RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6197, Տպվել է` 623, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՒՏՔ ԻՆՋԻՐԼԻՔՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄԱՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անկարա-Բեռլին լարված հարաբերությունները նորՙ ավելի ճշգրիտ կարգավորման հուն են մտնում. հինգշաբթի առավոտյան հաստատվեցՙ Թուրքիայի կառավարությանը բավարարել է Բեռլինի ազդանշանըՙ Գերմանիայի կառավարության համար Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական պարտադիր ուժ չունի, հետեւաբար հոկտեմբերին արտոնում է գերմանացի պատգամավորներին Ինջիրլիք այցելել: Գերմանիան դրա համար բավարարել է բոլոր պայմանները, ասել է արտգործնախարար Չավուշօղլուն, առանց հստակ նշելու, թե ինչ պայմանների մասին է խոսքը: Բայց անցյալ ուրբաթ գերմանացի լրագրողները, առաջին հերթինՙ «Շպիգելը», շատ մանրամասն անդրադարձան այդ պայմաններից գոնե գլխավորին:

Կառավարության խոսնակ Զայբերտը դեռ չէր հայտարարել, արդեն առցանց «Շպիգելը» գրել էր, իսկ գերմանական մյուս լրատվամիջոցները, այդ թվումՙ հեռուստատեսությունն ու ռադիոն, այնպիսի իրարանցում էին ստեղծել, որ հարցի մասին նույնիսկ սոցիալական ցանցերում քաղաքական գործիչներն էին գրառումներ արել: Չխոսելը, կարծիք չհայտնելը բարոյական նկարագիր էր ստուգում: Հայոց ցեղասպանության ճանաչումից նահանջը Գերմանիային է խոցելի դարձնումՙ մոտավորապես այսպիսի շեշտադրում էին անում կարծիք հայտնողները:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԳԴՀ կառավարության հայտարարության մասին ծանուցել ենք սեպտեմբերի 2-ին մեր թերթի առցանց տիրույթում: Մեկ շաբաթ շարունակ գերմանացի մեր գործընկերները արծարծում են հարցըՙ լուրջ քննադատության ենթարկելով հայրենի կառավարությանՙ Անկարայի հետ գործարքը: Ռեալպոլիտիկի մասին գերմանացի լրագրողներն ու վերլուծաբաններն իհարկե գիտեն, բայց այս պարագայում հաշտ չեն այդ «ցինիկ» արդարացման հետ: Ստի ոտը կարճ է, այս դիվանագիտության ոտն էլ, գրել էր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» թղթակիցը:

Չորեքշաբթի Բունդեսթագում ընդդիմությունը նորից արծարծեց հարցըՙ Մեծ կոալիցիան ծնկի է գալիս Էրդողանի առջեւ, մեր երկիրը դառնում է ավելի խոցելի, հարաբերականացնում եք ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւՙ Բունդեսթագը, այդ մարմնի որոշումները եւ այլն: Իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն իհարկե «օպորտունիստական» պիտակ դրեցին այդպիսի կարծիքի վրաՙ հավելելով, թե Մերկելը հունիսի 2- ին բացակայել է նիստից, բայց նախորդ օրը իրենց խմբակցության փորձնական քվեարկության ժամանակ կողմ է եղել բանաձեւին: Արդեն գրել ենքՙ հունիսի 2- ին ոչ միայն Մերկելը, այլեւ արտգործնախարար Շթայնմայերը, փոխկանցլեր Գաբրիելը ներկա չէին նիստին, փաստացի չեն քվեարկել... ինչու ոչՙ դաշնակից Թուրքիայի առջեւ արդարացնող հեռահար նպատակներով: Եվ բացի դրանիցՙ Բունդեսթագի անդամ Մերկելը միգուցե կողմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու «բարոյական» որոշմանը, բայց որպես կառավարության ղեկավար իրեն հեռացնում է այդ «ճիտին պարտքից», Բունդեսթագի քաղաքական հայտարարություն որակված բանաձեւի պատճառով պատրաստ չէ վտանգել ՆԱՏՕ-ին իր վաղեմի դաշնակցի հետ ապագայում էլ կարեւոր համարվող հարաբերությունները:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի խորհրդարանականների Ինջիրլիք մուտքի իրավունքը կվերականգնվի, եթե Բեռլինն իրեն «ճիշտ» պահի: ԳԴՀ կառավարության խոսնակի հայտարարությունից հետո, Չավուշօղլուն ողջունեց քայլը. ազդանշանը Թուրքիայի սրտով էր: Գերմանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները հաստատվեցինՙ անցյալ շաբաթավերջին Մեծ քսանյակի գագաթաժողովում Մերկել-Էրդողան առանձնազրույցին Գերմանիայի կանցլերը Ինջիրլիք այցի արտոնության հավաստիացումն արդեն ստացել էր: Սեպտեմբերի 7-ին Բունդեսթագի նիստում Թուրքիայի հետ փախստականների հարցում կնքած համաձայնագիրը օրինակելի որակելով, Մերկելն ասաց, թե առաջիկա օրերին «լավ նորությունների» է սպասում:

Ահա «լավ նորությունը»ՙ գերմանացի պատգամավորները հոկտեմբերի 4-6-ը կայցելեն Ինջիրլիք ռազմակայան, որտեղ տեղակայված են մոտ 250 գերմանացի զինվոր, մարտական օդուժ: ԱՄՆ- ի առաջնորդությամբ կոալիցիոն ուժերն այստեղից են պայքար մղում Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ: Հունիսին Անկարան թույլ չէր տվել Բունդեսթագի անդամներին մուտք գործել ռազմաավիակայանՙ ընդվզելով հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչման դեմ: Շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԳԴՀ զինված ուժերըՙ Բունդեսվեհրը, մոտ ժամանակներս մտադիր է 50 միլիոն հավելյալ ներդրում անել Ինջիրլիքում:

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը երեկ Բեռլինից ողջունեց Անկարայի որոշումըՙ պատգամավորները պիտի այցելեն խորհրդարանի քվեով Ինջիրլիքում գործող բանակի զինվորներին: «Թուրքիայի կառավարության այս որոշումը մեզ մի քայլ առաջ է տանում», ընդգծեց Շթայնմայերը:

Իսկ միգուցե երկու քայլ ե՞տ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ