RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ԶԲՈՍԱ-ՇՐՋՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4270, Տպվել է` 542, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՈՒՐԻՍՏ ԵՍ ՈՒԶՈ՞ՒՄ. ԱԽՈՐԺԱԿԻԴ ՔԱՑԱԽ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ամեն տարիՙ տուրիստական սեզոնից առաջ, մեծ ախորժակ ենք ունենում, թե մեր երկիր ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելելու, քան նախորդ տարի: Որոնք են նման ակնկալիքների նախադրյալները, հայտնի չէ, բայց ոլորտի ներկայացուցիչներն ամեն դեպքում գոնե ակտիվ երազում են մեր երկրում բարգավաճող տուրիզմ տեսնել:

Գովազդի, PR-ի վրա հիմնված մեր աշխարհում պետք է բրենդային ապրանքանիշ ունենալ ու գրավիչ լինել: Երկրներ կան, որտեղ տուրիզմից ստացված շահույթը պետական բյուջեի առյուծի բաժինն է կազմում: Երկրներ էլ կան, որոնք բրենդի վրա միլիարդավոր դոլարներ են ծախսում, անուն հանում ու զբոսաշրջիկներին դեպի իրենց գրավում: Օրինակՙ բնական ռեսուրսներից զուրկ Քենիան սաֆարին դարձրել է իր բրենդը: Տարիներ առաջ Համաշխարհային բանկից 5 միլիարդ դոլար է վերցրել. 1 միլիարդով միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան է կառուցել, իսկ մնացած գումարովՙ վայրի կենդանիներ բուծել: Ու մինչեւ հիմա դեպի Քենիա են շարժվում որսի սիրահար տուրիստների մեծ խմբեր, որոնք հնարավորություն ունեն առանց վայրի բնությանը վնաս հասցնելուՙ արհեստականորեն աճեցրած կենդանիների որսով զբաղվել: Սաֆարին Քենիայի ամենաեկամտաբեր ոլորտն է:

Մեկ այլ օրինակՙ Ռուսաստանը տեսավ, որ իր քաղաքացիները Շվեյցարիա են գնումՙ ձմեռային սպորտաձեւերով զբաղվելու, արագ կանխեց դա: Հյուսիսային Կովկասում ձմեռային խաղերի համակարգ ներդնելու համար մի քանի միլիարդ դոլար ծախսեց, ու հիմա ռուսները դահուկ կքշեն ու տուրիզմը կզարգացնեն իրենց երկրում:

Մենք էլ հաճախ մատնանշում ենք Ծաղկաձորը: Թանկ-թանկ հյուրանոցներ սարքվեցին, բայց այդպես էլ ձմեռային լիարժեք հանգստի համար պայմաններ չստեղծվեցին, ու Ծաղկաձորն այդպես էլ չդարձավ գրավիչ ու նախընտրելի: Ու Հայաստանում հանգստի սեզոն ասվածը եղավ ու մնաց ամառը:

Տրամաբանական է, որ շատ երկրների իշխանություններ լուրջ ներդրումներ են անում տուրիզմի ոլորտը զարգացնելու համար: Վրաստանն, օրինակ, պետական ներդրումների առումով 53-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, Ադրբեջանըՙ 52-րդը, մենքՙ 80-ը:

Միայն հյուրանոցներ ու ռեստորաններ կառուցելով տուրիզմ չես զարգացնի: Օտարազգիները նախընտրում են Էքստրեմալ, ակտիվ, բազմաբովանդակ հանգիստը, իսկ մենք մինչեւ հիմա այն կարծիքին ենք, թե ժամանակը լիարժեք վայելել նշանակում է կուշտ ու կուռ ուտել: Հայաստան եկող զբոսաշրջիկը գալիս է նորություններ տեսնելու, բովանդակալից ժամանակ անցկացնելու: Իսկ մենք բացի վանքերից ու եկեղեցիներից, ուրիշ բան չունենք նրանց ցույց տալու: Ու դեռ ցույց տալ էլ պիտի կարողանանք. սրբավայրեր տանող ճանապարհներն այնքան անբարեկարգ ու անանցանելի են, որ դրանք հաղթահարելու համար առնվազն պետք է ալպինիստ կամ կասկադյոր լինել: Ու եթե հաշվի առնենք, որ մեր երկիր եւ ընդհանրապես տարբեր երկրներ այցելող զբոսաշրջիկների մեծ մասը թոշակառուներ են, դժվար չէ ենթադրել, որ դա նրանց առաջին ու վերջին այցն է լինում Հայաստան:

Այն, որ մեր նախնիները սրբատեղիները միտումնավոր կառուցել են դժվարանցանելի վայրերում կամ ժայռերի ծերպերին, հիմնավոր պատճառներ ունեն, բայց որ այդ եկեղեցիները 21-րդ դարում էլ շարունակում են մնալ անմատչելի, պատճառները ոչ մի կերպ հիմնավորել չես կարողանում: Մենք տոնեցինք քրիստոնեության հռչակման 1700, տպագրության 500 ամյակները. զբոսաշրջիկների համար Հայաստանն այդպես էլ գրավիչ չդարձավ: Մի քանի ամիս առաջ մեր երկիր այցելեց Հռոմի պապը: Հայաստանիՙ որպես առաջին քրիստոնյա երկրի անունը հնչեց հարյուրավոր լրատվամիջոցներով: Այդքանը: Մի ուրիշ պետություն այդ առիթը կօգտագործեր ի նպաստ իր շահի, հանրահռչակման, PR-ի, զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կլցներ իր երկիր: Ի վերջո, մենք ունենք Սփյուռք, որի հետ առողջ ու միասնական համագործակցելու դեպքում Հայաստանը կդառնար ճանաչված ու գրավիչ երկիր:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատմում է. «Հայ-գերմանական մի կազմակերպությունից պատվեր էի ստացել ուսումնասիրելու մեր երկրում կրոնական տուրիզմի զարգացման նախադրյալներն ու հեռանկարները: Փաստ է, որ աշխարհում քիչ չեն կրոնամոլները: ԱՄՆ-ում, օրինակ, կրոնամոլությունը թոշակի տարիքում եռապատկվում է: Տատիկ-պապիկները սկսում են մոլեռանդորեն Ավետարան կարդալ, ու եթե նրանք իմանան, որ աշխարհում կա մի երկիր, որն իր տարածքով մեկ սրբավայր է, ու որտեղ մարդու հոգին ուղիղ կապ ունի Բարձրյալի հետ, անպայման կցանկանան լինել այդ երկրում: Բայց թոշակառուները սովոր են, որ իրենց համար պետք է լինեն ավիատոմսերի, հյուրանոցային սպասարկումների զեղչեր, ինչը Հայաստանում բացակայում է: Հիմնականում այդ պատճառով է, որ նրանք չեն ցանկանում գալ Հայաստան: Հանգստի սեզոնին ավիատոմսերի ու հյուրանոցային ծառայության ոլորտում զեղչման համակարգ ներդնելու ծրագրով դիմեցի պետությանը. պատասխանեցին, թե այդ ոլորտները մասնավորի ձեռքում են ու զեղչել-չզեղչելը նրա որոշելիքն է: Այդպես էլ չիրականացավ տուրիզմը խթանելու այդ ծրագիրը»:

Հավանաբար հիշում եք Հայաստանում Եվրոպոլիս կառուցելու հոլանդական ծրագիրը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Դիմացըՙ Բիբլիական Արարատը, մի քիչ այս կողմՙ Խոր Վիրապը, կողքինՙ Էջմիածինը, հետեւումՙ Գառնին ու Գեղարդը. աշխարհը Հայաստան բերելու նախագիծը խելամիտ էր թվում, բայց վիժեցվեց: Չենք ուզում մատ մատի դնել, բայց ուզում ենք, որ լիքը քսակներով տուրիստներ գան մեր երկիր: Տուրիզմի ոսկե կանոններից էՙ մինչեւ վերջին գրոշը չի կարելի կլպել օտարերկրացուն: Տուրիստը քո երկրից պետք է հեռանա համը բերանում ու չթալանված, որպեսզի իր ոգեւորությամբ վարակի ընկերներինՙ պոտենցիալ այլ տուրիստների:

Այս տարի Հայաստանի սահմանը հատել է կես միլիոն մարդ: Նրանցից 63 հազարն է տուրիստի կարգավիճակում եղել, այսինքնՙ օգտվել հյուրանոցային, ռեստորանային ծառայություններից, մնացած 437 հազարը Հայաստանի անձնագիր է ունեցել, ապրել է կամ իր կամ հարազատների տանը: Ոլորտն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախորդ տարվա համեմատՙ այս տարի տուրիզմը Հայաստանում հետընթաց է ապրել: Անցյալ տարի մենք 79-րդ տեղում էինք, այս տարիՙ 89-րդ: Միջազգային չափորոշիչներն են հաշվարկում տուրիզմի զարգացման աստիճանները: Պարզվում էՙ տուրիստներին հետաքրքրում է նաեւ տվյալ երկրի մարդկային ռեսուրսն ու աշխատանքային շուկան: Որքան բարձր է զբաղվածության մակարդակն ու շատ են աշխատատեղերը, այնքան զբոսաշրջիկն ավելի անվտանգ ու վստահ է զգում իրեն: Գործազրկության պատկերով մենք մեր հարեւաններին տվել-անցել ենքՙ 71-րդ տեղն ենք զբաղեցնում, Վրաստանըՙ 50-րդ, Ադրբեջանը 36:

Վրաստանի սահմանը տարեկան հատում է 5 միլիոն մարդ: Հասկանալի էՙ այդ երկիրը տարանցիկ է. նշված թվից 1,5-2 միլիոնն է իրական զբոսաշջիկ: Միայն Հայաստանից Վրաստանի ծովափնյա քաղաքներում հանգստանալու է մեկնում 100-150 հազար հայ: Մեզանից ավելի ակտիվ են թուրքերն ու ադրբեջանցիները: Բանն այն է, որ հայ ընտանիքները երկու անգամ ավելի քիչ գումար են ծախսում Վրաստանում, քան սեփական երկրում. սնունդն էժան է, կեցության ծախսերըՙ քիչ, գումարածՙ առողջարար ծովը: Ակնհայտ է, որ Վրաստանում տուրիստական մատչելիությունը պետական քաղաքականության արդյունք է, ինչին մեր իշխանությունները համառորեն չեն ձգտում:

Հայտնի է, որ աշխարհի 105 երկրում ապրում է 10 միլիոն հայ: Գոնե նրանք որպես տուրիստ գան իրենց պատմական հայրենիքը տեսնելու: Չեն գալիս. վիճակագրությունն է փաստում: Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագիրը եւս չխթանեց տուրիզմի աշխուժացմանը, որովհետեւ պիոներական ճամբարի ձեւաչափից այն կողմ չանցավ: Չկարողացանք գրավել այդ պատանիներին ու աղջիկներին, որովհետեւ հայրենիքը սիրելու եւ ճանաչելու համար ամբիոնային բոցաշունչ ելույթներ պետք չեն: Դրուժինայի խորհրդի նախագահների, ջոկատավարների ու ՀամԼԿԵՄ-ների շնչով ու ճռճռան բառերով օտար երկներում ծնված ու մեծացած նոր սերնդին փեշներիդ կպած պահել չեք կարող. մոռացեք դա:

Տուրիզմ զարգացնելու նախապայմաններից մեկը պարզ, հասարակ ծառայություններ ստեղծելն էՙ զուգարան, լվացարան, արագ ու մատչելի սնունդ, որակյալ ինտերնետ, խնամված ու նորոգ եկեղեցիներ, ավտոմեքենայի ու ոտքի ճանապարհներ, գիշերելու տեղերՙ խելամիտ, ոչ թե աստղաբաշխական գներով, ժամանցի վայրերՙ փառատոներ, դիսկոտեկ, սրճարան, փաբ, կինոթատրոն եւ նման սովորական այլ բաներ, որ Երեւանից դուրս ուղղակի գոյություն չունեն: Բայց տուրիստներին ուղղորդում ենք Երեւանից դուրսՙ մեր սրբատեղիներ ու տեսարժան վայրեր:

Հ.Գ.- Աստված չանի, որ տուրիստն, ասենք, Տավուշում կամ սահմանամերձ այլ մարզում ցանկություն հայտնի հեռուստացույց նայել: Ստիպված կլինի դիտել թուրքական ու ադրբեջանական հեռուստածրագրեր ու սերիալներ: Ի՞նչ է, նրա արյունը մերինից կարմի՞ր է. կմիացնենք, թող լավ էլ նայի: Բա լա՞վ է, որ մեր մարզաբնակները հայկական ոչ մի ալիք չունեն: Մերը խշշոցով, դռռոցով, աղավաղված պատկերով է բռնում, իսկ թուրք-ադրբեջանականըՙ պա՜րզ հայելի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ