RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4049, Տպվել է` 587, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրին, որը, հիշեցնենք, ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը հանձնարարել էր նախապատրաստել, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե նախագիծն արդեն պատրաստ է. «Բայց դա Արցախի եւ Հայաստանի բարձագույն ղեկավարության որոշելու հարցն է», հավելել է Քոչարյանըՙ պատասխանելով հարցին, որ եթե պատրաստ է, ինչո՞ւ չի վավերացվում: Հասկանալի է, որ փոխարտգործնախարարը չի խոսել այն մասին, թե Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարները բա ե՞րբ են որոշելու ստորագրել այս պայմանագիրը եւ կամՙ ինչո՞ւ մինչեւ հիմա, կամ հենց հիմա չեն որոշում դա անել: Այսինքն, ի՞նչ պետք է լինի, որ անեն... Հիշեցնեմ, որ երբ նախագահ Սարգսյանը հայտարարեց պայմանագրի ստեղծման անհրաժեշտության մասին, նշեց, որ Հայաստանը գնում է այդ քայլին, քանի որ Ադրբեջանը դիմում է արկածախնդրության, ռազմական ագրեսիայի, ավելինՙ Հայաստանին այլընտրանք չի մնում, քան Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրելը: Բա ի՞նչ պատահեց: Ադրբեջանը նորի՞ց պետք է ռազմական արկածախնդրության դիմի, որն, ինչպես ցույց տվեց ապրիլը, մեզ համար կարող է անակնկալ լինել ողբերգական երանգներով լեցուն, նոր մենք վավերացնենք այդ պայմանագի՞րը, եթե ոչ, ապա ինչո՞ւ ոչ հիմա: Կստիպենք Ադրբեջանին ռազմական ագրեսիայի՞ դիմել, էհ, ինչի չենք ստիպում, չի դիմո՞ւմ, օրինակ ապրիլին մենք էի՞նք ստիպել, որ դիմեց...

Մյուս կողմից, ի՞նչ է տալու Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը: Տրամաբանական է, որ նման պայմանագրով Հայաստանը կունենա իրավական հիմք անհրաժեշտության պարագայում Արցախ ուղարկելու իր ունեցած զինամթերքն ու ռազմական տեխնիկան: Ընդ որում, դա կարող է անել ոչ թե ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ Արցախ տանող միակ ճանապարհով, որի որոշ հատվածներով մարդն է դժվարանում անցնել, էլ ուր մնաց տեխնիկան, այլ ավելի հանգիստ իրավիճակում, այսինքն այնպես, որ եթե Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի, տեխնիկան արդեն Արցախում լինի, ինչն, անշուշտ, կարող է զսպել Ադրբեջանին եւ նա կարող է չդիմել ռազմական ագրեսիայի: Սա Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայամանագրից ակնկալիքներից մեկն է, եւ սա նշանակում է, որ Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում այսօր Հայաստանն իրավական հիմք չունի Արցախ տանել տեխնիկա, բայց եթե պայմանագիրը լինիՙ ունի: Հիմա էլ ունի, հիմա էլ ոչ ոք Հայաստանին չի կարող ասել, թե այդ ի՞նչ ես անում, բայց պայմանագրի առկայության պարագայում Հայաստանին ոչ ոք չի կարող ասել, թե այդ ի՞նչ ես անում, անգամ դատարանում:

Հենց այս նախագիծն այսօր պատրաստ է, հավանաբար ԱԳՆ-ի նոր, գեղեցիկ շենքի հարկերից մեկի սենյակներից մեկի դարակներից մեկում է, իր նման այլ փաստաթղթերի հետ, որոնցից մեկի վրա, ասենք, գրված էՙ «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին», մյուսի վրա էլՙ «Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին», եւ այլն... Եթե մենք լուրջ պետություն ենք, իսկ մենք, կարծում եմ, լուրջ պետություն ենք, այս փաստաթղթերն արդեն իսկ պետք է պատրաստ լինեն (ոչ թե ըստ անհրաժեշտության պատրաստվեն) եւ անշուշտ բաց թողնված էջերով, քանի որ ժամանակի ընթացքում դրանք կարող են լրացվել... Մի խոսքովՙ փաստաթղթերը կան, վավերացնելու ժամանակն ուղղակի դեռ չի եկել, պետք է սպասենք, գոնե ասեն, թե ինչի՞ն: Օրինակ կարելի էր պաշտոնապես հայտարարել, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր կստորագրվի այն պարագայում, երբ կիրականացվի Երեւան-Ստեփանակերտ ինքնաթիռի առաջին չվերթը: Մարդիկ էլ կհասկանային, թե երբ պետք է այդ պայմանագիրը վավերացվի, իսկ շատ բան իմացող եւ շատ բանի հետեւող մարդիկ կհասկանային, որ հազիվ թե վավերացվի... տեսանելի ապագայում: Ոչինչ չեն ասում եւ տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության լուծումն արագացնում է Ադրբեջաննՙ իր պարբերական ռազմական արկածախնդրություններով: Քանի որ միայն դրանցից հետո է Հայաստանը հայտարարում, թե «հեսա տեսեք ինչ եմ անելու, թող հըլը Բաքուն մի անգամ էլ դիմի ռազմական արկածախնդրության...»:

Արժի՞ որ... Ինչպես ասում է ՀՀ փոխարտգործնախարարըՙ «Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության որոշելու հարցն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ