RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՆԵՐԳԱՂԹ-ԱՐՏԱԳԱՂԹ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4427, Տպվել է` 587, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

(Ենթախորագրի փոխարենՙ հարցական նշան)

Սկիզբը` նախորդ համարում

***

Հետզհետե Երեւանում ձեւակերպվեցին մեր ախպարների սիրելի հավաքատեղիները: Դրանք շատ չէին, քանի որ այդ տարիներին Երեւանում քիչ էին սրճարանները, կաֆեները, իսկ եղած մեկ-երկու զբոսայգիները, մանավանդ երեկոյան ժամերին, անցնում էին կրիմինալ խմբավորումների ու խայտաբղետ հակումներ ունեցող մարդկանց (նարկոմանների, խումարբազների, պլան քաշողների) ձեռքը: Մի խոսքով, ավելի լավ է նման «կուլտուրայի եւ հանգստի պարկեր» չլինեին: Իրենց երկրների զբոսավայրերը իրոք որ չէիր համեմատի երեւանյան այս կասկածելի կետերի հետ: Ուրեմն նրանք պիտի հավաքվեին առավել հուսալի ու հանգիստ տեղերում, այդ պատճառով նրանք նախընտրում էին հավաքվել իրենց եւ իրենց մոտիկների տներում, որը եւ դարձավ նրանց առաջին ավանդական հավաքատեղին: Սիրում էին կիրակի օրերին գնալ եւ Երեւանի սեւ շուկան, պարզապես իրար հանդիպելու կամ որեւէ անհրաժեշտ իր ձեռք բերելու համար: Սիրում էին եւ կինո «Մոսկվան»ՙ աշխարհի հետ իրենց կապը չկտրելու համար: Կար ընդունված եւս մեկ օրինաչափությունՙ ախպար տղամարդիկ ունեին իրենց առանձին հավաքատեղիները, կանայքՙ իրենցը:

Տղամարդկանց համար, ովքեր ունեին իրենց փոքրիկ ընկերական շրջանները, դրանք արհեստագործական տաղավարներն էին, ոսկերչատները, ֆոտոսրահները, վարսավիրանոցները, հագուստի ատելյեները, այսինքնՙ հավաքվում էին ըստ իրենց համքարական հետաքրքրությունների:

Արդեն մի երեք-չորս պաղպաղականոցներ էին գործում Երեւանումՙ Օպերայի հարեւանությամբ, Պրոսպեկտի վրա ծննդատան շենքից մի քիչ բարձր, Ֆլորայի այգում, կինո «Մոսկվայի» դիմացը եւ հենց կինոթատրոնների ներսում, ինչպես եւ «Մարսել» սրճարանըՙ Աբովյանի վրա, կենտրոնական հանրախանութի առաջին հարկում: Հրապարակում գտնվող «առաջնորդի» մոնումենտալ արձանից մինչեւ Ստեփան Շահումյանի արձանը ձգվող պուրակը դարձել էր սիրելի զբոսավայր երեւանցիների համար: Հարեւանությամբ գործում էին «Երաժշտական կոմեդիայի» թատրոնը եւ Երեւանի սպայի տունըՙ իր կինոթատրոնով եւ ճաշարանով: Զբոսայգին պարուրված էր սաղարթախիտ բարձր ծառերով, ամենուրեք ցայտաղբյուրներ, հարմարավետ փայտյա նստարաններ: Մի գողտրիկ կանաչ օազիս քաղաքի կենտրոնում: Այս վայրն առանձնապես սիրում էին գալ մեր հայրենադարձուհիները, ցերեկվա ժամերին, երբ արդեն նրանք ազատվել էին տնային հոգսերից եւ ամուսինները դեռ տուն չէին եկել, նրանք հավաքվում էին այստեղ: Նրանք ասես պահանջ ունեին միմյանց տեսնելու, զրուցելու, հանաքներ անելու եւ սրտները բացելու: Եթե աղջիկներից մեկը մի նոր շոր էր հագնում, ապա պիտի ցույց տար իր ընկերուհիներին: Թեեւ հեռու Եվրոպայից, բայց միշտ հետաքրքրվում էին նորաձեւությամբ: Եվ քանի որ աղջիկները հիմնականում իրենք էին իրենց շորերը կարում, ապա կիսվում էին կարի արհեստի գաղտնիքներով, լինում էրՙ փոխանակում էին անում, ասենքՙ ունեցած օծանելիքներով, մոդայի ամսագրերով եւ այլն:

Սա մի տեսակ բացօթյա ակումբ էր մեր հայրենադարձուհիների համար: Եվ հայտնի է, որ կանայք ամենից շատ սիրում են «սիրտը բացել» իրենց ընկերուհիների առաջ: Կխոսեն, կխոսեն, մի երկու գաղտնիք կբացեն իրարու առաջ, կգանգատվեն, եւ ինչը հատուկ է առավել եւս երիտասարդ կանանցՙ անպայման կարտասվեն: Լացը, որ բերում էր ընկերուհիների կարեկցանքը, մի տեսակ ամոքում էր մեր հերոսուհիներին: Եվ ելնելով այս ամենից, նրանցից մեկը, որ զուրկ չէր հումորից, առաջարկեց իրենց սիրելի դարձած զբոսուղին անվանել «Լացի պարտեզ», եւ այդ անունը կյանք մտավ, իհարկե առավել չափով մեր ախպար կանանց շրջապատում: Հետո այդ անունը մի տեսակ հանգիստ էր ընկալվում նրանց ամուսինների եւ ծնողների կողմից:

Հարցինՙ «Ու՞ր ես գնում»: Լինում էր պատասխանըՙ «Լացի պարտեզ»: Եվ ոչ մի առարկություն չէր լինում: Դիցուք, եթե ասեիրՙ «Սիրո պարտեզ» կամ «Սիրահարների այգի», իսկույն կբարձրանար ցասման ալիքը:

Մեր հայրենադարձուհիները նաեւ սիրում էին գնալ Երեւանի կենտրոնական հանրախանութ (ունիվերմագ): Այստեղ Մոսկվայից բերված նոր հագուստներ եւ կտորներ դիտելու, ընտրելու, գնելու, իսկ հետո այդ գնումները քննարկելու «Լացի պարտեզում»:

«Լացի պարտեզ»... Սա, իհարկե, Երուսաղեմի «Լացի պատը» չէր, որն առավել խորհրդանշում էր հրեաների վիշտն ու կսկիծը եւ միանշանակ դրամատիկ առիթների հավաքման վայր էր: Մեր հայրենադարձների համար, որոնց ճակատագիրն, ի դեպ, շատ կետերում զուգադիպում էր հրեաների ճակատագրին, «Լացի պարտեզը», նաեւ լավատեսական իմաստ ուներՙ «Ժպիտ արցունքների միջից», ժամանակակից լեզվով ասածՙ «Կաբիրիայի ժպիտը...»:

Եվս մի առանձնահատկություն, թե ամուսնության հարցերում ինչպես էին վարվում ախպարները տեղացիների հետ եւ իր հերթինՙ տեղացիները ախպարների հետ: Եվ քանի որ 30-ական եւ 40-ական թվականներին հայրենադարձներն իրենց թվով մի քանի անգամ զիջում էին տեղացիներին, ուստիեւ ամուսնությունները նրանց միջեւ անխուսափելի էին դառնում: «Տեղացի հարս ուզած է», «Նրանց հարսը ախպար է»: Այս խոսքերն արդեն շատ բան էին ասում: Թեեւ ի՞նչ կար զարմանալու, բայց համենայն դեպս... Ավելի քիչ ախպար աղջիկներն էին ամուսնանում տեղացիների հետ, քան հակառակը:

Ախպար աղջիկը տեղացու հետ ամուսնանալով պիտի կարողանար կապվել իր նոր թաղի, ասենքՙ 3-րդ մասի կամ Կոնդի միջավայրի հետ, այնտեղ մշտական մնալու խարիսխ նետելու նպատակով: Իսկ դա բավական դժվարին խնդիր էր: Իսկ եթե տեղացի աղջկան հարս բերեին «ախպարական թաղամասը», այսինքնՙ Զեյթուն, Կիլիկիա, Մալաթիա, Արաբկիր կամ Սեբաստիա, նա ժամանակի հետ կարծես դառնում էր զեյթունցի կամ արաբկիրցի:

Ես ինչպես որ հիշում եմ, եւ ինչպես որ կար իրականում, հազվագյուտ էր պատահում, որ հայրենադարձ աղջիկը ամուսնանար տեղացու հետ: Արդեն նա իր ծննդավայրից (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա կամ Իրան) մեկ անգամ կտրվել էր, մնում էր, որ երկրորդ անգամ իր հայրենիքում բույն դրած միջավայրից կտրվեր, քանզի ախպարի ընտանիքը եւ տեղացու ընտանիքը տարբեր հասկացություններ էին: Ավանդույթները, նիստն ու կացը, կենցաղը, բարբառը, հագն ու կապը, կերակրատեսակները... Ես նկատի ունեմ բոլորովին օբյեկտիվ բնույթի տարբերություններ: Այստեղ չեմ անդրադառնում բարոյական, հոգեբանական, դաստիարակչական բնույթի օրինաչափություններին, քանզի դրանք ավելի շատ կապվածություն ունեին մարդու էության հետ, կնոջ կամ տղամարդու խառնվածքի հետ (որն այնքան բազմազան էՙ որքան կյանքը): Ուստիեւ ախպար աղջիկը ավելի նախընտրում էր մնալ իր ախպարական ընտանիքում եւ ախպար ամուսին ունենալ, որպեսզի կյանքն ընթանար ներդաշնակ, իր բնական հունով, այլ ոչ թե ընկներ փորձությունների գիրկը: Այնպես որ, ախպար աղջիկը էն գլխից դեմ էր տեղացու հետ ամուսնանալուն: Նա նախընտրում էր իր մոր եւ հոր հարեւանությամբ, ախպար երիտասարդի հետ նոր օջախ ստեղծել:

***

Երթալու հարցում շա՜տ հնարամիտ էին մեր ախպարները, իհարկե, նրանք օրինազանց գործողությունների չէին գնում, բայց գտնում էին ոչ ստանդարտ ուղիներ դուրս գալու խորհրդային ճամբարից: Դրանցից մեկը երկրից դուրս եկողի ֆիկտիվ ամուսնությունն էր ( ): Այն, որ բարեկամը կտաներ հեռու կամ մոտիկ բարեկամի, որի հետ շտապ կգրանցեր ամուսնությունը, ինչ-որ մի տեղ ընդունելի էր: Բայց ահա անշշուկ կերպով ախպարական ընտանիքներում իրար հայտնում էին. «Դուն մի ըսեՙ Գասպարենց ընտանիքում կարգել տալու չոջուխ մը կաՙ Պերճը, երկու ամիսեն Ամերիկա պիտի երթան: Գասպարը կըսեՙ բարեկամներուդ շրջանում ըսե, որ հարմար փեսացու կա, ան ում որ ընտրե, կտանի հետը Ամերիկա: Ադ փեսացուի պաշափորթին մեջ գրանցվիլը այս պահես ոսկու գին ունի: Տես, աճապարե, հինգ կտոր դոլար եթե տաք, ձեր աղջիկը իմացեք, որ Ամերիկա է, հոն իշտե, թող ինքը որոշե կմնա՞ Պերճին հետ, թե՞ կուզե ազատ կյանք սկսիլ ազատ երկրում: Շատ լավ կըլլա, ճամփորդության ծախսերը քիչ մը կթեթեւնան...»:

Թեպետ այս «չվող» ամուսնությունների 90%-ը նոր երկրում ավարտվում էր ապահարզանով, սակայն մի որոշ մասը ունենում էր բարեհաջող շարունակություն:

«Անիկա որ մեկ անգամ տղուս կամ աղջկաս «համը առնե»ՙ այլեւս բաժնվողը չէ»:

Քիչ չէին եւ այս գործում միջնորդները, որոնք այսինչ կամ այնինչ հարուստ ու ազդեցիկ ընտանիքից պատվեր էին ստացել եւ հիմա մի կարճ ժամանակահատվածում պիտի հասցնեին Եղիային կամ Անժելին ծանոթացնել եւ ամուսնացնել: «Եդեմ» տանող անցաթուղթ ստանալու գործին ավելի հավաստի տեսք տալու համար մեծ շուքով հարսանյաց հանդես էին կազմակերպում, հյուրեր հրավիրում, նվերներ ստանում:

***

Եվս մի բնագավառ, ինչպես վկայում են հին երեւանաբնակները, եւ որքան ես եմ հիշում, 40-50-70-ական թվականներին ախպար պոռնկուհիներ Երեւանում չկային: Այդ հնագույն մասնագիտությունը հիշյալ ժամանակաշրջանում Երեւանում ընդհանրապես քիչ էր տարածված: Ինչքան էլ դառը լիներ հայրենադարձուհու կյանքը, սակայն այդ ճամփով նա երբեք փող չէր վաստակի: Կային հասկացողություններ, որ ամեն ինչից վեր էին: Հայրենադարձուհին շատ էր վախենում, որ իր անունը չգցի, ստվեր չընկնի իր օջախի վրա եւ ինչքան էլ ինքը գեղեցիկ ու հրապուրիչ լիներ, նա մինչեւ որ իր ձեռքը չուզեին, տղայի հետ չէր հանդիպի: Ենթադրենք նրան սիրաշահողն էլ (լինի ախպար թե տեղացի, միեւնույն է) գեղեցիկ ու առնական մի երիտասարդ է եւ բնավորությամբ համառ, բայց նա ոչ մի հաջողության չէր հասնի մեր հայրենադարձուհու սրտում, մինչեւ որ գործը չհասներ պսակադրությանը: Կարող է հարց ծագել, թե ես որտեղի՞ց գիտեմ այս ամենը: Իհարկե, ես չեմ կարող հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ պնդել իմ տեսակետը, քանի որ բացառություններ միշտ էլ լինում են, սակայն տարիների իմ փորձը, իմ տեսածն ու իմացածը հիմք են տալիս պնդելու ասածս: Եվ երկրորդ, ես մորս կողմից ախպարական ընտանիքից էի, հետո ես հո մենակ չեմ, իմ կողքին են բազմաթիվ երեւանցիներ, որոնք հիշում են 1940-1970-ական թվականները եւ կարող են որպես ականատես իրենց տեսակետը հայտնել: Ցավոք, վերջին տասը տարում Երեւանում համարյա ախպար չի մնացել, եկել է մի սերունդ, որը կենդանի ախպար չի տեսել, չի իմանում նույնիսկ ախպար բառի իմաստը: Այնինչ իմ մանկությունըՙ 40-ական թթ., եւ երիտասարդությունն ու հասունությունըՙ 50-70-ական թվականներին, անցել են սերտ կապի մեջ մեր ախպարների հետ: Լինեն հարեւաններ, բակի թե դպրոցի ընկերներ: Հենց ինքս կարող եմ վկայել, որ ես ոչ մի հայրենադարձ աղջկա հետ Երեւանում չեմ հանդիպել, չեմ ունեցել «սիրային վեպ»: Լավ ծանոթներ, այո՛, շատ եմ ունեցել եւ նրանց մեջ շատ գեղեցկուհիներ, օրինակՙ Սիլվիկ Սալրյանը (եգիպտահայ), Սեդա Գասպարյանը (եգիպտահայ), Մարի Երկաթը (Հունաստանից), Մարի-Ռոզ Աբուսեֆյանը (Սիրիայից), Սոնիկ Արամյանը (Լիբանանից), Զվարթ Չուլոյանը (եգիպտահայ), Ռուզան Կյուրեղյանը (ֆրանսահայ) իմ լավ եւ բարի ընկերուհիները: Թեեւ նշածս աղջիկներից գերակշռող մասը ներկայումս Կալիֆոռնիայում են ապրում (եւ տատիկ են դարձել), սակայն նրանք Երեւանից են գնացել, մեկը ներկայիս Սախարովի հրապարակից, մյուս երկուսըՙ Բաղրամյան փողոցից, հաջորդըՙ Արաբկիրից, եւ բոլորն էլ Երեւանում բարի անուն են թողել: Ինչպես ասացինքՙ անունը շատ կարեւոր էր հայրենադարձ աղջկա համար: Եվ հենց առաքինությունը նրանում է կայանում, որ լինելով գեղեցիկ, կանացի, հրապուրիչ, չգայթակղվես, չխաբվես, մնաս անառիկ: Անշուշտ, դժվար խնդիր էր, եւ մեր հայրենադարձուհիները պատվով անցան այդ ճամփան: Միշտ չի եղել, որ նշածս անձանց ամուսնությունը երջանիկ է եղել, բայց դա արդեն ուրիշ հարց է: Ապահարզանը երբեմն երկու դժբախտ մարդու երջանկացնում է եւ դուռ բացում հաջորդ ամուսնության համար եւ «որսը» շարունակվում է, սակայն միշտ չէ, որ զարկում ես ճիշտ նշանակետին:

***

Երբ դեռ չկար «Երթալը ճիշտ է» դարձվածքը, ախպարական շրջապատում ասում էին. «Երբ մեր երկիր փոս կփորեինՙ առջեւը կարմիր-կարմիր լաթ կկապեին, հապա որ նավը կնստեիր, նավուն վրայի հսկա կարմիր դրոշակը չտեսա՞ր»: Եվ ընդհանրապես սովետ երկրում, մանավանդ ստալինյան տարիներին, ո՞վ կհանդգներ մտածել երթալու մասին: Այնպես որ, բոլոր ընդդիմադիր (օպոզիցիոն) խոսակցություններն ու վեճերը ունեին կոնֆիդենցիալ բնույթ եւ տարվում էին խոհանոցներում կամ փոքրիկ սրճարաններումՙ պատուհանները գոց պայմաններում:

«Հոս պատերն անգամ ականջ ունին», - սիրում էին ասել մեր ախպարները:

Այն հանգամանքը, որ մարդիկ խաբվել էին, բացահայտ էր, բայց ավելի չտուժելու համար նախընտրում էին լռել: Ի՞նչ ձեւ կարող էր գտնել նրանց բողոքըՙ տրտունջի, անձայն հայհոյանքի, իրականության հանդեպ իրոնիկ վերաբերմունքի, անհավատության (նկատի չունեմ եկեղեցին), եւ այստեղ կարելի է հաշվի առնել նաեւ տեղացուն աղջիկ չտալու որոշումը:

Ինչ-որ չգրված օրենք կար, որ մեր հայրենադարձները ավելի շատ իրար հետ էին ընկերություն անում, իրար հետ էին տարբեր գործեր անում, կնքահայր-կնքամայր էին ընտրում իրենց շրջապատից: Այնքան շատ իրար քով ճաշի չէին գնում, որքան երեկոյան իրար հյուր էին գնում եւ նստում մինչեւ ուշ ժամեր. սա այն հաճելի պահերից էր, որ կարելի էր կրճատել երեւանյան երկար գիշերները: Անկեղծ ասածՙ այս մարդիկ սովոր էին գիշերային կյանքին, քանի որ Մերձավոր Արեւելքի երկրներում մինչեւ ուշ երեկո դեռ շատ շոգ է լինում, մարդիկ հավաքվում էին հարսանիքի սեղանի, կնունքի, ծննդյան օրվա կապակցությամբ հիմնականում երեկոյան 10-ից հետո: Այս սովորույթը որոշ խմբագրումներով կիրառվում էր նաեւ Երեւանում:

Հյուր էին գալիս ընտանիքով: Տղամարդիկ տղամարդկանց հետ սկզբում նարդի էին խաղում, հիշելով վերջին հանդիպման արդյունքները, հետո մի առանձին անկյունում նրանց համար ռախիի (օղի) սեղան էր դրվում իր մեզեներով (խորտիկներով), ուր իշխողն, իհարկե, տնային բաստուրման էր. «Բաստուրման ռախիին փեզեվենգն (կավատ) է», - ժպիտով ասվում էր այս խոսքը, բերված Կ. Պոլսից: Հարգի էր նաեւ որպես խորտիկ ձիթապտուղը, որը երեւաց երեւանյան խանութներում բավականին ուշ, միայն 1950-ական թվականների սկզբներին: Եվ շատ էին ծխում, թեեւ եղած ծխախոտը անորակ էր. ասում էին Հայաստանի ու Թուրքիայի թյությունը համարյա նույն վայրերից են, հապա ինչո՞ւ Թուրքիո թյությունը հոտ-համ ունի, մերը ասես խոտ լինի: - Սարքողեն է, սարքողեն, գողանում են, մաքուր թյությունին խոտ կխառնեն եւ ասանկ պլան կկատարեն:

- Ախ, այդ պլանը, ծո մարդ ինչպե՞ս կրնա որակը պահպանելով պլան կատարե. քիչ է, ջանըմ, մեկ տարվա պլանը, ասոնք առաջվընե կգծեն հինգ տարվա պլանը. տեսնված բա՞ն է, էրիկ մարդը չի կրնար իր ամուսնական գիշերը շիտակ պլանավորել, ասոնք ամբողջ երկրին հինգ տարվա պլանն այսօր կգծեն, ադոր համար էլ աս վիճակն է...»:

Իսկ կանայք կանանց հետ կառանձնանան «արեւելյան անկյունը»ՙ զարդարված լայն թախտով ու գունավոր մութաքաներով, ուր առոք-փառոք բազմում էին փափուկ բարձերին, սրտամոտ զրույց տանում: Մի քիչ տարիքավորները կծխեին, իսկ ջահելները «շերբեթ» կըմպեին: Հետո կամաց-կամաց «աղջիկնին» կամ հարսները սեղան կգցեն: Եվ մաքուր, ճերմակ սփռոցի վրա կերեւան տնային նուգան, տարբեր ձեւերի լոքումը, դարչինով համեմված կաթնովը, դդումի սերմերը, իսկ եթե հանդիպումը տոն օրերի հարեւանությամբ է, այդ ժամանակՙ եւ ընկույզով փախլավան ու նրբաթել ղադայիֆը: Իսկ սուրճը պետք է պատրաստի այդ գործի վարպետը, որը միշտ տանը մեկն է լինում...

Իրար հետ ավելի մոտ լինելը, իրար սատար կանգնելը, ընդգծված ձեւով նշել բոլոր հոգեւոր տոները, ուր առաջին հերթին Զատիկն էր, չէիր գտնի մի հայրենադարձի ընտանիք, որ հավկիթ չներկեր կամ կիրակի օրերը եկեղեցի պատարագի չգնար: Իսկ երեկոյան ղայֆեի սեղանի շուրջ չհավաքվեին ու անեկդոտներ չպատմեին:

Անեկդոտ պատմում էին միայն այն դեպքում, երբ սեղանի շուրջ բոլորը վստահելի մարդիկ էին, եւ այնժամ ջինը կարծես շշից դուրս էր ելնում: Անեկդոտը «ախպարի» դարդիման ընկերն էր, ինչպես թզբեհը կամ 50 գրամ ռախին:

«Մարդուն մեկը պատերուն թռուցիկներ կփակցնե. կբռնեն, կտեսնենՙ թռուցիկներուն վրա բան մը չկա գրված: Բա գրվածդ ո՞ւր է, կհարցնեն զայրացած: Իսկ ի՜նչ պիտի գրեի, մի՞թե ամեն բան պարզ չէ, - լինում է պատասխանը»:

Այն հայրենադարձները, որոնք եկան ստալինյան տարիներին, մեղմ ասած, ամենաքաշված տարրն էին, նրանց Ստալինից հետո պետք էր հավաքել եւ կոչում տալՙ «ՀՍՍՀ վաստակավոր հայրենադարձ» եւ հատուկ թոշակ նշանակել: Առաջին կոչումի փոխարեն նրանց տվեցին «Ախպար»-ի կոչում, իսկ թոշակը նրանք մի երկու տասնամյակ անց պիտի սկսեին ստանալ Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների կառավարությունների կողմից: Ստալինյան տարիների «կարմիր տեռորի» կանոնադրությունում մի մեղմ հանգամանք կար. «ախպարներին» չէին գնդակահարում, նրանց ընտանիքով աքսորում էին Սիբիր: Սա արվում էր, որպեսզի դրսում մնացած ախպարները չտագնապեին, «ինչու՞ այսքան վաղ կյանքից հեռացավ», իսկ այսպես կարող են համարելՙ մարդը ողջ-առողջ է, պարզապես «բարտիան» նպատակահարմար գտավ ներգաղթածներից մի որոշ քանակ մի որոշ ժամանակով տեղափոխել Ալթայ, ուր օդն ավելի մաքուր է, զբոսնելու տարածքը շատ, կարճ ասածՙ «առողջարան մըն է տայգաներու մեջ...»: Սա էլ իր խորհուրդն ուներ: Մոտավորապես հետեւյալ պրիտչի հերոսի մտածածին պես. «Մարդու մեկն, որ երկար ժամանակ ձերբակալված է եղել, աքսորից ետ գալուց ընկերները հարցնում են. «Է, ըսե, ընդո՞ր պատահեց...»:

- Ընդոր, ընդո՜ր... Գիշեր ժամ էր, նոր երկնցած էի անկողինիս մեջ, երբ դուռս զարկին, գացի բացիՙ մարդ մը ԿԳԲ-եյեն կանգնած էր շեմիս, աչքերուն մեջ խորհուրդ մը կար...»:

«Ինչու՞ եկանք» հարցը հետզհետե, օրեցօր կարծես «իդեա ֆիքս» դարձավ մեր ախպարների համար:

Իսկ խրուշչովյան ձնհալին տարածված անեկդոտ դարձավ հետեւյալը. «Հայրենադարձ մի մարդ ամեն ինչից դժգոհ է նոր հայրենիքում: Սա չկա, նա չկա: Սա տակից կվաճառեն, սա միայն ծանոթությամբ կտան եւ այլն: Մարդը բարձրաձայն իր վրդովմունքը ամենուրեք հայտնում է: Օրգաններում որոշում են այս «ազատամիտ»-ին մի լավ վախեցնեն: Ձերբակալում են, տանում բանտի բակը, կանգնեցնում պատի տակ, թե իբր պիտի գնդակահարեն: Մարդը սպասում է կրակոցներին, բայց տեսնելով, որ չեն կրակում, ճարահատյալ բղավում է. «Փամփուշտ ա՞լ չունիք...»:

Հենց Խրուշչովի օրոք էլ բացվեցին երկրից դուրս գալու առաջին ձնծաղիկները:

Շարունակելի-2

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ