր կա 126 հազար ընտրող: Նույն մարդահամարով` Վանաձորի բնակչության թիվը 2011 թվականին կազմել է 82 327 մարդ: Հիմա եթե այս թվերին մոտիկ ընտրողների թիվ ներկայացվի` պարզ է , որ հենց գլխանց այդպիսի ընտրությունը վստահություն չի ներշնչի: Այ թե ինչու իշխանությունը այդպես էլ չի ընդունում քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, քանի որ այդ դեպքում ընտրողների ուռճացված թվերը պարզապես գոյություն ունենալ չէին կարող:

Մի առանձնահատկություն էլ կա այս անգամ` երկու մեծ քաղաքներում տեղացիների շահերը ներկայացնող կուսակցություններ կան, ինչը կարող է դժվարացնել բոլոր մյուս կուսակցությունների, ու նույնիսկ ՀՀԿ-ի գործը.Գյումրիում` «Գալա» կուսակցությունը, Վանաձորում` վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Սակայն ընդհանուր առմամբ` առաջադրված բազմաթիվ կուսակցությունների պարագան մի այնպիսի խայտաբղետություն է ստեղծել, որ դրանով ավելի է հեշտացրել իշխող կուսակցության գործը` մարդիկ խճողվելու են բազմաթիվ ցուցակների միջեւ` չիմանալով ում ընտրել: Մանավանդ` ընդդիմությունը եւս ոչ մի կերպ չհամախմբվեց ու դաշինքով չգնաց: Իսկ փոշիացող ձայները հեշտացնում են այն շերտերի գործը, որոնք հակված են ընտրակեղծիքների: Հիշողությունը թարմացնելով ասենք, որ Գյումրիում 10 կուսակցություն եւ 1 դաշինք (ընդհանուր թվով`422 թեկնածու) են պայքարելու ավագանու 33 տեղ համար` կոնկուրսը մեծ է, ինչպես ասում են: Նույն կարգի թեժ պայքար է լինելու նաեւՎանաձորում, որտեղ 8 կուսակցություն է պայքարում:

Կարծիք կա ընդհանրապես, թե բոլոր մասնակից կուսակցությունները փաստորեն ՀՀԿ-ի դեմ են պայքարում, քանի որ վարչական լծակները հենց նրա ձեռքում են: Չնայած` ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովն ասում է` ՀՀԿ-ի դեմ չեն պայքարում, այլ միակ ընդդիմադիրի դափնու: Այսպես թե այնպես` առաջադրվել են համարյա բոլոր այն կուսակցությունները, որոնք ինչ-որ ռեսուրսների են տիրապետում, նրանք հաճախ միմյանց հասցեին կոշտ որակումներ են հնչեցնում, փորձում արժեզրկել մեկը մյուսին: Արդեն իսկ դաշտ են նետվել «Ես քեզ, դու ինձ» գործելակերպի մերկ դրսեւորումներ, միմյանց գնելու ու վաճառելու, միմյանց չխնայելու փորձեր եղել, այդ գործընթացն առայժմ լավ տեսանելի է ընդդիմության տարբեր միավորների պարագայում: Իշխանությունը մի տեսակ կողք է քաշվել, սուսուփուս իր գործին է` առանց առանձնակի կոշտ պահվածքի, կարծես ինքնավստահ. եթե նրա հույսն էլի վարչական ռեսուրսն ու փողն է, Գյումրիում , օրինակ, դա կարող է չաշխատել: Ընդհանրապես` եթե ոչ մի բան չի փոխվելու ընտրական ձեռագրի առումով` այդ դեպքում ինչ իմաստ ուներ ԸՕ-ի փոփոխության ողջ աղմուկը, ողջ գեղեցկախոսությունն ու ժողովրդավարության մասին շատախոսությունը ԸՕ-ի տեւական նախապատրաստման եւ ընդունման ժամանակ: Եթե իշխող մեծամասնությունը ոչ մի կերպ չէր զսպելու ախորժակը` ամբողջը վերցնելու:

Եթե իշխանությունը գոնե այս պահին չի սրում-կոշտացնում իր խոսքը գոնե առեւերույթ, իսկ իրականում հարցերն ավանդական ձեւով են լուծվելու` հին մեթոդներն աշխատեցնելով, ապա լավ կլինի, որ մեծամասնության ղեկավարները հիմա արդեն հետեւություններ անեն: Միշտ էլ կարող է դժգոհության ալիքը մի կերպ պահող թելը բարակել ու մի անգամ կտրվել. այս անգամ դա Գյումրիում կարող է լինել:

Ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի , որի գլխավորած ուժն, ի թիվս բոլոր մյուս կուսակցությունների, մտել է ընտրապայքարի մեջ, իշխանության հիմնական թիրախը ԲՀԿ-ն է, իսկ ընդդիմադիր կուսակցությունների գերակշիռ մասի համար իշխանությունը ջերմոցային պայմաններ է ստեղծել: Ընդդիմադիր կուսակցությունները չեն միավորվել դաշինքում եւ միասնական քաղաքական օրակարգ չեն ձեւավորել, միգուցե ամեն մեկն իր շահը հաշվարկելիս նկատել է, որ միասնական շահը ձեռնտու չէ իրեն. խիստ հայկական մոտեցում:

«Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչը ՀՀԿ Վանաձորի ընտրությունների ցուցակը ՀՀԿ բրենդը կոծկելու անհաջող փորձ է համարում եւ հույս ունի հաղթել այս քաղաքում, ինչպես որ «Գալան» միեւնույն հույսն ունի Գյումրիում: Ուրիշներն ասում են, որ վանաձորցին արդեն գոհ կլինի, որ ազատվում է Սամվել Դարբինյանից:

Այո, հետաքրքրական է գործընթացին մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքն այս օրերին, նրանք վախենում են, որ իշխող մեծամասնությունը, փաստորեն, չի փոխել իր մոտեցումները, եւ ՏԻՄ ընտրություններում առավելագույնը վերցնելու կարգախոսով է շարժվելու, բովանդակային առումով չփոխելով ոչինչ, ինչը պիտի որ փոխվեր նոր Ընտրական օրենսգրքով եւ 100 տոկոս համամասնական կարգի գաղափարով:

ՌԱԿ հայաստանայան կառույցը եւս մասնակցում է ՏԻՄ ընտրոություններին եւ նրա ատենապետ Հակոբ Ավետիքյանն ասում է, թե նախ ընտրական օրենսդրությունն է բարդ` թեկնածուների եւ վստահված անձանց կողմից դրան լիովին տիրապետելու առումով, հավատ չեն ներշնչում ընտրողների թվերը, իսկ առաջադրվածների ընտրագրավների մեծությունն ըստ ընտրողների թվի է ու բավական մեծ գումար: Նրա գլխավորած կուսակցությունը մի շարք համայնքների ընտրությունների մասնակցում է երկրի հատկապես այն վայրերում, որտեղ կուսակցական աշխատող կառույցներ ունի, որտեղ մասնակցել է նախորդ ՏԻՄ ընտրություններին եւ փորձ ունի: Ավագանիների թեկնածուներ են առաջադրվել Լոռիում` Վանաձորում ու Սպիտակում, Եղվարդում` երեք թեկնածուով, Սիսիանում, Սեւանում, Վարդենիսում, Մասիսում: Վանաձորում ՀՀԿ ցուցակով են մասնակցում, Գյումրիում մասնակցություն չունեն` այնտեղ անհրաժեշտ քանակությամբ դեռեւս ուժեր չունեն, թեեւ ունեն շատ լավ կորիզ: Ըստ Հ. Ավետիքյանի` նախ նախորդ ՏԻՄ ընտրության մասնակցության հաջող փորձն է մղել մասնակցելու (տասնմեկ թեկնածուից վեցն ավագանու անդամ դարձան), ապա նաեւ ընտրական նոր մոդելի փորձարկմանն են ուզում մասնակցել, որ գործընթացի մեջ լինեն նաեւ խորհրդարանական ընտրություններին: Հ. Ավետիքյանի դիտարկումներով` տեղերում ժողովուրդն անտարբեր է, հատկապես ավագանու ինստիտուտը չաշխատող է համարում, քանի որ հասկանալի չէ, թե մեկ-երկու հոգին ի՞նչ կկարողանան փոխել, երբ հենց օրենքով այժմ ավագանին չի կարող համայնքապետին հակակշիռ լինել` կայուն մեծամասնության սկզբունքը կա: Անգամ թեկնածուները խանդավառված չեն, իմանալով, որ ավագանիում չեն կարողանա ինչ-որ բան փոխել: Իսկ ավանդական մեթոդների չկիրառման առումով էլ Հ.Ավետիքյանը մեծ վստահություն չունի, որ ինչ որ բան կփոխվի: Իշխանության հայտարարությունների մակարդակով դրական բան կա, այնուամենայնիվ, ինչ- որ բան փոխվել է, բայց տեղերում տեսնում ես, որ տոն ստեղծում են իշխանությունների թեկնածուները: Միայն էն տարբերությամբ, որ այդ կուսակցությունը հիմա միանշանակ հրահանգ վերեւից չի իջեցնում, եւ դու տեսնում ես` երկու-երեք թեկնածու հանրապետական են, ըստ իշխանության ` դա պայքար, մրցակցություն է միմյանց դեմ: Գրանցման եւ տեխնիկական այլ իմաստներով դժգոհ չենք, սակայն մեր երկրում ընտրություններին մասնակցելը բացառապես փող է. ընտրության մասնակցող կազմակերպությունը պետք է բավական միջոցներ ծախսի, որպեսզի իր թեկնածուներին գրանցի, նրանց բուկլետներով ապահովի, վստահված անձինք ունենա, շտաբներ բացի գոնե երկու ամսվա համար: Վարձակալության գներն էլ ընտրական շրջանում բարձրանում են: Օրինակ` Սեւան քաղաքում վարձակալության գները հավասարվում են Երեւանի վարձակալության արժեքներին: Ամեն մարդ փող փախցնելուն է նայում, ընտրությունների ինստիտուտը վերածվել է ֆինանսական միջոցառման. հանձնաժողովների անդամներին պետք է կերակրել, պլակատներ պատրաստել եւ այլն: Ընտրագրավը միայն 70 հազար է մեկ թեկնածուի համար»:

«Դաբրոները» դեռ կա՞ն. «Դաբրոների ինստիտուտն աշխատում է մարզպետների մակարդակով միայն», իր փորձառությունն է փոխանցում Հ. Ավետիքյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ