RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4573, Տպվել է` 621, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԶԱՆԳ ՀՆՉԵՑ ԵՐԿՆՔԻՑ...

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Լավագույն ընծաներն ինքն ունիՙ ձայն, որ մեծ բեմերում քննություն է բռնել, երկրպագու, որ երկրից երկիր հետեւել է իրեն, անկախ երկիր, որ ներկայացրել է արժանապատիվ, ժողովուրդ, որի պատվավոր կոչումը կրելով չի մոռացել նրա ձայնը դառնալ... արքունիքը համերգասրահներում ծափահարել է նրան, ճաշի հրավիրել, բայց բեմին հավատարիմՙ ոչ պալատներում համաձայնել է երգել, ոչ էլ առավել եւսՙ պալատական երգչուհի է դարձել: Դերասանական վարպետությունը բեմից չի իջեցրել կյանք, թագուհու- իշխանուհու հանդերձները թողել է թատրոնի հանդերձարանումՙ առօրյա կյանքում նախընտրելով պարզ ու համեստ շորուկոշիկ: Ինչ էլ կրում է, թանկարժեք է դառնում: Վարսավիրանոց հաճախելու սովորություն չունի, ինչպես էլ սանրվի, խնամված է, իսկ դեմքի գծերն Արարիչն այնքան բծախնդիր է կերտել, որ ոչ մի կնճիռ դրանք ի զորու չեն փոխել: Աչքերը խոշորՙ երկիր ու աշխարհ տեսած, հոտնկայս ծափահարող դահլիճ տեսած աչքերը հոգու հայելի լուսարձակներ են եղել միշտ, դրանց հմայքին չդիմացողնե՞րՙ որքան ասես:

Առաջին հերթինՙ ինքնիրեն: Ինքնությանն ու լեզվինՙ աննահանջ: «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյին ունկնդիրը զարմացավՙ անգլերեն ինչպիսի՛ առոգանություն, նույնը, երբ գերմաներենն են լսում, իտալերենին ու ռուսերենին են ականջալուր լինում: Ֆրանսերենն էլ գնահատեց ֆրանսիական մամուլը, երբ Բաստիլ թատրոնում Մաթիլդա էր երգում «Վիլհելմ Թել»- ում: Նրա հայերենն ուրիշ էՙ Խորենացի ու Նարեկացի վերընթերցող, Չարենցը, Թումանյանն ու Տերյանըՙ իր մտքի դարակներում, Հրանտ Մաթեւոսյանի տողով մեծացած, ժամանակակից հայ գրողներիՙ Լեւոն Խեչոյանի, Լեւոն Ջավախյանի արձակով թարմացվող: Ու երբ խոսում է, մեր լեզվի հարուստ շերտերն այնպես են բառեր տրամադրում, որ մատնում ենՙ իր ներսում հայկազյան բառագանձը ամենօրյա շարժման մեջ էՙ միտք ու հոգի սնուցող:

Փառքին չկառչած, անքեն հոգի է, սիրելու, նվիրվելու ունակ, դավաճանություն մերժող, զոհաբերության պատրաստ անպարտ մրցակից է: Նաՙ մեր ժամանակների լավագույն Նորման, ամեն բեմելի այնքան օրգանական է կերտում այս դերը, որ սկսում ես մտածելՙ դերը ճակատագրով է տրված: Բեմում, թե բեմից դուրս ոչ մի Պոլեոն արժանի չէ նրանՙ պարտված է ու դատապարտված:

Մեր ծափերին ի պատասխան նրա խոնարհումը բեմում, նրան կյանքում ուղիղ քայլելու, ամուր կանգնելու ուղեգիր է տալիս: Ունկնդիրներիսՙ ներշնչանք: Այդպես է ծնվել 2016-ին նկարիչ Մայիս Մխիթարյանի արվեստանոցի սիրուն կտավներից մեկըՙ Մշո Ճառընտիր փրկած երկու կանայքՙ Լուսինե Զաքարյանն ու Հասմիկ Պապյանն են: Նրանց արվեստն ու ապրած կյանքը ճանապարհ է երկինք: Երկրի վրա արարելու Հասմիկ Պապյանի ժամանակը նոր շնչառություն է ստանում այսօրՙ նրա լույս ծննդյամբ: Թեպետ հեռվում եմ, բայց ականջիս նրա ծննդյան զանգն է կանչում Երեւանից, օդի տատանումից մեր երկրում կուտակված բացասական լիցքերը կուչ են գալիս, անդարձ կորչում: Ու նորից է բացվում հայրենի բնաշխարհի ծաղիկըՙ նեկտարը նվիրելու պատրաստ... հայրենի մեղուներին անդավաճան սպասելով:

«Ազգ»ի խմբագրությունը նույնպես սպասողների ու շնորհավորողների մեջ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ