RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4393, Տպվել է` 609, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը Ռիո դե Ժանեյրոյից վերադարձավ տուն, շատերն, իհարկե, հոգով-սրտով Ռիոյում մնալով: Նախագահ, 78-ամյա Իսլամ Քարիմովը ուզբեկ օլիմպիականանների ընդունելության բանկետ կազմակերպեց: Առիթը կար, Ուզբեկստանի օլիմպիական թիմը Ռիոյից բերեց 4 ոսկե, 2 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցնելով 21-րդ տեղը: Մի խոսքով, պարոն Քարիմովն ամեն բան այնպես էր արել, որ բոլոր ուզբեկ օլիմպիականներն իրենց լավ զգան: Երեկոյի ընթացքում իրեն շատ լավ է զգացել նաեւ նախագահ Քարիմովը, որ, ըստ որոշ ականատեսներիՙ «օգտագործում էր մեծ քանակությամբ օղի եւ սպիրտային այլ խմիչք»: Հայտնի է, որ նույն օրը կեսգիշերին մոտ, պարոն Քարիմովը զրուցել է իր աշխատակազմի ղեկավար Զալիմխան Հայդարովի հետ (տեսնես ինչի՞ մասինՙ այդ ժամին), ապա, կրկին ըստ ականատեսներիՙ «հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու վայր է ընկել»:

Մնացյալը գիտենք միջազգային լրահոսից. 1991-ին Ուզբեկստանի նախագահ ընտրված եւ այդ պաշտոնը երբեք որեւէ մեկին չզիջած Իսլամ Քարիմովը գլխուղեղի արյունազեղումից մահացել է, սա պարոն Քարիմովի մահվան երկրորդ գույժն է, իմիջիայլոց: Առաջին անգամ, երբ լրատվամիջոցները հայտարարեցին, որ Քարիմովը մահացել է, պարզվեց, որ Քարիմովը չի մահացել: Պատահական չէ, որ ուզբեկական «Ֆերգանա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դանիել Կիսլովը պաշտոնական Տաշքենդից պահանջում է, որպեսզի կամ ցույց տան մահացած նախագահին, կամ ցույց տան Քարիմովի մահվան բժշկական արձանագրությունը, կամ էլ ցույց տան նախագահինՙ ողջ եւ առողջ: Սա շատ կարեւոր է, քանի որ նախ պաշտոնական Տաշքենդը գոնե մինչեւ անցյալ երեշքաբթի օրը չէր հաստատել երկրի նախագահի մահը, բացի սրանից, Ուզբեկստանիՙ հատկապես գյուղական համայնքներում ապրող շատ բնակիչներ, լսելով իրենց անկրկնելի նախագահի մահվան բոթը, հույս են հայտնել, որ պարոն նախագահը կառողջանա եւ նորից կշարունակի Ուզբեկստանը տանել արդարության եւ բարգավաճմանՙ Ալլահին հաճո ճանապարհով:

Թե ինչ նոր իրավիճակ կառաջացնի Քարիմովի մահը (եթե, իհարկե նա մահացել է) Միջին Ասիայի փխրուն տարածաշրջանում, հատկապես Ուզբեկստանումՙ մեծ մասամբ հենց Քարիմովից ճնշված իսլամիստների մոտ, դեռ պարզ չէ, բայց մի բան պարզ է, այնՙ որ Զիմբաբվեի նախագահ 92-ամյա Ռոբերտ Մուգաբեն, որը արդեն 29 տարի ղեկավարում է աֆրիկյան այդ պետությունը, իր երկրի օլիմպիականներին դիմավորելիս ոչ օղի, ոչ էլ այլ սպիրտային խմիչք չի օգտագործել: Պարոն Մուգաբեն ոչ գիտակցության կորուստ է ունեցել, ոչ վայր է ընկել, ոչ էլ առավել եւս գլխուղեղի արյունազեղում ստացել: Նա պարզապես հրամայել է ձերբակալել Զիմբաբվեի օլիմպիական հավաքականի բոլոր ներկայացուցիչներին, քանի որ. «Մենք պետական փողերն ենք ծախսել այս առնետների վրա, ովքեր իրենց մարզիկ են անվանում: Եթե դուք պատրաստ չէիք զոհաբերել ձեզ թեկուզ 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարեւան Բոթսվանայի մարզիկները, ապա դուք վատնել եք մեր փողերը»,- ասել է պարոն Մուգաբեն իր երկրի օլմպիականներին, որոնց ցույց տված լավագույն տեղը Ռիոյումՙ 8-րդ տեղն էր:

Կարելի է ենթադրել, որ մարզիկներին ձերբակալելու հրաման տված Մուգաբեն տեղեկացված չի եղել մարզիկների կենացը խմած Քարիմովի մահվան մասին: Ի դեպ, Քարիմովին 4 տարի էր մնում, որպեսզի անցներ Ստալինին եւ նույն Մուգաբեյինՙ իշխանավարության երկարակյացությամբ, չնայած Մուգաբեն ցլի առողջություն ունի: Ինչեւէ, եթե վերջինիս տեղեկացնեին, որ Քարիմովը մահացել է, ապա հազիվ թե նա հրամայեր ձերբակալել իր մարզիկներին, քանի որ կհասկանար, որ մի օր ինքն էլ... Գուցե վախենար, մի պահ մտածեր, հասկանար, որ Օլիմպիադայում իրականում կարեւոր չէ մարզիկը գրավել է 4-5-րդ տեղը, թե՞ 8-րդ, նույն բանն է: Բայց դա կարեւոր չէ: 92 տարին բավարար ժամկետ է հասկանալու ունակություն ձեռք բերելու համար ու եթե 92 տարի անց հասկանալ կրկին չի ստացվում, ուրեմն էլ երբեք չի ստացվի: Կարեւորն այստեղ օլիմպիական ընդունելությունն է, օրինակ Հայաստանում մեր թիմին փառահեղ դիմավորեցին հենց օդանավակայանում, ապա ամբողջ քաղաքով մեկ, հաշվի առնելով, որ մեր միակ չեմպիոնըՙ գյումրեցի է, ապա ամբողջՙ քաղաքներով մեկ: Ոչ մեկը չձերբակալվեց, ոչ մեկը վայր չընկավ, ինչը սակայն նշանակում է ոչ թե այն, որ օղի եւ սպիրտային խմիչք չի օգտագործվել, այլ այն, որ մեր երկիրը մի քիչ ուրիշ երկիր է: Սա շատ կարեւոր է, թե չէ մենք շարունակում ենք ստորադասել ուզբեկներին, կամ զիմբաբվեցիներին, սակայն մեր երկիրը դասում ենք Ուզբեկստանի եւ Զիմբաբվեի կարգին: Այնինչ հակառակը պետք է լինի: Իրականում ուզբեկներն ու զիմբաբվեցիները մեզ պես մարդիկ են, մեզ պես ուզում են լավ ապրել, մեզ պեսՙ այնքան էլ լավ դա չի ստացվում, մեզ պես երազում ենՙ աշխատանք ունենալու մասին, աշխատում ենՙ երազելով աշխատավարձի մասին, իրենք էլ գրողներ ունեն, երգեր ունեն, ուզբեկները մեզ պեսՙ անգամ սովետական անցյալ ունեն, զիմբաբվեցիներին էլ, ինչպես մեզ, Մոսկվայումՙ «սեւ» են անվանում... Մի խոսքով, մարդիկ միշտ նույնն են, երկրներն են տարբեր: Մենք սա խառնում ենք, մեր կարծիքով մենք ավելի լավն ենք, քան ուզբեկները, բայց մեր երկիրն ավելի լավը չէ, քան Ուզբեկստանն է: Նույն բռնապետությունն է. այնտեղ Քարիմովն էր իշխանավարության երկարակեցության ռեկորդի էր գնում, այստեղՙ ՀՀԿ-ն է այդ ճանապարհը բռնել: Բռնապետություններն իրարից բռնապետներով չեն տարբերվում, եթե անգամ մի բռնապետի անունը Կիմ Չեն Ըն է, մյուսինըՙ Վոլֆհանգ Ամադեուս Մոցարտ, օրինակ: Ի դեպ, Չեն Ընի մասին. մարդը բոլորովին վերջերս իր երկու նախարարներինՙ գյուղնախարար Խվան Մինեյին եւ ԿԳ նախարար Ռի Են Չժիին դատապարտել է գնդակահարության: Պարոն Մինեյին, որովհետեւ վերջինս իր քաղաքականությունից դուրս քաղաքական գիծ էր առաջ տանում, պարոն Չժիին, քանի որ վերջինս համարձակվել էր քնել, երբ Կիմ Չեն Ընը ելույթ էր ունենում:

Այնպես որ, երկու լուր ունեմ, մեկը լավ, մյուսըՙ վատ: Լավն այն է, որ մենք բռնապետություն չենք, վատն այն է, որ արդի քաղաքագիտության մեջ առաջ է եկել նոր տերմին, որը կոչվում է ժամանակակից բռնապետություն: Այն դասական բռնապետությունից տարբերվում է նրանով, որ բռնապետը ոչ թե հրամայում է գնդակահարել իրեն հակառակ կարծիք ունեցողներին, ոչ թե հրամայում է ձերբակալել իր հրամանը չկատարողներին, ոչ թե մահանում է, եւ բոլորը վախենում են ասել, որ մահացել է, այլ այնպես է անում, որ իր երկրում բոլորն ինքնակամ հասկանում են, որ նա իհարկե վատն է, բայց նրանից լավը չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ