RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4539, Տպվել է` 614, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Հ. ԱՖՅԱՆ

Մարդն, ով մտնում է բանկ, նպատակ չունենալով ոչ թալանել այն, ոչ մարդ սպանել-վիրավորել, ուրեմն կա՛մ խելագար է, կա՛մ ռոմանտիկ, կա՛մ էլ ռուսաստանաբնակ սնանկացած հայ գործարար: Օրերս մոսկովյան բանկերից մեկը մտած Արամ Պետրոսյանին երբ հարցրել են, թե ինչո՞ւ է մտել բանկ, մի քանի հոգու պատանդ պահել, սպառնալով պայթեցնել բանկը, մարդը պատասխանել է, որ այդպիսով ինքը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր խնդիրների վրա: Իսկ խնդիրներ Արամ Պետրոսյանն ունի, նա սնանկ է ճանաչվել, հավանաբար վարկային պարտքեր ունի, որոնց տերերը, չնայած մարդը սնանկ է ճանաչվել, բայց հասկանալիորեն պահանջում են գումարները, դե Պետրոսյանն էլ գումար չունի, իսկ այն մարդը, որ գումար չունի, բայց փոխարենը պարտք ունի, ունենում է կա՛մ ռոմանտիկ մտքեր, կա՛մ խելագար մտքեր: Բանկ գրավելը եւ աշխատակիցներից մի քանիսին պատանդ պահելը խելագար գաղափարներ են, անշուշտ:

Բայց այս պատմությունը մի նրբություն ունի: Բժիշկները կարծես թե ոչինչ չեն ասել, թե ի՞նչ է կատարվում մարդու առողջության հետ, երբ նա ունենում է ուշադրության կարիք, բայց կարծում եմ, որ սա 21-րդ դարի թիվ մեկ հիվանդությունն է: Յուրաքանչյուր ըմբոստության, ապստամբության, հեղափոխության կամ դրանք փորձելու հիմքը հենց ուշադրության պակասն է: Կմտնե՞ր արդյոք Արամ Պետրոսյանը մոսկովյան բանկը, եթե որեւէ մեկը հանդիպեր նրան, խոսեր, խնդիրներին լուծում առաջարկեր. իհարկե չէր մտնի... Իսկ կմտնեի՞ն ծռերը Էրեբունու ՊՊԾ գունդ, եթե... Կարծում եմՙ չէին մտնի: Նրանք, իհարկե ասում են, որ ՊՊԾ գունդ են մտել, որովհետեւ «ռեժիմը հողերը տալիս է», որովհետեւ «երկիրը կեղեքվում է», եւ «քանի որ այս իշխանությունները չեն կարողանում այս հարցերը լուծել, ուրեմն պետք է իսկույն հեռանան», բայց իրականում այս պատմության հիմքն էլ ուշադրության պակասն է: Տարիներ շարունակ այս մարդկանցից շատերը բարձրաձայնել են խնդիրներ, որոնց լուծումները չեն գտնվել: Եթե անգամ դրանք խնդիր չեն եղել, եթե անգամ դրանք զրպարտություն են եղել, ոչ ոք չի գնացել այդ մարդկանց մոտ, չի նստել նրանց հետ սեղանի շուրջը եւ չի բացատրել, որՙ եղբայր, լավՙ պարոն, այդպես չէ, ինչպես դու ես ասում, այլՙ այսպես է, չգիտես, դրա համար էլ այդպես ես ասում, հիմա իմացիր եւ այսպես ասա: Չի՛ եղել նման դեպք, մարդկանց, ու ոչ միայն սասնա ծուռ դարձածների բարձրաձայնած խնդիրները որպես կանոն ուշադրության չեն արժանացել եւ չեն արժանանում, իսկ երբ սա քաղաքականություն է դառնում, մարդիկ դառնում են կա՛մ ռոմանտիկ, ինչը լավ է իշխանության համար, քանի որ ռոմանտիկ մարդիկ փողի կարիք չունեն, կա՛մ էլ խելագար, ինչը վատ է իշխանության համար, քանի որ խելագար մարդիկ միշտ իրենց նպատակին հասնելու միջոցներ ունեն եւ դրանց դիմելու համարձակություն:

Սա է ամբողջ պատմությունը, սրանից են սկսվում բոլոր, կամ գրեթե բոլոր մեծ ըմբոստություն-ապստամբությունները, հեղափոխությունները: Ըմբոստները, ապստամբները, հեղափոխականները մինչ այդ քայլին դիմելը խոսել են, հետո բղավել են. նրանց չեն լսել: Հեղափոխությունը չլսելու հետեւանք է, լսելի դառնալու համարձակությունը, դրա վերջին, հուսահատ փորձը, չարդարացված, հանցավոր, բայցՙ հասկանալի, այն միշտ հաջորդում է ռոմանտիկային կամ խելագարությանը: Ամեն մի ըմբոստություն, ապստամբություն կամ հեղափոխություն ռոմանտիկ խելագարություն է, չարդարացված, բայց հասկանալի:

Ուշադիր լսեք, թե մարդիկ ինչ են ասում, բանավիճեք նրանց հետ, բացատրեք, փաստեր ներկայացրեքՙ եթե դրանք կան, եթե չկանՙ ընդունեք նրանց փաստարկները, զրուցեք նրանց հետ. ինչպես բանակցությունների ժամանակ պատերազմ չի լինում, այնպես էլ զրույցների ժամանակ հեղափոխություն չի լինում: Իսկ պատերազմն ու հեղափոխությունը նույն բանն են. երկուսի ժամանակ էլ արյուն է թափվում, որն, ինչպես հետո է հաճախ պարզվում, իզուր էր, մեկի կամ մյուսի, կամ երկուսի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ